1.7.13

Նոր գիրք` «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ»

Հաճախ եմ ասել, որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգը սկզբնական շրջանում սոսկ նպատակ ուներ իր մեջ ամփոփել տարիների ընթացքում իմ կողմից թղթին հանձնված գեղարվեստական գործերը, որոնց մեծամասնությունը արդեն իսկ ծանոթ է ընթերցողին «Գեղարվեստական» բաժնից: 
Այժմ, հախուռն ջանքերով Տեր Մարկոս քհն. Մանգասարյանի և Տաթևիկ Աղաբաբյանի, գեղարվեստական ստեղծագործությունների` պատնվածքների ու մենագրությունների մի շատ փոքրիկ ժողովածու է լույս աշխարհ եկել արդեն տպագրված տարբերակով, որը կրում է «Աստծո հեռադիտակը» անվանումը: Շատ շուտով հնարավոր կլինի ձեռք բերել գիրքը և ընթրցել ստեղծագործությունները արդեն խմբագրված, ուղղագրված և ճիշտ կետադրված տարբերակով: Իսկ մինչ այդ` գրքի նախաբանը.

Երեւի հետաքրքրեց, թե այս ինչ արտասովոր վերնագիր է: Վստահ եմ` կյանքում գոնե մեկ անգամ հեռադիտակ տեսել ես եւ անգամ դրել ես այն աչքերիդ ու... Ամեն բան, որ այնքան հեռու է ու թվում է թե` անհասանելի, ակնթարթորեն դառնում է քեզ հպվելու աստիճան մոտ: Բայց բավական է շրջես հեռադիտակը ու հակառակ կողմից սկսես դիտել... Այն, ինչ իրապես մոտ էր ու մերձավոր, դառնում է անչափ հեռու ու թվում` անհասանելի:


Հաճախ ճիշտ այսպիսն է մարդ-Աստված հարաբերությունը: Մեզ` երկրայիններիս, որ հաճախ սխալ ենք օգտագործում «Աստծո հեռադիտակը»` դիտելով հակառակ կողմից, թվում է, թե Աստված ուղղակի «նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում» (Ես. 40:22), թվում է, թե Տերն այնքա՜ն հեռու է ու անհասանելի, որ անգամ չի նկատում մեզ, մեր խնդիրները, մեր հոգսերը, մեր ուրախություններն ու տխրությունները: Բայց ի հակադրում սրա Տերն ասում է. «Ես մերձավոր Աստված եմ եւ ոչ թե հեռավոր Աստված» (Երեմ. 23:23): Որովհետեւ Աստված իր երկնային գահից, «անհաս ու անմատչելի» բարձունքներից մարդուն նայում է հեռադիտակի ճիշտ կողմով` հեռու գտնվողին անգամ մոտեցնելով իրեն:


Սույն գրքույկը փոքրիկ մի ճիգ է մարդ-Աստված այս հեռադիտումը գեղարվեստական խտացումներով արտահայտելու: Բաղկացած լինելով երկու մասից` առաջին մասում այն ներառում է գեղարվեստական մի քանի ստեղծագործություններ` հիմնված Աստվածաշնչյան հոգեշահ դրվագների վրա, որոնք ընթերցողին պիտի ցույց տան, թե ինչպե՛ս է Աստված բացահայտում մարդուն իր մերձավոր լինելը: Գրքույկի երկրորդ մասում մարդկային կյանքն է, պայքարը հանուն կյանքի եւ ընդդեմ մահվան: Այստեղ հասարակ մարդիկ են, որ հաճախ ճիշտ, իսկ ավելի հաճախ սխալ են օգտագործում «Աստծո հեռադիտակը»:

Տերը թող օրհնի քեզ, սիրելի՛ ընթերցող, եւ տա Աստված, որ հավատքի ու հոգեւոր զորացման նոր դռներ բացվեն քո առջեւ «Աստծո հեռադիտակի» շնորհիվ:


Աղոթքի խնդրանքով`
Տեր Հուսիկ
Գիրքը՝ առցանց

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...