6.4.16

ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ

Պատմահոր խոսքերն են` «Քաջերի սահմանը իրենց զենքն է»։

Բայց մենք արդեն հարյուրամյակներ զենքով չենք սահմանում մեր տարածքները։ Մենք միայն պաշտպանվում ու պայքարում ենք մեր ունեցած զենքով մեր ունեցածի համար։ Եվ բնավ պարտադիր էլ չէ, որ զենքերը «բարեկամը» տա։ Զենք կա, որով չես սպանի, բայց հաստատ կհաղթես։ Այդ զենքերը չենք գտնի ռազմական արվեստի ձեռնարկների մեջ. դրանցում այլևս տեղ չկա հայրենասիրություն, միասնականություն, ինքնազոհություն, եղբայրասիրություն բառերի համար։ Հայն է միայն դրանք վեր հանում իր պահոցներից ի պահանջել հարկին և դարձնում ամենահզոր զենքը:

Եւ պետք է միշտ վստահել հայկական այս ֆենոմենին, որ որպես սերմ թաքնվում և ծիլ է տալիս օրհասի պահին: Այս անգամ՝ մարտի դաշտում: Իսկ մարտի դաշտում... կամքի ուժը հայ հերոսի ձեռքին քարը անգամ նռնակ կդարձնի.... Պետք է արժանին մատուցել հերոս տղերքին, բոլորին առանց խտրության` «վահանով, թե վահանի վրա»։ Քաջի մահով ընկած անմահների ամեն մի կաթիլ արյունը մարտիրոսության մի մի կնիք է, որ Հայոց պատմության մասունքատուփերի մեջ պետք է պահել վարդանների, մխիթարների, անդրանիկների, նժդեհների, մոնթեների քաջ հիշատակի կողքին։ Անշուշտ ու անկասկած։

9.3.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԱՊԱՏՈՒՄ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում տրված 6-րդ հարցը բավականին հետաքրքրական էր՝ «Քանի՞սն էին Հիսուսի փորձությունները անապատում»:
Պատասխանողների (124 հոգի) մեծամասնությունը ընտրել էր, որ փորձություննորի թիվը 3-ն էր (105 հոգի): 17 հոգի էլ այն կարծիքն էին հայտնել, թե դրանք բազմաթիվ էին: Միայն 2 հոգի նշել էր, որ Հիսուս անապատում միայն 1 փորձություն է անցել:

Իրականաում Ավետարանը մեզ պատմում  է միայն 3 փորձությունների մասին: Կարդանք՝
«Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան» (Մատթ. 4:1-11 ):

23.2.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ - Հարց 6

Մեծի պահոց շրջանի մեջ ենք հիմա, սիրելիներ, ուստի որոշեցի ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ 6-րդ հարցը փոքր-ինչ կապել քառասնորդական պահքի հետ: Նոր Կտակարանում Ավետարանիչները խոսում են անապատի մեջ Քրիստոսի ծոմապահության և փորձությունների մասին, որոնք տևեցին 40 օր: Արդ, այսօրվա հարցը նպատակ ունի բացահայտելու, թե այդ փորձությունները քանի՞սն էին: Դե ձեզ տեսնեմ: Ցանկացողները կարող են նաև մեկնաբանությունների մեջ իրենց կարծիքները հայտնել ու քննարկել: 

Ակտիվ եղեք և առաջարկեք նաև ձեր ընկերներին: Ճիշտ պատասխանը սպասեք մի քանի օրից: Աստված օրհնի ձեզ և ճիշտ պահեցողության մեջ հաստատի:

19.2.16

ՊՈՂՈՍԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆԱՄԱԿԸ

Երկար ժամանակ ոչ հարց ենք տվել, ոչ էլ հարցի պատասխանել... Իսկ վերջին հարցը, թե որն էր Պողոս Առաքեալի նամակներից ամենակարճը հակառակ որ երկար ժամանակ ակտիվ էր, այնուամենայնիվ շատ մեծ ակտիվությամբ չէր քվեարկվում. հարցին պատասխանել է 90 հոգի, որոնց մեծ մասը տվել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԱԱՆԸ՝ ՆԱՄԱԿ ՓԻԼԻՄՈՆԻՆ:


Արդեն խոսել ենք այն մասին, որ Նոր Կտակարանում Պողոս Առաքեալի անունով հայտնի 14 գրություններ՝ նամակներ կան: Դրանց շարքում ամենից երկարը, ի դեպ, Հռոմեացիներին ուղղված նամակն է՝ բաղկացած 16 գլխից (քվեարկույամբ 2-րդ տեղում էր այս տարբերակը 25 ձայնով), Տիտոսին ուղղված նամակը, թեեւ կարճ, բայց ամենակարճը չէ, իսկ Փիլոպոսին ուղղված նամակ համենայն դպս մեզ բնավ հայտնի չէ: Ամենից կարճը Փիլիմոնին ուղղված նամակն է՝ ընդամենը 1 գլուխ, 25 համար:


Փիլիմոնը բարի համբավի տեր քրիստոնյա էր, Պողոսի բարեկամը, Կողոսիայի եկեղեցու անդամ և Օնեսիմոս անունով մի ստրուկի տերը: Այս ստրուկը փախել էր իր տիրոջից, ինչը մահացու հանցանք էր: Երբ Պողոս առաքեալը գտնվում էր բանտում, Օնեսիմուսը հանդիպում է նրան, դարձի գալիս և քրիստոնյա է դառնում: Այս նամակով Պողոսը նամակի մեջ խնդրում է Փիլիմոնին, որ ների Օնեսիմոսին և ընդունի նրան ոչ թե որպես ներողամտության արժանացած ստրուկի, այլ որպես քրիստոնյա եղբոր:

Այս կարճ նամակը մի կարևոր պատգամ ունի. Պողոս առաքյալը ո՛չ հրահանգ է տալիս Փիլիմոնին, ո՛չ իր կամքն է պարտադրում և ո՛չ էլ իր ծառայի վրա ունեցած նրա իրավունքները դարձնում խնդրո առարկա: Այլ ցույց է տալիս, թե Քրիստոսի հավատն ու սերն ինչպե՛ս են խորությամբ փոխակերպում մարդկային մեր հայեցակետն ու հարաբերությունները:

26.1.16

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ - Հարց 5

Շատ հետաքրքիր հարց ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ շրջանակներում: Մեր աստվածաշնչասերները հաճախ ավելի նախընտրում են ընթերցել Ավետարանները, իսկ Սուրբ Պողոսի թղթերը՝ նմակները, երբեմն դժվարըմբռնելի լինելով, շատ ծանոթ չեն ըներցողներին: Այսպես, եկեք տեսնենք թե ո՞րն է այդ նամակների շարքում ամենից կարճը: Ակնկալում եմ բոլորի ակտիվությունը:

20.1.16

ՂԵՎՏԱՑԻՆԵՐԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՔԱՀԱՆԱՆԵՐ

Անկեղծ ասեմ, կարծում էի, թե այս հարցը շատերի համար դժվար կլինի, երևի որովհետև Հին Կտակարանից էր, բայց ընթերցողներս հաճելիորեն զարմացրեցին: 88 հոգի 105 քվեարկողից տվել է ճիշտ պատասխանը՝ նշելով որ հին ուխտի քահանայության համար Աստված առանձնացրեց ՂԵՎԻԻ ՑԵՂԻՆ
Նրանք այդպես էլ կոչվեցին՝ Ղևտացիներ.

 «Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր։ Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց» (Բ Օրենք 10:8-9):

Իսրայելի մյուս զավակները և նրանց սերունդները Ավետյաց երկրից ստացան իրենց հողակտորներն ու հարստությունները, սակայն Ղևիի ցեղը մնաց դատարկաձեռն: Ղևտացիներին որպես քահանայական ցեղ առանձնացնելով, սակայն, Աստված կարգադրեց, որպեսզի մնացած 11 ցեղերը իրենց ունեցվածքից տասանորդ վճարեն իր սպասավորներին: 

Այսքանը թերևս, սպասեք հաջորդ հարցին ՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ծրագրի շրջանակներում և շնորհակալություն ակտիվության համար:

12.1.16

ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՀԱՐՑ - Հարց 4

Ահավասիկ պատրաստ է մեր 4-րդ հարցը: Ենթադրելի է, որ հարցը հեշտերից չէ, այնպես որ պատասխանելուց առաջ մի փոքր «խուզարկեք» նորինն ամենագիտություն գուգլը, կամ որ ավելի օգտակար կլինի, փորձեք գտնել ճիշտ պատասաանը Աստվածաշնչի Երկրորդումն օրինաց (Բ Օրենք) գրքի մեջ: Դե ինչ, զարմացրեք մեզ ձեր ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐով, իսկ ճիշտ պատասխանը՝ բացատրությամբ հանդերձ սպասեք մի քանի օրից: Գնացինք՝

9.1.16

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՍՏ «ՀՅՈՒՐԵՐԸ»


Պետք է ընդունել՝ հարցը՝ «Ովքե՞ր առաջինն իմացան Հիսուսի Ծննդյան մասին», հեշտերից չէր, նախ որովհետև ենփադրում էր 2 տարբեր ավետարարաններում՝ Մատթեոս և Ղուկաս, նկարագրված դեպքերի համեմատություն և ապա ճիշտ պատասխանը, փոքրիշատե, կապված է մանրուքների քննությունից: Անտեսելով պարզապես հորինած այն տարբերակները, թե Հիսուսի ծննդյան մասին առաջինն իմացան հրեա կրոնավոր փարիսեցիները կամ մանկաբարաձները, անդրադառնանք 2 հիմնական տարբերակներին՝ Արևելքի մոգեր և հովիվներ: Այս երկուսը անցնող մի քանի օրերի ընթացքում անընդհատ մրցում էին ձայների քանակով և հիմա էլ 126 քվեարկումից հետո միայն 15 ձայնի տարբերություն ունեն: Այս էլ է արդարացված, քանի որ, օրինակ, պատկերագրության մեջ մշտապես կարելի է տեսնել հովիվներին և մեգերին Քրիստոսի ծննդյան դրվագում: Այսուամենայնիվ 68 հոգի՝ 54,4 տոկոս մեծամասնությունը ընտրել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈՎԻՎՆԵՐԸ: