Showing posts with label այլ. Show all posts
Showing posts with label այլ. Show all posts

24.8.12

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբ շուրջ 1 ամիս առաջ որոշեցի կազմել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը և որոշակի վիճակագրություն ներկայացնել ընթերցողին, ամենևին պատկերացում չունեի, թե ինչ ելք կունենա։ Սպասում էի, որ սուր քննադատություն պիտի լինի, թե ով եմ ես, որ չափեմ որևէ մեկի հավատքը կամ քրիստոնյա լինելը, և թե ինչպես կարող է նման թեստը օբյեկտիվ ու լիարժեք պատասխան տալ և այլն և այլն։ Եղան անշուշտ նման քննադատություններ, սակայն շատ քիչ (հակված եմ կարծելու, որ քննադատողները նրանք էին, ովքեր սեփական անձի դատապարտությունն էին տեսնում հարց ու պատասխանի մեջ). չքննադատողներն, ըստ երևույթին, մտաբերում էին արտահայտված իմ այն միտքը, թե «Անշուշտ միամիտ կլիներ կարծել, թե 25 կարճ հարցերի միջոցով պիտի միանգամայն իրական պատկեր ստանանք...»։ Ի հեճուկս քննադատողների և ի զարմանս ինձ, շատ ավելին եղան թեստի մասին դրական կարծիքները։

22.8.12

Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ ԲԱՆՆ

Ի սկզնաէ էր Բանն... Ամեն բան աշխարհում ստեղծվեց Խոսքի միջոցով. «Աստված ասաց, և եղավ...» (Ծննդ. 1:3): Խոսքն Ադամի շուրթերում եղավ Աստծո հետ շփման միակ միջոցը...
Համացանցն ու սոցիալական կայքերն օրավուր ընդլայնում են իրենց տիրույթը` ներգրավելով ավելի ու ավելի շատ օգտատերերի: Լավ է, բազում տեսանկյուններից այն հսկայական հնարավորություններ է ընձեռում մարդկանց ու աշխարհին, բայց... Վերջերս մի մուլտֆիլմ դիտեցի, որն ինձ բավականաչափ զվարճացրեց (որովհետև մեզ տեսա) և սթափեցրեց (որովհետև մեզ տեսա): Մտածեցի, որ սոցիալական ցանցերը, իրենց ունեցած օգուտին զուգահեռ, ամենամեծ նպաստն են բերում մարդկանց հակասոցիալականացմանը: Բացատրեմ:

20.8.12

ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

Ո՛չ, այսօր ի զարմանս շատերիդ, չեմ խոսելու Դարվինի տեսության շուրջ, չեմ հիմավորելու և չեմ քննադատելու այն։ Այսօրվա վերնագիրը այլ բանի է վերաբերում։ Դեռևս մեկ տարի առաջ (տե՛ս ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈ՛Ղ) օգոստոս ամիսը հայտարարել էի , ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ մեկամսյակ, և դրա բուն պատճառն այն էր, որ չէի հիշում, թե օգոստոսի ո՛ր օրն էի բացել բլոգը։ Հետագայում պարզեցի, որ դա եղել է հենց այս օրը՝ օգոստոսի 20-ին։ Այնպես որ այսօր Սարկավագի բլոգի երկու ամյակն է, ինչի առթիվ ամեն բանից առաջ շնորհավորում եմ այս բլոգի մշտական (և ոչ այնքան) ընթերցողներին։
Իսկ թե ինչու այս գրառումը անվանեցի ԷՎՈԼՅՈՒՑԻԱ, շատ պարզ է, որովհետև այսօր միասին պիտի աչքի անցկացնենք, թե զարգացման ի՛նչ ճանապարհ է անցել բլոգը։

10.8.12

ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ


Տեր Աստված, Հայր Անսկիզբ, Անեղ և անմահ Բնություն, ինքնագո և անգոյությունից ստեղծված ամեն ինչի Գոյացուցիչ, որ արարչությանդ երրորդ օրը երկրին հրամայեցիր զանազան պտղաբեր բույսեր ու տունկեր աճեցնել` ի պետս զգայական ու շնչավոր կենդանիների: Այս ամենի հետ, ի վայելումն և ի բնակություն բանական բնության, տնկեցիր նաև Քեզնից իր անունը ստացած դրախտի գեղեցիկ ծառերը, որոնց նաև օրհնեցիր` համաձայն Աստվածային այն խոսքի, թե «Աստված տեսավ, որ չափազանց բարի են, և օրհնեց դրանց»*: 
Իսկ երբ մարդը մեղանչեց Քո պատվիրանի դեմ` արգելված պտղից ուտելով, երկրին և նրա պտուղներին տրված Աստվածային Օրհնությունդ անեծքի փոխեցիր` Ադամին ասելով. «Թող անիծյա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով»**: Այսու արդար վճիռ արձակեցիր: 
Եվ ինչպես որ գլխի վախճանից հետո հնարավոր չէ անդամների կենսագործունեությունը, այնպես էլ զգայական արարածների գլխի` մարդու մեղքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար Քո կենդանարար Խոսքի օրհնության մեջ: 
Իսկ երբ Հայրական թաքնված սերդ հայտնեցիր մարդկային ցեղին` առաքելով Միածին Որդուդ, որպեսզի իբրև ծաղկյալ գավազան բխի Հեսսեի արմատից ըստ մարմնի և բուսնի իբրև վայելչագեղ ու անուշահոտ ծաղիկ անարատ կույս Մարիամից, և իբրև կենաց ու անմահության պտուղ տրվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը` համաձայն Քո այն անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե «քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը»:

30.7.12

ՈՒՐԱԽ ՍԻՐՏԸ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է :)

Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր տարակուսանքով  կնայեն կատակասեր հոգևորականին, կան և այնպիսիք, ովքեր համոզված են, թե քրիստոնյան կամ հոգևոր մարդը հումորից հեռու անձնավորությունն է... «Եթե մարդը հումորի զգացում ունի, նշանակում է, որ նրա հոգին քնած, սառած չէ. այն ապրում է և շարժման մեջ է»,- գրում է 20-րդ դարի մեծագույն աստվածաբաններից Կարլ Բարթը :
Անձամբ ես միշտ կարևորել եմ հումորը և հավատացած եմ եղել, որ հումորի առկայությունը մեր կյանքում շատ բան կարող է փոխել և լուծել, միայն թե այն ասվի ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, լինի հումոր, որը չի վիրավորում դիմացինի արժանապատվությունը, չի անցնում քաղաքավարության սահմանները, չի գռեհկանում... Նման պարագայում Աստվածաշնչյան իմաստությունը շատ պարզ ճշմարտություն է բացահայտում. «Ուրախ սիրտը առողջարար է...» (Առակ. 17:20):