«Ընտանիքը
փոքր եկեղեցի է»,- ահավասի՛կ մի գաղափար, որ քրիստոնեական Եկեղեցու ձևավորման առաջին դարերից տիրապետող եղավ «քրիստոնյա ընտանիք» հասկացությունը բնորոշելու համար: Գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար, ինքնաբխումով կամ հանգամանքների բերումով քրիստոնեության ձևավորումից մինչև այսօր որոշ ընտանիքներ Հայաստան աշխարհում, բարեբախտաբար, ամրորեն կառչած են մնացել այդ բնորոշումից՝ պահպանելով ընտանիք-եկեղեցուն բնորոշ կարևորագույն հատկանիշը՝ սրբությունը:
Մի
բան, սակայն, առավել ակնհայտ է. այսօր հայի կյանքում նահանջ է նկատվում քրիստոնեական սկզբունքներից և դրանցով
դաստիարակության
խնդիրը հաճախ մնում է բարձիթողի: Իրականում հավատքն առ Քրիստոս Հիսուս սոսկ գենետիկորեն փոխանցվող ֆենոմեն չէ, այլ մարդուն տրված հոգևոր-քրիստոնեական դաստիարակությունից
և մարդ արարածի կամքի ազատ ընտրությունից ծնված դավանանք: Այն ծնողից որդուն կտակվող անգին մի գանձատուփ է, որի պարունակությունը
յուրաքանչյուր
մեկը պիտի կարողանա առանց պակասորդի փոխանցել իր սերունդներին: