11.11.17

ՀԻՆԳ ԸՆԿԵՐ

- Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս,- հաշիվը տալով՝ ուսերին առան պատգարակը։
Առջևից քայլում էին երկու երիտասարդները, հետևի երկուսը Ղևին ու բժիշկն էին։

Կափառնաումի չոր ու անջրդի փողոցներում, որտեղ միշտ կարելի է ականատես լինել ավազի խորշակապարին, միտքդ անընդհատ նույն բառն է կրկնում՝  ստվեր, ստվեր, ստվեր ... Ո՛չ ծառ, ո՛չ թուփ, ոչ մի բարձրաշեն հյուղակ. ոչ մի ստվեր... 
Հակառակ արևի տապին, չորսը՝ պատգարակն ուսերին, անհամաչափ քայլքով շտապում են դեպի մոտակա թաղամասը՝ մերթընդմերթ սրբելով արևից սևացող ճակատները։ Ամենից տառապալիցը հինգերերդի վիճակն է, նրա, որ պատգարակի մեջ է. թեև առանձնահատուկ ջանքեր չի գործադրում, պառկած է, սակայն անդմալույծի անկարողությունն ասես պարանոցից կախված հավելյալ ծանրություն լինի։ Տպավորություն է, թե գլուխը մարմնից անջատվել է, անզոր տարուբերվում է քայլերթին համընթաց, և անդամալույծն ինքն իրեն մահճի մի մաս է կարծում... Մի  քանի տասնամյակ է, ինչ միայն մտովի է պատկերացնում իր ինքնուրույն տեղաշարժը։ Ահա, արթնացավ աքլորականչից առաջ, ձեռքերը գլխից վեր երկարելով քարկապեց մատներն ու օձի նման գալարվեց հարդի ցողունների մեջ, ապա ոտքերի ծայրի վրա բարձրանալով  իսկույն բացեց առավոտյան պաղը պարսպած երդիկի մուտքը, ներծծեց թարմ օդն ու մթնշաղը ճեղքելով վազեց դեպի աղբյուրը՝ իր չարաճիճիությամբ արթնացնելով հարևանների շներին։ Զուլալ ջրին զարկվելիս ձեռքերը թարմացնող ճողփյունով վերարթնություն բերեցին զգայարաններին... բայց իրականությունը մահճի մեջ է՝ անօգնական, անդմալույծ։ Հիմա արևի ճառագայթների ուղիղ նետահարման տակ, բերանը կիսաբաց, անհնազանդ գլուխն է տարուբերում՝ փորձելով օդից խոնավություն քամել պապակած կոկորդի համար։
Պատգարակակիրները ասես չեն էլ նկատում, որ իրենց ձեռքերի մեջ կիսամեռ մեկն է. հույսով լեցուն հայացքները հառած առաջ շտապում են, շատ են շտապում, հնարավորինս շրջանցելով փորձության պես ճանապարհին հայտնվող ժայռաքարերն ու մացառները։

- Ասում եմ ձեզ,- հիացած պատմում էր բժիշկը,- գրեթե հասել էինք դարպասների մոտ։ Դե... թաղում էր, թափոր, ինչպես միշտ լաց ու կական։ Մայրն իսկապես շատ էր տանջվում. միակ զավակն էր։ Մի քանի ամիս կռիվ տվեցի համառ հիվանդության դեմ, բայց անիծյալ մահը ինձանից զորեղ դուրս եկավ։ Երբ Տերը կնոջը տեսավ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար»։ Մոտենալով դագաղին դիպավ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց.
 -Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց։
 Մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Եվ Հիսուս նրան մորը տվեց[1]։ Մարդիկ  ափիբերան մնացին. վախը, հիացմունքը, հրաշքի և իրականության բախումը, այս բոլորը խառնվել էին իրար...
- Քո բժշկությունն ու դարմանները միշտ էլ անօգուտ են եղել, բժի՛շկ,- Ղուկասի խոսքը կտրեց անդամալույծը.- հաշիվս էլ եմ կորցրել, թե քանի՜ տարի է, որ պառապանքներիս գումարել ես քո այդ անօգուտ, անհասկանալի ու զզվելի դարմանները։ Ի՞նչ օգուտ։

23.6.17

ՉԱՐ ԱՉՔ. ՀԱՎԱՏԱ՞Լ ԿԱՄ ՈՉ

Հոգևորականներիս տրվող հարցերի թոփ տասնյակում, վստահաբար, կարելի է պատվավոր տեղ հատկացնել «չար աչքի», «աչքով տալու» և դրանցից պաշտպանվելու միջոցների մասին հարցին։ Թե ինչպիսի ոչքրիստոնեական նախապատմություն ունի այս վախի տեսակը, մեկ անգամ անդրադարձել եմ՝ խոսելով տարատեսակ աչքի հուլունքների եւ դրանց անիմասատ եւ հաճախ վնասաբեր հետևանքների մասին։ Առավել նկատելին (եթե չասենք՝ աչք ծակողը 😁) այս հարցը առաջ քաշելիս, հարց տվողների հոգևոր վիճակն է. նրանք, որպես կանոն, բավական հեռու են քրիստոնեության ճիշտ ըմբռնումից և ապրելակերպից և առաջնորդվում են առավելաբար «տատական առասպելաբանություններով»։ 

Ուստի հստակեցնենք՝ չար աչք իր չարաբաստիկ հետևանքներով, քրիստոնեական գաղափարախոսության մեջ գոյություն չունի, սակայն գոյություն ունի ինքը՝ անձնավորված չարը, սատանան, որը կարող է վնասել մարդուն, եթե մարդը հոգևորապես լավ պաշտպանված չէ։ Հաճախ չարը կարող է օգտագործել չար աչքից մեր վախերը մեր իսկ դեմ՝ աննկատորեն ստիպելով մեզ պաշտպանիչ միջոցներ փնտրել ի դեմս աչքի հուլունքի, փշի ու պայտի։ Հապա ո՞ւր մնացին քրիստոնյաների համար սահմանված աղոթքը, օրհնությունը, խաչն ու սուրբ նշանները, հաղորդությունը Քրիստոսին և մեր թիկունքին մյուռոնաբույր օծումը Սուրբ Հոգով, որով, որպես Քրիստոսով հաղթանակած անձիք պիտի կարողանային «պաշտպանվել չարի մխացող նետերից»։

Սիրելիներ, եթե այս վերջին կարևոր նախադրյալները առկա են իրեն քրիստոնյա համարող մարդու կյանքում, ապա չարը ինքը և կամ չարացած մարդիկ, առհասարակ, որքան էլ փորձեն, չեն կարող կասկածը, վախը, անհուսությունը, թերահավատությունն ու սնահավատությունը սերմանել մեր մեջ։
Իսկ եթե դրանք արդեն իսկ մեր մեջ են, սթափվենք ու իրական հավատքի կյանք սկսնք ապրել, մոտենանք Քրիստոսի Լույսին, որպեսզի չարի խավարը վերանա մեր կյանքից։

Առաջին քայլը անենք աղոթքով. փնտրտուքներիս մեջ գտա մեր եկեղեցու մի քանի աղոթքներ, որոնք, որքան էլ որ զարմանալի է, ուղղված են ՉԱՐ ԱՉՔԻ և ՉԱՐ ԼԵԶՎԻ ԴԵՄ։  

2.6.17

ԹՈՂ ՏԱ ԹԵՎ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 11)

Օնկոլոգիական բաժանմունքում անց կացրած դասերը ամենադժվարն էին, քանի որ ամեն օր տեսնում էի մարդկանց, ովքեր մահվան դեմ էին ելնոuմ`պայքարելով ապրելու համար: Այստեղ ինչուների ու եթեների շարաններ են ձգվում մարդկանց մտքի մեջ ու հրաշքի սպասող, հավատացող հայացքների ես բախվում:

Մի աղջկա հետ ծանոթացանք, ով շատ բարի, պարզ, լուսավոր մարդ էր: Նրան հրամանատար էին կոչում, քանի որ կարողանում էր համախմբել հիվանդներին և լավատեսության սերմնահատիկներ բաժանել նրանց: Հավատում էր հավերժությանը, Աստծուն: Շատ ուժեղ կամքի տեր էր, վստահ էր, որ հաղթելու է, բուժվելու և կատարելու մտապահած բոլոր նպատակները: Հավատում էր, որ վիրահատվելուց հետո գնալու է Տաթևի վանք, քանի որ շատ էր ցանկանում տեսնել այն և աղոթք բարձացնել դեպի երկինք այն վանքում, որտեղ ծնողներն են ծանոթացել: Դրա համար էլ աղջկան տվել էին Տաթև անունը:

Աստծո ողորմածությամբ Տաթեւի վիրահատությունը բարեհաջող անցավ և հետագա բուժումը դրական արդյունքի բերեց: Նա առողջացավ ու հաղթահարեց բոլոր փորձությունները: Ամենակալը տվեց Տաթևին թևեր, և նա ապրեց, որպեսզի իր խոսքով, պայծառ ժպիտով սեր ու հավատ նվիրի նրանց, ովքեր դրանց կարքիը առավել ունեն:

1.6.17

ՀՐԱՇՔ ՄԱՆԿԻԿԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 10)

Նույն այդ ընկերներս իրենց երրորդ տղայի անունը ուզում էին Հակոբ դնել: Հղիության վեցերորդ ամսում ընկերուհիս վայր ընկավ, ինչից հետո անկայուն վիճակի պատճառով երկար ժամանակ մնում էր բժիշկների հսկության ներքո: Մի կիրակի, երբ գնացել էր Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որպեսզի մասնակցի պատարագին ու հաղորդվի, զարմանալի մի բան եղավ։ Երբ աղոթում էր ու խնդրում Աստծուն, որպեսզի ցույց տա իրեն, թե երեխային ինչպես անվանակոչել, քանի որ դեռ հստակ չէին որոշել, շատ պարզորեն խռպոտ մի ձայն է լսում, ովրն ականջին ասում է «Սողոմոն» անունը: Ընկերուհիս այդ ձայնը լսելով` նայում է շուրջը, բայց մարդիկ լուռ աղոթելիս են լինում. սկսում է հեկեկալ: Ամուսնուն ոչինչ չի պատմում`կարծելով, թե չի հավատա: Անցնում է մի քանի օր, երբ նույն մտքերով, Տիրոջ ու այդ ձայնի մասին խորհելով`միացնում է ռադիոն այն պահին, երբ Սողոմոն Իմաստունի մասին են խոսում: Ապա երազում տեսնում է մատուռ, որտեղ նրան էլի շշնջում են այդ անունը: Դրանից հետո որոշում է կիսվել ամուսնու հետ, որը չի համաձայնվում այդ անվան հետ`մտածելով, որ երեխային կարող է խանգարել այդ անունը, քանի որ հասակակիցները գուցե ծաղրեն հետագայում: 

30.5.17

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 9)

Մոտ ընկերներ ունեմ, ովքեր աստվածավախ բժիշկներ են և շատ օրինակելի ամուսիններ: Նրանց ավագ որդին չորս տարեկան էր, երբ մետաղադրամ կուլ տվեց և սկսեց խեղդվել: Իհարկե բոլոր ծնողների պես նրանք էլ այդ պահին շփոթվում են, ընկնում շոկային հոգեվիճակի մեջ, փորձում են առաջին օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն: Իրենց չկորցնելով ծնողներ գրկում են երեխային և վազում փողոց, որպեսզի ավտոմեքենա կանգնեցնեն և հասցնեն հիվանդանոց, քանի որ ի վիճակի չեն լինում վարելու մեքենան: Ճանապարհին երեխայի վիճակը կտրուկ վատանում է, և հայրը որոշում է տռախեոտոմիա անել(վահանաճառից 4-5 սմ ներքև կտրվածք, որը ցուցված է շնչահեղձության ժամանակ), քանի որ գիտակցում է, որ այլ ելք չկա ու երեխան կարող է մահանալ շնչահեղձությունից: Մայրը սկսում է աղոթել և աղոթքի մեջ խնդրել Աստծու ողորմածությունը`կրկնելով, որ հրաշք արարի, որդուն կյանք տա: Աղոթքի պահին մետաղադրամը դուրս է թռչում: Տղան փրկվում է: Ընկերուհիս պատմում է, որ աղոթքի մեջ նա կրկնել է, որ Աստծո ձեռքն է հանձնում տղային և այժմ էլ լիահույս է, որ գալու է այն օրը, երբ տղան ցանկանալու է հոգեվորական դառնալ ու ծառայել մաևդկանց այդ կերպ:

Նա արդեն տասներկու տարեկան է և աղոտ հիշում է իր հետ պատահածը: Մի անգամ, երբ վերհիշում էին այդ օրը, տղան հուզվեց ու ինձ շշուկով ասաց. «Գիտե՞ս, Աստված լսեց մորս աղոթքը, որովհետև պետք եմ դեռ մարդկանց: Ամեն գիշեր աղոթքս շնորհակալությամբ եմ սկսում»:


29.5.17

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 8)

Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր լինելով քրիստոնյա, սնահավատ են: Եթե հավատում ես Տիրոջ գոյությանը, ապա սնահավատությունը իր տեղը պետք է չգտնի քո կյանքում: Մարդիկ տարբեր են և հավատում են տարբեր սին ու անհիմն բաների: Օրինակ՝ հարևանս, առավոտյան տան մութքի մոտ քացախ է ցողում, որպեսզի չար աչք չդիպչի: Մի անգամ փորձեցի նրան համոզել, որ դա անզոր է օգնել, դեմ է քրիստոնեկական հավատքին և կարելի է քահանա հրավիրել, որպեսզի տունն օրհնի, իսկ նա ակնարկեց, որ ես դեռ երիտասարդ եմ և անփորձ: Համաձայնվեց, որ քահանա կարելի է հրավիրել, բայց քացախը, աչքի հուլունքը և այլ բաներն էլ ճիշտ են: Ու ես հիշեցի մի դեպք, որ կատարվել էր ընկերուհուս բարեկամների հետ և որոշեցի պատմել հարևանուհուս: Այդ դեպքը մի ընտանիքի հետ էր կատարվել, ովքեր իրենց նորածին աղջնակի շորին աչքի հուլունք էին ամրացրել, որպեսզի վանի ամեն չար հայացք և նեգատիվ էներգիա: Սակայն փոքրիկը հիվանդանում է: Ամիսներ շարունակ բժիշկները փորձում են օգնել և բուժել նրա մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիան: Մայրը տխրում է, մտածում, թե դա չար աչքից է և սրտնեղում, որ աչքի հուլունքը չկատարեց իր «առաքելությունը»:

28.5.17

ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 7)

Ծանոթրներիցս մեկը ընկերներ ուներ, ովքեր տարիներ առաջ ավտովթարի ենթարկվեցին: Սիրում էին վարել ցոփ ու շվայտ կյանք, իսկ գինովցած լինելը առօրյայի բաղկացուցիչ մասն էր կազմում: Հերթական երեկույթից վերադառնալիս` ավտոմեքենան բախվել էր քարե պատնեշին այնպես, որ նոր գնված մեքենան վերածվել էր մետաղական ջարդոնի: Եվ ինչքան էլ անհավանական է, երկու ընկեր մնացել էին ողջ`սահմանափակվելով քերծվացքներով և սալջարդով:
Անցել է երկու տարի և այդ դեպքից հետո նրանք վերափոխվել և այլ մարդ են դարձել: Այդ դեպքը նրանց օգնեց մոտենալ երկնային շողարձակ վեհությանը, փոխել աշխարահայացքը, ջնջել պղծառատ էությունը: Նրանք սկսել են արժեւորել կյանքը, գնահատել ամեն օրը, հավատալ հրաշքների գոյությանը: Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն եղավ, որ նրանցից մեկը այդ վթարից հետո որոշեց մկրտվել և վերածնվելով`սկսել նոր կյանք: Մկրտությամբ մարդը դառնում է Աստծո որդեգիր: Վերջերս տեսել եմ նրանցից մեկին, և ուրախալի էր նրա պահելաձևի ու հայացքի մեջ տեսնել այլ մարդու:

«Նա, ով հավատում է եւ մկրտվում, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, պիտի դատապարտվի»
 (Մարկ. ԺԳ: 16)։

26.5.17

ԳԵՀԵՆԻՑ ՓՐԿՎԱԾԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 6)

Չորրորդ կուրսում սովորում էինք գինեկոլոգիա, իսկ գործնական դասերը անց էինք կացնում ծնարանում: Անչափ հետաքրքիր և անսովոր էր ականատես լինել նորածինների լույս աշխարհ գալուն: Անբացատրելի բերկրանք էինք զգում, երբ լսում էինք մանուկների առաջին ճիչը, տեսնում մայրացած կանանց երջանիկ ժպիտը: Հերթապահելուս առաջին օրը հանդիպեցի մի կնոջ, ում արդեն դուրս էին գրում: Մեր ուշադրությանն արժանացավ, քանի որ անդադար արտասվում էր և դողդղալով մաքրում դեմքը: Մեզ թվաց, թե կորցրել է փոքրիկին և մոտեցանք, որպեսզի հանգստացնենք: Պարզեցինք, որ այդ երիտասարդ կինը հրաշքով է ողջ մնացել: Նա իր աղջկան ունեցել էր կեսարյան հատումով, քանի որ բարդություններ էին եղել և սեփական ուժերով անհնար էր եղել լուս աշխարհ բերել փոքրիկին: Հղիությունը ընթացել էր դժվար: Մի երեկո էլ ինքնազգացողությունը վատացել էր տանը, և նրան շտապ հասցրել էին հիվանդանոց: Նշանակվել էր կեսարյան հատում: Վիճակը այնքան վատ էր եղել, որ բժիշկները դժվարությամբ են կարողացել փրկել մանկան կյանքը: Ամենասարսափելին այն է եղել, որ կնոջ մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Բժիշկները ամեն բան փորձել են անել, որպեսզի կնոջն էլ փրկեն և Աստծո անծայր զորությամբ կինն ապրել է: Կինը մեզ պատմեց նաև, որ անգիտակից ժամանակ տեսել է, թե ինչպես են սևազգեստ, երկարածամ դևեր ներս մտել վիրահատարան և ամուր բռնելով ձեռքերից դուրս հանել: Հետո սկսել են գլորել աստիճաններով ցած`տանելով այնտեղ, որտեղ տառապում են մարդկային հոգիները: Այնտեղ նա ականատաես է եղել բազմաթիվ մեղսավոր հոգիների կտտանքներին: Աղաչել է, որ բաց թողնեն իրեն, որ խղճան և այդ ժամանակ նրան ծաղրել են` հիշեցնելով ժամանակին արհեստականորեն ընդհատած հղիության, աբորտի մասին: Նա այդ լսելով սկսել է կանչել Տիրոջը, որպեսզի գա, փրկի և չթողնի մնալ այդ պատժարանում: Այդ պահին հայտնվել է մեկը, ով ձեռքերը պարզելով առաջ`հետ է հրել այդ դևերին, իսկ հետո լույս է տեսել, լսել բժիշկների ձայնը: