Showing posts with label այլ. Show all posts
Showing posts with label այլ. Show all posts

10.12.12

ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՏԵՂ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ


Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված  է զգում: Ճախրում ես բամբակե ամպերի վրայով, և թվում է հիմա «ամենակարող» ձեռքդ կերկարես ու մի ճերմակ քուլա կքաղես ամպից` սիրելիներիդ նվիրելու համար: 
Կամ... ուշադիր զննում ես դիմացիդ գեղապատկերը` թեթև ու մաքրագործելու չափ ջինջ, և ներսումդ մանկությունից դեռ մնացած մի փափագով Աստծուն փառաբանող հրեշտակներ ես փնտրում:

4.12.12

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԶՈՐԱԿԻՑ

Շատերդ գիտեք` 2012-ի ապրիլից որպես այցելու հովիվ շաբաթական 2 օր փոքրիկ քարոզչություն եմ իրականացրել ԱՀԹ Մասիսի շրջանի Հայանիստ, Դարբնիկ և Զորակ գյուղերում: Ութ ամիսը լիովին բավարար էր մեծ փորձառություն ձեռք բերելու, սեփական ուժերը հավասարակշռելու և հասկանալու մի պարզ ճշմարտություն. Երևանից ցանկացած ուղղությամբ առնվազն 20 կիլոմետր հեռացիր ու կտեսնես, թե ինչքան է տարբեր կյանքը: Կան, շատ պակասություններ, կան` նյութական, բարոյական, սոցիալական, հոգևոր, բայց մի բանի պակաս մարդիկ ամենից շատն ունեն, ճիշտ էր նկատել Աստղիկ Հակոբյանը` մարդիկ ամեն ինչից շատ ՍԻՐՈ պակաս ունեն: Բավական է սիրո մի փոքր կայծ վառես, ու սերը չարքաշ կյանքից սրտնեղած այդ մարդկանցից անմիջապես անդրադառնում է քեզ: Չէի անի այս գրառումը (ինքնագովազդ չեմ սիրում), ուղղակի Զորակ գյուղի աշակերտների մատուցած հրաժեշտի անակնկալը ստիպեց ինձ հուզվել:

19.11.12

«ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ». ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, թե՞ ՀՈՐԻՆՎԱԾՔ

Երբ առաջին անգամ դիտեցի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը (Դեն Բրաունի համանուն գիրքը, անկեղծ ասած, այդպես էլ չկարդացի) տակավին ուսանող էի։ Ակնհայտ էր, որ ֆիլմը և դրա սյուժեի հիմքում ընկած գիրքը գեղարվեստական ֆանտաստիկայի ժանրից են, սակայն պղտորված այս ջրում շատերը փորձեցին ձուկ որսալ, իսկ շատերն էլ՝ հարցերից առհասարակ անտեղյակ, Աստվածաշունչից 1-2 նախադասություն կարդացած (կամ գուցե ընդհանրապես չկարդացած), հեշտությամբ կուլ տվեցին խայծը։ Որպես հետևանք՝ մարդկանց մոտ ձևավորվեց այն կարծիքը, թե իբր քրիստոնեական Եկեղեցին դարեր շարունակ թաքցրել է պատմական իրականությունը՝ այն, որ Հիսուս Քրիստոս ամուսնացած է եղել Մարիամ Մագդաղենացու հետ և նրանք զավակ ու ժառանգներ են ունեցել։ «Գաղտնիքի» բացահայտումը, պարզվում է, թաքցրել է միջնադարի մեծագույն հանճար Լոնարդո դա Վինչին։ Այս ամենը փաստելու համար Բրաունը կառչել էր այնպիսի անհաստատ աղբյուրներից ու հիպոթեզներից, որոնք ամեն մի լուրջ գիտնականի ու աստվածաշնչագետի ծիծաղը կհարուցեին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ գիրքը, ֆիլմը և ընդհանուր գաղափարը ամենևին էլ գիտական չէին, այլ սոսկ՝ գեղարվեստական։ Միամիտ լինենք այնքան, որ մտածենք, թե գիրքը գրվել, վաճառվել ու բեստսելլեր էր դարձել զուտ կոմերցիոն նպատակներով, այսուհանդերձ համապատասխան պաշար չունեցող ընթերցողի ու դիտողի ընկալումներում այն կասկածի տակ էր դնում Հիսուս Քրիստոսի ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։


8.10.12

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ - ԷՋՄԻԱԾԻՆ

Համայն հայության հոգևոր մայրաքաղաքը՝ Էջմիածինը, ի տարբերություն աշխարհի շատուշատ քաղաքների, իր տոնը նշում է տարվա մեջ 2 անգամ։ Թերևս ես կառանձնացնեի այդ տոները որպես Սուրբ Էջմիածնի Տոն, որը նշվում է Հոգեգալուստի տոնից 2 շաբաթ հետո՝ տոնախմբելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ ՄԻԱԾՆԻ ԷՋՔԻ (այստեղից էլ՝ ԷՋՄԻԱԾԻՆ) տեսիլքը և Հայոց հողում քրիստոնեության հաստատումը, և Վաղարշապատ քաղաքի տոն, որը, չնայած Վաղարշապատի 2699-ամյա պատմությանը, նշվում է միայն վերջին տարիներին այս՝ հոկտեմբերի 8-ի օրը։ Մի տեսակ խճճված է իմ ծննդավայր այս քաղաքի անվան հարցը, քանի որ մինչև 20-րդ դարի կես այն հայտնի է եղել որպես Վաղարշապատ, իսկ այսօր այն առել է իր սրտի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անվանումը և կոչվում է պարզապես ԷՋՄԻԱԾԻՆ։ Անվանումների այս «թնջուկը», միևնույն ժամանակ, առիթ է ստեղծել տոնելու Էջմիածնի տոնը տարեկան 2 անգամ, ինչը կարծում եմ, հիանալի է։


25.9.12

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ cover photo -ներ

Համացանցում բավականաչափ առատ են Ֆեյսբուքյան ետնանկարները (timeline cover photo) ամենատարբեր թեմատիկաներով, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից հետաքրքիր ու կրեատիվ: Ինձ դուր է գալիս այն, որ հաճախ այդ պատկերները որոշակի դաստիարակիչ, միավորող ու հստակ պատգամներ արտահայտող ենթատեքստեր են ունենում: Բայց մի բաց, հասկանալի պատճառներով, ակնհայտ է. ետնանկարների բազմազանության մեջ չափից դուրս քիչ են քրիստոնեական, հոգևոր և աստվածաշնչյան թեմաների ու տեքստերի առնչվող cover photo-ները: Այդ իսկ պատճառով տկար ուժերիս ներածին չափով ձեռնամուխ եղա դրանցից մի քանիսի պատրաստմանը: