26.5.17

ԳԵՀԵՆԻՑ ՓՐԿՎԱԾԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 6)

Չորրորդ կուրսում սովորում էինք գինեկոլոգիա, իսկ գործնական դասերը անց էինք կացնում ծնարանում: Անչափ հետաքրքիր և անսովոր էր ականատես լինել նորածինների լույս աշխարհ գալուն: Անբացատրելի բերկրանք էինք զգում, երբ լսում էինք մանուկների առաջին ճիչը, տեսնում մայրացած կանանց երջանիկ ժպիտը: Հերթապահելուս առաջին օրը հանդիպեցի մի կնոջ, ում արդեն դուրս էին գրում: Մեր ուշադրությանն արժանացավ, քանի որ անդադար արտասվում էր և դողդղալով մաքրում դեմքը: Մեզ թվաց, թե կորցրել է փոքրիկին և մոտեցանք, որպեսզի հանգստացնենք: Պարզեցինք, որ այդ երիտասարդ կինը հրաշքով է ողջ մնացել: Նա իր աղջկան ունեցել էր կեսարյան հատումով, քանի որ բարդություններ էին եղել և սեփական ուժերով անհնար էր եղել լուս աշխարհ բերել փոքրիկին: Հղիությունը ընթացել էր դժվար: Մի երեկո էլ ինքնազգացողությունը վատացել էր տանը, և նրան շտապ հասցրել էին հիվանդանոց: Նշանակվել էր կեսարյան հատում: Վիճակը այնքան վատ էր եղել, որ բժիշկները դժվարությամբ են կարողացել փրկել մանկան կյանքը: Ամենասարսափելին այն է եղել, որ կնոջ մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Բժիշկները ամեն բան փորձել են անել, որպեսզի կնոջն էլ փրկեն և Աստծո անծայր զորությամբ կինն ապրել է: Կինը մեզ պատմեց նաև, որ անգիտակից ժամանակ տեսել է, թե ինչպես են սևազգեստ, երկարածամ դևեր ներս մտել վիրահատարան և ամուր բռնելով ձեռքերից դուրս հանել: Հետո սկսել են գլորել աստիճաններով ցած`տանելով այնտեղ, որտեղ տառապում են մարդկային հոգիները: Այնտեղ նա ականատաես է եղել բազմաթիվ մեղսավոր հոգիների կտտանքներին: Աղաչել է, որ բաց թողնեն իրեն, որ խղճան և այդ ժամանակ նրան ծաղրել են` հիշեցնելով ժամանակին արհեստականորեն ընդհատած հղիության, աբորտի մասին: Նա այդ լսելով սկսել է կանչել Տիրոջը, որպեսզի գա, փրկի և չթողնի մնալ այդ պատժարանում: Այդ պահին հայտնվել է մեկը, ով ձեռքերը պարզելով առաջ`հետ է հրել այդ դևերին, իսկ հետո լույս է տեսել, լսել բժիշկների ձայնը:


Աստված ինչքա՜ն է մեզ սիրում, որ ներում է բազում մեղքեր և տանում զղջման ճանապարհով, որպեսզի գիտակցենք մեր սխալները և մեր քայլերն ուղղենք դեպի հավատ: Այս կինը ուշքի գալուց հետո է հասկացել միայն, որ ահռելի մեղք է գործել, քանի որ ժամանակին կանխել է իր ներսում հասունացող պտղի ծնունդը, իսկ դա սարսափելի բան է: Այն ամենածանր մեղքերից է: Մեր Տերն է բոլորիս դատավոր և ինքս դատելու իրավունք չունեմ, բայց չեմ կարող թաքցնել բողոքս այդպիսի ծնողների հանդեպ, ովքեր զրկում են սեփական երեխաներին լույս աշխարհ գալուց: Հղի կնոջ ներսում գտնվող անմեղ էակը կենդանի օրգանիզմ է և նրան կյանքի է կոչում Աստած: Շատ են լինում դեպքեր, երբ մայրերը կյանքի գնով պահպանում և նոր կյանք են ծնունդ տալիս: Այդպիսիներն իրոք բարեպաշտ կանայք են: Հղիությունը կարելի է ընդհատել միայն այն դեպքւմ, երբ մոր կամ պտղի վիճակը անհամատեղելի է լինում կյանքի հետ: Հղիության արհեստական ընդհատումը նույն մարդասպանությունն է: Ամեն պտուղ ունի ապրելու իրավունք։ Տիրոջ գործերը անքննելի են: Միայն նա կարող է կյանք տալ և վերցնել: Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, որոնք տեղի են ունենում մեր շուրջ: Աշխարհով մեկ, ամեն ժամ, բազմաթիվ ծննդկանների և իրենց կրծքի տակ բաբախող սրտերը կանգ են առնում: Մահացությունների պատճառները տարբեր կարող են լինել, բայց բոլորի հիմքում էլ մարդկային անտարբերությունն ու մեռած խիղճն է:


«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. իմ երկնավոր Հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի»: 
(Մատթ. 18:14)


0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...