Showing posts with label գիրք. Show all posts
Showing posts with label գիրք. Show all posts

19.8.20

ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ 10-ԱՄՅԱԿԸ

Օգոստոսի 10-ին կլրանի ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգի 10-րդ տարեդարձը (իրականում նա ավելի մեծ է, քան աղջիկս 😊): 10 տարիների հաճելի աշխատանք, երբեմն ակտիվ, երբեմն պասիվ ընթացքով, որն այսօր հիմնականում տարվում է
Facebookյան տիրույթում։ Նպատակը եղել և մնում է մեկը` ընթերցողներին փոքրիկ, բայց հաստատուն քայլերով մոտեցնել Աստծուն` Եկեղեցուն, հավատքին։ Որքանով է այդ ստացվում Աստված է դատավոր և դուք` սիրելի հետեւորդներ, իսկ ինձ համար փոքրիկ մխիթարություն է այս կայքի 1.000.000-ից ավել դիտումը և 15.000 հետեւորդները։ Հուսամ նույնքան էլ աղոթողներ ունեմ, կամ գոնե... կեսը 🙏։

Այս տարի ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձը շատ յուրահատուկ կերպով ենք նշելու։ Երջանիկ պատահությամբ հենց այս օրերին է լույս աշխարհ եկել ձեր խոնարհ ծառայի նոր գիրքը, որը կոչվում է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ (60 պատմություն հոգևոր աճի համար)։ Ահա ինձ համար (հուսամ ձեզ համար էլ) նշանակալից այս առիթով Սարկավագագիրք բլոգի տարեդարձի օրը տեղի կունենա նոր լույս տեսած գրքի շնորհանդեսը։ Կներկայացնեմ գիրքը, դրա բովանդակությունը, ստեղծման ընթացքը, ձեռք բերելու մանրամասնություները, կպատասխանեմ ձեր հարցերին։

Հաշվի առնելով ծառայության վայրիս հեռավորությունը Հայաստանից և արդի սանիտարահիգիենիկ իրավիճակը կապված Կորոնավիրուսի համաճարակի հետ՝ մեր շնորհանդեսը տեղի կունենա համացանցային տիրույթում՝ online, Սարկավագագրքի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Ուրախ կլինեմ բոլորիդ վիրտուալ ներկայությանը և շնորհակալ, եթե կիսվեք ու հրավիրեք ձեր ընկերներին։

Ուրեմն՝ հանդիպում ենք օգոստոսի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։
Աստված օրհնի բոլորիդ։


15.11.19

- ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈ՛Ւ ԵՍ


«Ինչո՞ւ Ադամ»,- երևի հետաքրքրված կհարցնես դու: Վստահ եմ՝ աշխարհի արարման և առաջին մարդու՝ Ադամի ստեղծման պատմությանը ծանոթ ես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7),- նկարագրված է Աստվածաշնչում: Իսկ համաձայն Եկեղեցական Ավանդության՝ Աստված Ադամին ստեղծեց 30-ամյա երիտասարդ հասակում, հետեւաբար՝ Ադամը եւս երիտասարդ էր: Աստվածային արարչագործության մեջ մարդը միակ արարածն էր, որը ոչ միայն մարմնավոր եղավ, այլև՝ հոգևոր՝ կենդանացած Աստծո շնչով: Ավելին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նախահայր Ադամին Աստված ստեղծեց «իր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:27-28): Այս երկու հատկանիշները, ի դեպ, Ադամից սկսյալ յուրաքանչյուր սերունդ «գենետիկորեն» կրում է իր մեջ, ուստի որպես այդ հատկանիշների կրողներ արի՛ մի փոքր աստվածաբանենք ու հասկանանք, թե ինչ ասել է «պատկեր և նմանություն»: 

Իմաստով իրար շատ մոտ այս բառերը կարող են տպավորություն ստեղծել, թե խոսքն այստեղ արտաքին նույնության մասին է, իբր Աստված մեզ պես (ավելի ճիշտ՝ մենք Աստծո նման) ոտքեր, ձեռքեր, քիթ բերան և աչքեր ունի: Անշուշտ, նման ենթադրությունը հեռու է ճշմարտությունից, սակայն, իրապես, կան աստվածային հատկանիշներ, որոնցով Սուրբ Երրորդությունը օժտում է մեզ՝ ադամորդիներիս, երբ կյանքի հետ միասին մեզ է տալիս Իր պատկերը. կարևորագույն այս հատկանիշներից են՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այս շնորհները իր մեջ կրելով է, որ ամեն մարդ՝ Ադամից մինչև դու և ես, առաջնորդվում, արարում ու գործում է բարին կամ չարը և ապրում է դրանցով: 

Տրամաբանորեն ինչ-որ բանի պատկերն ունենալը, սակայն, համարժեք չէ այդ բանի կատարյալ նմանությունը ունենալուն: Օրինակ՝ որքան էլ որ վիպասանը ջանա թղթին հանձնել իր աչքի առաջ եղած պատկերը, այն կատարյալ նմանության չի կարող հասցնել: Ընթերցողը պատկերագրվածը ակամայից լրացնում է իր բանականությամբ եւ երեւակայության ազատ թռիչքով: Ճիշտ այսպես Ադամին շնորհված Աստծո պատկերը, թեև մոտ, այնուամենայնիվ նույնական չէր Աստծո նմանության հետ: Աստվածաբանորեն ասած՝  նմանությունը առաջին մարդուն շնորհված ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ էր եւ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որոնցից, ցավոք, մարդը զրկվեց...

Այսպիսով, եթե փորձենք բանաձեւել՝
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ = ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ = ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ + ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

14.11.19

ՍԿՍԵՆՔ - Աստվածաշնչի երիտասարդները


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, 
եթե ոչ Աստծո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9)

Աստվածաշունչ մատյանը, որ քրիստոնյա ամեն մարդու կյանքի և փրկության ուղեցույցն է, հարուստ է պատմություններով, առակներով, խրատներով, հրաշքներով և դրանցից բխող օրհնություններով: Քրիստոնյայի համար Սուրբ Գրքի էջերի միջից խոսում է Ինքը՝ Աստված, ինչի համար Աստվածաշունչը նաև անվանվում է «Աստծո Խոսք»: Երբեմն, սակայն, քրիստոնյաներս Աստվածաշունչն ընթերցում ենք պարզապես ընթերցած լինելու համար, որպես վիպական մի ստեղծագործություն կամ պատմական մի նկարագրություն, որ տեղի է ունեցել անցյալում, դարեր առաջ:

Իսկ այսօ՞ր… Ի՞նչ ունի ասելու Աստված մեզ այսօր... Ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող ենք մենք այսօր քաղել Աստվածաշնչի սուրբ էջերից: Թերևս մենք մոռանում ենք, որ մարդիկ ու հերոսները այս Գրքի մեջ առասպելաբանական հորինվածքներ չեն: Նրանք իրական միս ու արյունից կազմված մարդիկ են, որ պարզորեն ապրել են իրենց հանապազօրյա կյանքը: Ինչպես մեզ, այնպես էլ նրանց հարազատ են եղել մարդկային բնույթի բոլոր հատկանիշները. մարդիկ էին իրենց թերություններով և առավելություններով, վերելքներով և անկումներով: Ուրեմն, սիրելի՛ երիտասարդ, մենք ևս, օրինակ առնելով Աստվածաշնչի կենդանի հերոսներից, կարող ենք նրանց համաքայլ ապրել մարդկային պարզ կյանքը՝ այն իմաստավորելով Աստվածաշնչի լույսով ու սրբությամբ:

4.6.14

«ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ» (online)

Շատ սիրելի ընթերցողների խնդրանքով տեղադրում ենք «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ» գրքույկի օնլայն տարբերակը: Գիրքը հնարավոր է թե՛ ներբեռնել, թե ընթերցել միանգամից բլոգից: Ովքեր կցանկանան ունենալ գրքույկից, կարող են գրել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ:
Ուրախալի կլինի լսել քննադատություններ և արձագանքներ: Շնորհակալություն:

1.7.13

Նոր գիրք` «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ»

Հաճախ եմ ասել, որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգը սկզբնական շրջանում սոսկ նպատակ ուներ իր մեջ ամփոփել տարիների ընթացքում իմ կողմից թղթին հանձնված գեղարվեստական գործերը, որոնց մեծամասնությունը արդեն իսկ ծանոթ է ընթերցողին «Գեղարվեստական» բաժնից: 
Այժմ, հախուռն ջանքերով Տեր Մարկոս քհն. Մանգասարյանի և Տաթևիկ Աղաբաբյանի, գեղարվեստական ստեղծագործությունների` պատնվածքների ու մենագրությունների մի շատ փոքրիկ ժողովածու է լույս աշխարհ եկել արդեն տպագրված տարբերակով, որը կրում է «Աստծո հեռադիտակը» անվանումը: Շատ շուտով հնարավոր կլինի ձեռք բերել գիրքը և ընթրցել ստեղծագործությունները արդեն խմբագրված, ուղղագրված և ճիշտ կետադրված տարբերակով: Իսկ մինչ այդ` գրքի նախաբանը.

Երեւի հետաքրքրեց, թե այս ինչ արտասովոր վերնագիր է: Վստահ եմ` կյանքում գոնե մեկ անգամ հեռադիտակ տեսել ես եւ անգամ դրել ես այն աչքերիդ ու... Ամեն բան, որ այնքան հեռու է ու թվում է թե` անհասանելի, ակնթարթորեն դառնում է քեզ հպվելու աստիճան մոտ: Բայց բավական է շրջես հեռադիտակը ու հակառակ կողմից սկսես դիտել... Այն, ինչ իրապես մոտ էր ու մերձավոր, դառնում է անչափ հեռու ու թվում` անհասանելի: