12.3.18

ԼԵԶՎՈՎ ԳՈՐԾՎՈՂ ՄԵՂՔԵՐԸ - Շավիղ 29

Հարց. Կարծում եմ, այս բոլորը սովորեցի և այսուհետև ես ինքս, կարող եմ ուրիշին խրատ տալ:

Պատասխան. Շատ լավ, տո՛ւր քո խրատը, բայց ամենից առաջ դու ինքդ պիտի պահես այդ խրատը և ապա նոր քարոզես: Եվ եթե դու չպահես և ուրիշին խրատես, Պողոս առաքյալը կհանդիմանի քեզ. «Իսկ արդ դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես չգողանալ, գողանում ես. ասում ես չշնանալ, շնանում ես» (Հռոմ. Բ 21-22): Ուստի ամենից առաջ դու ես պարտավոր պահել և ապա ուրիշին սովորեցնել:

Հարց. Դա չգիտեի, եթե այդպես է, ես ուրիշին չեմ քարոզի, եթե ես միայն իմ փրկության համար հոգամ, բավական է, քանի որ դեռ ինքս կարոտ եմ խրատի: Ուրիշ ի՞նչ զգուշացումներ կան:



Պատասխան. Քրիստոնյան ամեն ինչով պիտի տարբերվի անհավատներից, ինչպես Պետրոսն է ասում. «Ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ» (Ա Պետրոս Բ 12): Ասել է թե, քրիստոնյայի ոչ մի գործը չպիտի նմանվի անհավատի արած գործին, թե՛ զգեստ, թե՛ զրույց և մանավանդ լեզուն մաքուր պահել ամեն տեսակի աղտեղի խոսքերից:

Հարց. Իսկ ինչո՞ւ պետք է քրիստոնյայի բերանն այդքան զգուշավոր լինի:

Պատասխան. Քրիստոնյայի բերանը ամենասուրբ Աստծու ճանապարհն է, Տերն այնտեղից պիտի մտնի և բնակվի մեր սրտի մեջ :

Հարց. Այդ ամենը հասկացա, բայց զարմացած խորհում եմ, թե ինչպե՞ս կարող ենք ամենազոր Աստծու բնակարան դառնալ:

Պատասխան. Եթե խորին մտքով զննենք, իրոք, երկյուղալի և անհնարին բան է, բայց Աստված, ողորմած և մարդասեր լինելով, չի խորշում մեր սրտում բնակվել, եթե այն մաքուր է:

Հարց. Այդ ևս հասկացա: Ուրիշ ի՞նչ զգուշացում ունես:

Պատասխան. Բայց ի՞նչ հասկացար, երբ լեզվի վերաբերյալ զրույցը նոր ենք սկսել:

Հարց. Կարծեցի, թե լեզվի մասին զրույցն ավարտվեց, դրա համար ուզում էի այլ հարց տալ:

Պատասխան. Որքան էլ երկար խոսենք, դժվար թե կարողանամ սպառել լեզվի անկարգ վարմունքի նկարագրությունը: Բայց որպեսզի չձանձրացնեմ, հիշենք միայն, որ Հակոբոս առաքյալը մեր լեզուն նմանեցնում է կրակի, որը պահում ես բերանիդ մեջ և չես վախենում, որ կայրես բերանդ: Կարծում եմ, որ այս մասին չգիտեիր, այլապես լեզուդ կկտրեիր և մի կողմ կնետեիր:

Հարց. Այդ ինչպե՞ս լեզուն պիտի այրի բերանը, որ վախենամ:

Պատասխան. Հակոբոսն ուսուցանում է քեզ. «Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության, մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը՝ բորբոքված գեհենի կրակով» (Հակոբոս Գ 6):

Հարց. Բայց ինչո՞ւ է լեզուն կրակի նմանեցնում, չէ՞ որ այն միշտ խոնավ ու թաց է, իսկ նման միջավայրում կրակ չի պահվում: Չեմ հասկանում:

Պատասխան. Մի օրինակ բերեմ, որ հասկանալի լինի: Ժամանակին կրակ էին ստանում կայծքարից: Եթե կայծքարը ջրի մեջ գցես, նրա կրակ տալու հատկությունը չի կորչի, երբ ջրից հանես և հրահանով խփես, կրակ կարձակի իրենից: Այն կարող ես կրել նաև ծոցդ դրած, թեպետ ունի կրակ տալու հատկություն, այսպես էլ լեզուն է, որի համար Հակոբոս առաքյալն ասում է. «Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում» (Հակոբոս Գ 5): Լեզուն կայծքարի նմանությամբ կրակով լեցուն մեր բերանի մեջ է, իր կրակը չի երևում և որևէ վնաս չի գործում, բայց երբ մեկն իր մոտ գա և անվայել խոսքով հրահանի պես նրան խփվի, իսկույն լեզվի միջից կրակ դուրս կցայտի, այն է՝ հայհոյանք, անեծք, անարգանք, բամբասանք, պիղծ ու զազիր խոսքեր, որով ապականվում է մարդու անձը:

Հարց. Իրոք որ. մարդ արարածն իր լեզվի ձեռքից բազում նեղություններ է քաշում և շատ փորձանքների է հանդիպում:

Պատասխան. Երանի թե այս աշխարհում մարդիկ լեզվի պատճառով նեղություններ տեսնելուց հետո մահից հետո ազատվեին, բայց այդպես չէ, որովհետև լեզվի պատճառով այս աշխարհում նեղություններ կրելուց հետո մարդն այդ նույն պատճառով նաև դժոխքի կրակի կերակուր է դառնում:

Հարց. Եղբա՛յր, հիրավի, շատ վատ բան է այդ լեզու կոչվածը:

Պատասխան. Ո՞ր վատ բանը նկատի ունես: Հակոբոսը վայրի գազաններից ավելի անզուսպ է համարում նրան. «Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել» (Հակոբոս Գ 7-8): Իսկ Սիրաք իմաստունն էլ գրում է. «Լեզուն մի ընտանի գազան է բերանի մեջ, եթե արձակես, ինքն իրեն կուտի»:

Հարց. Ինչո՞ւ են լեզուն նմանեցնում գազանի:

Պատասխան. Խնդրեմ, եթե ցանկանում ես, բացատրեմ պատճառը: Եթե մի մարդ թեկուզ շանը մի կտոր հաց կամ միս տա, այլևս նրան չի կծի և վրան չի հաչի, նույնիսկ ավելին. կսկսի շողոքորթել և պոչը շարժելով կգա, կքսվի մարդու ոտքերին: Այս անում է ոչ թե այն մարդու գեղեցիկ կամ բարի լինելու, այլ իրեն ցույց տված օգուտի համար: Բայց դարձյալ այդ նույն շանը կերակուր չտվող մեկ այլ անձ վատ է թվում, և շունը սկսում է հաչել նրա վրա, ուզում է բռնել ու կծել, մանավանդ եթե մարդը քար նետի շան վրա, այն ժամանակ նա առավել կկատաղի ու կհաչի մարդու հետևից: Նմանապես էլ մարդը, եթե մի անձնավորությունից միշտ բարություն տեսնի, իր համար հաճելի կլինի, հետը սիրով կվարվի, անուշ խոսքեր կասի և նույնիսկ կշողոքորթի, ոչ թե դիմացինի արդար և աստվածապաշտ լինելու համար, այլ իր ակնկալած օգուտի համար: Հակառակ սրան, եթե մեկից օգուտ չի տեսել, տվյալ մարդն իր աչքին լավը չի երևա և չի սիրի նրան, կարող է պատահել, որ նույնիսկ ատի, ոչ թե տվյալ մարդու մեղավոր և չար լինելու պատճառով, այլ որ իրեն ոչ մի օգուտ չի տվել: Եթե մարդկային հարաբերության մեջ իրար սիրելն ու ատելը լիներ արդարության կամ մեղավորության պատճառով, այդ դեպքում լավ վարքի տեր քրիստոնյաները վատ վարքի տեր քրիստոնյայի հետ չպիտի խոսեին կամ նրան այցելեին: Բայց այդպես չէ: Հաճախ տեսնում ենք, որ ոչ միայն վատ վարք ունեցող քրիստոնյայի, այլև անհավատների հետ, որոնցից ինչ-որ օգուտ ունեն, առավել սիրով են վարվում, քան թե հասարակ քրիստոնյայի հետ, որից օգուտ չեն տեսել: Այդպիսի մարդու չսիրած անձը, եթե մի փոքր նեղություն պատճառի իրեն, նա անմիջապես գազանի նման կկատաղի և բազում վնասներ կուզի հասցնել դիմացինին: Եվ եթե չհասնի իր մտադրությանը, կսկսի բերանով, կատաղի շան հաչելու պես վատ խոսքեր ասել, հայհոյանք, անեծք, բամբասանք և այլն:

Հարց. Իրոք որ մարդկային լեզուն գազանային բնություն ունի:

Պատասխան. Ուր էր, թե այդպես լիներ: Եթե շանը մի պատառ հաց տաս, անասունն այդ երբեք չի մոռանա: Բայց մարդն այդպես չէ, միշտ ուզում է բարություն տեսնել և եթե մի նեղություն պատահի, բոլորին ոտքի տակ կտա, նույնիսկ վրեժխնդրությամբ կլցվի:
Միչդեռ, եթե շանը երբևէ մի պատառ հաց ես տվել, հետո քարով էլ որ խփես, ոխ չի պահի, այսինքն՝ մի պատառ հացը չի մոռանա: Այդ գազանը նույնիսկ չի կարող կծել կամ վնասել մարդկանց, որոնք իր մոտ չեն: Այնինչ, մարդկային լեզուն իրենից հեռու և նույնիսկ իր չտեսած մարդկանց կարող է կծել: Իր տանը նստած կարող է բամբասել իր աչքից հեռու մարդկանց՝ վարկաբեկելով նրանց անունը, անբժշկելի վերքեր բացելով նրանց սրտերում: Շունը շան միս չի ուտում, բայց մարդիկ իրար ուտում են:

Հարց. Երբևէ չեմ լսել, որ մարդը մարդ ուտի:

Պատասխան. Եթե չես լսել, ապա Պողոս առաքյալից կլսես. «Իսկ եթե միմյանց խածոտեք և հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե միմյանց ոչնչացնեք» (Գաղատ. Ե 15): Սիրաքի խոսքն էլ լսիր. «Եթե լեզուն թող տա, ինքն իրեն կուտի»: Ահա Պողոսի և Սիրաքի վկայությունները լեզվի խածանող լինելու մասին:

Հարց. Խելքիս չի հասնում, թե ինչպես կարող է լեզուն մարդուն վերք պատճառել, չէ՞ որ վերքը թրով, դանակով, նիզակով կամ էլ, ծայրահեղ դեպքում, ատամներով է հնարավոր հասցնել, մինչդեռ լեզուն փափուկ միս է, ինչպե՞ս կարող է վիրավորել:

Պատասխան. Տե՛ս, թե մարդկային լեզուն ինչի է նմանեցնում Դավիթ մարգարեն. «Մարդկանց որդիների ատամները զենք և նետ են, իսկ նրանց լեզուները՝ ինչպես սուր սուսեր» (Սաղմոս ԾԶ 5): Իսկ Սողոմոնը գրում է. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես» (Առակ. ԺԲ 18): Թուրն ու դանակը չեն կարող լեզվի չափ վերքեր բացել, որովհետև այս առարկաները, երբ դիպչում են մարմնին, նոր են վիրավորում, իսկ լեզուն չդիպչելով և նույնիսկ չտեսած մարդկանց սիրտը կարող է այնպես վիրավորել, որ երբեք չբժշկվի: Այնինչ երկաթյա գործիքների առաջացրած վերքերը վիրաբույժը կարող է բժշկել: Իսկ լեզվի առաջացրած վերքը նույն այդ վիրավորող լեզուն հազիվ թե կարողանա բժշկել, ինչպես Պողոսն է գրում. «Եթե ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ է, որ կուրախացնի ինձ, եթե ոչ նրանք, որոնց տրտմություն պատճառեցի ես» (Բ Կորնթ. Բ 2):

Հարց. Ես մինչ այժմ չգիտեի լեզվի այդչափ չարագործությունների մասին, շնորհակալություն, որ հայտնեցիր ու բացատրեցիր: Ուրիշ ի՞նչ չարիքներ ունի:

Պատասխան. Ո՞ր մեկ անկարգությունը պատմեմ: Ինքը փոքրիկ մի բան է, բայց իր կարողությունից վեր մեծամեծ բաներ է խոսում, ինչպես Հակոբոս առաքյալն է վկայում մի շատ երկյուղալի խոսքով. «Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ» (Հակոբոս Գ 9): Եվ զարմանքով հարցնում. «Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառը ջուր կբխեցնի» (Հակոբոս Գ 11): Նաև Սիրաքն ասում է. «Մեկն աղոթում է, և մյուսն՝ անիծում. ո՞ւմ ձայնը կլսի Տերը» (Սիրաք ԼԱ 29): Դրա համար էլ Քրիստոս հրամայում է. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս ԺԲ 36-37): Իսկ Սողոմոնն ասում է. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են», և կրկին անգամ հիշեցնում. «Մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, և մարդ բռնվում է իր բերանի խոսքով» (Առակ. Զ 2): Տեսա՞ր, եղբա՛յր իմ, ո՛չ միայն Հակոբոս առաքյալը, այլև Քրիստոս, Սողոմոնն ու Սիրաքը վկայում են լեզվի վնասակարության մասին: Այս առիթով Հակոբոսն ասում է. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է» (Հակոբոս Գ 2): Պողոս առաքյալն էլ զգուշացնելով գրում է. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի» (Եփես. Դ 29):

Հարց. Շա՛տ լավ: Մեր լեզվի վնասակարության մասին իմացանք, բայց Քրիստոս ինչո՞ւ է ասում. «Մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս ԺԲ 36-37): Այդ ի՞նչ դատարկ խոսքեր են, որոնց համար հաշիվ պիտի տանք:

Պատասխան. Ընդունենք, թե ես ու դու կռվում ենք, մեկս մյուսին շատ վատ խոսքեր ասում, կողքից նայողներից ոմանք ինձ են պաշտպանում՝ ասելով. «Շա՛տ լավ, խոսքով տեղը դրեց, ապրե՛ս», իսկ մյուսները քեզ են պաշտպանում ու քաջալերում: Իմացի՛ր, որ ինձ պաշտպանողներն ու գովասանքի խոսք ասողները ինձ հետ, իսկ քեզ գովողները քեզ հետ դժոխք են գնալու: Կամ էլ ես շատ վատ բառեր եմ ասում քեզ, բայց դու, սրտիդ մեջ Աստծու երկյուղ կրելով, ինձ ոչ մի պատասխան չես տալիս: Այս դեպքում կլինեն մարդիկ, որ կթքեն երեսիդ ու կասեն. «Բա՛, դու մարդ ե՞ս, ո՞նց կուլ տվեցիր այդ խոսքերն ու պատասխան չկարողացար տալ»: Այսպիսով աշխատում են կռիվ բորբոքել: Ահա սրանց այս բոլոր խոսքերն էլ դատարկաբանություն են: Թեպետ այդ կռվի մեջ իրենք ամենևին գործ չունեն, բայց այսպիսի դատարկ խոսքերով մասնակից են լինում կռվողների մեղքին:

Հարց. Կռվողներն իրար հայհոյում են, բայց կողքից նայողները բնավ չեն հայհոյում, այդ ինչպե՞ս են նրանք մեղքին մասնակից:

Պատասխան. Թեպետ չեն հայհոյել, բայց գործակից լինելով մասնակից են լինում նրանց մեղքին, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանցությամբ, նենգությամբ, չարասրտությամբ. բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, ծնողատյաց, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ. նրանք գիտեին Աստծու արդար դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի, և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռոմ. Ա 29-32): Տեսնո՞ւմ ես, որ նրանց կռվին նայող և միայն լեզվով քաջալերող ու հավանություն տվող մարդիկ միայն մեկ պարապ խոսքով նույնպես մասնակից են մեղքերին, որովհետև եթե գողին հարցնես, թե ինչո՞ւ ես գողություն արել, նա կարող է իր չքավորությունը պատճառաբանել. իսկ եթե շնացողին հարցնես՝ նույնպես իր մարմնի ցանկության բորբոքումը կարող է պատճառ բռնել, նմանապես և բոլոր մեղսասերները: Իսկ եթե ուրիշի մեղքին միայն լեզվով մասնակից եղողին հարցնես. «Այս երկու մարդը կըռվում են, բայց դու ինչո՞ւ ես բորբոքում նրանց վեճը», կտեսնես, որ ոչինչ չի կարող պատասխանել, որովհետև ոչինչ չունի ասելու, քանզի գիտե, որ դատարկ ու պարապ տեղն է խոսել: Ահա սրանք են Քրիստոսի ակնարկած դատարկ խոսքերը, որոնց համար հաշիվ պիտի տանք դատաստանի օրը:

Հարց. Իսկ երբ Քրիստոս ասաց. «Քո խոսքով պիտի արդարանաս ու քո խոսքով պիտի դատապարտվես» (Մատթեոս ԺԲ 37), այդ ի՞նչ է նշանակում:

Պատասխան. Ահա՛ Քրիստոս մի առակով այդ ցույց տվեց. «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքնիրեն այս աղոթքն էր անում. «Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. «Աստված, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկաս ԺԸ 10-14): Այսպիսով փարիսեցին իր գործած բարեգործություններն իր իսկ լեզվով խորտակեց, իր նավը մինչև նավահանգիստ կհասներ, ընկղմեց, իսկ մաքսավորը, ինքն իրեն մեղավոր հռչակելով և իր մեղքերին թողություն խնդրելով, ծովի մեջ ալեկոծության ենթարկվող իր նավը ցամաք հանեց անվնաս: Նավն ընկղմողն ու ազատողը լեզուն եղավ: Մեկ այլ օրինակ էլ բերեմ. երկու մարդ կռվում են, ոմանք գրգռում են, որ կռիվը սաստկանա, իսկ ոմանք ջանք են թափում խաղաղեցնելու: Գրգռողները սատանայի որդիներ են կոչվում, իսկ խաղաղարարները՝ Աստծու որդիներ, որոնց էլ Քրիստոս երանի տվեց. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթեոս Ե 9): Տեսնո՞ւմ ես, սրանք էլ լեզվով արդարացան կամ դատապարտվեցին. դրա համար էլ Սիրաք իմաստունը գրում է. «Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, իսկ եթե նրա վրա թքես, կմարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս» (Սիրաք ԻԸ 14): Նաև Քրիստոսի հետ խաչված ավազակը, Քրիստոսին տեսնելով այդ չարչարանքների մեջ, չհուսահատվեց ու հաստատ հավատով ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկաս ԻԳ 42), և փրկվեց: Ահա սա է Քրիստոսի ասածը. «Քո խոսքով կարդարանաս ու քո խոսքով կդատապարտվես» (Մատթեոս ԺԲ 37):

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...