Showing posts with label Զատիկ. Show all posts
Showing posts with label Զատիկ. Show all posts

8.4.12

ՓԱՌՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Մեզ եւ Ձեզ մեծ Աւետիս,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Անցալ տարի Աստվածորդու Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում կազմակերպվող ՄԱՆԱՆԱ ծրագրի երիտասարդների նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ Նարեկացի Արվեստի Միությունում բեմադրվեց կարճ մի ներկայացում` «Ո՞վ է մեծ» վերտառությամբ, որին ներկաները արձագանքեց ջերմ ծափահարություններով ու գովեստի խոսքերով:

31.3.12

ԶԱՏԿԻ և ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Վերջերս ինձ անընդհատ հարցնում են. «Եթե տանը նոր հանգուցյալ կա, արդյոք փոխվո՞ւմ է Սուրբ Հարության ընթրիքի ճաշացանկն ու «արարողակարգը»: Հարցի ծագումնաբանությունը ինքնին հասկանալի է. ինքս ականատես եմ եղել ընտանիքների, որ Զատկական հավկիթը չեն ներկել` պատճառաբանելով, թե «նոր մեռել» ունեցող տունը ձու չի ներկում: Կամ կան մարդիկ, որ պնդում են, որ եթե Զատկի օրն ավելի շուտ է, քան նոր մեռած մարդու քառասունքը, ապա Զատիկը «կտրում է» այն և անհրաժեշտ է գերեզմանատուն այցելել Զատկին նախորդող շաբաթ կամ հենց կիրակի օրը...
Թույլ տվեք հարցնել. որտեղի՞ց են ծնվում այս բոլոր ավանդապատումներն ու կրոնա-ծիսական հորինվածքները... Համենայն դեպս Սուրբ Հարության տոնակատարություններն ու ավանդությունները, ինչպես նաև թաղման և դրա հետ կապված ծեսի տեսական ու գործնական բոլոր հիմքերը ծնունդ են առել Հայոց Եկեղեցու ծոցում, իսկ եկեղեցական կարգը պահանջում է վերոգրյալների միանգամայն հակառակը:

23.4.11

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ...

Կնոջ մանրիկ քայլերը հաղթանդամ զորականի քայլվածքի պես աղմկոտ էին հնչում ընդարձակ պալատում` ընդելուզված ոսկեկոփ սյուներով, լուսասփյուռ ջահերով, տարերային աստվածություններ ներկայացնող կուռքերով. պալատի սրահներն, առհասարակ, մեհյանի տպավորություն էին թողնում:
Զինվորը արձակեց կնոջ ձեռնակապերը, պատվիրեց ներս մտնելիս խոնարհվել ու խոր գլուխ տալ արքաների արքային, ապա բարբարոսի բրտությամբ քարշ տվեց կնոջը դատաստանի սրահ: Այստեղ աջ և ձախ դրված կրակարանների կողքերին համաչափ շարվել էին սպիտակազարդ քուրմերը ներկած դեմքերով: Նրանցից այն կողմ բազմած էին իշխանական արտաքինով և կանացի շարժուձևով ինչ-որ մարդիք, որոնց միջից կայսրը աչքի էր ընկնում արտասովոր զարդարանքով և ամենակենտրոնում` պատվանդանի վրա, նստած լինելու հանգամանքով:

22.4.11

ԿՐԱԿ

Ամբոխը` որպես սնդիկի ահռելի զանգված` ծանր ու վտանգավոր, գլորվում էր Երուսաղեմի նեղ ու երկայն փողոցներով: Արևը ծիկրակում էր Գողգոթայի ետևից` բորբ շողարձակումով  լիզելով անցյալով վարակված պատերի հնոտի փոշին: Մարդկային կծիկը սեղմվում էր փողոցի ակցանի մեջ, և հարյուրավոր մարդկանց ոսկորների ճարճատյունը, աղմուկ-աղաղակը, դոփյունն ու ճիչերը արձագանքում էին հինավուրց քաղաքում: Ոտնատակերից փոշին քուլա-քուլա ծառս էր լինում, և կուրացած մարդիկ առաջ էին գլորվում սոսկ հոսանքին տրված: Գլխավերևում փայտյա հսկա խաչեր էին, և դրոշակներ` կարմիր, կանաչ, սև... Ոմանց ձեռքերում լապտերներ էին և սաղմոսարաններ. ոմանց շուրթերին օրհնություններ, ոմանց` հայհոյանք…

20.4.11

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՉԷ՞…

«Սէր անուն Յիսուս»
/Արթուր սրկ. Սարգսյան/
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԵՐԵՆ` ԱՅՍՏԵՂ

Երեկ երեկոյան Երևանում էի. սիրում եմ երեկոյան Երևանը, սակայն երեկ տհաճություն զգացի. Ավագ շաբաթ է` Մեծ Պահքի վերջին և ամենակարևոր շաբաթը, որ կոչվում է նաև «Չարչարանաց շաբաթ», Քրիստոսի չարչարանքների հիշատակի շաբաթ, մի փոքրիկ ու կարճ ժամանակաշրջան որից, սակայն, կախված էր ահռելի մեծության ու կարևորության, ժամանակներ ու տարածություն չճանաչող մի բան` մարդկության, այդ թվում իմ և քո փրկությունը: Իսկ մայրաքաղաքում այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբերություն նկատեցի, մշտական եռուզեռ, սեթևեթում, լպիրշություն ու չգիտեմ ինչ... /գուցե իրավունք էլ չունեմ մեղադրելու/: Մտածումների մեջ հիշեցի մի գեղեցիկ պատմություն, որ կարդացել էի շուրջ 2 տարի առաջ, կարդացել էի և հուզվել... Այժմ պատմությունը, որ քաղել եմ Lusamut.net կայքից, փոքրիկ ոճական և կետադրական փոփոխություններով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Սուրբ Հարության տոնից առաջ սույն նյութը առավել ուսանելի կլինի:

Սովորական մի կեսօր է, և դու գնում ես տուն։ Կարգավորում ես ռադիոն։ Նորությունները պատմում են ոչ կարևոր ինչ-որ բան. հեռավոր մի երկրում ինչ-որ համաճարակից, որի մասին երբևէ հայտնի չի եղել, երեք մարդ է մահացել։ Մեծ ուշադրություն չես դարձնում լսածիդ…
Երկուշաբթի, երբ արթնանում ես, լսում ես, որ արդեն ոչ թե երեք, այլ երեսուն հազար մարդ է մահացել Հնդկաստանի հեռավոր բլուրներում։ ԱՄՆ–ի առողջապահության վերահսկողության ծառայողները մեկնել են հետազոտելու երևույթը։
Երեքշաբթի օրը այս լուրը դառնում է լրատվամիջոցների գլխավոր թեման՝ գրված առաջին էջերում. համաճարակն արդեն ո՛չ միայն Հնդկաստանում է, այլ նաև Պակիստանում, Իրանում ու Աֆղանստանում… նորությունն արագորեն սփռվում է բոլոր լրատվամիջոցներով։ Այն սկսում են կոչել «Հանելուկային վարակ», և բոլորը հարց են տալիս՝ «ինչպե՞ս է այն կասեցվելու»։ Եվրոպայում խուճապի մեջ են. փակում են սահմանները։ Լուրերով լսում ես մի կնոջ, ով պատմում է հանելուկային վարակից հիվանդանոցում մահացած մի մարդու մասին։