Հարց. Կարծում եմ՝ վերջացան լեզվի մասին եղած խրատները:
Պատասխան. Այո՛, ավարտվեցին, բայց մի մեծ վտանգ էլ կա, եթե դրանից չզգուշանաս, այլ գործածես, շատ վատ վիճակում կհայտնվես: Դրա համար ես պարտավոր եմ քեզ տեղյակ պահել. գիտեմ նաև, որ քեզ համար պիտի շատ դժվար լինի, ինչպես այն հիվանդի, որի աչքը միշտ սառը ջրի և թթու կերակուրների վրա է, բայց որոնք վնասակար են իր հիվանդությանը: Բնական է, որ բժիշկն արգելում է՝ ասելով. «Սառը ջուր մի՛ խմիր, թթու մի՛ կեր»: Այդ պահին բժիշկը հիվանդի աչքին մի չար մարդ է երևում, գուցե և բռնակալ, բայց բժշկվելուց հետո նա ուրախ է լինում, որ չօգտագործեց սառը ջուրն ու թթու կերակուրը, իսկ բժշկից էլ մեծապես շնորհակալ է լինում: Նմանապես էլ մեղքի աղտի մեջ գտնվող մարդուն եթե խրատես, դժվարությամբ կընդունի, ինչպես Պողոս առաքյալն է գրում.
«Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին» (Եբր. ԺԲ 11): Անշուշտ շատ դժվար է սեփական կամքը զսպել, բայց երբ մեղքից հեռանա ու զղջա, այն ժամանակ կզգա օգուտը, ինչպես որ Եսային է գրում.
«Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտեղ ես գտնվում» (Եսայի Լ 15): Վերջապես քեզ կցանկանայի մի բանի մասին էլ ասել: Ամեն մեկի մեղքը դիմացինի աչքին ավելի ցայտուն է երևում, քան իր աչքին: Հետևաբար ես տեսնում եմ, որ սատանան որոգայթ է լարել ոտքիդ տակ, բայց դու այդ մասին չգիտես, անզգույշ քայլում ես և անշուշտ պիտի ընկնես փորձանքը, դրա համար տեղյակ եմ պահում քեզ, որ զգույշ քայլես:
Հարց. Ո՞րն է այդ զգուշանալիք որոգայթը, որի մասին այսքան երկար ասացիր:
Պատասխան. Բարկությունն է այդ մեղքը, որից եթե հեռու չմնաս, երբեք չես կարող բարեգործություն անել, ինչպես որ Հակոբոսն է ասում.
«Բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում» (Հակոբոս Ա 20): Չկատարելուց բացի արածդ էլ ոչնչացնում է, ինչպես որ Քրիստոս ցույց է տալիս օրինակով.
«Ով որ լսում է Իմ այս խոսքերը և դրանք չի կատարում, կնմանվի մի հիմար մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա. անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկավ. և նրա կործանումը շատ մեծ եղավ» (Մատթեոս Է 26-27):
Հարց. Այդ տունը տակնուվրա անող հողմը ի՞նչ է: