Ուշագրավ է այն, որ բազում խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք Գարեգին Սրբազանը մատնանշում է սրանից ճիշտ 80 տարիներ առաջ, իրենց լուծումը չեն գտել մինչև այսօր: Ավելին՝ հիշյալ խնդիրներն էլ ավելի են խորացել, դրանց գումարվել են ուրիշները ևս:
Տե՛ս նաև՝ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 1/
ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ /մաս 2/
ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ Կ.Պ. ԱՏԱՆԱԼԵԱՆԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ
Բ
Ազգային եւ տարբեր եկեղեցիների ծագումն ու ձեւակերպութիւններն իրենց առանձնայատկութիւններով անհատական կամայականութեան հետեւանքներ չեն, այլ պատմական եւ տեղական որոշ պայմանների հետեւանք: Աստուծոյ կամքն է եղել, որ նոյն քրիստոնէութիւնը տարբեր ազգերի եւ պայմանների մէջ, իւր էական բնոյթը պահելով, որոյն կերպարանք ստանայ: Պատահական չէ, որ բողոքականութիւնը տարածուած է Եւրոպայի հիւսիսում, իսկ կաթոլիկութիւնը իշխող է մնացել հարաւում, որ պարսկական մահմեդականութիւնը զանզանւում է սիւննի կոչուած մահմեդականութիւնից: Ազգային կենցաղի, մշակոյթի, հոգեբանութեան եւ պատմական այլ պայմանների հետեւանք են դրանք, որ պիտի ի նկատի առնուին. Հայաստանեայց եկեղեցին այդպիսիների մէջ բնորոշ եկեղեցիներից մէկն է, որ ծագել է, զարգացել ժողովրդական ուրոյն կենցաղի, պատմական յատուկ տուեալների, ազգային մշակոյթի մէջ եւ իւր բարերար պտուղներն է տուել՝ ստեղծելով քրիստոնէական կեանք, արուեստ եւ գրականութիւն, յատուկ ժամապաշտութիւն եւ արարողութիւն, նուիրապետական-վարչական կազմակերպութիւն, համապատասխան իւր ճաշակի եւ հասկացողութեան: