4.3.21

ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ ՔԱՀԱՆԱ ՏԱԼՅԱՆԻ ԱՆՄԱՀ ԵՒ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«... որովհետեւ ճանաչում են նրա ձայնը» (Հովհ. 10:4)

Ճեմարանական էի` վտիտ ու երազկոտ, ներկաս մշուշոտ, ապագաս` եւս առավել... Սեւանի կապույտից էլ վեր` Առաքելոց եկեղեցում, դալկադեմ հետեւում էինք կիրակնամուտի ժամերգությանը։ Ուխտավորներ կային եկեղեցում իրենց հովվի հետ. մեզ հետ մասնակցում էր ժամերգությանը։ Հայկական տոհմական նահապետի էր նման` թավ ու ճերմակած մորուքով, կլոր արտահայտիչ քթով, իմաստուն, շա՜տ իմաստուն աչքերով։ Երբ ժամերգության ավարտին խոնարհվեցի համբուրելու ձեռքերի մեջ պահած ավետարանն ու քահանայական օծյալ աջը, ինձ թվաց, թե Ղեւոնդ Երեցի կամ Խրիմյան Հայրիկի թորշոմած աջն եմ համբուրում։ Երբ մեր ամեն մի «Մեղայ Աստուծոյ»-ին քահանան կիսաձայն արտաբերում էր. «Աստուած թողութիւն շնորհեսցէ», բերանը ծածկող բեղերի տակից տարօրինակ մի ձայն` սուլոց էր դուրս գալիս, որ մինչեւ հիմա ականջներիս մեջ է։

- Ջրվեժի Տեր Կյուրեղն է,- մի տեսակ երկյուղածությամբ իրար էին փոխանցում ավագ լսարանցիները։ Ու ես մի պահ հիշեցի, որ Ջրվեժում եղել եմ. այնտեղ բարեկամներ ունենք...

Դպիր էի։ Ամառային արձակուրդներին ինձ ու Հարութին (հիմա` Տեր Երվանդ) նշանակեցին Կոտայքի թեմում ծառայության։ Հասանք Ծաղկաձոր` սրտի խորքում փափագելով վայելել ամառանոցային քաղաքը, բայց... ավա՜ղ։ Առաջնորդ Սրբազանի կարգադրությամբ վերադարձանք Երեւան, որտեղ մեզ պետք է դիմավորեր Տեր Կյուրեղը. պիտի ծառայեինք Ջրվեժում։ Նորից հիշեցի, որ Ջրվեժում եղել եմ. բարեկամներ ունենք...

Մեքենայի մեջ, երբ իր անմիջականությամբ մեզ զարմացրած պատկառելի քահանան սկսեց հետաքրքրվել մեր որպիսությամբ, նրա ձայնի մեջ հնացած մեղեդու պես նորից լսեցի հին օրերի այն կամացուկ սուլոցը...

- Վաղը ուխտի ենք գնալու, ժամերգությամբ կսկսենք, ավտոբուսի մեջ հոգեւոր երգեր կերգենք, տեղ հասնենք Պատարագ կանենք, Պատարագից հետո` հոգեւոր զրույց ու կվերադառնանք։

Ես ու Հարութը նայեցինք իրար, ու մեկմեկու աչքերում կարդացինք. «Ահա եւ քեզ արձակուրդ»։

Հաջորդ օրը գիշերը, երբ արեւից խանձված երեսով, ջարդուփշուր եղած մարմնով եւ վերքոտած ոտքերով փռվեցի մահճակալիս, առաջին անգամ լսեցի, թե ինչպես է Սուրբ Հոգին երգում իմ մեջ։ Անմեկնաբանելի երջանկություն էր... Գրքերից, դասախոսություններից, քննություններից ու խիստ կանոնակարգերի փոշուց վեր կարծես մաքուր օդ հասած լիներ թոքերիս։ Այդ օրը առաջին անգամ հասկացա, թե ի՛նչ է հովվական կյանքը, ինչպիսի՛ն է Քրիստոսի հոգեղեն եկեղեցին, ի՜նչ մեծ սեր, հավատք ու փոխգործակցություն կա հոտի եւ հովվի մեջ։ 

Օր օրի բացահայտում էի նրան։ Տեր Հոր ներկայությամբ անցկացրած ամեն ժամը մի ուսումնառություն էր առանց բարձրագոչ քարոզների, կյանքը սիրո քարոզ էր, սեր ու մտերմություն մանկան, ալեհերի, խենթի ու իմաստունի հետ... Պատարագը հրեշտակների երգ ու պար էր, որի ընթացքում բարի հովիվը հաճելի ու հանդարտ ձայնակցում ու առանց ճոռոմ պաթոսի իր հոտին էր բաշխում «հանապազօրյա հացը»։ Իսկ մենք «հոգով աղքատների» նման անհագ կուլ էինք տալիս ամեն մի խոսքն ու վայելում հայրական ձայնի հետ լսելի այն կամաց սուլոցը, որը շատերիս ականջին վաղո՜ւց կյուրեղական մեղեդայնություն էր դարձել ...

Սարկավագացա։ Առաջին վերաբերում, Ավետարանի առաջին ընթերցում... Նորից Ջրվեժում։ Ամռանը որոշեցին այս անգամ ՌԴ ուղարկել։ Հրաժարվեցի։ Սիրտս Ջրվեժ էր կանչում, այնտեղ, որտեղ գտել էի ամեն ինչ եւ ամենակարեւորը` Տեր Հորը։ Ու մի օր էլ ձեռքը ուսիս դնելով ասաց.

- Այսօր դո՛ւ խոսիր քարոզը Պատարագին: Հայացքը այնքան խիստ էր` առարկելու տեղ չունեցա։

Դողացող ձայնով, հուզված ու բառերս կուլ տալով թե ինչ խոսեցի, չեմ հիշում, բայց որ ավարտին ինքս ինձ խոստացա այլեւս երբեք, երբեք ու երբեք նման արկածախնդրության չտրվել, հաստատ է։ Սպասում էի, որ կհանդիմանի, ուղղություն ցույց կտա կամ կասի այն, ինչը լսելու պատրաստ չէի, բայց... Իր սովորության համաձայն մի քանի սրամիտ կատակ արեց ու բառերի միջից սուլելով ավելացրեց. 

- Ապրե՛ս, իսկ դու վախենում էիր...

Ինքս էլ չհասկացա` սա կատակի շարունակություն էր, թե գոտեպնդում, բայց այդ օրվանից էլ ավելի սիրեցի մարդկանց հոգիների գիտակ այս քահանային:

Մի շրջան եղավ միայն, երբ անճանաչելիորեն փոխվել էր. մտահոգ էր, ցավ կար աչքերում, կատակ չէր անում։ Շա՜տ անհանգիստ էր, շա՜տ։ Ժամերգությունից հետո կանչեց իր սենյակ, ուր սովորաբար առանձնանում էր հոգեւոր խորհրդածության։ Անջատեց բջջայինը, հանեց մարտկոցը, տարավ կողքի սենյակ, ու վերադարձավ դատարկաձեռն։ Նստեց կողքիս` բազմոցին, ու խոստովանազավակի պես, աչքերը չռած ու արտասվելու պատրաստ ասաց.
- Չգիտեմ, ի՞նչ երեսով Պատարագ անեմ, չգիտեմ ի՞նչ քարոզեմ ժողովրդին... Այդ զոհերը, որ եղան մարտի 1-ին... այդ զոհերի արյունը մեր խղճին է, մե՛նք պետք է լինեինք այնտեղ ու կասեցնեինք քաոսը... Այնտեղ մեռնեի ավելի լավ չէ՞ր քան հիմա այս ժողովրդին սուտ քարոզներ կարդայի։ 

Չեմ կարծում, թե իրեն գոտեպնդելու իմ նվաղ ջանքերը  որեւէ արդյունք տվեցին, բայց այդ օրը ճանաչեցի պատասխանատվության այն աներեւակայելի ծանրությունը, որ կրում է քահանայությունը...

... Քահանա եմ: Առաջին Պատարագներիցս մեկը Սուրբ Կաթողիկեում եմ մատուցում` Ջրվեժում, այն Ջրվեժում, որտեղ արդեն բազմիցս եղել եմ եւ որտեղ վաղուց արդեն հարյուրավոր բարեկամներ ունեմ։ Հագիս Տեր Կյուրեղի նվիրած քահանայական զգեստներն են, իր զգեստներից, որ մինչեւ հիմա կրում եմ պատվով։ Անթաքույց է Տեր Հոր ոգեւորությունն ու հուզումը։ Ի լուր ամենքի հայտարարում է հպարտորեն, որ օրվա պատարագիչը համայնքի փեսան է եւ իր հոգեզավակը... Միայն քահանայական կերպարիս կարծրատիպն է զսպում արցունքներս, երբ հոգեւոր ծնողս անձամբ է խորան բարձրանում ինձ սպասավորելու... ինձ, որ իր կոշիկի կապերը արձակելու իսկ արժանի չէի։

* * *

Ավա՜ղ... Քանի օր է հոգեպես որբացած եմ զգում։ Որքա՜ն կուզեի վերջին անգամ համբուրել թորշոմած աջդ։ Չգիտեմ դեռ որքան կարոտ պիտի մնամ ձայնիդ, խրատներիդ, կատակներիդ... Եվ չեմ էլ պատկերացնում, թե որքա՜ն պետք է սրբանամ, որ քեզ վերստին գրկելու առիթ տա Աստված...

Կոկորդս խեղդում է անդադար, արցունքը` դողում սրտիս վրա, բայց մի տեսակ... աղոթքդ եմ զգում եւ այն ձեռքդ ուսիս վրա։ Անհասկանալի մի մխիթարություն կա, ինչպես առաջին ուխտագնացության այն գիշերը, երբ Քրիստոսին հանդիպեցի քո մեջ, քո միջոցով... Ու անընդհատ քո ձայնն եմ լսում, Տե՛ր Հայր, քաղցրահնչյուն սուլոցով ձայնդ, որ ասում է. «Մի օրինակ տվի ձեզ, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք»։

Տ.Յ.

1 արտահայտվիր:

Margarit said...
3/5/21, 7:03 AM

Օրհնեցեք Տեր Հայր․․․․․

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...