Showing posts with label եկեղեցի. Show all posts
Showing posts with label եկեղեցի. Show all posts

7.11.11

ԽՆՈՑԻ

Աշնան արևը ծուլորեն պարպում է իր ջերմության վերջին մնացորդները` ջանալով լույսով ցողել Աստծո ամեն մի արարածի: Առաքել պապը` կնճիռների արանքում սքողած նահապետական իմաստությունը, ճակատը` արևին դեմ-հանդիման, նստել է ծռված պատի մոտ` ցածրիկ աթոռին, և երկար ունքերի տակից նայում է տերևաթափ բակին` մտովի վերականգնելով երբեմնի շեն պարտեզը:
- Է՜հ,- բազմանշանակ արտաբերեց պապը և ափով ցավագին զարկեց ծնկին:
Ձեռքը սահեց տաբատի պատռվածքի վրայով. հիշեց պառավին... «Ո՞ւմ ա պետք մենակ մարդը, մի կարկտանի էղածն ինչ ա, առանց կնգա գլուխ չի գալի, էլ չասեմ հայաթը, տունը, մարագը...»,- ծերունական որովայնախոսությամբ քթի տակ մռթմռթաց Առաքել պապը ու ձգվեց դեպի հանգիստ օրորվող խնոցին:
- Հո ՜-պա ՜,- ծանրորեն վանկարկելով` ողջ մարմնով հրեց այն:

28.10.11

ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՉԷ


Հավանաբար հոդվածի վերնագիրն իսկ շատերի սրտով պիտի լինի և ընկնելով օրվա հայկական բամբասակոտ հորձանքի մեջ` շատերը պիտի գրառումս կարդան` ակնկալիք ունենալով սեփական աչքածակությունը հագեցնել այնպիսի տեսարաններով, որտեղ հոդվածագիրը « ...ուրիշի շեն տունն է քանդում` իրեն պետք եկած գերանի համար»: 
Եկեք ընդունենք, որ այսօր եկեղեցուն ու եկեղեցականներին նվիրված բամբասկոտությունները «ամենապահանջված» ու «ամենաընթերցվողներն» են. բավական է էլեկտրոնային որևէ պարբերական անկում նկատի իր օրական «թրաֆիկի» մեջ` անմիջապես հետևում է «եկեղեցաֆիկացված» որևէ հոդված (կապ չունի ճշտված, թե կեղծ տեղեկատվությամբ) և իրենց Դանկոյի տեղ դրած հոդվածագիրները սկսում են տեղին-անտեղի փնովել եկեղեցուն, դրա կառույցներում գործող մարմիններին, եկեղեցական ստորինից մինչև վերին աստիճանում գտնվող հոգևորականներին (սա կոչվում է Հայի ցավ). «եկեղեցին այս չի անում, այն չի անում, պիտք է այսպես անի, ընդհանրապես պետք չէ, որ անի...»: Մարդիկ էլ կարդում ու թվացյալ ստվերի ֆոնի վրա իրենք իրենց լույս են կարծում` չանելով ոչինչ ավելին քան կոկորդ պատռելն է. «եկեղեցին իր դիրքերում չէ»:

3.10.11

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Եկեղեցական այն աստիճանները, որ այսօր առկա են և օգտագործվում են Հայոց Եկեղեցում, իրենց ծնունդն ու պատմական զարգացումն են ապրել` ելնելով եկեղեցիներում սպասավորության տարբեր ոլորտների անհրաժեշտությունից:
Այսուհանդերձ Ավանդական բոլոր եկեղեցիներում (եկեղեցիներ, որոնք հիմնադրվել են Քրիստոսի աշակերտների կողմից) գոյություն ունի նվիրապետական 3 հիմնական աստիճան`
  1. սարկավագ
  2. քահանա, 
  3. եպիսկոպոս: 
Սա բնորոշ է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որում սակայն, ինչպես և մյուս ավանդական եկեղեցիներում ժամանակի պահանջից ելնելով առաջ են եկել այսպես ասած ենթաաստիճաններ` կապված վերոնշյալ 3 հիմնական կղերական աստիճանների հետ:
Այսպես այսօր հայոց եկեղեցում առանձնացվում է եկեղեցականների 9 աստիճան  (սա զուգահեռվում է հրեշտակների 9 դասերի հետ)`
Ձեռնադրություն
  1. դռնապան
  2. ջահընկալ
  3. գրակարդաց 
  4. երդմնեցուցիչ 
  5. կիսասարկավագ 
  6. սարկավագ 
  7. քահանա 
  8. եպիսկոպոս
  9. կաթողիկոս 

Առաջին 4 աստիճանները կրտսեր եկեղեցականներին տրվում են մեկ ընդհանուր դպիր անվամբ` իշխանություն տալով եկեղեցու դուռը բացել, մաքրել ու կարգուկանոն պահպանել եկեղեցում, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել:

22.7.11

«ՇՈՐՏԻԿ-ՄԱՅԿԱՅՈՎ» ԵԿԵՂԵՑԻ

Գիտեմ, շատերը գրածս պիտի փորձեն օգտագործել իմ և այն եկեղեցու դեմ, որի նվաստ սպասավորն եմ ես, բայց խնդրում եմ ընթերցողիս լայնախոհ լինել և ըմբռնել այն, ինչ ուզում եմ ասել:
«Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում ինձ պատիվ է վիճակվել մի քանի անգամ խոսելու «Եկեղեցի» թեմայի շուրջ և ամեն անգամ զրույցի ավարտին ինքս ինձ համար հաստատել եմ, որ «եկեղեցի» հասկացությունը բավականին աղճատված ու ոչ պարզ են հասկանում նույնիսկ եկեղեցական կյանքին մոտ շատ երիտասարդներ: Մի քանի օր առաջ տեղի ունեցած մի դեպք ինձ ստիպեց հարց ուղղել ինքս ինձ. «իսկ դու գիտես, ի՞նչ է Եկեղեցին»: Թերևս հարկ է, որ հիմա ես ջանքեր գործադրեմ ընթերցողին մատուցելու, թե ինչ բան է Քրիստոսի Եկեղեցին, սակայն գրելուս նպատակն այդքան էլ այդ չէ...
Դիլիջանում հանդիպեցի տեղի հոգևոր հովվին` Տեր Շավարշին, հետաքրքրվեցի տիրող հոգևոր վիճակով, ասաց, որ եկեղեցի դեռ չկա քաղաքում, շուտով կկառուցեն, իսկ ինքը ջանքեր է գործադրել ու քաղաքի կենտրոնին մոտ մի սենյակ վերածել է ժամանակավոր եկեղեցու: Շատ ուրախացա և որոշեցի հաջորդ օրն իսկ գտնել այդ աղոթատունը. գտանք, աղոթեցինք... Եկեղեցուց դուրս գալուց մի քանի քայլ հեռու մի մեծ խումբ մանուկներ տեսա, որոնց մեջ մի քանի միջին տարիքի օտարերկրացիներ: Խումբն առաջացավ ու տեղ գրավեց Առաքելական Եկեղեցուց 50 մետր հեռու գտնվող մի բացօթյա ամֆիթատրոն-սրահում: Ինձ խումբը տարօրիանկ թվաց, որովհետև օտարերկրացիները բավական արտառոց էին հագնաված` կիսատաբատներ, սպորտային վերնաշապիկներ, ներկած դեմքեր (մեկն անգամ կանաչ էր ներկել մորուքը):
Խմբին հասա, երբ երեխաներին պաղպաղակ էին բաժանում: Սկզբում կարծեցի, որ մանկատուն է կամ դպրոցական դասարան, հանդիպել են ուղղակի օտարերկրացիների, նրանք էլ զվարճացնում ու հյուրասիրում են երեխաներին (մոտ 8-15 տարեկան աղջիներ ու տղաներ էին): Բայց շուտով սկսվեց այն, ինչ ցույց կտամ ստորև.


6.6.11

ԱՐԺԵ՞ ԴԱՌՆԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐ /ՄԱՍ 3/

Տես նաև`
«ԱՂԱՆԴ» տերմինն այսօր ամենատարածվածն է «նոր կրոնական շարժումենրը» կարճ բնորոշող բառերից: Անվանեք այդ շարժումներն ինչպես կուզեք` հարանվանություն, դենոմինացիա, կոնֆեսսիա, կրոնական կազմակերպություն կամ մեկ այլ բան, անձամբ ես կգերադասեմ հաճախ օգտագործել սոսկ «աղանդ» կամ «աղանդավոր» բառերը` հարմարության, տարածվածության և կարճ լինելու, այլ ոչ գաղափարական տեսանկյունից: Առհասարակ «աղանդ» բառը հասարակության մեջ երկատված ազդեցություն ունի. ոմանք ատելություն են քաղում դրանից, զզված ու թթված դեմք ընդունում, անհանդուրժողականություն դրսևորում, մյուսները պաշտպանում են փոքրամասնական իրավունքները, խղճի և կրոնի ազատություն բարձրագոչում, ներկայացնում ու ներկայանում իբրև զոհ և հալածյալ: Անշուշտ, այս երկու ստվար բանակների կողմնորոշումների վրա իրենց ազդեցությունն ունեն մի շարք գործոններ, որոնց մասին «գաղափարակիրները» գուցե չեն էլ կասկածում, սակայն մի բան ակնհայտ է. մարդկանց աղանդների ծոցը քաշող ինչ-որ բան կա, որի հանդեպ անտարբեր չեն կարողանում մնալ ոչ աղանդավորները: Ահա այդ քարշակների դիտարկմանն է ուղղված փոքրիկ ակնարկների այս շարքը, որը ոչ այլինչ է, եթե ոչ սոսկ հեղինակիս մտահանգումների շարանը, մտքեր ու կարծիքներ, որոնք շատ հնարավոր է սուբյեկտիվությունից այն կողմ չանցնեն էլ, ուստի խնդրանքս է քեզ, ընթերցո´ղ, վիրավորական և անհարիր ոչինչ չնկատել այստեղ և շարքի հետագա գրություններում: Ամեն ակնարկի ավարտին պիտի խնդրեմ ուղղակի հարց ուղղես ինքդ քեզ . «Արժե՞ դառնալ աղանդավոր»:

SHOW MUST GO ON!!!
Հոդվածաշարի նախորդ ակնարկում` «Դու փրկված ես», անդրադարձ էի կատարել այն մարդկանց, ովքեր գտնվելով աղանդավորության մեջ, ինքնախաբեությամբ իրենց համարում են ընտրյալ և փրկված, գիտակ հոգևոր ամեն բանի: Այսօր նպատակս է առավելաբար խոսել նրանց մասին, ովքեր իրենց ներսում են կրում աղանդավորությունը: Մի քանի օր առաջ ներկա էի հարսանեկան խրախճանքի. սնապարծություն թող չդիտվի, բայց ես երևի նման առիթներին ներկա բացառիկ մարդկանցից եմ, ով աշխատում է ուշի ուշով լսել բոլոր կենացներն անխտիր. դրանց միջոցով հաճախ տարիների փորձառություն է փոխանցվում, հաճախ մարդկային խառնվածք ջրի երես ելնում, իսկ ավելի հաճախ զավեշտալի ու անհեթեթ մտքեր են լույս աշխարհ գալիս: Ահա այս վերջին անգամ հնչած ամենազավեշտալի միտքն այս էր. «...քանի որ մեր Աստվածը քրիստոնյա ա, մեր էրեխեքը ապահով ու երջանիկ պիտի լինեն...» (ասողը 60-ին մոտ, կիրթ արտաքինով և նախկինում կոմունիզմի առաջամարտիկի ակնհայտ կեցվածքով մի տղամարդ էր): Անշուշտ կարելի է ասվածի մեջ բովանդակություն կռահել, բայց...