1.10.21

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՓԱԿ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ


Tu fermes les yeux pour oublier,
moi pour me souvenir 
Charles Aznavour

Ճանապարհը, որով շտապում եմ մեռելատուն (պայմանականորեն այդպես անվանենք Փարիզի դիահերձարաններին կից հրաժեշտի սենյակները), կարելի է ասել սովորական մի երթուղի է ինձ համար։ Առաջին անգամ չէ, որ ննջեցյալի համար աղոթքի եմ գնում հռչակավոր Պեր Լաշեզի դիմաց գտնվող այդ տխուր վայրը։ Բայց տագնապը սրտումս նույնը չէ, ինչ ամեն անգամ։ Տպավորություն է, որ ոչ թե հուղարկավորելու, այլ հարության տալու համար եմ շտապում, ինչպես Երկնային Վարդապետը` Ղազարոսի տուն։ 

Հետո միայն պետք է զգացմունքներս քննեի ու հասկանայի պատճառը. հայի համար կարելի՞ է հավատալ, որ վեհաշուք Մասիսը մեկ օրում հողին հավասարվի, կամ ո՞ր ֆրանսացու միտքը կարող է երեւակայել, որ Փարիզը մեկ օր կզրկվի Էյֆելյան աշտարակից... Աներեւակայելի է...
Իսկապես, երբ ոտք դրեցի արհեստական սառնությամբ լեցուն այդ սենյակը, որ ջերմանում էր միայն հարազատ սրտերից հեղվող արցունքներից, միտքս հրաժարվում էր ընդունել, որ դիմացս փլված մեկդարյա տիտանը ինքը` Ազնավուրն էր։ Կենդանության օրոք, թեեւ հազվադեպ, բայց առիթ ունեցել էի ի մոտո տեսնելու փոքրամարմին այդ հսկային` համեստ իր չափսերով, բայց գերհզոր իր տաղանդի եւ վաստակի մեջ, տեսել էի աշխույժ ու կանգուն, երբ փոքրիկ աչքերը վառվռուն պտտում եւ կարծես երգելով խոսում էր, խոսում գրեթե միշտ փիլիսոփայաբար, ինչպես հատուկ է զառամյալ նահապետներին։ Իսկ հիմա նույն իր բեմական սեւ կոստյումով հանդիսավոր, բայց անձայն պառկած է։ Հայոց մի բուռ հողի պես իր փոքր մարմնով ընկողմանել է ֆրանսիական ազատամտության պես լայն մահատուփի հսկա ծավալների մեջ` բեմական կիսաժպիտը ինչպես միշտ` դեմքին։

... Ծիսակարգն եմ կատարում, բայց կարծես քննության եմ եկել: Հատկապես երգելիս ինձ թվում է, ուր որ է գլուխը կբարձրացնի եւ ինչ-որ նկատողություն կանի բեմոլները արհեստականորեն տխուր հնչեցնելու կամ այլ բանի համար, բայց ավա՜ղ...
Իրականությունը հաստատում է իր ողբերգական լինելը, երբ օրհնված նշխարը սահեցնում եմ մահվան պես սառը ձեռքերի մեջ։ Մի պահ անգամ ուզում եմ սեղմել ձեռքը ու ասել. «Ցտեսություն մաեստրո», բայց... հանգիստը խանգարել չեմ ուզում։

Չգիտեմ ինչու որոշում եմ ընտանիքի համար կարդալ նրա ոչ այդքան հայտնի հարցազրույցից մի պատառիկ հավատքի մասին, որը պատահաբար գտել էի վերջին օրերին, երբ տակավին...
«Ես կյանքումս վատություն չեմ արել: Օգնել եմ ուրիշներին, որքան կարողացել եմ, երբեք ուրիշ մեկի տեղը չեմ զբաղեցրել, ոչինչ չեմ գողացել, ոչ ոքի չեմ սպանել, պատերազմի չեմ մասնակցել... Ուրեմն ես իրավունք ունեմ կասկածելու. կասկածը սնում է միտքը։ Այն փնտրտուք է։ Ես կարդում եմ ամեն բան, ինչ գրված է հետմահու կյանքի մասին, որպեսզի հասկանամ եւ ինձ ապահովագրեմ։ Եթե Աստված գոյություն ունի, չեմ կարծում, թե նա ինձ կուղարկի վատ տեղ»։

Ծաղիկների եւ ծափահարությունների փոխարեն այդօր արտասուք էր` առատ ու անսքող, բեմի փոխարեն` փայտե մի տուփ, որի վրա որպես վերջին վարագույր հավիտենապես փակվեց կափարիչը` ինձ դարձնելով վերջին հանդիսատեսը նրա, վերջին երջանիկը, որ նայեց Ազնավուրի աչքերի մեջ... փակ աչքերի մեջ։

Տ.Յ. (2018)

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...