7.12.20

4. ՄԱՐԻԱՄԻ ԱՎԵՏՈՒՄԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝

ՂՈԻԿԱՍ 1։26-38
26 Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, 
27 Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ 
28 Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ 
29 Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ի՛նչ բան էր այս ողջույնը։ 
30 Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ 
31 Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ 
32 Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, 
33 ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ 
34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ 
35 Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ 
36 Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է, 
37 որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։ 
38 Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։

Դեռ չխոսած Հիսուսի մասին, հարկ էր լրացնել Կարապետի պատմությունը, բայց Ղուկասը, հետևելով ժամանակագրությանը, դնում է Մարիամի ավետումը: Մենք ևս պահում ենք այդ նույն կարգը:

Զաքարիայի ավետման վեցերորդ ամսին, որ ընկնում է հռովմեական 749 թվականի ապրիլ ամսվա սկզբին, Գաբրիել Հրեշտակապետը նոր առաքելությամբ ուղարկվում է ոչ թե Հրեաստանի Քեբրոն, այլ` Գալիլիայի Նազարեթ քաղաքը (այժմ Նասարա), որտեղ ներկայանում է Մարիամ անունով մի կույսի, որը նշանված էր Դավթի ցեղից մեկի` Հովսեփի հետ: Թե՛ Մարիամի, և թե Հովսեփի մասին Ավետարանը որևէ բացատրություն չի տալիս, չի նշում, թե ովքեր են և ինչ հանգամանքներում էին ապրում: Սակայն այս տեղեկությունները լրացնում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում հավասարապես ընդունելություն գտած ավանդությունները:

3. ԶԱՔԱՐԻԱՅԻ ԱՎԵՏՈՒՄԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ՂՈԻԿԱՍ 1։5-25
5 Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։ 
6 Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։ 
7 Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։
8 Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 
9 ըստ քահանայության օրենքի վիճակը նրան ընկավ՝ Տիրոջ տաճար մտնելու և խնկարկելու։ 
10 Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։ 
11 Տիրոջ հրեշտակը հանկարծ երևաց նրան՝ խնկարկության սեղանի աջ կողմում կանգնած։ 
12 Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ 
13 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ 
14 Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյամբ, 
15 որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, 
16 Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։ 
17 Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ 
18 Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։ 
19 Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։ 
20 Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։
21 Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 
22 Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ 
23 Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 
24 Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս նա թաքնվում էր և ասում. 
25 «Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։

Ղուկասն ընդարձակորեն պատմում է այն, ինչի մասին լռում է Հովհաննեսը: Հերովդես Մեծի օրոք ապրում էր Զաքարիա անունով մի քահանա, որի կինը Եղիսաբեթն էր: Նա ևս Ահարոնյան քահանայական ցեղից էր: Սրանք եղան Կարապետի ծնողները: Ժամանակը ճիշտ տարիներով չի տրվում, սակայն, իմանալով Հովհաննեսի և Հիսուսի ծնունդների վեցամսյա տարբերությունը (Ղուկ. 1։26), Հիսուսի ծննդյան ժամանակը համարելով Հռոմեական 750 թվականի հունվարի 6-ը, Զաքարիայի ավետումը կլինի 748 թվականի սեպտեմբերի վերջերին: Բայց Զաքարիան սրանից շատ առաջ էլ էր ապրում, որովհետև այդ թվականին արդեն իր օրերն ապրած մի ծերունի էր: Ոմանք կարծեցին, թե Զաքարիան մեծ քահանայապետ էր, բայց Ղուկասը չի նպաստում այդ կարծիքին և հայտնապես ասում է, որ Զաքարիան Աբիայի դասակարգից մի պարզ քահանա էր:

2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։1-6
1 Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ 
2 Նա սկզբից Աստծու մոտ էր։ 
3 Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ 
4 Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ 
5 Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։

Ավետարանը Հիսուսի գործերի պատմությունն է և վարդապետությունների ամփոփումը: Ղուկասն իր Ավետարանի նախաբանում հայտնում է այդ մասին, և նրան, ում գործերը և խոսքերը պիտի գրեր, անվանել է ԲԱՆ: Ըստ Ղուկասի, Բանը անձ էր, քանզի նրան տեսնողները և հետևողներ էին եղել. ինչպես գրում է. «Խոսքի (Բանի) ականատեսներն ու սպասավորները եղան» (Ղուկ. 1։2): Ո՞վ էր ուրեմն Բանը: 

Այս հարցին պատասխանում է Հովհաննեսը, գրելով, թե Բանը սկզբից էր, այսինքն` հավիտենականությունից: Աշխարհի համար ասված է, թե այն Աստված ստեղծեց սկզբում, այսինքն` աշխարհը չկար` և եղավ: Սակայն Բանը սկզբից էր, այսինքն` միշտ էր, և չեղավ մի ժամանակ, երբ նա չլիներ: Ավելի բացահայտելու համար Հովհաննեսն ավելացնում է, թե` Բանն Աստծո հետ էր, և Աստված էր. Բանը բոլոր արարածների ստեղծողն էր և առանց Բանի ոչինչ չի ստեղծվել, ամեն ինչի կյանքը Բանն է, լույսն է մարդկանց, և խավարից անսահման է, և խավարը Նրան ո՛չ ճանաչում է, ոչ էլ` ընդունում: 

Այսպես պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսն է, Քրիստոս` Բանն է, և Բանն էլ` Աստված է: Այս կերպ Ղուկասն ու Հովհաննեսն իրենց Ավետարանների սկզբում որոշակիորեն հայտնում և վկայում են Քրիստոսի Աստվածությունը, որն էլ մեծապես օգտակար է` ճանաչելու համար ավետարանական պատմությունների և վարդապետությունների բուն ոգին ու իսկությունը: 

Հիսուսի պատմությունն սկսելուց առաջ, պետք է նախ Նրա Կարապետի պատմությունն սկսել, որը թե՛ ժամանակով էր առաջ, և թե Նրա գործերի ու վարդապետությունների ճանապարհը բացողն էր: Հովհաննես Ավետարանիչը պարզապես ակնարկում է Կարապետին, հայտնում նրա անունը` Հովհաննես, սակայն նրա ծննդյան և ծագման մասին լռում է:

Հաջորդ գլուխը՝ 

6.12.20

1. ՀԵՂԻՆԱԿԻ ՆԱԽԱԲԱՆԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

ՂՈՒԿԱՍ 1։1-4
1 Քանի որ շատերը ձեռնարկեցին վերաշարադրել մեզանում իրականացած դեպքերի պատմությունը, 
2 ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան, 
3 ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ո՛վ գերազանցդ Թեոփիլոս, 
4 որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։

Ամեն գրքի հեղինակ սկզբում ազդարարություն դնելու սովորություն ունի, որտեղ բացատրում է, թե ի՛նչ նպատակով, ի՛նչ միջոցներով և ի՛նչ ուղղվածությամբ է գրել գիրքը: Ավետարանիչներից միայն Ղուկասն ունի այդպիսի առաջաբան: Հին հեղինակների սովորության համաձայն, նա իր անունը չի հիշատակում, սակայն վկայում է. «սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի»: Այսինքն, ինքը սկզբից ևեթ հետևել է Քրիստոսին` իր տեսածը և իմացածը գրի առնելով: Համաձայն ընդհանուր կարծիքի, Ղուկասն Անտիոքում ուսանած մի հրեա էր, բժիշկ ու նկարիչ, որը, վերադառնալով Երուսաղեմ, հետևել էր Քրիստոսին և դարձել յոթանասուներկու աշակերտներից մեկը: Նա հիշատակում է, որ ուրիշները ևս, իրենից առաջ, գրել են Քրիստոսի պատմությունը, իսկ ինքը, բացի իր իմացածից, նաև լսել ու հավաքել և ի մի է բերել Քրիստոսի առաքյալներին վերաբերող ավանդությունները, որոնք «սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան»: Սակայն, ինքը հատուկ մտադրությամբ ուզում է ամեն ինչ «կարգով շարադրել»: Այսինքն` թե՛ նախնական գրվածքները, և թե իր իմացածներն ու լսածներն ամփոփելով, կամենում է կանոնավոր մի պատմություն կազմել: Կարծես թե Ղուկասը նույնպես մտադիր է եղել մեր ծրագրած ձևով մի  «ՀԱՄԱՊԱՏՈՒՄ» կազմել:

Ղուկասն իր Ավետարանն ուղղում է Թեոփիլե անունով մեկին, որը հետագայում աշակերտել է Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը: Թեոփիլեն հունարեն բառ է և թարգմանվում է Աստվածասեր: Շատերը կարծեցին թե Ավետարանիչն իր խոսքն ընդհանրապես ուղղում է բոլոր նորադարձ քրիստոնյաներին: Սակայն «գերազանցդ Թեոփիլե» (Օրմանյանի մոտ՝ «Քաջ Թեոփիլե» /Սրկ./) կոչումն ավելին է ասում:  «Քաջ»  ածականը գործածվում է քաջատոհմիկ կամ ազնվական իմաստով, որ մատնացույց է անում յուրահատուկ, որոշակի և պատվավոր մի անձնավորության: Այս ենթադրությունն է՛լ  ավելի կզորանար, եթե Նոր Կտակարանի որևէ հատվածում այդ անունով մեկը հիշված լիներ: Սակայն, այդպիսի բան չկա: Միայն ավանդություննն է, որ մեզ ծանոթացնում է Կեսարիայի կապադովկիացիների առաջին և առաքելաշավիղ եպիսկոպոս Թեոփիլոսի հետ: Ենթադրվում է, թե նա Անտիոքում բժշկապետ էր ու Ղուկասի ուսուցիչն էր, ում շնորհիվ էլ քրիստոնեություն էր ընդունել: Ղուկասը նույն Թեոփիլեին է նվիրում նաև իր երկրորդ գրվածքը, այսինքն` Գործք Առաքելոցը (Գործք 1։1), սակայն, այստեղից ևս հնարավոր չէ որևէ ստույգ և որոշակի տեղեկություն քաղել Թեոփիլեի ինքնության մասին:

Նոր Կտակարանի պատմությունից հայտնի է, որ Ղուկասը եղել է Պողոս առաքյալի հավատարիմ և անբաժան գործակիցը, այնպես որ մյուս գործակիցների ու աշակերտների հեռանալուց հետո էլ Ղուկասը մնացել է Պողոսի մոտ (2 Տիմ. 4։10-11): Ավանդությամբ պատմվում է, որ Ղուկասն իր Ավետարանը գրել է Պողոսի հրամանով և Պողոսի համար, ինչպես և վկայում է Նախաբանը: Նույն ինքը` Պողոսը, հիշատակում է, թե Ղուկասի «համբավը Ավետարանի քարոզչության գործում ծանոթ է բոլոր եկեղեցիներին» (2 Կորն. 8։18): Շատ մեկնիչներ Պողոսի «իմ Ավետարանը» (1 Կորնթ. 15։1) խոսքի տակ նույն Ղուկասի Ավետարանն են հասկանում: Մյուս կողմից էլ գիտենք, որ Պողոսը, լինելով հռոմեական քաղաքացի, ուսյալ և պատվավոր անձնավորություն էր և իրավամբ կարող էր «քաջ» պատվանունով հիշվել: Արդյոք ճիշտ չի՞ լինի կարծել, թե Թեոփիլեն հենց ինքը` Պողոսն է: Իմանալով, որ Ղուկասը յոթանասուներկուսից մեկն էր, Պողոսն իրոք, նրանից հետո, աշակերտած կլինի ճշմարտությանը: Մեր կարծիքն առավել համոզիչ կդառնար, եթե Գործք Առաքելոցն ավելի հստակ ակնարկեր այդ մասին: Առայժմ, կարծիքներից մեկն էլ սա է, որ հայտնում ենք առանց պնդելու:

Հաջորդ գլուխը՝ 

3.12.20

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՐՄԻՐ ԹԵԼ ԿԱՊԵԼ ՁԵՌՔԻՑ

Վերջին մի քանի տարիներին ամենուր «մոդա» ընկած կարմիր թելը՝ կապված դաստակին ոչ մի ընդհանրություն չունի քրիստոնեության հետ եւ ուղղափառ հավատքի հետ։ Ընդհակառակը՝ լինելով այլ կրոնական շարժումներին՝ կաբալիզմին, օկուլտիզմին հատուկ առարկա այն բացարձակապես անընդունելի պետք է լինի քրիստոնյայի համար։ Դրան էլ գումարենք սնահավատական մեկնաբանությունները, որ վերագրվում են այս ընդամենը թելի կ
տորին, պարզից էլ պարզ կդառնա, որ այդ թելը կապողները քարկապում են իրենց հավատքը։ Ինչեւէ, ստորեւ բերված տեսանյութի մեջ, մանրամասնորեն անդրադառնում եմ, թե ինչու է այս սնահավատությունը վտանգավոր մեզ համար։ Խնդրում եմ դիտել, մեկնաբանել եւ կիսվել։ 

Ի դեպ, ահա եւս մեկ նյութ ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ։



1.12.20

ԼԵԶՎԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ (ԳԼՈՍՈԼԱԼԻԱ) կամ ԱՆԲԱՐԲԱՌ ԼԵԶՈՒՆԵՐ ԽՈՍԵԼՈՒ ՇՆՈՐՀ (տեսանյութ)

Ձեր ուշադրությանն եմ հանձնում մի տեսագրություն՝ հարստացված փաստացի այլ տեսանյութերով, որը բացատրում է, թե ինչ է Լեզվախոսության շնորհը (կամ պարգեւը), ի՞նչ է այդ մասին գրված Աստվածաշնչում եւ ինչ վերաբերմունք պետք է քրիստոնյան ունենա դրա հանդեպ։ Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք եւ տարածեք։

Հ.Գ. Ահա նաեւ երեք նյութ ընթերցանության համար՝



26.11.20

ՄԱՏԱՂ - ճիշտ ու սխալ մեկնաբանություններ

Մատաղը հայերիս մեջ ամենատարածված բարեպաշտական սովորություններից մեկն է։ Խորհրդային աթեիստական տարիներին, անգամ, հայերը չէին հրաժարվում մատաղ անելուց եւ, թերեւս այն դարձել էր ներքին հավատքը արտաքնապես արտահայտելու մի ձեւ։ Բայց, ցավոք, այսօր մատաղի ճիշտ ընկալումը եւ այն անելու ձեւը շատերի մոտ եւ շատերի համար աղավաղված է։ Երբեմն կարելի է տեսնել կիսահեթանոսական, սնոտիապաշտական եւ մատաղի գաղափարի հետ բացարձակ կապ չունեցող երեւույթներ, զազրելի գինարբուքներ եւ պիղծ մեկնաբանություններ մատաղի մասին։

Դրա համար որոշեցի մի տեսանյութ պատրաստել եւ հնարավորինս մանրամասնել մատաղ անելու նշանակությունը եւ կարեւորությունը։

Ստորեւ մի բացատրողական տեսահոլովակ մեր YouTube ալիքից՝ պատրատված «Ճանաչե՛ք ճշմարտությունը...» շարքի համար։ Այս շարքի մյուս տեսագրությունները կարող եք դիտել այստեղ։ 

 

ԻՆՉՈՒ՞ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՄԱՏԱՂ ԱՆԵԼ



Այլ նյութեր մատաղի մասին


24.11.20

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՏԱՐԱՏԵՍԱԿ «ՕՐՀՆՈՂ» ԵՎ «ԱՆԻԾՈՂ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համացանցից օգտվողներս հաճախ ենք նամակներ ստանում կամ հանդիպում կիսասպառնալից գրառումներ, թե իբր այդ նամակը օրհնություն է բերում եւ այն պետք է ուղարկել 10 կամ 100 հոգու եւ լինել օրհնված, հակառակ դեպքում... Աստված հեռու տանի։ Դրանք մարդկային սնոտիապաշտություններ են, որոնք իրական հավատքի հետ բացարձակ կապ չունեն։ Ստորեւ մի բացատրողական տեսահոլովակ մեր YouTube ալիքից՝ պատրատված «Ճանաչե՛ք ճշմարտությունը...» շարքի համար։
Այս շարքի մյուս տեսագրությունները կարող եք դիտել այստեղ։ 


ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ «ՕՐՀՆԱՆՔՆԵՐ»



ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ FACEBOOK ԷՋՈՒՄ