7.12.20

3. ԶԱՔԱՐԻԱՅԻ ԱՎԵՏՈՒՄԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

Նախորդ գլուխը՝
2. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ՂՈԻԿԱՍ 1։5-25
5 Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։ 
6 Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։ 
7 Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։
8 Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 
9 ըստ քահանայության օրենքի վիճակը նրան ընկավ՝ Տիրոջ տաճար մտնելու և խնկարկելու։ 
10 Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։ 
11 Տիրոջ հրեշտակը հանկարծ երևաց նրան՝ խնկարկության սեղանի աջ կողմում կանգնած։ 
12 Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ 
13 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ 
14 Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյամբ, 
15 որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, 
16 Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։ 
17 Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ 
18 Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։ 
19 Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։ 
20 Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։
21 Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 
22 Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ 
23 Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 
24 Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս նա թաքնվում էր և ասում. 
25 «Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։

Ղուկասն ընդարձակորեն պատմում է այն, ինչի մասին լռում է Հովհաննեսը: Հերովդես Մեծի օրոք ապրում էր Զաքարիա անունով մի քահանա, որի կինը Եղիսաբեթն էր: Նա ևս Ահարոնյան քահանայական ցեղից էր: Սրանք եղան Կարապետի ծնողները: Ժամանակը ճիշտ տարիներով չի տրվում, սակայն, իմանալով Հովհաննեսի և Հիսուսի ծնունդների վեցամսյա տարբերությունը (Ղուկ. 1։26), Հիսուսի ծննդյան ժամանակը համարելով Հռոմեական 750 թվականի հունվարի 6-ը, Զաքարիայի ավետումը կլինի 748 թվականի սեպտեմբերի վերջերին: Բայց Զաքարիան սրանից շատ առաջ էլ էր ապրում, որովհետև այդ թվականին արդեն իր օրերն ապրած մի ծերունի էր: Ոմանք կարծեցին, թե Զաքարիան մեծ քահանայապետ էր, բայց Ղուկասը չի նպաստում այդ կարծիքին և հայտնապես ասում է, որ Զաքարիան Աբիայի դասակարգից մի պարզ քահանա էր:
Երբ քահանայական սերունդը բազմացավ, Դավիթը քահանաներին բաժանեց 24 դասակարգերի, որոնք հերթով կամ որոշակի ժամանակով պետք է մնային տաճարում և մեկական շաբաթ սպասավորություն անեին: Այդ 24-ից ութերորդն Աբիայի դասակարգն էր (1 Մնաց. 24։10), որին և պատկանում էր Զաքարիան: Թեև Եղիսաբեթն էլ այդ 24 դասակարգերից մեկին էր պատկանում, սակայն Ավետարանը ստույգ դասը չի ճշտում: Հավանական ավանդությունն ասում է, որ Եղիսաբեթի պապը Մատթան քահանան էր, որ ունեցավ երեք դստրեր` Աննա, Սովվե և Մարիամ: Աննայի զավակը Մարիամ Աստվածամայրն էր, Սովվեինը` այս Եղիսաբեթը, իսկ Մարիամինը` Զեբեդյանների մայր Սողոմեն: Միայն անորոշ է մնում Եղիսաբեթի հայրը, որ պետք է ևս քահանայական 24 դասակարգերից մեկին պատկաներ: Զաքարիայի բնակության վայրն ընդհանրապես համարվում է Քեբրոն քաղաքը, այժմ Խալիլ յուր Ռահման, որ իրոք Ահարոնի ցեղի քահանաներին հատկացվեց Հեսուի հրամանով (Հեսու 21։11): Թեև Ավետարանը չի հիշատակում այն քաղաքի անունը, ուր գտնվում էր Զաքարիան, սակայն ստորև խոսվում է, որ դա Հուդայի գլխավոր քաղաքն էր (Ղուկ. 1։39) և մատնանշում է Քեբրոնը, որն ամենատարածված կարծիքն է: Ոմանք կարծում են,  թե այն Քեբրոնի մոտ եղող Հետտա քաղաքն է, որ դարձյալ քահանայական էր (Հեսու 21։16), վերջինս այլ թարգմանություններում  Հուդդա է գրվել և շփոթմամաբ դարձել Հուդա: Այսօր էլ նույն տեղում Եուդա անվամբ մի գյուղ կա:

Զաքարիան ու Եղիսաբեթը ծեր էին և անզավակ: Նրանք ապրում էին արդար, պատվիրանապահ կյանքով: Չնայած առաջացած տարիքին` Զաքարիան դեռ իր գործին էր: Երբ իր շաբաթը հասավ, Քեբրոնից տաճարը եկավ և ստանձնեց իր պաշտոնը: Օրերից մի օր, Հռոմեական 748 թվականի սեպտեմբերի վերջերին` խնկարկության ժամանակ, Խնկոց Սեղանի աջակողմում մի հրեշտակ տեսավ: Զաքարիան շփոթվեց, բայց հրեշտակը, որ Գաբրիել հրեշտակապետն էր, քաջալերեց նրան` ավետելով, թե Եղիսաբեթից զավակ է ունենալու: Նաև հրամայեց անունը դնել Հովհաննես` ավելացնելով, որ այդ տղան ամենքին ուրախություն է պարգևելու, լինելու է մեծ անձնավորություն, իր կյանքն ապրելու է որպես նազովրեցի ուխտավոր, Իսրայելի ժողովրդին ուղղություն է ցույց տալու և Եղիայի նման նախանձահույզ հոգի է ունենալու:

Զաքարիան կասկածեց, քանզի ինքն ու Եղիսաբեթն արդեն ծեր էին: Հրեշտակապետին ծանր եկավ Զաքարիայի թերահավատությունը, և նա պատիժ նշանակեց նրան. նա պետք է համր ու պապանձված մնար մինչև խոստացյալ զավակի ծնունդը: Տեսիլքն ավարտվեց, սակայն Զաքարիան երկար էր մնացել Տաճարի ներսում` հարուցելով ժողովրդի հետաքրքրությունը: Բազմությունը բացատրություն էր պահանջում, բայց Զաքարիան խոսել չէր կարողանում  և պատահածը բացատրում էր նշաններով: Այդուհանդերձ, ավարտվեց մեկ շաբաթյա իր հերթը, և նա Քեբրոնից վերադարձավ Երուսաղեմ ու Եղիսաբեթին նույնպես նշաններով հասկացրեց պատահածն ու լինելիքը: Ծերացած ամուսինները վարվեցին հրեշտակի հրամանի հանմաձայն: Անցավ մի քանի ամիս և Եղիսաբեթն զգաց իր հղի լինելը ու, թեև  ուրախ էր, որ ի վերջո ազատվեց ամլության նախատինքից, սակայն, մյուս կողմից ամաչում էր` թաքնվելով ծանոթներից ու հարևաններից :

Հաջորդ գլուխը՝ 

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...