1.4.14

ՍՈՒՏ ԱՍԵԼՈՒ ՕՐ???

Զարմանալի էր բացահայտելը, որ արդեն շուրջ 5 դար է, ինչ ապրիլի 1-ի օրը, համարվում է հումորի, երգիծանքի ու ծիծաղի հետ կապված օր: Այո՛, այո՛. 500 տարի: Ճիշտ է, այն ոչ բոլոր մշակույթների մեջ կարելի է գտնել, սակայն քիչ չեն երկրները, որոնք ապրիլի 1-ը, թեկուզ ոչ պաշտոնական, բայց տոն են համարում: Անգլիայում և անգլալեզու երկրներում տոնը, օրինակ, կոչվում է հիմարների օր (fool's day), ֆրանսիայում և ֆրանսախոս մի քանի երկրներում՝ ապրիլյան ձկան օր (Poisson d'avril), քանի որ այդ օրը Ֆրանսիայում սովորություն կա մարդկանց մեջքին աննկատելիորեն թղթե ձկներ փակցնելու, ռուսները տոնն անվանում են ծիծաղի օր... Չեմ կարծում, թե ապրիլի 1-ի մասին գաղափար հայերը ունեին դեռևս 500 տարի առաջ, այլ, ըստ երևույթին, Խորհրդային տարիներից է այն մեծապես կիրառության մեջ մտել: Մի բան, սակայն, որ հայերիս շրջանում այդ օրը դարձնում է յուրահատուկ և այսպես ասած տիպիկ հայկական, տոնի անվանումն է՝ ՍՈՒՏ ԱՍԵԼՈՒ ՕՐ... Ուրեմն հայի համար հումորը, երգիծանքը, կատակը և ծիծաղը ուղիղ համեմատական են ստելու հետ...

26.3.14

ԼՈՒՅՍ և ԽԱՎԱՐ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս այժմ` աղոթելու Քեզ  հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Արարիչ լույսի և հալածիչ խավարի - Աստվածաշնչի առաջին և ամենից վեհ խոսքերից մեկն է «Աստված ասաց. «Թող լույս լինի, և լույս եղավ»: Լույսը, արդարև, Աստծո ստեղծած առաջին տեսանելի և զգալի բանն է, որն էլ իր հերթին տեսանելի է դարձնում նյութական բոլոր բաները: Երբ չկա լույս, տիրում է խավարը: Լույսի հայտնվելը ինքնին փարատում, կամ ավելի պատկերավոր ասած՝ «հալածում» է խավարը:


Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը - Սա, այս աղոթատան երկու խնդրանքներից մեկն է: Բարոյական աշխարհում նյութական աշխարհի խավարին համապատասխանող երևույթը մեղքն է ու բարոյական տգիտությունը: Մեղքը մարդու կյանքի մեջ կարևոր իրողություն է, որովհետև իր հետևանքներով ահավոր է մարդու կյանքի համար: Եթե մեղքը գոյություն չունենար, Քրիստոսի փրկագործությունը պիտի տեղի չունենար, այնպես, ինչպես այդ տեղի ունեցավ «ժամանակների լրումին»:

20.3.14

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, անբաժանելի լոյս, միասնական սուրբ երրորդութիւն եւ մի աստուածութիւն, արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի. հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան, եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, եւ ընդունել ի քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Շնորհալի հայրապետի՝ արդեն մեզ ծանոթ այս աղոթքի երրորդ տան մեջ հավատով խոստովանանքը և երկրպագությունը ուղղվում են Ամենասուրբ Երրորդությանը։ Առաջին տան մեջ հիշատակված Աստվածային Երեք Դեմքերը այստեղ միավորվում և վերաձայնվում են՝ «Միասնական Սուրբ Երրորդություն և մի Աստվածություն», ինչը քրիստոնեական Եկեղեցու դավանաբանական հիմնական ուսմունքն է։
«Անբաժանելի լույս» – Սրանք Սուրբ Երրորդությունը հատկանշող առաջին եզրերն են։ Լույսը Ներսես հայրապետի կողմից ամենից սիրված և հետևաբար ամենաշատ գործածված բառն է։ Դժվար է գտնել իր գրություններից մի կտոր, լինի աղոթք, շարական կամ նամակ, որտեղ չերևա լույսը: «Առաւոտ լուսոյ», «Երբեմն էի լոյս», «Լոյսն որ անեղ արարչական, ասաց լինել լոյս եղական». ահա մի քանի օրինակներ: Այս բառի գործածությունը իր գերազանց ճոխությանն ու լրումին է հանգում արևագալի ժամերգության համար նրա գրված շարականներից մեկի մեջ. «Լոյս արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց»:

11.3.14

ԱՐԵՎԱԳԱԼԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՒՅՍ

Արևագալի ժամերգությունը, հեղինակված Սուրբ Ներսես Շնորհալու կողմից, հիրավի Հայոց Եկեղեցու ծեսի գոհար օրինակներից է՝ լինի թե՛ իր երաժշտականությամբ, թե՛ տեքստային-աստվածաբանական խորքով: Հիմնականում Մեծ Պահքի ընթացքում կատարվող ընդհանրական այս աղոթքի հոգեզմայլ երգերից մեկը, որ կոչվում է «Լույս», արևմտահայերենի հանգավորված փոխադրության գեղեցիկ օրինակի է վերածել հայոց լեզվի ականավոր ուսուցիչ Երվանդ Տեր-Անդրեասյանը (1865-1945)՝

ԼՈ՜ՅՍ

Ո՛վ Լոյս, լոյսին դու արարիչ,
Անմատչելի լոյսի բնակիչ,
Երկնաւոր Հայր, դուն լուսեղէն
Յաւէտ օրհնեալ հրեշտակներէն:
Այգուց լոյսը երբ կը ծագի,
Լոյսդ ծագէ՛, իմանալի՜ն,
Մեր հոգիներն անով լեցուին:

Ո՛վ Լոյս, լոյսէն ծագած արդար
Դու արեգակ ծնունդ անճառ
Հօր դու Որդի, արեւ չելած
Հօր հետ անունդ է միշտ գովուած:
Այգուց լոյսը երբ կը ծագի,
Լոյսդ ծագէ՛, իմանալի՜ն,
Մեր հոգիներն անով լեցուին:

«ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ (տեսանյութ)

Սիրելի ընթերցողներ, ինչպես արդեն շատերդ գիտեք, մարտի 9-ին տեղի ունեցավ «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» մրցույթի հաղթողների (իսկ հաղթող դուրս եկան բոլորը) մրցանակ-գրքերի հանձնումը, որի մասին «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից փոքրիկ մի նյութ է պատրսատել: «Շողակաթին», գնահատող խմբին, մասնակիցներին և ընթերցողներին շնորհակալություն հայտնելով՝ ձեր ուշադրությունն ենք ներկայացնում տեսանյութը՝


  

5.3.14

ԱՍՏԾՈ ՏԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԸ

Կարդալով բոլոր ստեղծագործություններն էլ «Նա Քահանա է» թեմայով՝ հասկացա մի պարզ ճշմարտություն՝ նրանք բոլորն էլ Աստծո տան հովիվներն են: Նրանցից յուրաքանչյուրը իր դերն ունի յուրաքանչյուր հավատացյալի կյանքում: Նրանք Աստծո տան սպասավորներն են, մեր և Աստծո միջև կապը պահողները, մեզ հոգևոր դաստիարակություն տվողները: Չնայած մենք հոգևոր դաստիարակություն պետք է ստանանք առաջին հերթին մեր ընտանիքներում և (փառք Աստծո ես ստացել եմ այդպիսի դաստիարակություն), բայց յուրաքանչյուր համայնքի քահանա նույնպես պիտի ունենա իր ակտիվ միջամտությունը անձի հոգևոր դաստիարակության հարցում: Յուրաքանչյուր քահանա պիտի քաջ գիտակցի՝ ինչքան բարդ և պատասխանատու գործ է իր ուսերին դրված: Եվ, երբ ես նայում եմ իմ շուրջբոլորը, տեսնում եմ, թե ինչքան աշխատանք կա կատարելու, ինչքան անարդար, չար ու վատ, անկուշտ ու ագահ մարդիկ կան կյանքում, բայց ոչինչ. Աստված մեզանից յուրաքանչյուրից պահանջում է ներողամիտ լինել և ինչպես Վիլյամ Սարոյանն է ասում, արհամարհենք չարն ու վատը, բայց ոչ չար ու վատ մարդկանց: 

3.3.14

ՀՈԳՈՒՍ ՄԵՋ ԳԱՄՎԱԾ ԱՉՔԵՐԸ

Ձայնը… հուժկու, համառ, ազդեցիկ, մինչև հոգուդ ամենա-ամենախորը ակյունները թափանցող ու քրքրող… Լսվում էր ձայնը՝ բարձր, ազդու… անընդհատ ու բուռն հոսում էր դեպի ներսս, հոսում… հետո կամաց-կամաց դանդաղում, հանդարտվում ու խաղաղեցնում…Աչքերը… կլանող, թափանցող, խորը, շաաատ խորը…աչքեր, որ ողջ կյանքիս ընթացքում դեռ մանկուց միշտ դրոշմված են եղել հոգուս մեջ, կյանքիս ամենավճռական պահերին միշտ սաստել ու սթափեցրել: Ուրիշ որևէ մեկի աչքերը այդքան հզոր երբեք չեն մխրճվել հոգիս: Նայում են ներսից ինձ, միշտ հետևում, սաստում, կյանքի կոչում, ոգևորում, խաղաղեցնում հոգուս փոթորիկները… Նայում եմ դեմքին՝ սուրբ ու լուսառատ խորանից մեզ լուսավորող… խիստ է հայացքը, բայց և խաղաղ՝ կարծես անէացած իրականությունից, Սուրբ Հոգով զորացած, կենդանի մի աղոթք դարձած: Գիտեք, փառք Տիրոջը, շատ ու շատ անգամներ և շատ արժանի հոգևորականների միջոցով է Տերն ինձ առաջնորդել դեպի Իր տուն՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, ճաշակելու Իր անսպառ քաղցրությունը, ճշմարիտ կյանքի իրական քաղցրությունը…

1.3.14

ՍԵՎԱԶԳԵՍՏ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԱՐԴԸ – ՏԵՐ ՍՏԵՓԱՆՈՍ ՔՀՆ. ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ

Օրս սովորական օրերից չէր: Միանգամից նոր դեմքեր, նոր մարդիկ: Առաջին անգամ պետք է ոտք դնեի հոգևորականի «հայրական տուն», շփվեի «ընտանիքի անդամների» հետ, այն մեծ ընտանիքի, որը մի ուրիշ աշխարհ է իրականում: Ականջիս ծայրով լսեցի, որ ճանապարհին Տեր Հայրն էլ է մեզ միանալու: «Տեր» և «Հայր» բառերից հասկացա, որ հոգևորական է, մի սովորական եկեղեցու ծառայող` խիստ, սառը հայացքով, գրեթե առանց ժեստերի, ինչպես որ պատկերացրել էի միշտ (մի քիչ իրենց հասկանում եմ): Մի պահ մեր մեքենան կանգ առավ, և եկավ, իմ`այդքան սպասված Տեր Հայրը: Ապշեցի առաջին իսկ րոպեներին.. Ինչպե՜ս…Հոգևորականը ժպտում է ու հետդ խոսում է սովորական մարդկանց պես ու նույնիսկ կատակո՞ւմ է: Չտեսնված երևո՜ւյթ: Նա անմիջական է բոլոր մարդկանց պես…. Փաստորեն բոլո՞րն են այդպիսին: Մտամոլոր ու զարմացած էի, երբ մեքենան կանգ առավ: Ճեմարանում ենք: Նոր դեմքեր, նոր սևազգեստ մարդիկ: Այժմյան և ապագա քահանաներ: Իմ պատկերացումներն իսկապես փոխվեցին հոգևորականների մասին, որ տեսել էի գրեթե միայն եկեղեցում, գրեթե միայն մոմ վառելիս: Ճիշտ է, հասկացա, որ նախկինում թյուր կարծիք եմ ունեցել հոգևոր աշխարհի և մարդկանց մասին, սակայն իմ առաջին տպավորությունը, ի շնորհիվ Տեր Հայրի (դիտմամբ չեմ հոլովում «հայր» բառը, որպեսզի ներքին հոլովմամբ չփոխվի ականջիս սովոր անունը), աննկարագրելի ու անհամեմատելի էր: Երբ դուրս եկանք ճեմարանից, իմ դիմաց հայտնվեց մեր` արդեն ՄԵՐ սիրելի Տեր Հայրը` Տեր Ստեփանոսը՝ սևազգեստ լուսավոր մարդը: