Showing posts with label Գոհար Մնացականյան. Show all posts
Showing posts with label Գոհար Մնացականյան. Show all posts

1.3.14

ՍԵՎԱԶԳԵՍՏ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԱՐԴԸ – ՏԵՐ ՍՏԵՓԱՆՈՍ ՔՀՆ. ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ

Օրս սովորական օրերից չէր: Միանգամից նոր դեմքեր, նոր մարդիկ: Առաջին անգամ պետք է ոտք դնեի հոգևորականի «հայրական տուն», շփվեի «ընտանիքի անդամների» հետ, այն մեծ ընտանիքի, որը մի ուրիշ աշխարհ է իրականում: Ականջիս ծայրով լսեցի, որ ճանապարհին Տեր Հայրն էլ է մեզ միանալու: «Տեր» և «Հայր» բառերից հասկացա, որ հոգևորական է, մի սովորական եկեղեցու ծառայող` խիստ, սառը հայացքով, գրեթե առանց ժեստերի, ինչպես որ պատկերացրել էի միշտ (մի քիչ իրենց հասկանում եմ): Մի պահ մեր մեքենան կանգ առավ, և եկավ, իմ`այդքան սպասված Տեր Հայրը: Ապշեցի առաջին իսկ րոպեներին.. Ինչպե՜ս…Հոգևորականը ժպտում է ու հետդ խոսում է սովորական մարդկանց պես ու նույնիսկ կատակո՞ւմ է: Չտեսնված երևո՜ւյթ: Նա անմիջական է բոլոր մարդկանց պես…. Փաստորեն բոլո՞րն են այդպիսին: Մտամոլոր ու զարմացած էի, երբ մեքենան կանգ առավ: Ճեմարանում ենք: Նոր դեմքեր, նոր սևազգեստ մարդիկ: Այժմյան և ապագա քահանաներ: Իմ պատկերացումներն իսկապես փոխվեցին հոգևորականների մասին, որ տեսել էի գրեթե միայն եկեղեցում, գրեթե միայն մոմ վառելիս: Ճիշտ է, հասկացա, որ նախկինում թյուր կարծիք եմ ունեցել հոգևոր աշխարհի և մարդկանց մասին, սակայն իմ առաջին տպավորությունը, ի շնորհիվ Տեր Հայրի (դիտմամբ չեմ հոլովում «հայր» բառը, որպեսզի ներքին հոլովմամբ չփոխվի ականջիս սովոր անունը), աննկարագրելի ու անհամեմատելի էր: Երբ դուրս եկանք ճեմարանից, իմ դիմաց հայտնվեց մեր` արդեն ՄԵՐ սիրելի Տեր Հայրը` Տեր Ստեփանոսը՝ սևազգեստ լուսավոր մարդը: