Showing posts with label սնահավատություն. Show all posts
Showing posts with label սնահավատություն. Show all posts

25.12.11

ՉԱՐ ԱՉՔԻՆ` ՉԱՐ ՓՈՒՇ


- Ների՛ր հարցիս համար, քրիստոնյա ե՞ս,- հարցնում եմ ես երթուղայինի վարորդին:
Տարակուսած նայում է վրաս:
- Աստծուն հավատո՞ւմ ես,- փորձում եմ հստակեցնել հարցս:
Մի քանի վայրկյան պատասխանը ծանր ու թեթև անելուց հետո խոսում է.
- Դե քրիսոնյան որն ա՞, հա՛, հավատում եմ էլի, իմ ձևով հավատում եմ...
- Հա՛, բայց ինչի՞ն ես հավատում:
Զննող հայացքով ուսումնասիրում է արտաքինս:
- «Տեր-տեր» ես ախպե՞ր,- կռահում է, հավանաբար այտամորուքիցս, - թե՞...
Դեմքիս որոշակի արտահայտությամբ հաստատում եմ, որ հոգևորական եմ, սակայն պատասխանն այդպես էլ չեմ ստանում:
- Հարցնում էի, - շարունակում եմ ես,- որպեսզի զգուշացնեի` հանեիր էդ մեծ աչքի հուլունքը մեքենայիդ միջից. անիմաստ է դրա գոյությունը, եթե քրիստոնյա ես:
- Էս իմը չի, մեկը մոռացել էր «մաշնի» մեջ, կախել եմ, որ գա տենա հետ տամ, է՛լի,- անփութորեն ստում է:
- Եթե անգամ գա,- փորձում եմ խոսքերին հավատացողի ձև տալ ինձ,- չտա՛ս, տեղը այս խաչը տուր, խա՛չն է քրիստոնյայի հաղթության նշանը, թե չէ աչքի հուլունքը քեզ հաստատ փորձնքից հետ չի պահի, եթե, իհարկե, հավելյալ փորձանքի մեջ չգցի:
- Հա՞,- իսկապես զարմանում է,- եկեղեցին սենց բաներ չի ընդունո՞ւմ:

28.11.11

ՍԵՎ ԿԱՏՈՒ

Դեռևս Ք.ա. 6-րդ դարում Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Հետաքրքրական է, բայց չին ուսուցչից ավելի քան 2500 տարի հետո էլ` այսօր, սենյակում սև կատվին որոնողները մեծ թիվ են կազմում` մոռանալով, որ այդ սենյակում կատու իրականում չկա: Խոսքս տվյալ դեպքում «սև կատու» կոչվող սնահավատության մասին է, մի երևույթ, որը սնահավատությունների շարքում ամենից տարածվածն է, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բավական է խեղճ փիսիկն անցնի մարդու դիմացով... սնահավատի օրվա ու անգամ կյանքի բոլոր անհաջողությունները, սխալներն ու դժբախտությունները բարդվում են հենց այդ սև կատվի գլխին: Շատերն անգամ կարող են սև կատու հանդիպելիս փոխել իրենց ճանապարհը, իսկ ոմանք էլ անհաշտելի բաժանումը հաստատել թևավոր խոսք դարձած արտահայտությամբ` «մեր միջով սև կատու անցավ»: Ո՞րն է սև կատուների հանդեպ նման նախապաշարումի պատճառը, քչերը գիտեն, իսկ մյուսներն էլ ջանում են սեփական մտքի և հոգու սև ու սնահավատ սենյակում փնտրել ու գտնել այդ կատվին:

22.11.11

ՍՆԱՀԱՎԱ՞Տ ԵՔ ԱՐԴՅՈՔ + Թեստ

Անցած գրառումներից մեկի ժամանակ` «ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ», խոսել ենք արդեն, որ կրոնական հավատքի ոչ ճիշտ ընկալման ու կիրառման արդյունքում ծնունդ են առնում հավատքի խոտոր տարբերակներ, որոնց շարքում նաև սնահավատությունը, մի երևույթ, որին «ստրկացված» են գրեթե բոլորը, սակայն որի ներքին բովանդակությունը և կապը հավատքի հետ հայտնի է ոչ բոլորին:
Հայոց լեզվից տարրական գիտելիքն իսկ բացահայտում է, որ «սնահավատություն» նշանակում է հավատք սին, դատարկ, անիմաստ ու փուչ բաների հանդեպ, այլ ոչ թե կենդանի հավատք առ Աստված` լի փրկության վստահությամբ ու լավատեսությամբ: Ավելին, գրեթե բոլոր սնահավատությունները հակառակ Պողոս առաքյալի` վստահություն +լավատեսություն սկզբունքին` առաջ են բերում անվստահություն ու հոռետեսություն, որ հիմնականում ամփոփվում են «դժբախտություն կպատահի», «գործերը վատ կգնան», «հիվանդություն վրա կհասնի», «տունը կմնաս», «մարդ կմահանա» և նմանատիպ արտահայտությունների մեջ:

18.11.11

ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

Այն, որ մարդկության մեծամասնությունը անկարող ու անկարելի է համարում առանց կրոնական հավատալքի ապրելը, այսօր անվիճելի է: Ընդհանուր առմամբ աշխարհում բնակվող արդեն 7 միլիարդ քաղաքացիներին զուտ կրոնական հավատալիքի տեսանկյունից կարելի է բաժանել 4 հիմնական խմբի`

  • հավատացյալներ – մարդիկ, ովքեր հավատում են գերբնական աստվածության գոյությանը: 
  • թերահավատներ – մարդիկ, ովքեր թեական վերաբերմունք ունեն գերբնական աստվածության հանդեպ և երկմիտ են հավատքային հարցերում: 
  • սնահավատներ – մարդիկ, ովքեր հավատ են ընծայում անիմաստ երևույթներին ու առարկաներին` կենդանի հավատքը փոխարինելով թալիսմաններով, կախարդություններով, գուշակություններով
  • անհավատներ – մարդիկ, ովքեր կատարելապես մերժում են գերբնական աստվածության գոյությունը:
Բավական դժվար լուծելի հարց է, թե որքանով են հավատքը և կրոնը փոխկապակցված և երբեմն անգամ նույնական, սակայն հիմա ցանկանում եմ խոսել քրիստոնեական հավատքի տեսանկյունից` միանգամից սկսելով Սուրբ Պողոս առաքյալի խոսքերից. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1): Անկեղծ ասած աստվածաշնչյան այս խոսքը հոգևոր ճեմարանում ուսանելու տարիներիս չափազանց անըմբռնելի և վերացական էր ինձ համար. ես երբեք դրա միջոցով չեմ ընկալել հավատք կոչվող ընդհանրական երևույթի կամ զգացողության բուն իմաստը, և դրա հիմնական պատճառը (այսօր եմ հասկանում) այն է, որ ես հավատքը չէի ընկալում այնպես ինչպես պետք է. հավատքն ինձ համար առավելաբար կրոնական պատկանելություն էր, քան կենդանի կյանք ու զգացում: Եվ դա իմ թերացումն էր...