15.5.11

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ...»


«Ընտանիքը փոքր եկեղեցի է»,- ահավասի՛կ մի գաղափար, որ քրիստոնեական Եկեղեցու ձևավորման առաջին դարերից տիրապետող եղավ «քրիստոնյա ընտանիք» հասկացությունը բնորոշելու համար: Գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար, ինքնաբխումով կամ հանգամանքների բերումով քրիստոնեության ձևավորումից մինչև այսօր որոշ ընտանիքներ Հայաստան աշխարհում, բարեբախտաբար, ամրորեն կառչած են մնացել այդ բնորոշումից՝ պահպանելով ընտանիք-եկեղեցուն բնորոշ կարևորագույն հատկանիշը՝ սրբությունը:
Մի բան, սակայն, առավել ակնհայտ է. այսօր հայի կյանքում նահանջ է նկատվում  քրիստոնեական սկզբունքներից և դրանցով դաստիարակության խնդիրը հաճախ մնում է բարձիթողի: Իրականում հավատքն առ Քրիստոս Հիսուս սոսկ գենետիկորեն փոխանցվող ֆենոմեն չէ, այլ մարդուն տրված հոգևոր-քրիստոնեական դաստիարակությունից և մարդ արարածի կամքի ազատ ընտրությունից ծնված դավանանք: Այն ծնողից որդուն կտակվող անգին մի գանձատուփ է, որի պարունակությունը յուրաքանչյուր մեկը պիտի կարողանա առանց պակասորդի փոխանցել իր սերունդներին:

Սակայն ինչպե՞ս փոխանցել այդ  գանձը սեփական սերնդին, ինչպե՞ս նրա մեջ հավատք դաստիարակել Աստծո հանդեպ, ինչպե՞ս սկսել և առաջ տանել երեխաների ծանոթությունն Աստծո հետ: Ամենից առաջ նշենք, որ շատ քրիստոնյա հեղինակներ համակարծիք են, որ երեխաները՝ որպես աստվածատես էակներ, ճանաչում են Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, և առավել քան մեծահասակներս, հավատում են Աստծուն՝ իրենց Արարչին: Խնդիրն այն է, որ ոչ ճիշտ և հետևողական դաստիարակության արդյունքում խամրում է այն, ինչ ժամանակին փայլում էր, ուստի առաջնային կարևորության պայման է այն, որ ծնողն ինքը, որպես «ուսուցիչ», պիտի ունենա համապատասխան հավատք և գիտելիքներ քրիստոնեությունից իր «աշակերտին» փոխանցելու և սովորեցնելու համար, նա ինքը պետք է գոնե նվազագույն չափով իրազեկ և հաղորդակից լինի քրիստոնեության բարձր արժեքներին:
Մանկան հոգևոր դաստիարակության կայացման գործում լավագույն «ուղեցույցը», անշուշտ, Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչն է:
 Երեխաները և նրանց աստվածահաճո դաստիարակությունը  լայն տեղ են զբաղեցնում Սուրբ Գրքում: Հատկապես Փրկչի` Հիսուս Քրիստոսի կողմից մանուկները ներկայացվում են որպես Աստծուց աներկբայելիորեն ընդունելի մաքուր, այսինքն` հոգով պարզ ու աննենգ, խոնարհ և Երկնքի Արքայությանը ժառանգակից անձինք: Ավետարանական դրվագներից մեկում պատմվում է, թե ինչպե՛ս Հիսուսի մոտ էին բերում մանուկների, որպեսզի Նա ձեռք դնի նրանց վրա և աղոթի, իսկ առաքյալները արգելում էին այդ՝ մտածելով թե դա հոգնություն է պատճառում Վարդապետին: Երբ Քրիստոս տեսնում է այդ, փոքր-ինչ վրդովվելով ասում է. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է» (Մատթ. 19:14): «Այդպիսիներ» բառն արդեն բնորոշում է մանկական հոգու որակը. Իր հայտնի Լեռան քարոզում  Տերն ասում է. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8, հմմտ. Մատթ. 11:25): Եթե ուշադրություն դարձնենք, մեր կենցաղում էլ մենք շատ հաճախ փոխաբերական իմաստով օգտագործում ենք «երեխաներ» բառը՝ մատնանշելու համար պարզ, միամիտ, սրտով մաքուր, բարի ու անշահախնդիր մարդկանց:
Ավետարանական մեկ այլ դրվագում Քրիստոս որպես կատարելության տիպար իր աշակերտներին է ներկայացնում մի մանկան` վկայելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով որ իմ անունուվ մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի» (Մատթ. 18:3-5): Ավելին, մանուկներն ունեն հատուկ և կարևոր առանձնաշնորհ. նրանց պահպանում են հրեշտակները (հմմտ. Մատթ. 18:10): 
Մանուկների դաստիարակության հարցը Սուրբ Գրքի շրջանակում առաջին անգամ արծարծվում է Ծննդոց գրքում. «Աբրահամըհաստատապես, մեծ և բազմանդամ ազգի նախահայր է լինելու և նրա միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը. որովհետև ես գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան` պահպանելով արդարությունն ու իրավունքը...» (Ծննդ. 18:18-19): Այստեղ տրված է դաստիարակության առաջին ու գլխավոր պայմանը. պատվիրել զավակներին ընթանալ Աստծո ճանապարհով` «պահպանելով արդարությունը և իրավունքը», այսինքն` երեխաներին տալ բարոյական և բարեպաշտ դաստիարակություն` համապատասխան Տիրոջ պատվիրաններին:
Հետագայում դաստիարակության հարցին հանդիպում ենք հիմնականում Աստվածաշնչի իմաստության գրքերում. Սողոմոն Իմաստունը սովորեցնում է. «Խրատի՛ր որդուդ, որպեսզի այդպես բարի հույս լինի քեզ համար…» (Առակ19:18), «Խրատի՛ր որդուդ, և նա քեզ հանգիստ պիտի պարգևի և զարդ պիտի լինի հոգուդ համար» (Առակ 29:17): Թերևս դաստիարակության քիչ ավելի խիստ միջոցներ է խորհուրդ տրվում Սիրաքի գրքում. «Եթե զավակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկությունից խոնարհեցրու նրանց պարանոցը» (Սիր. 7:25). սրա իմաստը բացատրվում է նույն գրքի հետագա հատվածներում ՝ պարզեցնելով, որ դաստիարակության մեջ կարևորություն ունի խոնարհությունը (հմմտ. Սիր. 30:8-13): Այս, այսպես ասած խստության ոգին, առհասարակ, հատուկ է Հին Ուխտին, որի ուղենիշը Օրենքն էր: Իսկ արդեն Նոր Ուխտում դաստիարակությանը տրվում է սիրո և ազատության ոգի. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին ի Տեր, որովհետև դա է ճիշտը…» (Եփես. 6:1), «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծարե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. 6:4, հմմտ. Կող. 3:20-21),- հորդորում է Պողոս Առաքյալը պարզ, բայց հետևողական կերպով: Եվ որպեսզի հինկտակարանյան խստության և նորկտակարանյան ազատության համադրումը հակադրություն առաջ չբերի, Առաքյալը վկայում է, որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր կատարման ու կիրառման պահը, ժամանակը (հմմտ. Գաղ. 4:1-7): Նկատի առնենք, սակայն, որ հիմնավորապես սխալ է այն կարծիքը, թե երեխայի հարաբերությունը կրոնի ու հավատքի հետ պետք է հետաձգվի մինչև այն պահը, երբ ինքը` երեխան, ունակ կլինի ինքնուրույն և կշռադատված որոշում կայացնելԳործել այս կերպ նշանակում է բաց թողնել մարդու զարգացման ամենակարևոր շրջանը, անհատույց վնաս հասցնել նրա հոգեկանին: Հոգեբանները, ուսումնասիրելով մանկիկության շրջանը, հանգել են այն եզրակացության, որ ծնողները անուղղելիության չափ կոպիտ սխալ են գործում, եթե չեն ղեկավարում մանկան հոգևոր դաստիարակությունը վաղ հասակից. այդ հարցի` մինչև հասուն տարիքի հետաձգումն ինքնին անիմաստ է, քանզի գիտակցության և փորձառության մեջ չունենալով կրոնական-հոգևոր հիմք` մարդը, բնականաբար, հետագայում այլևս չի կարող ընտրություն կատարել, կամ այդ նրան չափազանց դժվար կտրվի:
«Լավ սկիզբը հաջող գործի կեսն է»,- վկայում է ասացվածքը: Այսպիսով հոգևոր դաստիարակության մեջ հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ծնող պետք է սկսի սկզբից, քանզի «Ձեզանից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը...» (Ղուկ. 14:28):
Սակայն ի՞նչ ենք հասկանում «սկիզբ» ասելով:
Մարդու բարոյական կերարի ձևավորումն սկսվում է շատ վաղ տարիքից: Դեռևս հնուց սկսած` երեխա սպասող մորը զերծ են պահել բազմատեսակ նյարդային լարումներից ու բացասական ազդեցություններից, քանի որ մոր հոգեկան վիճակը մեծապես ազդող է դեռևս արգանդում գտնվող երեխայի համար: Նկատի ունենանք, որ Աստվածաշնչում Սուրբ Կույս Մարիամը, Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթը և մյուս բարեպաշտ մայրերն իրենց հղության շրջանը անցկացրել են աղոթքի և Աստծո հետ հաղորդակցության մեջ: Այս հանգամանքը շատ էական նշանակություն ունի, քանի որ մանկան բնությունը այս կերպ հնարավորություն է ունենում հեշտորեն ունակ է դառնում ճանաչել Աստծուն (այս մասին ակնարկ արդեն արվել է նախորդ հոդվածներից մեկում` ԽՈՐՀՈՒՐԴ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻՆ): Անգամ հոգեվերլուծության հայր Զ. Ֆրեյդն ընդունում էր, որ մանկան գիտակցությանը հատուկ է պատկերացումը Ամենակարող Հոր մասին: Ճիշտ է, Ֆրեյդը այդ փաստին տալիս էր այլ, ոչ այնքան հիմնավոր բացատրություն, սակայն ստիպված էր ընդունել, որ հավատքը մարդու մեջ կա ի սկզբանե: Բնականաբար, Աստծո գաղափարի գիտակցված բացահայտումը նորածին երեխայի համար անկարելի է, սակայն այն, որ նա կյանքն ընկալում է զգայական օրգաններով, նշանակում է, որ ծնողի ունեցած հավատքը երեխան ևս կարող է  ընկալել: Իսկ այն ժամանակ, երբ մանուկն արդեն լույս աշխարհ է եկել, նրա գիտակցության մեջ խոր բարենպաստ տպավորություն կարող են թողնել մահճակալի վերևում կախված գունեղ սրբապատկերը կամ խաչը, որոնք ոչ միայն պաշտպան և օրհնություն կլինեն մանկան համար՝ փոխարինելով չարի գործիք «աչքի ուլունքներին», փշերին ու պայտերիննալ»), այլև աշխարհը զգայարաններով ընկալող մանկան համար կդառնան մշտապես հարազատ իրեր: Վաղ մանկիկության տարիքում հոգևոր կյանքը հիացնող է այն բանով, որ «մեղսականությունը» դրանում չնչին է: Ո՛չ բանականությամբ, ո՛չ էլ այլ կերպ չհասկանալով, թե ի՛նչ է իր մեջ հասունանում` երեխան շնչում է հոգևոր կյանքի լուսաճառագ անսահմանությամբ:
Հոգեբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2 տարեկանից սկսած մանուկն արդեն զգում է հստակ երկատվածություն, մուտք է գուրծում հակասությունների դաշտ, ստիպված է լինում ընտրություն կատարել երկու հակառակ մղումների միջև: Նրանում դեռևս բացակայում է գիտակցված մեղսական կամքը, բայց գայթակղությունը ունակ է ներխուժել «հոգու ոչ բանական մաս»: Ահա հենց այս շրջանում, երբ փոքրիկն ունակ է քիչ թե շատ լսել ծնողներին և ըմբռնել նրանց ասածները, միանգամայն տեղին է նրա համար ընթերցել կամ պատմել որոշ հետաքրքրաշարժ ու հրաշապատում դրվագներ Քրիստոսի կյանքից կամ առհասարակ Աստվածաշնչից, սրբերի վարքերից և հրաշապատումներից: Հիշենք, որ Աստծո ծառա Տիմոթեոսին իր մոր` Եվնիկեի և տատի` Լավոդիայի շնորհիվ դեռ մանկուց ծանոթ են եղել սուրբգրային հատվածներ (հմմտ. Բ Տիմ. 1:5, 3:14-15): Սկսած այս տարիքից` անհրաժեշտ է ուշադիր լինել մանկանը տրվող ինֆորմացիայի հանդեպ և չանցնել այն սահմանը, որով կարելի է հետաքրքրություն առաջացնել երեխայի մոտ:
Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերից Թեոփան Խցակյացը գրում է, որ մանկան բուն դաստիարակությունն սկսվում է խոսքի հետ, այսինքն` այն պահից, երբ երեխան սկսում է խոսել: Որքան էլ սուր հնչի, պատահում է, որ ծնողները լցնում են իրենց տակավին թոթովախոս բալիկի գլուխը տարատեսակ դատարկություններով (այստեղ մտքիս եկավ մեր` հայերիս մեջ տարածում գտած մի տհաճ երևույթ. բազմիցս ենք ականատես եղել, որ հայրը մանկահասակ որդուն, դեռ չեմ ասում դստերը, մեծ ջանադրությամբ սովորեցնում է հայհոյանքներ, որոնք, չգիտես ինչու, ուրախություն են պատճառում, հակառակ այն բանին, որ դրա ախտալից ազդեցությունն ակնհայտ է): Սրա փոխարեն, սակայն, հասարակ ու պարզ խոսակցության միջոցով կարելի է երեխայի մեջ առողջ քրիստոնեական միտք ու դատողություն սերմանել:
Աստծո մասին առաջին գիտակցված միտքն առաջ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ընդունակ է լինում հասկանալ, թե ի՛նչ է ստեղծելը կամ կառուցելը: Այս ժամանակ նրա համար անհամեմատ հեշտ է հասկանալը, որ ինչպես ինքը պլաստիլինե զանգվածից սունկ, տնակ կամ մեկ այլ բան է պատրաստում, այնպես էլ Աստված (որ շատ հաճախ ծնողների միջնորդությամբ պատկերավորվում է որպես բարի ծերունի, պապիկ) ստեղծել է շրջապատող ամեն ինչ, ինչ տեսնում է ինքը` մանուկը, և անգամ ստեղծել է հենց իրեն:
Կարևոր է, որ ժամանակի հետ  երեխաները սովորեն, որ իրենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ են, պետք է հաճախ նրանց հետ այցելել եկեղեցի, ծանոթացնել քահանայի հետ, ստանալ նրա օրհնությունը, սովորեցնել կարճ աղոթքներ, հատկապես` «Տերունական աղոթքը»Հայր մեր»): Սա անհերքելի բարենպաստ ազդեցություն կթողնի երեխայի երևակայության և հոգեկանի վրա: Երեխան պետք է հագեցած լինի բարեպաշտ մտքերով և զգացողություններով վաղ` մինչդպրոցական տարիքում, քանի որ դպրոցն արդեն իսկ ենթադրել է տալիս մանկան հոգեկանի դրական որոշ հատկությունների ընկրկում` կապված հասարակության բացասական ազդեցության հետ:
Նախադպրոցական և վաղ դպրոցական տարիքում, երբ երեխան հաճախում է մանկապարտեզ կամ պատրաստվում է ոտք դնել դպրոց, մանկան հոգեկան ներաշխարհը պիտի արդեն պատրաստ լինի սոցիալ-հոգեբանական լուրջ փոփոխությունների: Մարդաշատ միջավայրի, տարբեր բնավորությունների և դաստիարակության տեր այլ մանուկների հետ շփումը և ընկերացումը համեմատաբար ավելի սահուն և անկաշկանդ կիրականացվի, եթե երեխայի հոգում և մտքում բողբոջած լինի քրիստոնեական սիրո գաղափարը. «Տե՛ս, բալիկ,- պիտի հորդորի ծնողը,- այստեղ այսքան շատ փոքրիկներ կան, բազում աղջիկներ և տղաներ: Նրանց էլ քեզ նման ստեղծել է Աստված պապիկը, նրանք էլ քեզ նման քնքուշ բալիկներ են, ուստի դու պետք է նրանց բոլորին սիրես, չանտեսես ոչ մեկին, կիսվես քո ունեցածով, խաղաս բոլորի հետ. դու պետք է բարի լինես բոլորի հանդեպ, որպեսզի Քրիստոսն էլ բարի լինի քո հանդեպ: Մի՛ մոռացիր, որ նրանք քո քույրերն ու եղբայրներն են»: Նմանօրինակ հորդորը, թերևս, հիմք կդառնա աստվածսիրության առաջին քայլի՝ մարդասիրության համար:
Արդեն 7-8 տարեկանում, երբ երեխան ունակ է գրքերից` մասնավորաբար «Մանուկների Աստվածաշնչից» տեղեկություններ ստանալ իր հավատքի բաղադրիչների մասին, նրա գլխում ձևավորվում է պարզ աստվածաբանություն. նա մոտավոր օբյեկտիվ պատկերացումներ է ձեռք բերում շրջապատող աշխարհի մասին, որոնում է արդարություն ու վարձատրություն բարու և պատիժ` չարի համար: Այս ժամանակ արդեն ծնողի պարտքն է նրան հիմնավորապես դնել ճիշտ կողմնորոշման վրա: Քրիստոնեական սիրո հետ միասին դրան մեծապես կարող է նպաստել Աստծո հանդեպ վստահության ներշնչումը, ինչի շնորհիվ երեխան դուրս կգա Աստծո տեսական, զուտ գրքային ճանաչողությունից և կընդունի նրան անմիջականորեն` որպես իրեն հարազատ Մեկի: Սա, իհարկե, երեխան պիտի զգա իր ներընտանեկան սիրո և համերաշխության մթնորորտից և ծնողների` իր հանդեպ ցուցաբերած վստահությունից: Կարևոր է հասկանալ, զգալ և ներթափանցել մանկական նրբին աշխարհ` նրա հետաքրքրությունների, խաղերի ու զբաղմունքների մեջ: Միայն այդ կերպ կարելի է հաղորդակից լինել հեքիաթներով լեցուն նրա ներաշխարհին և կամաց-կամաց ցույց տալ, որ կյանքի, մարդկանց փոխհարաբերությունների, սիրո մասին քրիստոնեական ընկալումն այդ ամենին տալիս է նոր որակ:
Տարիքի հետ, հոգեբանական որոշակի օրինաչափությունների արդյունքում երեխայի հոգում տեղի են ունենում մեղքի խլրտումներ, ինչպես ասենք սուտասանություն, համառություն, նախանձ և այլն: Տարիքային այդ փուլը հոգեբանները որակում են որպես «ճգնաժամային»: Ցանկացած քննադատություն, մերժում կամ անտեսման փորձ երեխան տանում է շատ ծանր՝ իրեն միշտ զգալով զոհի և արհամարհվածի դերում: Անհրաժեշտ է համբերատար լինելով պայքարել թերացումների դեմ` աշխատելով թույլ չտալ, որ դրանք դառնան վատ սովորություն: Այս ժամանակ կարևոր է ինքնազսպումը. ճիշտ չէ անընդհատ բարկանալ երեխայի վրա, այլ անհրաժեշտ է սիրով ու համբերատարությամբ ուղղել սխալը` ցույց տալով, որ արարքը ոչ այնքան զայրացնում է ծնողին, որքան՝ վշտացնում, ցույց տալով, որ այն, ինչ առաջարկում են հայրը կամ մայրը, շատ ավելի լավ ու օգտակար է իր` մանկան համար: Անհրաժեշտ է դստերը կամ զավակին հասկացնել, որ այնտեղ, որտեղ իր, ծնողների, ընկերների և ծանոթների օժանդակությունը բավարար չէ և տկար է, Քրիստոսի օգնությունը չի հապաղի, միայն թե պետք է զրուցել Տիրոջ հետ աղոթքներում, կիսվել հույզերով և օգնություն խնդրել
Կյանքի այն հանգրվանում, երբ երեխան արդեն գտնվում է ավագ դպրոցական տարիքում, լայնանում են նրա աշխարհայացքը, շրջապատը, ցանկությունների ցանկը և հետաքրքրությունները, որոնք ոչ միշտ են ընթանում բարեբեր հունով: Ճիշտ է, չափազանց դժվար է գայթակղություններով լի աշխարհում զսպաշապիկ հագցնել ծաղկող ու փթթող երեխային, սակայն այն որ ինքը քրիստոնյա է, պատասխանատու է իր խղճի և Աստծո առաջ, արդեն իսկ պետք է նրան զգաստություն ու սթափություն ներշնչի և ինչ-որ իմաստով պարտադրի լավ օրինակ լինել դիմացինների, պարծանք ու հպարտություն ծնողների և արժանավոր ծառա` Աստծո համար:
Ճշմարիտ է մի բան. երեխաները նման են բույսերի, որոնք Աստված շնորհել է այգեպաններին` ծնողներին: Այգեպանները պետք է այդ բույսին պատվաստեն աստվածսիրության շիվեր` հոգ տանելով, որ նրանք աճեն քրիստոնեական ընտանիքի բարեբեր հողի վրա: Հարկ է խնամել ծաղիկները, ոռոգել Աստծո Խոսքի հորդահոս ջրերով, դրանով իրականացնել ծնողական պարտքը` հուրախություն իրենց` ծնողների և հատկապես մանկանց:
Եվ թող որ ծնողները ոչ ոքի, բացի իրենցից չմեղադրեն, եթե փոքրիկ շիվը անուշադրության պատճառով վերածվի անպտուղ թզենու (հմմտ. Ղուկ. 13:6-9): Արդյո՞ք այդ ժամանակ նրանց էլ լսելի չի լինի Աստծո ահեղ ձայնը, որը Սամվել մարգարեն հայտնեց Հեղի քահանայապետին զավակների անփույթ դաստիարակության պատճառով. «...իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր հանդիմանում» (Ա Թագ. 3:13):
 Տիրոջ Սերը, Խաղաղությունը և Օրհնությունը ձեր և ձեր զավակներին, այժմ և հավետ. Ամեն:

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Ով մեծ Աստված, 
Որ տվել ես ինձ բարի հայր ու սիրող մայր,
Տուր ինձ շնորհ անել աղոթք, լինել խելոք
Պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ: Ամեն:

Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում

14 արտահայտվիր:

Artur said...
5/15/11, 9:53 PM

Դուրս շատ եկավ: Շնորհակալություն Արթուր սրկ.:
Մի քիչ երկար է, բայց մի զլացեք, կարդացեք, շատ կարևոր նյութ է:

Anonymous said...
5/16/11, 9:12 AM

Արթուր ջան, շատ օգտակար նյութ էր, ես ինքս փոքր երեխա ունեմ ու միշտ կասկածում էի նրա քրիստոնեական դաստիարակությունը երբվանից սկսեմ? Երբեմն մտածում էի, գուցե թողնեմ, երբ ինքը հասնի պատանեկան տարիքի, ավելի հասուն եւ հասկանալով ընթերցի Մանկական Աստվածաշունչը: Բայց կարդալով նյութդ նախ հիշեցի ինձ երեխա ժամանակ: Ճիշտ է ինձ հետեւողականորեն քրիստոնեական դաստիարակություն չեն տվել, բայց մայրս իմ առջեւ դրել է Մանկական Աստվաշունչը /երեւի 3-րդ դասարան էի ընդամենը/ ու այն դարձավ իմ ամենասիրելի գիրքը: Ես կարդում էի հետաքրքիր պատմությունները ու ժամերով նայում գունազարդ նկարներին, գիրքն ինձ համար բոլոր հեքիաթի գրքերից ավելի սիրելի ու հարազատ էր դարձել: Հետագայում, երբ մեծացա, երբ արդեն ուսանող էի, հիշում եմ շատ աթեիստ, կոմունիզմի դաստիարակությամբ Աստվածամերժ դասախոսներ ունեինք, որոնք, որքան էլ փորձում էին գիտականորեն կամ երբեմն անգամ արհմարհական մերժել Աստծո գոյությունը, ես չէի համոզվում, ոչ որովհետեւ համապատասխան գիտելիքնե ունեի, այլ որովհետեւ իմ մանկական զգայարանների եւ երեւակայության վրա այնքան ուժեղ էր Մանկական Աստվածաշնչի տպավորոյւթյունը, ոչ ոչ ոք ինձ ետ համոզել չէր կարող: Հետո մի կարոեւոր բան էլ` երեխաները հոգով շատ ավելի ուժեղ են, քան մենք, նրանք հավատում են իրենց ուժերին ու հավատում են հրաշքներին: Իսկ Աստված միակ ուժն է որ մեզ կարող է տալ այդ հրաշքները: Ես Մանկական Աստվածաշունչը կարդալուց հետո այնքան էի հավատում հրաշքներին, որ այդ վառ տպավորությունները մինչեւ հիմա անջնջելի են իմ հոգում: Շնորհակալություն ուսուցանող նյութի համար:

Anonymous said...
5/16/11, 9:14 AM

Մոռացա անունս գրել :))) Աշխեն

Աննա said...
5/17/11, 9:18 PM

Իմ ամենասիրած գրքերից մեկը նույնպես Մանկական Աստվածաշունչն է,որի շնորհիվ էր,որ երբեք չդադադարեցի հավատալ Աստծուն:Իսկապես,այն, ինչին հիմք է դրվում մանկության տարիներին շատ խորը արմատներ է ձգում և դա ոչնչացնելը դժվար է:Նույնը վերաբերում է հավատքին,առավել ևս հավատքին:

Srk. said...
5/18/11, 7:09 AM

Իմ փոքրիկ փորձառության ընթացքում մկրտության և հոգևոր դաստիարակության բացակայության հարցում ամենաշատ տարածված մեկնաբանությունը /ես կասեի արդարացումը/, որ տալի են ծնողները հետևյալն է. «Դե ուզում ենք երեխան մեծանա ու ինքը հասկանալով ընտրի ու մկրտվի...»: Միշտ ինձ մոտ հարց էր առաջանում. «տեսնես էս ծնողների ծնողներն էլ են սպասել???»: Ճիշտ է, մարդու ազատ ընտրությունը լավ բան է, բայց հոգևոր և ինչու չէ նաև մարմնավոր «ապահովագրումը» շատ ավելի կարևոր: Հոգին էլ մարմնի պես խնամք է ուզում և չեմ կարծում, որ երբ մարդիք իրենց նորածնին տանում են բժշկական պատվաստման, ապա հարցնում են նրա կամքը /գուցե երեխան իսկապես չի ուզում. բոլոր երեխաներն էլ վախենում են բժշկից/, կամ ով գիտի գուցե մայրական կաթը այդքան էլ դուրեկան չէ, որքան մանկական սնունդը, ինչո՞ւ չսպասել մարդը մեծանա նոր ընտրի որն է ուզում: Չէ, մարմնի համար իմ նշածները առաջնային են, որպեսզի մարդը ապրի, սակայն մարդը միայն մարմին չէ, նա գլխավորապես հոգի է, որը ծնված օրվանից իսկ տենչում է իրեն հասանելիք հոգևոր սնունդը` Մանկական Աստվածաշնչից մինչև Սուրբ Հաղորդություն:

Աննա said...
6/2/11, 9:38 AM

Արթուր սարկավագ, ըստ իս ծնողների այդ առաջին հայացքից շատ դեմոկրատ և հումանիստական բացատրության հիմքում ընկած է նրանց տկար հավատքը: Եթե մարդ գիտի,որ Քրիստոսն է միակ ճանապարհը, ինչպես կարող է իր զավակին չասել այդ մասին? Զավակիդ,որին ամենքից ու ամեն ինչից շատ ես սիրում: Այդ նույնն է թե դու ապրես շատ լավ կահավորված լուսավոր բնակարանում, հագնես շատ լավ հագուստ,սնվես ամենասննդարար մթերքներով,օգտվես ամեն տեսակ բարիքներից, բայց երեխայիդ պահես մի այլ սենյակում,որտեղ այքան էլ լուսավոր ու հարմարավետ չի,հագցնես զգեստներ,որոնք այքան լավը չեն,որքան քոնը,տաս սնունդ, որը բավարար սնդարար չէ`ասելով`դե մեծանա կհասկանա,որն է լավը,ինքը կընտրի:Կարծում եմ հավատացքղ մարդը չի կարող չկիսել իր հավատքը,չի կարող չցանկանալ,որ իր սիրելի մարդիկ չիմանան,որն է ճշմարտությունը: Այդ նույնն է,թե իմանաս որտեղ է լույսը,օգտվես դրանից,բայց շուրջդ ղավարի մեջ ապրող մարդկանց չասես այդ մասին:

Srk. said...
6/2/11, 9:55 AM

Ճշմարիտը այն է, ինչ մենք ասում ենք, իրականությունն այլ բան... Ցավ ի սիրտ...

Diana said...
11/21/11, 10:57 AM

Ամեն...

Anonymous said...
11/22/11, 9:07 AM

Իսկ ինչպես կարելի է բացատրել երեխային, թե ինչու է Աստված անտեսանելի? Շնորհակալություն:
Տաթևիկ

Srk. said...
11/24/11, 7:49 AM

@Анонимный ջան, կարծում եմ երեխայի համար Աստված անտեսանելի էլ չէ. նա այսպես թե այնպես իր երևակայության սահմաններում կարողանում է տեսնել Աստծուն, բայց եթե հենց երեխան է հարցրել, թե ինչու է Աստված անտեսանելի :))) հարցը բարդանում է ու ես կդժվարանամ պատասխանել: Երբ ինձ մեծ «երեխաներն» են այդ հարցը տալիս /նկատի ունեմ հասուն մարդկանց ովքեր հոգևորի գիտակցման մեջ դեռևս մանուկ են/ միշտ ասում եմ. «Աստված անտեսանելի է, որպեսզի քո ամբողջ կյանքում փնտրես Աստծուն»: Իսկ առհասարակ որպես Աստծո տեսանելիություն երեխային կարելի է մատուցել Քրիստոս Աստծո մարդկային կյանքը, ցույց տալ նրա պատկերները Մանկական Աստվածաշնչում, իսկ ավելի հասունանալու հետ բացատրել, որ Աստծուն զգայարաններով ճանաչել պետք չէ, այլ հոգով, որովհետև «Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն» /Հովհ. 4:24/: Շնորհակալ եմ հարցի համար: Հուսամ պատասխանը կօգնի:

Anonymous said...
1/5/12, 12:44 PM

Ամեն տարի մարդ վախով է մտածում թե ինքը կկարողանա արդյոք մաքուր սրբություն ունեցող կին գտնել որովհետեվ ինչպես տեսնում եք մեր ՀԱՅ աղջիկներից շատերը նյութապաշտ են և ձգտում են ժամանակակից կյանք։

Տաթևիկ said...
2/1/12, 11:43 AM

Շնորհակալ եմ Տեր հայր

Sona said...
3/31/12, 9:06 PM

shat shnorhakalutyun!!! yes el misht mtacum ei vor erexa unenam inhpes petq e dastiarakem? vaxenum ei ankexc asac, hima arden shat ban imaca!!! mekel mi harc, verjum drvac axotq@ vor manukneri hamar e indz tsnoxners poqruc sovorecrel en u yes arden mec em bayc minchev hima axotumem, asumem ayd axotq@, da chisht e?

Srk. said...
3/31/12, 9:10 PM

@Sona ջան այստեղ ճշտի ու սխալի հարց չէ: Կարող եք շարունակել այդ աղոթքով աղոթել, եթե այն ի սրտե է: Բայց նկատի ունեցեք, որ հոգևոր կյանքում էլ անհրաժեշտ է աստիճանաբար աճել, հետևաբար այս աղոթքին լավ կլինի գումարեք ուրիշներ ևս: Տերը օրհնի Ձեզ:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...