Showing posts with label Մեծ Պահք. Show all posts
Showing posts with label Մեծ Պահք. Show all posts

27.3.17

ԱՍՏՎԱԾ ԽՈՍՈՒՄ Է ՄԵԶ ՀԵՏ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 29)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը Եբրայեցիների գրքից է՝ Եբր. 1։1-14, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Երեկ, սիրելիներ, խոսեցինք աղոթելու երեք նախապայմանների մասին, որոնք էին ԱՐԴԱՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ, ՀԱՎԱՏՔԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆՆ ու ՀԱՇՏ ՍԻՐՏԸ։
Հաճախ ասում ենք, որ աղոթքը զրույց է Աստծո հետ, մի երկխոսություն, որով հավատքով լեցուն մեր խոսքը, խնդրանքը, շնորհակալությունն ու գոհությունն ենք փոխանցում մեր Բարերար Աստծուն։ Սակայն, եկեք համաձայնենք, որ ցանկացած զրույց` միակողմանի կլինի, եթե մենք խոսենք, իսկ զրուղսկիցը` ոչ։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք Աստված էլ է խոսում մեզ հետ ի պատասխան մեր աղոթքին։ Այսօրվա սուրբգրային ընթերցման մեջ Պողոս Առաքյալը գրում է.
«Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2 այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբր. 1։1-2):
Այո, սիրելիներս, Աստված միշտ խոսում և պատասխանում է մեզ` ամենօրյա տարբեր իրավիճաների և հանգամանքրի մեջ՝ մարդկանց ու երևույթների միջոցով, երբեմն մեր սայթաքումների և մեր առջև դրված փորձությունների միջոցով։ Բայց հատկապես Աստված խոսել և խոսում է իր միածին Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քրիստոսի ծնունդ-մարդեղացումը, եռամյա քարոզչությունը, հրաշքներն ու բժշկությունները, չարչարանքները, խաչելությունը, մահը, հարությունն ու համբարձումը լավագույն պատասխանն են մեր անթիվ-անհամար հարցերի, քանի որ դրանցից են բխում Աստվածայն հավիտենական ճշմարտությունները։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հովհաննես Ավետարանիչը Քրիստոսին ԲԱՆ՝ ԽՈՍՔ է կոչում իր Ավետարանի սկզբում։
Այն քրիստոնյան, որի աչքի առջև են և հատկապես՝ մտքի ու սրտի մեջ Ավետարանի ճշմարտությունները իր աղոթական երկխոսության մեջ ակամայից ունի նաև իր Զրուցակից Աստծո պատասխանը, խորհուրդն ու օգնականությունը։

Այսօրվա աղոթքը Դավիթ Մարգարեի Սաղմոսներից 16-րդն է՝, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...


26.3.17

ԵՐԵՔ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼ ԱՂՈԹՔԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 28)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Մարկ. 13։1-37, Ես. 65։8-25, Փիլիպ. 3։1-4։9, Ղուկ. 17։20-18։14 որ  կարող ենք կարդալ այստեղ:

Արդեն 29 օր է, պահեցողական աղոթքի մեջ ենք, սիրելիներս։ Թող Աստված օգնական լինի մեզ մեր աղոթքների մեջ։ Կարևոր է, սակայն հստակեցնելը, թե ինչպես ենք աղոթում։ Այս մասին այսօրվա ընթերցման մեջ խոսում է Տեր Հիսուս` պատմելով այրի կնոջ և դատավորի առակը`

«Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տե՛ս”: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»: Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կլինի» (Ղուկ. 18:2-7): 
Աղոթքի երեք բաղկացուցիչներ կարելի է առանձնացնել այս առակի մեջ, որոնց եթե հետամուտ լինենք, մեր աղոթքները կառուցված կլինեն ամուր հիմքի վրա։ Այն ինչ հատկանշական է այրի կնոջ ունեցած պահանջի մեջ` արդարությունն է։ Մենք շատ հոգսեր ունենք, որոնց համար արժե աղոթք անել, բայց անդրադառնանք, թե արդյո՞ք դրանք հաստատում են Աստծո արդարությունը կամ ոչ. Տեր Հիսուս ասում է. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթ. 6:34)
Մյուս կարևոր կետը qյրու պահանջի մեջ կենտրոնացումն էր իր նպատակի վրա և հետևողակնությունը, ինչը և գովեց Տեր Հիսուս Քրիստոս։ Գովեց, որովհետև իրական աղոթքը պետք է արվի անմար հավատքով և ոչ թե «ձեռքի հետ», ինչպես հաճախ մենք սովոր ենք աղոթել։ Երբ հավատքով ենք մոտենում` վստահ ենք, որ Աստված պիտի ճիշտ ժամանակին կատարի մեր արդար խնդրվածքը, ինչն էլ մեր աղոթքը դարձնում է պտղաբեր։
Եվ վերջապես՝ ի՞նչ էր այս կնոջ նպատակը։ Դե իհարկե ոսոխի հետ առկա խնդրի լուծումը, որ պիտի բերեր հաշտության։ Վստահ իմացեք, սիրելիներ, անհաշտ, խռոված ու թշնամությամբ լեցուն սրտից ելած աղոքթները եթե ոչ անօգուտ, ապա ծայրահեղորեն տկար են։

Ուրեմն` ԱՐԴԱՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐ, ՀԱՎԱՏՔԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ և ՀԱՇՏ ՍԻՐՏ. ահա օգտակար աղոթքի հիմքը, իսկ եթե կուզեք ավելին իմանալ այս մասին, կարդացեք մեր այս երկու նյութերը`

10 ՀԱՆԳԱՄԱՆՔ, ՈՐՈՆՔ ԱՂՈԹՔԴ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՏԿԱՐ10 ՀԱՆԳԱՄԱՆՔ, ՈՐՈՔՆ ԱՂՈԹՔԴ ԶՈՐԱՎՈՐ ԿԴԱՐՁՆԵՆ


Հետեւողական լինենք աղոթքի նախադրյալներին եւ աղոթենք Հովհաննես Գառնեցու Կիրակի օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...


25.3.17

ՊԱՀՔԸ ՊԱՀԵՆՔ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՈՎ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 27)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ Իմաստություն 3։1-8, Նավում 2։1-4, Եսայի 43։1-3, Եփես. 6։10-18, Մատթ. 13։43-52, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Մահվան 2 տեսակ կա՝ մարմնական մահ և հոգևոր մահ։ Առաջինը, որ մարմնականն է ու տեսանելին, անխուսափելի է բոլորի համար. անգամ մեր Տերը, լինելով կատարյալ մարդ, մարդկայնորեն անցավ մահվան միջով՝ 3 օր գտնվելով գերեզմանում։ Սակայն ինչպես Քրիստոս Տերը երրորդ օրը հարություն առավ գերեզմանից, այդպես էլ մենք՝ քրիստոսականներս կարող ենք հարության փրկությանն արժանանալ՝ մարմնական մահը հեղաշրջելով հավիտենական կյանքի։ Ֆիզիկական մահը հաղթահերելու միակ տարբերակը, սիրելիներ, փաստացիորեն հոգևոր մահը կանխելն է։ Իսկ ի՞նչ է հոգևոր մահը, եթե ոչ մեղքը, որ խամրեցնում է մեր հոգին, և հյուծելով գերի դարձնում սատանային։ Հիանալի տողեր կան այսօր սուրբգրային ընթերցման մեջ, որ մատուցում է Սողոմոնի Իմասության գիրքը (ի դեպ աղանդավորական շարժումները չեն ընդունում այս գիրքը որպես Աստվածաշնչի մաս, որով, իզուր իրենց զրկում են երկնային այս մարգարտից).   
«Բայց արդարների հոգիներն Աստծոյ ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: Ու թէպէտ եւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ-ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը» (Իմաստ. 3։1-8)։

Ինչ լավ է չէ՞... Մեր քրիստոնեության ողջ իմաստը, պահեցողական մեր այս պայքարի նպատակը ի վերջո մնում է մահը հաղթելն ու սատանային տապալելը, թույլ չտալը, որ հոգին մեռնի, որպեսզի այդպիսով, եթե անգամ մարմնով մեռնենք, ողջ լինենք Քրիստոսով. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի» (Հովհ. 11։25),- ասում է Քրիստոս Աստված։
Այսօր աղոթենք Հովհաննես Գառնեցու Շաբաթ օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...

24.3.17

ՄԵԾ ՊԱՀՔԸ ՄԵՂՔԵՐԻ ԳԻՏԱԿՑՄԱՆ ԵՒ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ Է - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 26)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝ ԲՕր. 9։11-23, Հոբ 16։1-17։16, Ես. 43։22-44։8, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Երեկ խոսեցինք քրիստոնյայի «բնավորության»՝ մեկս մյուսին ներելու հատկության մասին՝ շեշտադրելով տերունական այն խոսքը, որ եթե մենք ներողամիտ գտնվենք մարդկանց հանդեպ և ներենք նրանց մեղքերը մեր երկնավոր Հայրն էլ մեզ պիտի ների։ Ուրեմն քրիստնյայի համար շատ կարևոր է սեփական մեղքերը գիտակցելը, զղջալը և Աստծո առջև խոստովանելով թողություն ստանալը մեղքերից՝ պատրաստակամությամբ այլս երբեք չվերադառնալ դեպի մեղքը։ Այսօրվա ընթերցման Եսայու մարգարեության բաժնում Աստված ասում է. 
«Ես եմ, ես եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրինութիւնները եւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու: Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրինութիւնները, որ արդարացուես» (Ես. 43։25-26)։
Աստված հիշեցնում է մեզ, որ մեր մեղքերի և անօրինությունների համար մենք պատասխան ենք տալու Իրեն Վերջին Դատաստանի ժամանակ, ուստի անհրաժեշտ է միշտ արթուն և սթափ լինել և ապաշխարել՝ «խոստովանել անօրինությունները արդարանալու համար»։ Մեծ Պահքը հիանալի առիթ է մեր մեղքերին անդրադառնալու, զղջալու և Աստծուն խոստովանելու համար։ Եթե կցանկանաք ճիշտ կազմակերպել խոստոանական ձեր ընթացքը, կարդացեք այս նյութը՝ ՄԵՂՔԵՐԻ ԽՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ։

Իսկ հիմա աղոթենք Հովհաննես Գառնեցու Ուրբաթ օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...

23.3.17

ՉԿԱ ՊԱՀՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅԱՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 25)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը՝ Ա Կորնթ. 8։5-9։13,  կարող ենք կարդալ այստեղ:

Շատ զավեշտալի է, որ հաճախ մենք՝ քրիստոնյաներս, Պահքը նույնացնում ենք միմիայն կենդանական սննդից հրաժարման հետ։ Շատերին կարող եք հանդիպել, ովքեր սոսկ սնունդի պահք են պահում՝ զանց առնելով աղոթքը, Սուրբ Գիրքը, ողոմությունն ու մարդասիրությունը... 
Տեսեք, թե ինչ է այսրօրվա ընթերցման մեջ ասում Սուրբ Պողոս Առաքյալը. 
«Ուտելիքը չէ, որ մեզ Աստծոյ առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի» (Ա Կորնթ. 8։8)։
Հավատացեք, պահեցողությունը միայն ուտելիքով սահմանափակողներն ավելի շատ են, քան միայն հոգևոր պահք պահողները։ Իր արտաքին պատճառներից զատ, սա ունի նաև հոգևոր հիմնավորում. որքան էլ որ սննդային պահեցողությունը դժվար է, սատանան մեր առջև ավելի շատ խոչընդոտներ է հարուցում այն ժամանակ, երբ պահքի հոգևոր կողմն ենք ջանում զորացնել։ Երանելի են նրանք, ովքեր իրապես կրողանում են պահել պահքը, իր թե արտաքին և թե ներքին ամբողջությամբ։ Իրականում պահքի բուն նպատակը, ինչպես բազմիցս ասել ենք, հոգով մաքրվել և քրիստոնեական կեանքներս զորացնելն է։ Քրիստոեական կյանքի զորացման կարևորագույն նախապայմաններից է ներողամտությունը, մի հատկություն, որն իրական քրիստոնյայի դիմագիծն է։ Այսօր կուզեմ մեր աղոթքներն ուղղենք դեպի ներում, հիշենք Անառակ որդուն եւ նրա ներողամիտ հորը, հիշենք պատվիրանազանց Ադամին և Եվային և Քրիստոսի մարդեղացումն ու ներումը հանուր մարդկության, նայենք Հիսուս Աստծուն, որ խաչի վրայից իսկ ասում է՝ «Հա՛յր, ներիր նրանց...»։ Վերհիշենք, արժևորենք և ինքներս անդրադառնանք, թե ում պետք է ներեինք ու չենք ներել և այդպիսով իմաստազրկել ենք մեր ողջ պահեցողական ընթացքը։ Տեր Հիսուս, ասես բացելով Տերունական աղոթքի «եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց» խոսքի իմաստը, ասում է. «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները» (Մատթ. 5։14-15)։

Գիտեմ, հիմա պիտի հարցնեք՝ ինչպես ներել, ում ներել, քանի անգամից ներել... Այս մասին կառաջարկեմ կարդաք այս փոքրիկ նյութը՝ ՆԵՐՈՒՄ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի։

Իսկ այսօրվա մեր աղոթքը դարձյալ Հովհաննես Գառնեցու աղոթքներից է՝ Հինգշաբթի օրվա աղոթքը, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...