6.1.13

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ

Աղջիկս, Եվա՛, այսօր վերստին կարդացի մի շատ հայտնի մարդու` Սուրբ Ծննդյան նամակն ուղղված իր դստերը. հուզվեցի, կարոտեցի ու նորից փափագ առաջացավ քեզ գրելու: Այս արդեն երկրորդ անգամն է, որ գրում եմ քեզ: Գուցե տարիներ հետո դու անգամ չհասկանաս, թե ինչո՛ւ է հայրդ գրում քեզ մանկությանդ անգիտակից այս հասակում, բայց հոգ չէ... Հիմա, երբ աշակերտին հատուկ, հուզմունքից դողացող ձեռքով գրի եմ առնում մտքերս, երևակայությանս մեջ պատկերվում է քո հասունության տարիքի պատկերը, երբ դու, ի՛մ գեղեցկուհի, սրտի ջերմությամբ պիտի ընթերցես հայրիկիդ նամակերը, սեղմես դրանք կրծքիդ ու խնամքով ծալելով` տեղավորես Աստվածաշնչիդ էջերի միջև...

Հիմա ես շատ հեռու եմ քեզանից (կյանքիս արահետն է այդպիսին, և ես եմ այն ընտրել), հեռու մարմնով, բայց երբեք` հոգով: Աստծո ամեն օրն արթնանում եմ կարոտը սրտիս խարանած, բայց և մխիթարվում եմ այն քաջությամբ, համբերությամբ ու սիրով, որ դու և մայրիկդ ցուցաբերում ու հաղորդում եք ինձ: Որքա՜ն նման ես դու մայրիկիդ բնավորությանդ մեջ. համբերատար ես կարևոր հարցերում, անհամբեր` մանրուքներում, փխրուն արցունքոտվելու չափ, բայց և քաջ ու համառ նպատակի առջև, ուշադիր ամեն հարցում, անուշադիր` թերացումներիս հանդեպ... Արտաքինով, սակայն, ասում են` ինձ ես նման: Կար ժամանակ, երբ շատ էի ցանկանում (ներքուստ թաքցնելով, իհարկե), որ նման լինեիր մայրիկիդ` նրա պես գեղեցկուհի, նրա նման հմայիչ: Ինչո՞ւ:
Որովհետև կյանքում ինձ ստվերիս նման հետապդում է կորուստի ահը... Եվ ես հուսով էի, որ երբ ճակատագրի դառը հեգնանքով (Աստված մի արասցե) անհնար պիտի լիներ վայելելու մայրիկիդ ներկայությունը, դու կմխիթարեիր ինձ` որպես նրա «կենդանագիր պատկեր»: Բայց հիմա եվրոպական այս հեռավորությունից ուրախ եմ և շնորհակալ Աստծուն. երևի քեզ նայելով` մայրդ հիմա փոքր-ինչ հագեցնում է իր կարոտը: Միշտ ջանա՛ ջերմացնել նրան քո արևային ժպիտով. այդ ժպիտը հրաշքների է ունակ...

Գիտեմ, թե որքան ծանր է այս բաժանումը, գիտեմ, թե ինքդ որքա՛ն պիտի կարոտես ինձ` ամեն անցնող-դարձող տղամարդու հետևից «պապա» կանչելով, բայց... Ինձ այնպես է թվում, թե Աստված ամեն տարի հեռացնելով մեզ` ծնողներիդ, հերթական անգամ դաս է տալիս ու լայն հնարավորություն` կշռելու, գիտակցելու և հասկանալու, թե որքա՜ն կարևոր ենք մենք միմյանց համար, որքա՜ն կիսատ ենք առանց մեկս մյուսի, հասկանալու, թե որքա՜ն մանր են խնդիրները, որ հեռացնում են մեզ, և որքա՜ն մեծ է սերը, որ միավորում է... Այսպիսիք են Տիրոջ ճանապարհները. Նա հեռացնելով դարձնում է ավելի մոտիկ:

Այսօր Սուրբ Ծնունդ է, իմ ու քո Փրկչի, բոլորի Փրկչի ծնունդը, որով մենք, որ հեռավորներ էինք, դարձանք մերձավորները Աստվածային Երրորդության: Քրիստոսի Ծնունդը, սիրելի՛ս, թերևս միակ ծնունդն է համայն աշխարհում, որը չեն նշում մոմավառ տորթերով, միակ ծնունդն է, որի ժամանակ ոչ թե հոբելյարն է նվերներ ստանում, այլ մենք` հյուրերս այս աշխարհի... Սա այն ծնունդն է, որ հարկ է նշել հրավառ սրտերով, շնորհընկալությամբ, երջանկության ամենաքաղցր զգացումով: Որովհետև եթե մենք ծնվում ենք ապրելու համար, Քրիստոս ծնվեց մեռնելու համար, մեռնելու, որպեսզի ապրես դու, հայրդ և մայրդ, բոլոր հարազատներդ... Աստված Ինքն էլ կամեցավ «հեռու լինել» Իր Որդուց, միայն թե մարդիկ մոտ լինեն Նրան...
Սա՛ է հրաշքն ու ճշմարտությունը այս սուրբ գիշերվա, սրա՛ն պետք է երախտապարտ սրտով խոնարհվի յուրաքանչյուր քրիստոնյա` հրեշտակների հետ երգելով`


«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրայ խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ. Ամեն» (Ղուկ. 9:14):

Շա՜տ եմ սիրում քեզ. շուտով կհանդիպենք. աղոթի՛ր ինձ համար:


Քրիստոս ծնաւ եւ յայտեցաւ
Մեզ եւ ձեզ մեծ աւետիս...
Քո` հայրիկ
Սուրբ Ծնունդ, 2013

1 արտահայտվիր:

Анонимный комментирует...
16.04.2015, 11:24

Inchkan ser kar namakum.
Ev tox bolor ojaxnerum tiri ays eraneli mtnolort@.
AMEN

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...