15.05.13

ԵԿԵՂԵՑԻՆ Է ԿՈԿՈՐԴԻ ՓՈՒՇԸ <-> ՄԱՏԹԵՈՍ 26:6-10







Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»։ Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց...» (ՄԱՏԹ. 26:6-10):

Այն կինը, որը բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում, թանկարժեք ու անուշաբույր յուղով օծեց Վարդապետի գլուխը, մեզ հիշեցնում է Աստծոյ պաշտամունքի մեջ փառաշուք լինելու պարտականությունը: Բոլոր շքեղությունները, վեհությունն ու գեղեցկությունը ինձ շատ քիչ են թվում: Եւ բոլոր նրանց դեմ, ովքեր պախարակում են սրբազան սպասքերի, հանդերձանքների, խորանների ճոխությունը, բարձրանում է Հիսուսի գովքը. «Գործ մի բարի գործեաց դա զիս» (Բարի մի գործ կատարեց դա իմ նկատմամբ) ԵՕԶԵՄԱՐԻԱ ԷՍՔՐԻՎԱ:

11.04.13

ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆ ԷԼ ՀԱՅՐ ՄԵՐԸ ՉԳԻՏԻ???


«Վաաաաաաաաաայ Սուրբ Ղուկաս Ավետարանիչը Հայր մերը չգիտի... հապա տեսեք, թե նա ինչպես է բաց թողնում «որ յերկինս ես», «եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի», «այլ փրկեա զմեզ ի չարէն, զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն» տողերը» (Ղուկ. 11:2-4): Մեղա՜յ... մեղա՜յ...

Եթե օբյեկտիվ գտնվենք, ի՞նչ բառով կարելի է բնութագրել Ամենայն Հայոց Հայրապետի մեջքի ետևից գործողներին ու մյուս սամվելկարապետյաններին: Մի հարցնող լինի. երբևիցե սկզբից մինչև վերջ Տերունական աղոթքը ասե՞լ եք կամ առանց սխալվելու կարո՞ղ եք ասել, և կամ մեկ ուրիշ աղոթք գիտե՞ք...


21.03.13

ՄԱՏՆԵՑԵ՛Ք ԱՅԴՊԻՍԻ ՄԵԿԻՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ

Beniamin ընթերցողի կողմից ամիսներ առաջ մեկնության է առաջադրվել իսկապես անորոշ թվացող մի խոսք Սուրբ Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակից`

«…
երբ դուք և իմ հոգին միասին կհավաքվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ, - մատնեցե՛ք այդպիսի մեկին Սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին ապրի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրում» (5:4-5):

Կորնթոսը, որ իրավամբ հին աշխարհի ամենահայտնի հեթանոս-կռապաշտ քաղաքներից էր, անգամ ժամանակի պատմիչների կողմից ներկայացվում է որպես համակ անբարոյականության մարմանացում: Այստեղ քրիստոնեական հավատքի առաջին հիմանադիրը եղավ Պողոս Առաքյալը, ով երկու նամակ (գոյություն ունի նաև երրորդ նամակը, որը Աստվածաշնչյան կանոնի մեջ չի ընդգրկվել) ունի հղած քրիստոնեացող այս համայնքին: Ահա Առաջին նամակից վերոբերյալ տողը առնչվում է քրիստոնյա կորնթացիների մեջից դեռևս արմատախիլ չեղած անբարո մի սովորությանը` արյունապղծությանը, ինչի մասին սուրբ առաքյալն ասում է. «Ներկայումս լսում ենք, թե պոռնկություն կա ձեր մեջ, և այնպիսի պոռնկություն, որ հեթանոսների մեջ իսկ չկա, որպես թե մեկն ապրի իր հոր կնոջ հետ»: Ավելին, մասնավոր մի պարագայում այս երևույթը անգամ գովասանքի է արժանանում (տե՛ս 5:1-2), ինչը չարաչար վշտացնում է առաքյալին: Այս հարցի լուծման համար Պողոս առաքյալը կոչ է անում կորնթացի քրիստոնյաներին հավաքվել Հիսուսի զորությամբ (և ինքն էլ իրենց հոգեպես պիտի միանա) և մատնել արյունապիղծ մեկին սատանային: Տարօրինակ թվացող այս արտահայտությունը Պաղոս Առաքյալը արտահայտում է նաև Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում` «…նրանց թվում են Հիմենոսը և Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպեսզի խրատվեն չհայհոյել» (1:20):

14.03.13

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ԳԱ, ԱՆՈՒՆԸ ԴՈՒՐՍ ՉԳԱ

Այսօր հերթական «մրոցի» հոդվածը կարդացի Առաքելական Սուրբ եկեղեցու սպասովորների մասին՝ համեմված հոդվածի ոճին համապատասխան մի լուսանկարով: Փորձեցի տողատակում սրտացավություն գտնել, բայց... ատելությունն ավելի շատ էր: Նորից ու նորից շահարկման էր դրված Եկեղեցուս եպիսկոպեսներից մեկի և նրա անվան հետ կապված «Բենթլիի» պատմությունը՝ ի հակադրություն դրվելով Կաթոլիկ եկեղեցու խոնարհ եկեղեցականներից մեկին (նորընտրյալ Պապին), ով լվանում է ՁԻԱՀ-ով հիվանդ մի երեխայի ոտքերը: Չգիտեմ, այս քննադատ լրագրողներից որևիցե մեկը երբևիցե իր սեփական աչքերով տեսե՞լ է արդյոք մատի փաթաթան Բենթլին, բայց ինչպես ասում են. «Մարդու աչքը դուրս գան, անունը դուրս չգա»: Աստված գիտի, գուցե մեքենան վաղուց արդեն վաճառվել և մի կարիքավոր ընտանիքի օգնություն է հասել, չնայած՝ ԱՀԹ-ն առանց այդ էլ պարբերաբեր մեծաթիվ կարիքավորների է ձեռք մեկնում, բայց... Աստված բոլորիս հետ. մտադրությունս չէ պաշտպանել, կամ պարսավել որևէ մեկին, ուղղակի սրտացավությունն է մեջս խոսում, սրտացավություն, որ այդքան մաղձ կա հայերիս մեջ կուտակված: Մտամոլորությանս մեջ, ընկերներիցս մեկը հիշեցրեց ինձ իր կողմից գրված մի գեղեցիկ իրական պատմվածք ոտքեր լվացող և այդ ոտքերը համբուրող վարդապետի (այժմ եպիսկոպոս այս հոգևորականի անունը այստեղ չեմ հրապարակի) մասին: Հանձնում եմ ձեր ուշադրությանը՝ կոչ անելով թղթի վրա արված կետի փոխարեն առավել նկատել մեծ ու ճերմակ թուղթը.

ՈՏՆԼՎԱ

Որպես ննջասենյակ ծառայող սրահի պատերը թաց են, խոնավությունն այստեղ պատվավոր քաղաքացի է: Այստեղ արևի ոչ մի ճառագայթ չի այցելում:
Իսկական Ավագ Չորեքշաբթի...
Սենյակի սպիտակ դուռը կատվի պես մռռալով բացվում է: Փոթորիկի նման արագ ներս է մտնում սևամորուք վարդապետը:
-Ո՞վ է:
Ճեմարանականները գլխով ցույց են տալիս իմ մահճակալը: Մոտենում է. կարճ մատներով բռնում է գլուխս:

11.03.13

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

Եթե դու փրկություն ես տեսնում այլազան քաղաքական խաղերի մեջ, ապա դու իսկական հայրենասեր ես, իսկ քեզ չնմանվողները՝ ազգադավ:
Եթե դու միտինգի ես մասնակցում, դասադուլ ես անում, պառկում ես փողոցի մեջտեղում, հացադուլ ես հայտարարում ու «մատ» անում «չուզողներիդ», դու ազատատենչ ես, իսկ քեզ չնմանվողները՝ ստրկամիտ:

Եթե դու հայհոյանքների անբարո հեղեղ ես առաքում իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին՝ հիշատակելով մինչև 7-րդ պորտի նրա նախնիներին ու սերունդներին, ապա դու սրտացավ ես քո հայրենիքի համար, իսկ քեզ չնմանվողները՝ պարզապես ծախված:

07.03.13

ՄԱՐԴԸ և ՊԱՀՔԸ

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ փողի ու փորի թագաւորութիւնը խլել է մարդուս գլխից բանականութեան թագը և նրան իր բարձրութիւնից իջեցրել, անբան անասունին է հաւասարացրել: Ինչքան մարդս մօտեցել է փողին, այնքան հեռացել է Աստուծուց. ինչքան տաքացել է փողի վրայ, այնքան սառել է Աստուծուց. իր Աստուածը նա փողի մէջ է փնտռում, և երբ մէկն ասում է. «Փողը երկրորդ աստուածն է», «առաջին աստուածն է»՝ վրայ է բերում միւսը: Ինչո՞ւ: Որովհետև, հէնց որ լուսանում է, փողի մասին ենք խօսում, փորի մասին մտածում:
Իսկ եթէ դեռ կան մարդիկ, որոնք լուսաբացին երեսները դէպի արևելք, դէպի «շաղաթաթախ աղօթարան» ուղղած՝ աղօթում են, անկասկած, նրանք էլ փողի ու փորի համար են աղօթում: Բայց մարդս ստեղծուած է աւելի բարձր, աւելի հոգևոր կեանքով ապրելու, քան թէ ցած, մարմնաւոր կեանքով: Երբ մենք վերինը, հոգևորը թողած՝ անսանձ, անզուսպ կեանք ենք անցկացնում, դրանով ցոյց ենք տալիս, որ մեր կեանքի անասնական մասովն ենք ապրում. ո՞ւր է հապա մարդկայինը:

20.02.13

ՁԻԱՐՇԱՎԱՐԱՆ

Այստեղ ձիարշավարանները գետնի տակ են... Ձիերն էլ քիչ տարբեր են՝ ճերմակամորթ, սև, դեղին, կարմիր, երբեմն բազմագույն՝ բազմաբնույթ ու տարասեռ «ալխոներ», որ ինքնամոռաց սուրում են: Վարգում են քառատրոփ՝ կամարաձև գետնատակի քարտեզն ի վեր ու վար՝ սիրալիր հրմշտելով մեկմեկու: Գրեթե չեն խոսում, չեն խրխնջում անգամ. միայն հևիհև շտապում են՝ թոքերից մինչև ռունգերը մղելով գոլորշու պես շոգիացող ածխաթթու գազը: Սմբակների տակից անհամաչափ արձագանքում է կրունկային կըտկըտոցը, և կայծակ է պեծին-պեծին տալիս ոտնատակերից: Ու դու, որ ընդամենը մի երիտասարդ ու նորեկ զամբիկ ես, որտեղից որտեղ հիշում ես մեծ պոետին.


«Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը...»:



13.02.13

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ


Մօտեցաւ Տեառընդառաջի տօնը (Տրնդես), եւ դարձեալ նորոգուեցին այս տօնի շուրջ առնչուող խօսակցութիւնները։ Շատերը կարծում են, թե այն հեթանոսական տօն էր եւ Հայ Եկեղեցին չկարողանալով ժողովրդին կտրել իր հեթանոս անցեալից, փոխարէնը հռչակեց մի նոր տօն…։ Ցաւօք սրտի կարգ մը հոգեւորականներ նոյնպէս կիսում են այս կարծիքը։
Այս միտքը այնքան խօսուեց, որ մեր ցեղակրօնները խանդավառուած կարծեցին, թէ իսկապէս իրենց տօնն է եղել, որ նոյնիսկ FBի էջերում հրաւիրում են մասնակցելու իրենց «տրնդես»ի տօնակատարութեանը։
Տխուր է եւ ծիծաղելի...
  • Նախ եւ առաջ ուզում ենք տօնի տեղափոխութեան մասին խօսել։ Հարց է առաջանում, թե ինչպէս կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի Ծննդեան օրը ՝ Յունուարի 6-ը, տեղափոխեց Դեկտեմբեր 25ի, որ հեթանոսական տօն էր արեւմուտքում. արդեօք այդպէս էլ մեր հայրե՞րը Տեառընդառաջի տօնը տեղափոխեցին հեթանոսական տօնի օրը։ Այս տրամաբանական չէ, որովհետեւ Քրիստոսի Ծննդից (Յունուարի 6) 40 օր յետոյ (Փետրուար14) է գալիս Տեառընդառաջը։ Կամ էլ ճիշդ հակառակը՝ արդեօ՞ք հեթանոսական տօնը տեղադրուեց Տեառընդառաջի օրը... Եզրակացութիւնը թողնում ենք ձեզ: