Showing posts with label Մեծ Պահք. Show all posts
Showing posts with label Մեծ Պահք. Show all posts

27.2.17

ՄԵԾ ՊԱՀՔԸ՝ ՄԻԱՍԻՆ (օր 1)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցվածքը (Եսայի 1:16-20) կարդանք այստեղ։

Սիրելիներ, ահավասիկ Մեծ Պահքի մեջ ենք, եւ մեր առջեւ ավելի քան քառասնօրյա ճամփորդություն է ընկած, ճամփորդություն, որ լի կլինի հոգեւոր նորույթներով՝ օրհնություններով, փորձություններով, արտաքին աղքատացումով, բայց եւ ներքին հարստացմամբ։ Ո՞րն է այս ամենի նպատակը. վերափոխել մեր կյանքը, նորովի արժեւորել այն, արժեւորել Աստծո խոսքի լույսի ներքո եւ նորոգված ու նորացված, որպես ի վերուստ ծնված զավակներ` չարին ոտնակոխած հասնել Սուրբ Հարությանը (այս տարի կտոնենք ապրիլի 1-ին)։
Այս օրերին առավել քան երբեւէ Աստված հրավիրում է մեզ անկեղծորեն խոսել Իր հետ, մաքրվել հոգով եւ ապաշխարությամբ մաքրվել ամեն տեսակ չարությունից, անիրավությունից ու մեղքից:  Ինչ հիանալի է. Աստված ուզում է, որ մենք լինենք ձյան նման սպիտակ ու մաքուր, առանց արյունոտ մեղքերի.

«Եկե՛ք խոսենք իրար հետ, -ասում է Տերը.-եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները» (Ես. 1:18-19):

Բարի եւ օրհնյալ պահքի ընթացք սիրելիներս, լի սիրով, համբերությամբ եւ աղոթքով 😇։

Այսօր աղոթենք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիանալի զղջման աղոթքով, որ կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։ Օրհնվեք...

5.3.12

ՆԱԽԱՆՁ

Հիվանդասենյակում 2 հիվանդ կար` մեկը պատուհանին շատ մոտ, մյուսը` բավական հեռու, ուստի նա, ով պատուհանի մոտ էր պառկած, ամեն օր հեռու պառկածի խնդրանքով պատմում էր, թե ի՛նչ է կատարվում դրսում:
- Հիասքանչ բնություն է` լեռներ, լանջերին` խիտ անտառներ, որոնց գրկում գետակն է անուշ խոխոջում: Ապա տարածվում են դաշտերը` ոսկի ցորենով ծփացող: Ուղիղ մեր դիմաց այգի է, մանուկներ են վազվզում: Ահա քիչ այնկողմ սիրահար զույգ է նստած` երազկոտ ու հմայիչ,- պատմում էր պատուհանի մոտ պառկած հիվադը` օր օրի թարմացնելով տեսարանները արևով, ջերմությամբ, խաղաղությամբ ու կյանքով:
Հեռվում պառկած հիվանդը պատկերացնում էր տեսարանները, մտովի վերապրում և արդյունքում բարելավվում էր նրա ինքնազգացողությունը:

19.2.12

ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ



pahq
Նկարի աղբյուրը` www.armenianow.com
Պահքի և պահեցողության վերաբերյալ կարդացածս գրքերի ու հոդվածների թիվը, անկասկած, կգերազանցի մեկ տասնյակը, սակայն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, պահքի մասին երբևէ լսածս լավագույն մեկնաբանությունը հնչել է ընկերոջս 5-ամյա բալիկի շուրթերից` «Պահքը, էն ա, որ կարենաս Աստված պապիկին ավելի շատ սիրես, քան «սնիկերսը»»: Անշուշտ, շատերը հիմա կուրախանան, որովհետև «սնիկերս» այնքան էլ շատ չեն սիրում, սակայն եթե մեզ դիտելու լինենք առանց կեղծավորության շպարի, եթե մեր մարդկային էության արտացոլումը կարդանք Աստծո հայելու մեջ, պիտի խոստովանենք, որ բազմաթիվ «սնիկերսներ»`մոլություններ, գայթակղություններ ու կախվածություններ կան մեր կյանքում, որոնք սիրում ենք այնքան շատ, որ հանուն դրանց կուրանանք անգամ Աստծուն:

20.4.11

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞…

«Սէր անուն Յիսուս»
/Արթուր սրկ. Սարգսյան/
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԵՐԵՆ` ԱՅՍՏԵՂ

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի:

Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ…
Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։
Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։