28.10.11

ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՉԷ


Հավանաբար հոդվածի վերնագիրն իսկ շատերի սրտով պիտի լինի և ընկնելով օրվա հայկական բամբասակոտ հորձանքի մեջ` շատերը պիտի գրառումս կարդան` ակնկալիք ունենալով սեփական աչքածակությունը հագեցնել այնպիսի տեսարաններով, որտեղ հոդվածագիրը « ...ուրիշի շեն տունն է քանդում` իրեն պետք եկած գերանի համար»: 
Եկեք ընդունենք, որ այսօր եկեղեցուն ու եկեղեցականներին նվիրված բամբասկոտությունները «ամենապահանջված» ու «ամենաընթերցվողներն» են. բավական է էլեկտրոնային որևէ պարբերական անկում նկատի իր օրական «թրաֆիկի» մեջ` անմիջապես հետևում է «եկեղեցաֆիկացված» որևէ հոդված (կապ չունի ճշտված, թե կեղծ տեղեկատվությամբ) և իրենց Դանկոյի տեղ դրած հոդվածագիրները սկսում են տեղին-անտեղի փնովել եկեղեցուն, դրա կառույցներում գործող մարմիններին, եկեղեցական ստորինից մինչև վերին աստիճանում գտնվող հոգևորականներին (սա կոչվում է Հայի ցավ). «եկեղեցին այս չի անում, այն չի անում, պիտք է այսպես անի, ընդհանրապես պետք չէ, որ անի...»: Մարդիկ էլ կարդում ու թվացյալ ստվերի ֆոնի վրա իրենք իրենց լույս են կարծում` չանելով ոչինչ ավելին քան կոկորդ պատռելն է. «եկեղեցին իր դիրքերում չէ»:
Որքա՜ն համամիտ եմ այս մտքի հետ. իսկապես եկեղեցին արդեն շուրջ 1 դար (գոնե ես այդքանը գիտեմ) իր դիրքերում չէ, որովհետև երբ ասում են եկեղեցի, այսօր, չգիտես ինչու (ես կասեի պատասխանատվության հարց է), նկատի ունեն լոկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հովվապետով և սպասավորներով (նույնն է պարագան նաև պետության հարցում. պետություն ասելով հասկանում են սոսկ նախագահին և վարչակազմին): Բայց հարց եմ ուզում տալ. ո՞ւմ է պետք «պետությունն» առանց ժողովրդի, ո՞ւմ է պետք «Եկեղեցին» առանց հավատացյալի... Ոչ մեկի և ոչնչի պետք չեն, միանշանակ, և ինքնին գոյություն էլ չեն կարող ունենալ: Քրիստոնեական աստվածաբանությունն էլ է այդ ասում` Եկեղեցին (հուն.`  էկլեզիա) ժողովուրդն է որ կա, հավատավոր ժողովուրդը, նա, որ մի է հավատքի ծննդյամբ, նպատակով, առաքելությամբ, միասնական է` որպես Քրիստոսի մարմին (Հռոմ. 12:5), միասնական հոգևորականի և աշխարհականի անբաժանելի կապով: Որքա՜ն է այս պակասում Հայոց Եկեղեցուն, քանի՞սն է այս ճշմարտությունը գիտակցում... Եկեղեցին ՄԵՆՔ ենք, բոլորս, որ իսկապես մեր դիրքերում չենք... Հասկացեք վերջապես, միայն հոգևորականով Եկեղեցի չի լինում, մի´ անջատեք ինքներդ ձեզ եկեղեցուց և հեռվից քարանետ արեք նրան իբրև արդարներ (տե´ս ՇՈՒՆԸ), դրանով երբեք եկեղեցին ձեր պատկերացրած ստվերից չեք հանի, ինչպես չեք բուժի ձեր գլխացավը` սեփական գլուխը կտրելու միջոցով...
Միայն այն ժամանակ, երբ որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին առաջ կընթանա իր հոտ ու հովվի միասնականությամբ, այդ ժամանակ է, որ լի իրավունքով կարող ենք արժանորեն շեշտել, որ «ծուռ է ունքը մեր այսինչ հարցերում» և կամ էլ գրել, որ «Եկեղեցին այսօր, իսկապես, իր դիրքերում է»: Հակառակ դեպքում աղմկում, վիրավորում և հայհոյում ենք ինքներս մեր հասցեին, որովհետև ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՆՔ ԵՆՔ...

Հ.Գ. Գուցե շատերը կարդան այս ակնարկը ու ուզենան ինձ մի լավ «ցեխը մտցնել», պիտի առաջարկեմ ժամանակ չվատնել ինձպեսի վրա: Կուզենայի այդ նույն ջանադրությամբ Աստվածաշունչ կարդայինք. վստահ եմ Աստված կօրհնի այդ քայլը:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

17 արտահայտվիր:

Anonymous said...
10/28/11, 4:35 PM

«Առաջնորդ» բառը լավ էր ընտրված։ Առաջնորդը պիտի օրինակ ծառայի հետևորդներին։ Եթե ամեն մեկը կարողանակ իրեն ուղղել ուրիշին քննադատելու փոխարեն, ամեն մեկը կլիներ առաջնորդ։ Առաջնորդը պիտի օրինակ ծառայի նաև այն մարդկանց համար, որոնք մոլորության մեջ են ու անտեղի քար են նետում սրա-նրա վրա։ Առաջնորդը պիտի այնպիսին լինի, որ մարդ ուզենա նրան հետևել։ Ինչի՞ նույն խնդիրը չկար Վազգեն առաջինի ժամանակ։ Վազգեն առաջինին համարում եմ հայ կաթողիկոսի օրինակ։
Շնորհակալություն
Հ․Գ․ Կներեք, որ ժամանակ ծախսեցի և գրեցի այսքանը։ Էլ չեմ շարունակի

Srk. said...
10/28/11, 7:43 PM

@Анонимный : Որքան փնտրեցի, «առաջնորդ» բառը չգտա գրածիս մեջ, այլ ավելի հիշեցի հին չինական ասացվածքը. «Ճշմարտությունը ոչ թե ասողի շուրթերին է, այլ լսողի ականջներում»: Ես խոսում եմ եկեղեցի-ժողովրդի մասին, դուք խոսքը տանում եք դեպի եկեղեցականները: Ես չեմ անձնականացնում հդվածը, այլ ավելի ընդհանուր եմ խոսում: Շնորհակալություն:

Anonymous said...
10/28/11, 8:51 PM

Анонимный Եթե "Առաջնորդը պիտի օրինակ ծառայի նաև այն մարդկանց համար, որոնք մոլորության մեջ են ու անտեղի քար են նետում սրա-նրա վրա" հատվածում "մոլորության մեջ" ասելով նկատի ունի մեր Եկեղեցուց շեղված աղանդավորներին, կամ պարզապես անհավատներին, ապա կարելի է համաձայնել, որ մեր Եկեղեցին պետք է իսկապես նրանց օգնի` մի լավ "քոթակ" տալով, որ մի օր մոլորությունից դարձի գան: ՈՒ քանի որ մենք էլ ենք նաև մեր եկեղեցու մի մասը, ուրեմն մեզ էլ չպետք է հեռու պահենք պատասխանատվությունից:
P.S. I am not the Anonymous above))))))))

Anonymous said...
10/28/11, 9:09 PM

Վայ, ճիշտա, կներեք, չգիտեմ ինչու էր առաջնորդ բառը տպավորվել մեջս։ Բնավ աղանդներին ի նկատի չունեմ։ Աղանդները առանձին թեմա են։ Ես չեմ հասկանում ի՞նչ ի նկատի ունեք եկեղեցի ասելով։ Ելեղեցականներն ինձ համար եկեղեցու մի մաս են կազմում։ Եթե եկեղեցականը իրեն վայել չի պահում ապա ի՞նչ պահանջենք զրպարտողից, որ գոռում է «եկեղեցին իր դիրքերում չի»։ Ասածս դա էր։ Իսկ մյուս բանը, որ էլի շեշտել եմ՝ «Ինչի՞ նույն խնդիրը չկար Վազգեն առաջինի ժամանակ»։ Սակայն, եթե դուք եկեղեցականներին ի նատի չունեիք ես ներողություն եմ խնդրում՝ այդ դեպքում իմ գրածը թեմայի հետ կապ չուներ։ Եկեղեցին միշտ էլ իր դիրքերում է, այն ոտքեր չունի, որ ուրիշ շենքերի դիրքերը գրավի։

Anonymous said...
10/28/11, 9:19 PM

Анонимный 1-ին,
Թեմայից շեղվելով` ասեմ, որ մեր ազգը հիշողության հետ կապված բողոքներ, այո, ունի:
Չանդրադառնամ, թե Վազգեն Ա-ի անձնական կյանքից ինչեր էին բամբասում, մենակ հիշեցնեմ Շարժման տարիները, երբ Անկախության համար պայքարած, Ղարաբաղյան հարցը տասնյակ տարիներ բարձր ատյաններում բարձրացրած մարդուն` Վազգեն Ա-ին, նույն ժողովուրդ-եկեղեցին հայհոյում էր, իսկ սպիտակած կաթողիկոսը, արցունքներն աչքերին, հեռանում էր բեմահարթակից ԴԱՎԱՃԱՆ, ԴԱՎԱՃԱՆ վանկարկուների ներքո:
Իսկ հեղինակին կասեմ. Երանի այն օրը, երբ կկարողանանք արժանորեն շեշտել, որ «ծուռ է ունքը մեր այսինչ հարցերում»:

Anonymous said...
10/29/11, 12:20 AM

Knereq hima Haykakan fond chnem,,,,,,,, Es iharke haskanum emdzer cav@ bayc inch vor cane ajn el khndzes,,, Vakabekutunner canox@ varkabekutun khndzi....U hech pet ch zarmanal..... isk joxovrdic pahanjeluc araj nran ser e petq tal voch te xosqov ajl kjanqov..... isk dzer kriv@ miajn finansneri masin e ajs axand@ ajsqan pox uni,inchi piti menq harker tanq ev ajln,,,, arje veranael ajn arjeqner@ vorov aprum e ekexecin ,,,,,,,,,

Srk. said...
10/29/11, 8:29 AM

Քանի որ ԱՆՈՆԻՄ գրողները շատանում են և դժվարանում է նրանց զանազանելը, կպատասխանեմ ընդհանուր:
Սիրելիներ ի՞նչ է նշանակում «եկեղեցին սեր պիտի տա, եկեղեցին ֆինանսներից է խոսում»: Ձեր ասածն ու արածը միանշանակ խուսափում է պատասխանատվությունից: Հավանաբար մեկ անգամ ընթերցելով դժվար է ըմբռնվում հոդվածի ասելիքը: Ո՞վ է այդ եկեղեցին, եթե ոչ դուք, իսկ դուք ինքներդ և ձեր շրջապատը ի՞նչ եք անում մարդկանց մեջ սեր տարածելու գործում, կամ արդյո՞ք պարտքերն ու ֆինանսները ձեր առօրյա մտահոգությունը չեն: Ինչո՞ւ եք ամեն բան բարդում եկեղեցականների գլխին, չէ՞ որ աշխարհականների չնչին հատվածն է, որ որպես եկեղեցի կանգնած է հոգևորականության կողքին: Կողքին կանգնած ասելով նկատի չունեմ պաշտպանելը, այլ եկեղեցական կյանքով ապրելը, եկեղեցու առաքելությանը զորավիգ լինելը: Չէ, այսօր ամեն մեկը իրեն համարում է քրիստոնյա, բայց եկեղեցու մաս չէ, եկեղեցին մնացել է հոգևորականությանը, դրա համար էլ «իմ ու քո» ենք անում: Այ դա կատարյալ պառակտում է, որ չարից սերմանվել է մեր ժողովրդի մեջ: Եվ հետո, արդյո՞ք եկեղեցական կյանքի ցանկացած ձեռքբերում ձերը չէ, սերունդներինը չէ, թե՞ ինձ ու ժառանգներիս պիտի մնա որպես կտակ: Լայն մտածեք ու կյանքին մի նայեք միայն ձեր «փանջարայից». եկեղեցին միշտ էլ եղել ու մնում է հավատացյալներինը և հավատացյալներն են ինքնին ԵԿԵՂԵՑԻՆ, դրա տերն ու տիրակալը: Եկեք ավելի շուտ ճամփաներ որոնենք ԵԿԵՂԵՑԻ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ անդունդը վերացնելու համար: Եթե ամեն մի քրիստոնյա 1-2 բահ քրիստոնեական հող նետի այդ անդունդի մեջ, կարճ, շատ կարճ ժամանակում անդունդը կլցվի և կատարյալ կդառնա ԵԿԵՂԵՑԻՆ ու կհայտնվի ճիշտ դիրքերում թե իր հոգևոր, թե աշխարհական մասերի տեսանկյունից, հակառակ դեպքում ամեն բան դարձյալ պիտի մնա հոգևորականների ուսերին, հոգևորականների պատճառով, հոգևորականների դեմ... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Տաթևիկ said...
10/29/11, 1:40 PM

Ի հակառակ "ով ինչ ցանի այն էլ կհնձի"-ին կասեմ, որ "ամեն հոտ արժանի է իր հովիվին":

Արմեն said...
10/29/11, 6:57 PM

Ես 1-ին և 4-րդ մեկնաբանությունների տեր անանունն եմ։ Հիմա թյուրիմացությունից խուսափլեու համար կգրեմ պայմանական մի անուն։
Եկեղեցի-հասարակություն անդունը փաստորեն ընդունում եք։ Դե էդ դեպքում ես որպես հասարակություն հարցնում եմ եկեղեցուն, այսինքն եկեղեցուն չէ, լավ էլ եկեղեցականին․
-Ո՞ւր եք, երբ հայոց լեզվի համար է հասարակությունը պայքարում, ո՞ւր եք երբ օտարալեզու դպրոցներին դեմ ենք գնում, ո՞ւր եք երբ պետք է կանգնած լինեք Թռչկանում․․ Ո՞ւր եք։ Դուք հասարաության մաս չե՞ք։
Ես չեմ ասում հիմա, այստեղ քննարկենք այս խնդիրները, ես ասում եմ, որ եկեղեցին էլ հասարակության կողքին կանգնած չէ։ Չեմ էլ ուզում պարզեմ ո՞վ է մեղավորը այդ անդունդի, այլ կողջունեմ նրան, ով քայլեր կանի անդունդը քանդելու։ Ես չեմ տեսնում եկեղեցուն ժողովրդի կողքը կանգնած։ «Ծախիր ունեցվածքդ և բաժանի աղքատներին» Կա՞ այսպիսի եկեղեցական։ Կա՞ հոգևորական, որ եթերից կհնչեցնի գյուղացու խնդիրների մասին և կոչ կանի կառավարությանը օգնել գյուղացցուն թե՞ մենք ծպտված հոգևորականներ ունենք, որոնք այս հարցերը չեն քննարկում և տարված են եկեղեցու խնդիրներով։ Իսկ որո՞նք են եկեղեցու խնդիրները․․ միթե՞ դա ժողովուրդը չէ, ժողովրդին սատար կանգնելը չէ։ Սա էր ասածս։ Մի՛ մեղադրեք հասարակությանը։

Srk. said...
10/29/11, 8:01 PM

@Արմեն :Ուրախ եմ, որ գոնե պայմանականորեն անուն կա: Այն հարցերը, որ բարձրձայնվեցին և մի բան էլ դրանցից առավել, վստահեցնում եմ, որ այս կամ այն կերպ եկեղեցականների կողմից արժանի լուծում գտնում են, ուղղակի այս պարագայում, ինչպես կարգն է, ձախ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում աջը: Պետք չէ աչքի առաջ մի քանի մշուշոտ օրինակ ունենալով ամբողջ ստվերը տարածել բոլորի վրա: Իսկ ես հասարակությանը և առհասարակ ոչ ոքի չեմ մեղադրում ինձանից բացի /բնավորությունս է այդպիսին/, ուղղակի կոչ եմ անում սթափվելու ու հասկանալու թե ինչ է իրականում «եկեղեցին», բայց կոչս էլ, որքան հասկանում եմ, չի ըմբռնվում, որովհետև եկեղեցի ասելով դարձյալ հասկանում եք սոսկ եկեղեցականներին:
Անդունդը քանդելով այն ավելի կխորացնենք Արմեն ջան, անհրաժեշտ է այն լցնլ սիրով ու քրիստոնեությամբ:
Հ.Գ. Ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը և «բողոքը» և հնարավոր է կիսեմ այն շատուշատ հարցերում, սակայն ուզում եմ նաև վեր կանգնենք քննադատությունից, մեղադրանքներից ու բամբասանքներից ու քննարկենք, թե ինչպես կարելի է հարցը լուծել, լուծել հօգուտ ԵԿԵՂԵՑՈՒ հզորության: Շնորհակալ եմ:

Anonymous said...
10/29/11, 10:04 PM

Ընթերցող

Անմիտ չեն նրանք, որոնք չեն գոռում,
Ում ներսն է դատարկ, նա է որոտում:
Շեքսպիր

Srk. said...
10/30/11, 8:19 AM

@Анонимный : Չեմ կռահում, թե ընթերցողի երկտողը ում էր ուղղված (գուցե բոլորիս̸̸̸), բայց շնորհակալ եմ շեքսպիրյան մարգարտին հաղորդ դարձնելու համար:

Unknown said...
10/30/11, 12:01 PM

Ես ինձ մեղավոր ճանաչում եմ թվարկված բոլոր կետերով, ու հիմա էլ բահս առել եմ ձեռքս, և շուրջբոլորս գոյացացծ անդունդներն եմ փորձում ծածկել, միայն սիրով և խոնարհությամբ մարդկանց ծառայելով կարող եմ բարի պտուղներ քաղել:
Շնորհակալություն

Anonymous said...
10/31/11, 1:42 PM

Կեցցես զավակս, ճիշտ նկատառումներ ունես...հպարտ եմ քեզնով ու քեզ նմաններով ...
Z.

Սոսե said...
11/1/11, 9:46 AM

Ամեն մի ընտանիք արդեն իսկ եկեղեցի է,եթե մարդ կարողանում է քրիստոնեավայել դաստեարակել երեխաներին,արդեն իսկ,որոշ չափով եկեղեցին իր դիրքերում է,մուրացիկի կողքով անցնելիս անտարբեր չանցնելը, մարդականց անշահախնդրորեն սեր տալը,չբանբասելը,հոգևորականներին չզրպարտելը,չհայհոյելը և այլն սրանք բաներ են որոնց առկայաության դեպքում եկեղեցին իր դիքերում է:Ասածս այն է ,որ յուրաքանչյուր ոք եկեղեցու շեն կամ երերուն մի հիմնաքար է:Որքան անսասան լինի մեր ամրությունը ,այնքան հզոր կլինի մեր հայ առաքելական եկեղեցին:
Հ.Գ Ի վերջո զուր է ամեն մեր արած մի փոքր բան,եթե դա արվում է երեսով տալու համար ` ես անում եմ ,հոգևորականները չեն անում:Եթե յուրաքանչյուր ոք,ով շահագրգռված է կեղեցու զորացման հարցում աղոթքը սկսի իր աչքին թվացող եկեղեցու «ամենաբաց»կողմի համար ,կարճ ժամանակ հետո,հավատացեք,կզորանա եկեղեցին կքչանան աղանդավորները և կլինի մի ընդհանրական Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի:

Հերմինե said...
11/4/11, 10:24 AM

Շաաաաաաատ-շաաաաաաաատ սրտով էր,շատ դիպուկ խոսքեր են, ես ուղղակի ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել.. Ընդհամենը կուզեմ, որ շատերը սա կարդան, քանի որ ունեն դրա կարիքը...

Srk. said...
11/24/11, 10:57 AM

Այ սա էլ իմ սրտով է` կարդացեք անպայման`

http://www.ejournal.am/news/society/2011-11-24/469/?fb_comment_id=fbc_10150482726795152_21579436_10150482919410152#f2a52a16c

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...