26.3.15

ՄԵՂՔԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի

Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմովմի՛  յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Հավատով Խոստովանում աղոթքի 6-րդ տնով սկսվում է նրա երկրորդ մասը, որը բաղկացած է երեք տներից: Այս երեք տներն իրենց մեջ պարունակում են գլխավորապես մեղքերի խոստովանություն, զղջում և խնդրանք՝ աստվածային ներողամտության:
Իբրև մեծ աղոթարար՝ Շնորհալի Հայրապետը գիտի աղոթքի կատարյալ շարահյուսությունը, այսինքն՝ նախ ճանաչել Աստծուն և հավատալ Նրան, պաշտել և երկրպագել Նրան, խոստովանել Աստծո մեծությունը և Նրա նախախնամությունը մարդկանց փրկության համար: Այս ամենից հետո մի պահ իջեցնել հայացքն սեփական անձի վրա, տեսնել սեփական փոքրությունը, թերությունները և Աստծո բարության դիմաց սեփական անձի ապերախտությունները, այլ կերպ ասած՝ խոստովանել մեղքերը և դրանց համար դարման խնդրել Աստծո ամենակարողությունից: Կատարյալ աղոթքի այս հաջորդականության առաջին մասը, այսինքն՝ Աստծո և Նրա մեծության հավատքով խոստովանումը և երկրպագումը տեսնում ենք այս մեծ աղոթաշարքի առաջին հինգ տներում: Վերջին մասը, այսինքն՝ Աստծուց զանազան շնորհներ խնդրելը, կտեսնենք նրա երկրորդ մասում, իսկ միջին մասը, այսինքն՝ մեղքերի խոստովանությունը, կտեսնենք առաջիկա երեք տներում:


Վեցերորդ տան մեջ նախ խոստովանում ենք այն մեղքերը, որոնք գործել ենք «մտքով, հոգով և մարմնով»: Սովորական հասկացողությամբ մարդը բաղկացած է երեք գլխավոր մասերից՝ հոգի, միտք և մարմին: Այդ իսկ պատճառով, հաստատելու համար, որ Քրիստոս կատարյալ մարդ եղավ, Նիկիական Հավատամքի մեջ ասում ենք. «Որով էառ զմարմին, զհոգի և զմիտս»: Ինչպես նաև մեր Ժամագրքի սկզբում գրված «Հաւատքի Ուղղափառ Դաւանութիւն»-ում ասվում է. «Եւ եղև Աստուածն կատարեալ՝ մարդ կատարեալ, հոգւով և մտօք և մարմնով»: Մենք այս հարցի մանրամասն բացատրություններին չենք անդրադառնա՝ ճանաչելու, թե իրականում ինչ են այս երեքը՝ հոգին, միտքը և մարմինը, և թե ինչ կապ ունեն դրանք իրար հետ: Բավական է ասել այն, որ անհատը, այսինքն՝ անբաժանելի մարդ էակը, գործում է մարմնով, մտքով և հոգով. մեր ամեն մի արարքը՝ բարի կամ չար, կա՛մ ֆիզիկական, կա՛մ իմացական, կա՛մ էլ հոգեկան գործողություն է:

Հավատով Խոստովանում աղոթաշարքի մեր խորհրդածության առարկա հանդիսացող 6-րդ այս տան մեջ մենք Անեղ Աստծուն հայտարարում ենք, որ մեղք ենք գործել նախ՝
«Իմ մտքով» - Որո՞նք են մտքով գործված մեղքերը: Մեր Ժամագրքի սկզբում «Զղջումն» վերնագրով մեղքերի մի ցանկ կա: Այստեղ ևս մեղեքր խոստովանողը նախ խոստովանանքի սքանչելի մի բանաձևից հետո ավելացնում է. «մեղայ հոգւովս և զօրութեամբ սորա. մտօքս և շարժմամս սորա. մարմնովս և զգայութեամբ սորա» (Թրգմն.՝ Մեղք գործեցի հոգովս և նրա զորությամբ, մտքովս և նրա շարժումով, մարմնովս և նրա զգայությամբ – Սրկ.): Եվ ապա հաջորդող հատվածներում մեկ առ մեկ թվարկվում են վերոհիշյալ երեք կարողություններով գործված մեղքերը: Մտքով գործված մեղքերի ցանկն սկսվում է այսպես. «Մեղայ չար խորհրդով մտացս» (Թրգմն.՝ Մեղք գործեցի մտքիս չար խորհուրդներով): Նախքան այդ մեղեքրից յուրքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալը, այս կետում միջանկյալ մի քանի համառոտ բացատրական խոսք ասենք խոստովանության կերպի մասին:

Այժմ քրիստոնեական եկեղեցիներում խոստովանության երեք գործնական տեսակներ կան. լատինական, ուղղափառ և բողոքական: Լատինականն (այսինքն՝ կաթոլիկյան – Սրկ.) այն ծանոթ ձևն է, երբ ենթական ծնկում է խոստովանարանի առջև ու ներսում նստած անտեսանելի խոստովանահորը մեկ առ մեկ խոստովանում է իր մեղքերը: Բողոքական կերպը սկզբում հրապարակային էր, այսինքն՝ եկեղեցում և ժողովրդի ներկայությամբ. խոստովանել ցանկացողը ոտքի էր կանգնում և բոլորի առաջ մեկ առ մեկ հայտարարում էր իր մեղքերը: Սա մի շարք անպատեհությունների պատճառ հանդիսանալով՝ այժմ գրեթե վերացված է, և ընդունվել է լռելյայն այն տեսակետը, որ ամեն մարդ իր խղճմտանքի և Աստծո առաջ պետք է խոստովանի իր մեղքերը: Այլ կերպ ասած՝ խոստովանությունը բոլորովին վերացվել է բողոքականների մոտ, որովհետև խոստովանությունը իսկական խոստովանություն է դառնում երբ ուրիշին է ասվում: 


Իսկ Արևելյան Եկեղեցիները այս երկու ծայրահեղությունների մեջտեղի ճանապարհն են բռնել: Նախ խոստովանության գործը հեշտացնելու համար կազմել են մեղքերի ցանկեր, որոնք ծառայում են երկու նպատակի. նախ ենթական հստակ կերպով ըմբռնում է, թե որոնք են եկեղեցու կանոնով մեղքեր համարվում (եթե ենթակայի հասկացողությանը և հայեցողությանը թողնվի, հաճախ նա հակված է լինում մի շարք իսկապես մեղանչական արարքները գունավորելուն, ինքնիրեն խաբելուն և դրանք մեղք չհամարելուն): Այս ցանկերի երկրորդ դրական կողմն այն է, որ դրանք խոստովանողի համար հուշարարի դեր են կատարում, երբ նա ամփոփում է իր մտքերը և վերհիշում այն մեղքերը, որոնք պետք է որ գործած լիներ անցած ամիսների կամ երբեմն էլ տարիների ընթացքում: Սակայն, մյուս կողմից, այս ցուցակների թութակաբար արտասանությունը չի կարող որպես խոստովանություն ընդունվել: Մեր եկեղեցու խոստովանության ուղիղ ձևն է կանխավ նախապատրաստվելը աղոթքով, սաղմոսի կամ Նարեկի ընթերցանությամբ և, եթե հնարավոր է, մեղքերի ցուցակն աչքի անցկացնելով ու մտովի կամ որևէ այլ կերպ մտաբերել այն մեղքերը, որոնք ենթական կարծում է՝ գործել է: Ապա և պետք է օր առաջ եկեղեցի գալ, ներկայանալ քահանային և «խոնարհեալ անձամբ և բեկեալ սրտիւ» (թրգմն.՝ անձի խոնարհությամբ և բեկված սրտով) ծնկի եկած կարդալ կամ անգիր արտասանել «Զղջում»-ի առաջին հատվածը, որը շատ գեղեցիկ և հարմար սկիզբ է խոստովանության համար: Իսկ հետո թութակաբար ամբողջ ցանկն արտասանելու կամ կարդալու փոխարեն, հիշել միայն այն մեղքերը, որոնք կարծում է՝ գործել է վերջին խոստովանությունից հետո: Իսկ եթե կան իր խղճի վրա ծանրացած այլ մեղքեր, որոնք չկան ցանկում, ասել դրանք բացեիբաց: Իսկ այն մեղքերը, որոնք հատուցում են պահանջում, օրինակ՝ գողությունը, կամ այն մեղքերը, որոնք հաշտության անհրաժեշտություն են առաջ բերում, օրինակ՝ կռիվները, պետք է ասել խոստովանահորը, որպեսզի նա տնօրինի անհրաժեշտ եղածը՝ ընկերային հարաբերություններում մեղքերի հետքերը ջնջելու կամ գոնե հարթելու համար: Խմբակային խոստովանությունները քաջալերելի չեն, որովհետև խոստովանությամբ հետապնդված նպատակին գրեթե չեն ծառայում: Խմբակային խոստովանությունները հաճախ կա՛մ խոստովանահայրերի անհոգության, կա՛մ խոստովանողների անտարբերության հետևանքն են: 


Մի քանի անգամ կամ իրենից անկախ պարագաներից ելնելով է միայն ներելի խմբակային կամ վերջին պահին արված խոստովանությունները, օրինակ՝ եկեղեցում միայն մեկ հովիվ ունենալը, և հոտի՝ հսկա քաղաքով մեկ կամ ընդարձակ շրջանի հեռավոր անկուններում ցրված լինելը, երբ ներկա հասարակական կյանքի պարտադրանքի տակ հեշտ չէ օր առաջ եկեղեցի գնալ խոստովանության համար, կամ երբ հարյուրավոր աշարկերտների միանգամից մեկ պատարագի ընթացքում հաղորդություն տալու անհրաժեշտություն կա: Ամեն դեպքում հավատացյալը պետք է ամեն ջանք գործադրի՝ առանձին ներկայանալու Աստծո և Նրա պաշտոնյայի առջև և իր խղճմտանքի վրա ծանրացող բեռը գործնականապես նրա առջև թափելու և խոստովանահոր ներկայությունից հոգով թեթևաված դուրս գալու համար: Առանց խոստովանության և արձակում ստանալու, ոչ ոք չպետք է համարձակվի մոտենալ Սուրբ Հաղորդությանը:

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...