25.1.12

ԼՈ՞ւՅՍ ԵՍ, ԹԵ՞ ԽԱՎԱՐ (Հովհ. 3:13-21)


Լուսանկարը` Տ. Մարկոս քահանայի
Կարդա՛ Հովհ. 3:13-21

Լսել ձայնագրությունը

Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը (Հովհ. 3:19)

Գոյություն ուներ մի հարց, որը երկար ժամանակ ինձ համար կարծես լիարժեք պատասխան չէր գտնում. «Ինչո՞ւ մենք` քրիստոնյաներս հաճախ չենք կարողանում լինել ճշմարիտ քրիստոնյաներ, ինչ-որ բան խանգարում է լինել այնպիսին, ինչպիսին Քրիստոս Աստված կուզեր մեզ տեսնել: Ինչո՞ւ ենք մենք լինում քրիստոնյա, մնալով սակայն, կիսատ, մակերեսային քրիստոնյա»: Հարցիս պատասխանը գտա Սուրբ Գրքի այս խոսքերի մեջ«Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը» (Հովհ. 3:19):
Մեր միջից ավելի տարիքով մարդիկ կհիշեն ոչ վաղ անցյալը` 1990-ականների սկիզբը, երբ ողջ Հայաստանը խավարի մեջ էր, երբ մարդիկ այնքա՜ն շատ էին սպասում լույսին, երբ մարդիկ այնքա՜ն շատ էին ատում խավարը: Բոլորը լույս էին փափագում, բոլորը լույսի կարիք ունեին: Բավական էր լույսը գար մեծ ու մանուկ ուրախացած իրար էին անցնում, և սկսվում է աշխույժ եռուզեռը` լվացք, արդուկ, ճաշ, սերիալ: Լույսը կարծես կենդանություն էր տալիս: Բայց հենց հանգչում էր լույսը, նորից գալիս էր խավարը, ու մարդիկ էլ դառնում էին խավարի պես մռայլ:

Այսօր թեև մենք չունենք տեսանելի այդ լույսի (էլեկտրաէներգիայի) պակասը (փա՜ռք Աստծուն), սակայն դրանով մի տեսակ լուծված չէ խավարի խնդիրը մեզանում. գոյություն ունի այլ, ավելի վտանգավոր մի խավար մեր կյանքում, մի խավար, որը մարդու հետ հազարամյակներ շարունակ, որը որքան էլ որ տարօրինակ է, մարդն ավելի է սիրում քան լույսը, խավար, որը կոչվում է մեղք, խավար, որի հետևանքներն են չարությունը, սառնասրտությունը, եսակենտրոնությունը, անբարոյականություն ու հոռի բարքերը, աշխարհային հաճույքներն ու ձգտումները: Մարդը սիրում է հոգու այս խավարը և շարունակում է ապրել մեռնելով, շարունակում է ատել լույսը` ճշմարտությունը, արդարությունը, հոգու պտուղները:

«Ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին»(Հովհ. 3:20-21):
Արդարև, միայն այն բանի համար, որ լույսը մեր երեսով է տալիս մեր իսկ չարությունը, անբարոյությունն ու կեղծիքը, մեր դիմակավոր կերպարը, մենք սարսափելով լույսից ապրում ենք որպես կիսատ քրիստոնայներ` ապրում ենք որպես խլուրդներ` պատսպարվելով մեղքի հողի տակ: Եվ սերն առ խավարը, սերն առ սատանայի գործերը խանգարում է մեզ սիրել լույսը և լինել ճշմարիտ քրիստոնյաներ:

Ասում են` ժամանակին բոլոր խլուրդները ապրել են երկրի երեսին և փայլուն տեսողություն են ունեցել: Սակայն մի անգամ նրանց մեջ ծնվում է մեկը, ով զուրկ է լինում տեսողությունից, ինչի պատճառով մեկուսանալով մյուսներից թաքնվում է հողի տակ և ապրում այնտեղ: Որոշ ժամանակ հետո վրա է հասնում սարսափելի սառնամանիք, որից երկրի վրայի բոլոր խլուրդները ոչնչանում են: Տեսակի մեջ պահպանվում է միայն այս մեկ կույր խլուրդը, որ հողի տակ էր: Սրանից ծնված սերունդները ևս լինում են կույր ու շարունակում են ապրել հողի տակ: Եվ նրանք ատում են լույսը ու սիրում են խավարը:

Սա, ուղղակի պատմություն չէ, այլ իրականություն մեր կյանքից. մենք էլ հաճախ սիրելով խավարը` միևնույն ժամանակ նպաստում ենք նոր խավարի ծնունդին: Մեր մի մեղքից ծնվում է այլ մեղք, մյուսից հարյուրավորները և  խավարը նվաճում է մեզ: Որքան մեղքը տեղ է ստանում մեր կյանքում, այնքան Աստվածային լույսը, հոգևորը, և ի վերջո Լույսն աշխարհի Քրիստոս քիչ իշխանություն է ունենում մեր կյանքում, և մենք դառնում ենք լույսը սպանողներ, լույսը վերացնողներ, հակառակ այն բանին, որ այդ լույսը մեզ համար կյանք է (հմմտ. Հովհ. 1:4): Բայց չէ՞ որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ մարդիկ դադարեն ապրել խավարում, որպեսզի մարդը լույս ունենա, որպեսզի դու լույս լինես (հմմտ. Հովհ. 3:16): 
Աստված Պողոս առաքյալի շուրթերով կոչ է անում քեզ` «Վե՛ր կաց, կանգնի՛ր, հառնի՛ր մեղքերիցդ, և Տերը պիտի լուսավորի քեզ» (Եփես. 5:14): Իսկ այնտեղ որտեղ լույսն է, խավարը տեղ չունի, խավարը սոսկ լույսի բացակայությունն է. բավական է մեկ ճեղք, ասեղի մի փոքրիկ անցք հոգուդ խավարում և լույսն այլևս լուսավորում է խավարում, և խավարը` մեղքն ու չարիքը մահվան է դատապարտված:

Մի անգամ խավարը գնում է Աստծո մոտ և բողոքում, որ լույսն իրեն հալածում է: Աստված կանչում է լույսին ու ասում.
-Լսել եմ` հալածում ես խավարին:
-Ո՞ւմ,- զարմանում է լույսը,- ո՞վ է խավարը, ես նրան երբեք չեմ տեսել:

Այո՛, խավարը մեր կյանքում չի կարող լինել, եթե մեր կյանքի աղբյուրը լույսն է, եթե մենք ենք լույսը աշխարհի (հմմտ. Մատթ. 5:14):
Ճիշտ է, մենք արեգակներ չենք, այլ սոսկ մոլորակներ, որոնք իրեն լույսը` Սուրբ Հոգին, ստանում են Արդարության Արեգակ Քրիստոսից, սակայն մեզանից ամեն մեկը կարող է մի-մի ճրագ լինել այս կայնքում, ճրագ, որը լույս կկրի նախ իր մեջ, ապա լույս կտա շրջապատին: Աստված ուզում է, որ Իր շնորհով, Իր հաղթանակով, Իր հարությամբ ու Իր լույսով մենք լինենք խավարը, մեղքի, չարության, կեղծիքի, տգիտության, տառապանքի ու անօրենության խավարը հաղթահարող առաքյալներ, որովհետև «եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը՝ որչա՜փ ևս ավելի» (Մատթ. 6:24):

Չափազանց հեշտ է հայհոյել խավարը ու մտովի կռվել նրա դեմ, սակայն փոխարենն ավելի լավ է լուռ աղոթքով մեկ փոքրիկ մոմ, հավատքի, հույսի ու սիրո, բարության ու կամեցողության մեկ մոմ վառել և լուսավորել այս աշխարհում:
Կարող է քեզ թվալ, թե մեկ մոմն ի՞նչ է որ, այն չի կարող փարատել խավարը, սակայն վստահ եղիր`  իմ, քո, նրա, մեր և մյուսների վառած մոմերը միասին պիտի դառնան մեծ ու հզոր ջահ և սպանեն համատարած տիրող խավարը:
Ուրեմն, նախ պարտավոր ենք հաղթել մեր ներսի խավարը, ապա և այն լույսը, որ ստացանք Աստծուց, պարտավոր ենք փոխանցել նրանց, ովքեր լույս չունեն: Հակառակ դեպքում մեր կիսատ քրիստոնեության պատճառով խավարը արագ կկլանի, կնվաճի մեզ և աշխարհը:
Իսկ դա, ցավալիորեն, ապացույցը կլինի այն բանի, որ մենք ավելի սիրեցինք խավարը, քան լույսը, ավելի սիրեցինք մեղքն ու սատանային, քան Աստծուն: Կստացվի`մենք ուրացանք այն լույսը, որ տերը տվեց մեզ իր խաչի զոհաբերմամբ ու անկարող ծնկի եկանք խավարի իշխանի առջև:

Մի մեծ ռազմանավ գիշերվա խավարում լույս է նկատում:
-Հե՜յ, ո՞վ ես, մի կողմ անցի՛ր ճանապարհիցս,- գոչում է ռազմանավը:
-Ավելի լավ է դու անցնես,- պատասխանում է լույսը:
-Դու գիտե՞ս, թե ով եմ ես. ես հզոր ռազմանավ եմ, որ կարող եմ կործանել քեզ:
-Իսկ դու գիտե՞ս, թե ես ով եմ: Ես փարոս եմ. առանց ինձ դու կկորչես ծովում:

Սիրելիներս, չկա անհաղթահարելի խավար, չկա կործանարար և ոչ մի ուժ, եթե Տիրոջ լույսը որպես փարոս ուղեկիցն է քո կյանքի, եթե դու լույս ես: Գիտես ինչո՞ւ.
Որովհետև. «Տերն իմ լույսն է և կյանքը, ես ումից դողամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ես ումից վախենամ»(Սաղմ. 26:1):

«Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»(Մատթ. 5:16):
Ձայնագրությունը` այստեղ
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

2 արտահայտվիր:

Հովսեփ комментирует...
08.02.2012, 11:53

Խավարը այսինքն մեղքը մենք ավելի սիրեցինք դա իսկապես եդպես է քանի որ մենք համարյա ամեն օր մեղք ենք գործում երբեմն գիտակցաբար երբեմն չգիտակցելով։ Մեղք կոչվածը դա ասես հիվանդության պես լինի մտքի հիվանդություն երբ մարդը ընկնում է գայթակղության մեջ փորձության մեջ չարը խավարը իր ապորինի ներկայությամբ փորձում է մեզ փորձությունների միջոցով բանտարկել ստրկացնել մեր հոգիները և մենք երբ մեղք ենք գործում ենթարկվում ենք չարին այսինքն խավարին։

HenrikArmenio комментирует...
27.02.2014, 3:09

Քանի Աստված վերևում կա, և ներքևում Հայը, Աաշխարհի լույսը չի մարի, Փառք մեր զորեղ լուսավոր Ազգին, մենք ԱՍՏԾՈ կողմից ընտրվաց Ազգ ենք Հայեր ջան, մեր դարերից եկաց տանջամահ եղած Քաջ ԱԶԳԸ չի տեսել և երբեք չի տեսնի պարտություն, մենք պայքարել ենք և միշտել կպայքարենք մարդասպան չարիքի և խավարի դեմ, ԱՍՏՎԱԾ պահի և պահպանի Հայաստան Աշխարհիս և Պաշտպաններիս Հայոց Սուրբ ԱԶԳԻՍ/ ԱՄԵՆ""

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...