Showing posts with label գեղարվեստական. Show all posts
Showing posts with label գեղարվեստական. Show all posts

30.9.14

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՈՐԴԻ ԷՐ. ԴԱՐՁԱՎ ՍՈՒՐԲ

Գիրքը կարծես ձեռքերիս սոսնձված լիներ, հափշտակված կարդում էի ու չէի կարողանում կողք դնել: Տեսնում էի բոլոր իրադարձությունները: Հանկարծ նկատեցի, որ կողքովս անցավ և հնամաշ շորերով մտավ եկեղեցի. նրա մասին շատ մեծ բաներ էի լսել ու հավատում էի, որ այդպես էլ կա: «Այ քեզ բա՜ն, բայց հագուստը ինչի էր փոշոտված ու պատռված». մի պահ հապաղեցի, բայց այդ ուժը քամու պես տարավ ինձ ներս, որ հարցնեմ. «Հո բան չի՞ պատահել»: Եկեղեցին դատարկ էր: Միտքս գլխիս ձախ կողմից աջ կողմն անցավ. «Ու՞ր կորավ»: Փնտրելուց հետո, հարավ-արևելյան անկյունում ես էլ գտա աստիճաններն ու վստահորեն իջա ներքև: Խեղդող մութ էր. ինքը լուռ ծնկած էր, հարավ արևմուտք էր նայում:
- Ի՜նչ մթեմութ է այստեղ,- մոտեցա և ծնկեցի կողքին:
- Լույսն այնքան է ներծծվել մարմնիս մեջ, որ թվում է՝ շուտով կանհետանամ,- պատասխանեց:
- Բա ինչու՞ ես արնաշաղախ ու ծվատված,- նայեցի հագուստին, սակայն, մարմնին այլևս ոչ մի նշան չկար:

4.6.14

«ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ» (online)

Շատ սիրելի ընթերցողների խնդրանքով տեղադրում ենք «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ» գրքույկի օնլայն տարբերակը: Գիրքը հնարավոր է թե՛ ներբեռնել, թե ընթերցել միանգամից բլոգից: Ովքեր կցանկանան ունենալ գրքույկից, կարող են գրել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ:
Ուրախալի կլինի լսել քննադատություններ և արձագանքներ: Շնորհակալություն:

3.12.13

ՆՈՐԻՑ ԱՅՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ...

Զարմանք բան է, բայց Ամենայն Հայոց բանաստեղծի այս ֆելիետոնին (ավելի ճիշտ՝ «Ֆելիետոնի փոխարեն»-ին) միայն այս երկու օրը ծանոթացա և բավական ուրախացա: Ուզում եմ կիսվել նաև ընթերցողիս հետ. գուցե և ոմանք էլ ձեզանից ծանոթ չէին մեր օրերի համար շատ արդիական այս չափածոյին:

ՀԱՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ 
(Ֆելիետոնի փոխարեն)

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ թե սեր,
Վերջը պետք է դու փոշմանես.
Ահա, ես ձեզ համրեմ մի-մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։

Պոետն, ասին, տաղանդ ունի,
Մենք էլ դրինք գործակատար,
Բայց տեր Աստված հեռու տանի
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Մի շնորհքով... պոետ չըկա։

Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասին— գլուխ տարան,
Մենք էլ տարանք... բանկի միջին
Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հեշտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Մի հատ կարգին... արտիստ չըկա։

Վիպասանին քանքար ասին,
Մենք էլ արինք... Աստվածաբան,
Բայց մի հարցրեք նրա մասին,
Թե ի՞նչ կասի սովրող տղան—
Չէ իմանում պատմել իրավ,
Թե Քրիստոսն ինչպես հարյավ...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Կարգին... մի վեպ գրող չըկա։


5.11.13

ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ. ՔՈ՛ ԱՂՈԹՔԸ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐՍ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ

Ա
ղջի՛կս, այսօր խոսքիս մեջ զուսպ պետք է լինեմ... Ասելիքս ավելի շատ տեսանյութում պիտի տեսնես (տեխնոլոգիայի դարում այս էլ հնարավոր եղավ): Այսօր աղոթքի մասին եմ ուզում խոսել: Բայց շատ պիտի չխոսեմ...

Տերն ինքն էլ պատվիրում է չափավոր լինել աղոթքի մեջ... 

Իրականում աղոթքը մեռած է, եթե այն սոսկ բառ կամ միտք է: Այո, դստրի՛կս, աղոթքն ամեն բանից առաջ սիրտն է, աղոթքը հոգին է. որքան ուժեղ վառվի հրաբորբոք սրտիկդ և որքան առողջ փչի հոգուդ շունչը, այնքան անուշաբույր պիտի ծխա խունկը, որ խոսքն է՝ դուրս հեղված մարմնիդ բուրվառից:
Տերն ինքն էլ պատվիրում է չափավոր լինել աղոթքի մեջ... 

6.9.13

ՀԱՆՈՒՆ ՈՐԴՈՒՍ

Խոնարհ աչքերով դեռատի մի կին էր, ավելի շուտ աղջիկ, որ դեռահասությունից կտրուկ թռիչք էր կատարել դեպի հասունությունը: Կանանց այն տեսակից էր, որ թեև վտիտ ու փոքրամարմին, բայց տղամարդկային քաջություն և ուժ են կրում սրտի տակ: Այնպես որ հոգսերն ու ամենօրյա հոգնությունը չէին կարողացել կոտրել կամքն ու արժանապատվությունը: Այսուհանդերձ նկատելի էր ցավը սրտի, որ կարծես հազարամյակների վիշտ էր կրում՝ անփարատ ու անբժշկելի:

Քայլում էր տափաստանային դեղին ճանապարհով՝ ձեռքերի մեջ սեղմած խանձարուրապատ փոքրիկին, որ արևի շողերի հետ խաղալով ասես քնար էր նվագում ու երգում մանկական անըմբռնելի բարբառով: Մոր սիրտը ջերմանում էր միշտ ժպտուն զավակի ուրախ քրքիջից, բայց հոգին ալեկոծ էր օրվա անցուդարձից...