22.11.11

ՍՆԱՀԱՎԱ՞Տ ԵՔ ԱՐԴՅՈՔ + Թեստ

Անցած գրառումներից մեկի ժամանակ` «ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ», խոսել ենք արդեն, որ կրոնական հավատքի ոչ ճիշտ ընկալման ու կիրառման արդյունքում ծնունդ են առնում հավատքի խոտոր տարբերակներ, որոնց շարքում նաև սնահավատությունը, մի երևույթ, որին «ստրկացված» են գրեթե բոլորը, սակայն որի ներքին բովանդակությունը և կապը հավատքի հետ հայտնի է ոչ բոլորին:
Հայոց լեզվից տարրական գիտելիքն իսկ բացահայտում է, որ «սնահավատություն» նշանակում է հավատք սին, դատարկ, անիմաստ ու փուչ բաների հանդեպ, այլ ոչ թե կենդանի հավատք առ Աստված` լի փրկության վստահությամբ ու լավատեսությամբ: Ավելին, գրեթե բոլոր սնահավատությունները հակառակ Պողոս առաքյալի` վստահություն +լավատեսություն սկզբունքին` առաջ են բերում անվստահություն ու հոռետեսություն, որ հիմնականում ամփոփվում են «դժբախտություն կպատահի», «գործերը վատ կգնան», «հիվանդություն վրա կհասնի», «տունը կմնաս», «մարդ կմահանա» և նմանատիպ արտահայտությունների մեջ:


Խորապես համոզված եմ, որ սնահավատությունը ծնունդ է առնում մարդու` հոգևոր ազատության մասին սխալ պատկերացում ունենանլու, ավելին` «ճակատագիր» հասկացությունը կենսակերպ դարձնելու պատճառով: Փոխանակ վայելելու Աստծուց շնորհված ընտրության ազատության քաղցրությունը, մենք շատ հաճախ գերադասում ենք շարժվել սնահավատությունների, նախապաշարումների, այլոց ցուցումների ու կռահումների միջոցով` այդ կերպ սատանայի ձեռքում ակամա վերածվելով խամաճիկների: Պատահական չէ, որ Ընդհանրական Եկեղեցու կարկառուն ներկայացուցիչներ Սուրբ Հովհան Ոսկեբերանը (4-րդ դար) և Սուրբ Բարսեղ Մեծը (4-5-րդ դարեր), խոսելով սնահավատությունների մասին, գրեթե միաբերան հաստատում են, որ սնահավատությունը մեղքի այն տեսակն է, որով սատանան ծաղրի է ենթարկում քրիստոնյային և ծիծաղում է նրա վրա: Եվ, իսկապես, ծիծաղելի է, քանի որ Աստծո Որդու խաչելության ու արյան գնով ազատության արժանացած քրիստոնյաներս շարունակում ենք շղթայված մնալ սնահավատության կապանքներով:
Կարծում եմ` սնահավատությունները մերժելու և մեր կյանքում դրանցով տարված լինելու անիմաստությունը ըմբռնելու համար կարևոր է հասկանալ, թե որտեղի´ց են դրանք գալիս և ինչի´ հետ են հատկապես կապված: Պարզվում է, որ սնահավատությունների գոյության պատճառները տարբեր են, սակայն միևնույն ժամանակ բավականին փոխկապակցված: Դրանք են`

Հոգեբանական պատճառ – Որքան էլ, որ անսպասելի է, սնահավատությունների վերաբերյալ գրականություն հոգեբանության բնագավառում շատ չես հանդիպի: Եղած գրականությունն էլ մարդու մոտ սնահավատական դրսևորումների ու հավատալիքների առկայությունը մեկնաբանում է որպես վախի, երկյուղի հետևանք: Հիմնականում այդ վախը ծնվում է գալիքի անհայտությունից: Ասենք, մարդը քննություն պետք է հանձնի և վախենում է այն տապալելուց, նա սնահավատորեն իր հետ քննության է վերցնում մի ինչ-որ առարկա, որն իրեն «միշտ հաջողություն է բերում»: Կամ, օրինակ, մեկի տանը մարդ է մահացել. մահվան վախը կամա թե ակամա ստիպում է ընտանիքի անդամներին սնահավատորեն ծածկել տան բոլոր հայելիները, որպեսզի իբր մահը բնակություն չհաստատի այդ տանը:
Հոգեբանական այս տեսանկյունը տիպիկ է բնորոշել 18-րդ դարի լուսավորիչ Ֆ. Վոլտերը` ասելով. «Սնահավատ մարդը հասարակության մեջ նույնն է, ինչ վախկոտ զինվորը զորքի մեջ. նա թեև իրենից ոչինչ չի ներկայացնում, սակայն հեշտորեն խուճապ է տարածում իր շրջակայքում»: 
Կենցաղային պատճառ - պարզվում է, որ մեզանում տարածված շատուշատ սնահավատություններ ունեն պարզ կենցաղային ծագում: Օրինակ` շատերին ծանոթ կլինի տատական արգելքը` «իրիկվա ժամին ասեղ չեն թելի, լավ չի»: Երբևիցե հետամուտ եղե՞լ եք, թե ինչի՞ համար է այդ արգելքը: Պարզվում է, ժամանակին, երբ դեռևս չէր հայտնաբերվել էլեկտրական լամպը, առօրյա կենցաղային աշխատանքները հարկ էր կատարել արևի լույսի պայմաններում: Իսկ քանի որ երեկոյան ժամին` կիսախավարի կամ խավարի մեջ, կարված կոճակը կամ մեկ այլ բան պատշաճ վիճակում չէր լինի, տատիկները «էն սկզբից հլա» ասեղ չթելելու տաբու են դրել: Նմանատիպ արգելք կա նաև ավել ածելու, լվացք անելու և նմանատիպ մի շարք բաների համար:
Հաճախ նման զավեշտալի սնահավատություններն ուղղակիորեն հորինվում են առանց պատճառի ու պատճառաբանության. արհեստական կապ տեսնելով իրերի և երևույթների մեջ` մարդիկ ստեղծում են որոշակի ծիսականություն և սկսում են սրբորեն պահել: Սրանց շարքին կարելի է ավելացնել բոլորովին վերջերս ծնված սնահավատությունը` կապված 2 նորահարսերի միաժամանակ հանդիպելուն. «դժբախտություն կպատահի նորապսակներին»` շեշտում են նման հարցերի «գիտակները» և միանգամից հորինում են շատ դյուրին լուծում` «հարսները միմյանց հանդիպելիս, թող փոխանակվեն ծաղկեփնջերով և ամեն բան հարթ կընթանա»: 
Ազգագրական պատճառ - այսօր հայերիս մեջ տարածված մի շարք սնահավատությունների (օր.` աչքի ուլունքի կիրռությունը, ափսե կամ այլ սպասք կոտրվելը, ծառերին թաշկինակներ կապելը, աջ կամ ձախ ձեռքի քոր գալը) մեկնաբանութունը տալիս է հենց հայոց ազգագրությունը: Պարզվում է, որ բազում սնահավատություններ սոսկ վերապրուկներ են հայոց ժողովրդական հին տոներից ու մինչքրիստոնեական հավատալիքներից և մեծապես կապված են հին հայերի կյանքի դուալիստական` երկաստվածական (չարի և բարու պայքար) պատկերացումների, ինչպես նաև տեղի ունեցող երևույթների պատճառահետևանքային կապը տրամաբանորեն չըմբռնելու հետ: Այդ վերապրուկները ավանդության ուժով զարմանալիորեն հաղթահարել են ժամանակի հսկայական սահմանը և 1000-ավոր տարիներով անցնելով` այսօր էլ շատերի համար կենսական են:
«Անուսումնության» պատճառ - Դեռևս 5-րդ դարում պատմիչ Սուրբ Եղիշե վարդապետը ասում էր. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից»: Արդարև, նախորդ բոլոր պատճառները անզոր են այս մեկի դիմաց: Երբ մարդն իրեն համարում է քրիստոնյա, սակայն չի իմանում, թե ինչ է քրիստոնեությունը, չի ապրում քրիստոնյայի կյանքով, չի ձգտում մերձենալ Աստծուն, բարձիթողի այս անուսումնութան պայմաններում նրա միտքը զբաղվում է հավատքի պառավական, մտացածին, հորինված, փուչ ու դատարկ տարբերակներով: Մարդը ինքն է սկսում հորինել իր աստծուն ու քարոզել այն` առանց հաշվի առնելու, որ այդ քարոզչությունը դեմ է իրական Աստծուն: 
Ի հակզդեցություն սնահավատություններին` Սուրբ Պողոս առաքյալը իր աշակերտ Տիմոթեոսին գրում է. «Պիղծ խոսքերից և պառավական առասպելներից հրաժարվի՛ր. և դու քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ» (Ա Տիմ. 4:7): Իսկ «աստվածպաշտությունը» սիրելի´ ընթերցող, զարգանում է աստվածային խորհուրդների մեջ խորամուխ լինելով, Աստվածաշունչ ընթերցելով, աղոթելով ու պահեցողությամբ, մեղքերի խոստովանությամբ ու Սուրբ Պատարագին Տիրոջ Մարմնին ու Արյանը հաղորդվելով: Քրիստոնյային վայել նման կյանքի պարագայում սնահավատությունները ուղղակի զավեշտ կթվան քեզ: Այդ զավեշտը ավելի ընդգծված արտահայտելու համար այսուհետ բլոգում նյութեր կտեղադրվեն մի քանի հայտնի սնահավատությունների, դրանց ծագման, սխալականության վերաբերյալ` ակնկալելով, որ այդ կօգնի քեզ ու քո ընկերներին ազատվել սնահավատության մեղքից:
Աստված թող առատորեն օրհնի քեզ:

Հ.Գ. Այստեղ առաջարկում եմ ցանկացողներին մասնակցել նաև հարցում-թեստի` ստուգելու ՍՆԱՀԱՎԱ՞Տ ԵՔ ԱՐԴՅՈՔ (սեղմել):

7 արտահայտվիր:

Anonymous said...
11/23/11, 9:01 AM

Շնորհակալություն մեկնաբանության համար

Աշոտ said...
11/25/11, 11:07 AM

Վերջերս Շողակաթ հեռաուստատեսությամբ տեսա, թե ինչպես են հոգևորականները խոնարհվում ինչ-որ արծաթյա "աջի" առաջ, ինչ-որ գավազանների առաջ, այլ "մասունքների" առաջ: Մի՞թե դա սնահավատության քարոզ չէ, ավելին` կռապաշտության դրսևորում:

Anonymous said...
11/25/11, 11:26 AM

Երեւի Լուսավորչի աջն է եղել, Արթուր:
Աշխեն

Anonymous said...
11/25/11, 11:27 AM

Շնորհակալություն: Նախկինում բոլոր վատ սովորությունները կամաց-կամաց /ինչպես նյութումդ ես նշել/ հիմա ծիծաղելի են դառնում: Այսպես օրինակ, "ամենակպչունը" սուրճի բաժակս շուռ տալն ու մեջը պատկերներ փնտրել եւ դրանք իմաստավորելն էր: Ուզում եմ, որպես հավելում ասել` երբ որեւէ պատկեր ասենք ուղիղ դիրքում որպես ծաղիկ ես ընկալում, կողքից` նապաստակ եւ այլն, կամ փորձում ես հասկանալ թե ինչ է ու...խճճվում եւ խճճվում ես: Նույնը կարելի է երազահանների մասին ասել: Հիմա ինտերնետում ինչ երազահան ասես որ չկա եւ միեւնույն երեւույթը, տարբեր կերպ է բացատրվում, մի տեղ լավ, մյուսում` վատ նշանակություն ունի: Սա ինչ է եթե ոչ չարի փորձերը մոլորեցնելու, խաբելու, թուլացնելու եւ մարդուն իր թակարդը գցելու ձեի ./ինչպես նյութումդ ես ասում/: Հավատն առ աստված պարզ է, մաքուր, առանց երկիմաստների:

Ashkhen Keshishyan

Srk. said...
11/25/11, 11:58 AM

@Աշոտ ջան անկեղծ ասած կար ժամանակ, որ ես էլ էի այդպես կարծում` մինչև հարցի էությանը ծանոթացա խորապես: Մասունքները, որոնց առջև խոնարհվում են քրիստոնյաները /ուշադրություն դարձրու` չեն պաշտում, այլ որպես հարգանք խոնարհվում են, ուստի կռաՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ չի դա/ սրբերի ոսկորներ են կամ ասենք Տիրոջ խաչափայտից փոքրիկ կտոր` ամփոփված թանկագին մետաղից պատրաստված մասնատուփերի մեջ: Իսկ խոնարհվելը և դրանք համբուրվելը, ոչ թե պաշտամունք է, այլ արդյունքն այն բանի, որ մասունքները հրաշագործում են` առողջություն պարգևում հիվանդներին, շնորհներով զարդարում. Սրբության արժանացած մարդկանց մասունքների միջոցով Սուրբ Հոգին «խոսում» է հավատացյալի հետ: Գուցե եկեղեցուց ու հոգևորից հեռու գտնվող մարդու համար դա փոքր-ինչ տարօրինակ թվա, ինչպես ինձ նախկինում, սակայն փաստացի օրինակները հօդս են ցնդեցնում ամեն տեսակ տարակուսանք: Մասունքների հրաշագործ հատկությունների մասին հստակ գրված կա Աստվածաշնչում, հայտնի են Խաչափայտի և այլ սուրբ մասունքների հետ կապված հարյուրավոր պատմական փաստեր և հրաշքները անդադար գործվում են նաև մեր ժամանակներում: Այնպես որ այնտեղ, որտեղ Տիրոջ կենսատու զորությունն է` այնտեղ արդեն սնահավատություն չի կարող լինել: Շնորհակալ եմ հարցի համար:

Anonymous said...
12/30/11, 8:57 PM

Թեման ինձ շատ հետաքրքրեց, և որոշեցի անցկացնել սեփական հարցումը:
Հարցաթերթիկը բաղկացած է 13 հարցից, որոնցից 1-ինը նպատակ ունի պարզել մարդու սեռը, իսկ 10-ը՝ սնահավատ լինել կամ չլինելը: Մյուս 2-ը հարցերով նրանք պետք է գնահատեն իրենց և իրենց շրջապատողների սնահավատ լինելը: Հարցմանը մասնակցել է տարբեր տարիքային խմբերի պատկանող 53 մարդ, որոնց 30%-ը տղամարդիկ են, իսկ 70 %-ը` կանայք:
Հարցումից պարզ դարձավ, որ մարդկանց 67 %- ը գտնում է, որ իրենց շրջապատում քիչ են սնոտիապաշտ մարդիկ և նրանք իրավացի են, քանի որ սնահավատ էիր հարցվողների ընդհամենը 13%-ը:
Հարցվողների 54 %-ը իրենց սնոտիապաշտ չեն համարում: Եվ նրանք իրավացի են, քանի որ սնոտիապաշտ լինելու հարյուր միավորանոց սանդղակի նրանց միջին ցուցանիշը 21 է:
Իրենց փոքր-ինչ սնոտիապաշտ համարողները կազմում են հարցվողների 38%-ը: Հարցման արդյունքում պարզվեց, որ նրանք էլ իրենց սնահավատ լինելը գնահատում օբյեկտիվորեն. հարյուր միավորանոց սանդղակի նրանց միջին ցուցանիշը 41 է:
Իսկ ինչ վերաբերում է իրենց սնահավատ համարողներին, ապա նրանք կազմում էին հարցվողների 8%-ը, և 100 հնարավորից հավաքել էին 54 միավոր:
Այնուամենայնիվ հարցվողների 56%-ը ընդունել է, որ կան սնոտիապատնական սովորույթներ, որոնց նրանք չեն հավատում, սակայն հետևում են սովորույթի ուժով: Օրինակ՝ թափված աղի վրա խաչ անելը, դռան վերևում ձիու պայտ կախելը և այլն: Ինչևէ, նրանք նաև նյարդայանում և առարկում են, երբ ուրիշները փորձում են իրենց ներքաշել իրենց սնոտիապաշտական հավատալիքների մեջ:

Srk. said...
1/14/12, 12:15 PM

Շնորհակալություն սոց հարցման համար Դիանա Չոբանյան ջան:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...