7.12.20

4. ՄԱՐԻԱՄԻ ԱՎԵՏՈՒՄԸ (ՀԱՄԱՊԱՏՈՒՄ)

 Նախորդ գլուխը՝

ՂՈԻԿԱՍ 1։26-38
26 Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, 
27 Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ 
28 Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ 
29 Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ի՛նչ բան էր այս ողջույնը։ 
30 Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ 
31 Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ 
32 Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, 
33 ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ 
34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ 
35 Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ 
36 Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է, 
37 որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։ 
38 Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։

Դեռ չխոսած Հիսուսի մասին, հարկ էր լրացնել Կարապետի պատմությունը, բայց Ղուկասը, հետևելով ժամանակագրությանը, դնում է Մարիամի ավետումը: Մենք ևս պահում ենք այդ նույն կարգը:

Զաքարիայի ավետման վեցերորդ ամսին, որ ընկնում է հռովմեական 749 թվականի ապրիլ ամսվա սկզբին, Գաբրիել Հրեշտակապետը նոր առաքելությամբ ուղարկվում է ոչ թե Հրեաստանի Քեբրոն, այլ` Գալիլիայի Նազարեթ քաղաքը (այժմ Նասարա), որտեղ ներկայանում է Մարիամ անունով մի կույսի, որը նշանված էր Դավթի ցեղից մեկի` Հովսեփի հետ: Թե՛ Մարիամի, և թե Հովսեփի մասին Ավետարանը որևէ բացատրություն չի տալիս, չի նշում, թե ովքեր են և ինչ հանգամանքներում էին ապրում: Սակայն այս տեղեկությունները լրացնում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում հավասարապես ընդունելություն գտած ավանդությունները:

Մարիամը Դավթի ցեղից Հովակիմ կամ Եղիակիմ անունով մեկի զավակն էր: Նրա կինն Աննան էր` Մաթան քահանայի դուստրը: Հովակիմն ու Աննան ևս անզավակ էին ծերացել և միայն ծերացած տարիքում, աղոթքի և ուխտի շնորհիվ, ունեցել էին մի զավակ` Մարիամին: Իրենց ուխտի համաձայն, երեք տարեկան Մարիամին ընծայել էին Տաճարին` նրա դաստիարակությունը հանձնելով նվիրյալ այրիների խնամքին, որպեսզի կրթվի և ծառայի Տաճարին: Չափահաս, այսինքն` 12 տարեկան դառնալուց հետո, Մարիամը վերադարձել էր ծնոողների տուն` Նազարեթ և որոշ ժամանակ անց նշանվել էր Հովսեփի հետ:

Հովսեփը, թեև սերել էր Դավթի արքունական ցեղից, սակայն իշխանական դիրք ունեցող անձնավորություն չէր, այլ` մի համեստ հյուսն (Մատթ. 13։55) և բնակվում էր Նազարեթում: Հովսեփի և Մարիամի նշանադրության առիթով ևս ավանդությունը հիշատակում է, թե շատերն էին ցանկանում Մարիամին կնության վերցնել, բայց Հովակիմն ու Աննան չկամեցան իրենց ուխտի զավակին մեկին տալու որոշումն անձամբ կայացնել, այլ` հանձնեցին Աստծուն և այս առիթով նորոգվեց Ահարոնի գավազանի ծաղկելու հրաշքը (Թվեր 17։8): Ծաղկեց Հովսեփի գավազանը, որն էլ Մարիամի հետ նշանվելու բախտին արժանացավ:

Գաբրիելը հայտնվեց Մարիամին: Ավետարանը չի ճշտում, թե ինչ կերպարանքով և որտեղ երևաց և անիմաստ է զանազան ավանդություններ կամ ենթադրություններ հիշատակելը: Հրեշտակը նրան ավետեց, որ ընտրվել է որպես Մեսիայի կույս մայր, պետք է հղանա, ունենա որդի և անունը Հիսուս դնի, որը լինելու է Փրկիչ և Երկնքի Արքայության Հավիտենական Թագավորը: Մարիամը զարմացավ և հարցրեց, թե ինչպես պետք է մայրանա, երբ մշտապես կույս է: Հրեշտակը` իբրև բացատրություն, հիշեցրեց Սուրբ Հոգու զորության մասին` ավելացնելով, որ Աստծո հրաշքով Եղիսաբեթն իր ծերության օրերին հղացավ: Ճիշտ նույն կերպ, Աստծո հրաշքով, նա պիտի հղանար` կույս մնալով: Մարիամն իր զարմանքը Զաքարիայի նման թերահավատությամբ չդրսևորեց, այլ, ընդհակառակը, իրեն պատրաստակամորեն ընծայաբերեց Աստվածային կամքի կատարմանը: «Ես,- ասաց,- Աստծո ամենահետին աղախինն եմ: Նա ինչպես կամենա, կարող է վարվել ինձ հետ: Ես պատրաստակամ եմ Նրա հրամաններին, որոնք դու ես ինձ հաղորդում»: Այսպիսով, Մարիամը ո՛չ հանդիմանության արժանացավ, ոչ էլ` պատժի: Իսկ Գաբրիելը, իր պարտականությունը կատարած համարելով, հեռացավ Մարիամի մոտից:

0 արտահայտվիր:

Post a comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...