22.3.17

ՀՈԳԵՎՈՐ ԼՈՒՅՍ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 24)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են՝  Ելք 3։16-22, Հովել 3։1-8, որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Ահա թե ինչ ենք կարդում այսօրվա ընթերցոշման մեջ`






«Ես ասում եմ. ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։17)։

Եկեղեցու հայրերը, երբեմն այլաբանորեն նայելով Աստվածաշնչյան Ելքի գրքի եղելություններին, որոնց մեջ պատմում է Իսրայելացիների` Եգիպտական ստրկությունից դուրս գալու, անապատում 40 տարիներ դեգերելու և Ավետյաց երկրի սահմաններ հասնելու մասին, դրանք զուգահեռում են մեր 40-օրյա պահեցողության շրջանի հետ` որպես մեղքի գերությունից ու խավարից դուրս գալու և դեպի լույս և կյանք ճամփորդելու մի ընթացք։



21.3.17

ՓԱԽՉԵԼ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 23)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը Հոբի գրքից է՝  Հոբ 38։2-39։35.  կարող ենք կարդալ այստեղ:

Սիրելիներ, ամեն բան, ինչ որ Աստված ստեղծել է տիեզերքում, կատարյալ կարգադրյալ և ներդաշնակ վիճակում է։ Այդ մասին ամենայն մանրամասնությամբ Աստված հիշեցնում է Հոբի հետ երկխոսության մեջ՝ Հոբ 38։2-39։35 հատվածով։ Արարչագործության ամեն մեկ պտուղ Աստծո անսահման իմաստության և սիրո արտացոլանքն է աշխարհում, այդ թվում և մարդը, որ «թագ ու պսակն է» արարածների՝ ստեղծված Աստծո «պատկերով և նմանությամբ»։ Հակառակ Աստծո հայրական սիրուն և գորովին, մարդը, սակայն, գերադասեց անմահությունից շեղվել դեպի մահ, սրբությունից դեպի մեղավոր ու անկյալ կյանք։ 
Այդ պահից իսկ չարը ճանաչելով՝ մարդիկ՝ Ադամ և Եվայից սկսած, բարուն զուգահեռ սատանայի ճանապարհը ընտրելու ազատությունը ունեն, որով (ինչպես որ անցյալ մեր հանդիպմանը խոսեցինք), թիկունք ենք դարձնում Աստծուն և օտարանում մեղքերով։ Այս ընտրությունը մեզանից յուրաքանչյուրին մեկ օր պիտի կանգնեցնի Աստծո դատաստանի առջև, և որևէ մեկս այդ դատաստանից խուսափել չի կարողանա։ Արդար է այդ դատաստանը և անբեկանելի, ինչպես որ կարդում ենք օրվա ընթերցման մեջ. 


«Մի՞թէ մէկը պիտի կարողանայ իմ դատաստանը ծռել» (Հոբ. 39։32)։

20.3.17

ԴԱՌՆԱՆՔ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 22)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը Երամիայաի մարգարեությունից է՝ Երեմ. 32։19-44, որը  կարող ենք կարդալ այստեղ:

Հայտնի է՝ Մեծ Պահքը մեր ներսում արմատներ ձգած մեղքերի դեմ պայքարելու շրջան է։ Եթե չկա պայքար մեղքի դեմ, ապա պահեցողությունը սպառնում է վերածվել սոսկ ձևապաշտության։ Սակայն ի՞նչ է մեղքը... Շատերը մեղքը սահմանափակում են սոսկ իրենց խղճի առջև պատասխանատվության չափանիշերով՝ սպանություն, շնություն, գողություն... Սակայն, ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում՝ «Ամեն տեսակ անիրավություն մեղք է» (Ա Հովհ. 5։17)։ Այո, սիրելիներ, իրականում ամեն քայլ, մտածում, գործ ու զգացում, որ հակառակ է Աստծո կամքին, վստահաբար մեղք է։ Իսկ մեղավոր մարդը նա է, ով Աստծո կամքին հակառակվելով թիկունք է դարձնում իր Արարչին ու հորը։ Այս առթիւ Երեմիա մարգարեն Աստծո անունից մի կարճ, բայց հոգեցունց միտք է փոխանցում ընթերցողներիս․ 


«Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ եւ ոչ թէ՝ երեսները» (Երեմ. 32։33)։

Աստված ուզում է, որ մենք դեպի Ինքը միշտ երեսով կանգնենք, ոչ թե մեղքերով թիկունք դարձրած այլ՝ արդարացած, պարզ ու ազնիվ դեմքով դեպի Աստծուն նայենք։ Եկեք իրապես ապրենք պահքը, դառնանք դեպի Աստված, ապաշխարենք ու անվերադարձ մեզնից քշենք մեր մեղքերը, քանզի մեր տերն ասում է. 
«Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ» (Մաղ. 3։7)։

Այսօր աղոթենք Հովհաննես Գառնեցու Երկուշաբթի օրվա աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...

19.3.17

ԱՂՈԹԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 21)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Ղուկ.12։32-48, Ես. 56։1-57։20, Եփես. 4։17-5։14, Ղուկ. 16։1-31որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Այսօր Մեծ Պահք 4-րդ կիրակին է՝ (Տնտեսի), և առաջարկում եմ այսօրվա մեր աղոթքների նյութ դարձնենք խաղաղությունը՝ մեր ներաշխարհի խաղաղությունը։ Եսայի մարգարեն օրվա ընթերցման մեջ գրում է.



«Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին,– ասում է Տէրը,– ու ես պիտի բժշկեմ նրանց» (Ես 57։19)։

Իրապես, սիրելիներ, ներքին խաղաղությունը, որ շատ հաճախ մենք կորցնում ենք մեր մեղքերի պատճառով, հասանելի է միմիայն Աստծո «բժշկությամբ»։ Մենք կորցնում ենք մեր խաղաղությունը վախերի, անհանգստությունների, մյուսների հանդեպ անվայել վերաբերմունքի, բամբասանքների, նախանձի և բարկության և 1000-ավոր այլ սատանայածին պատճառներով և չենք կարողանում վերջնականապես ապաքինվել, որովհետև չենք դիմում ճիշտ բժշկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով ասում է. 
«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք (Հովհ. 14:26)» (այս մասին առավել մանրամասն կարդանք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ նյութի մեջ)։

Եկեք, այսօր աղոթենք հանուն մեր հոգեկան խաղաղության, խնդրենք Փրկչին որպեսզի իր խոստացած խաղաղությունից առատորեն տա մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք բաժին հանել մեր շրջապատին և արժանանալ «խաղաղարար լինելու երանությանը»։
Աղոթենք Սուրբ Պատարագին քահանայի խաղաղության աղոթքով. որը կարող եք գտնել այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...

18.3.17

ԱՂՈԹՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 20)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Առակ 20։6-22, Բարուք 4։21-24, Բ Կորնթ. 4։1-11, Յովհ. 9։39-10։10 որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Առաջարկում եմ այսօր աղոթք բարձրացնենք հանուն քրիստոնյա երիտասարդների, քանի որ օրվա Աստվածաշնչյան ընթերցման մեջ կարդում ենք՝ 


«Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում» (Բ Օրենք 8։17-18)։

Երիտասարդները յուրաքանչյուր հասարակության ուժը, ավյունը, ակտիվ ներկան և հուսալի ապագան են՝ միշտ համարձակ, նորարար, ազատատենչ և նախանձախնդիր։ Աշխարհը, 21-րդ դարի կյանքը, մշակութային ինչ-ինչ ըմբռնումներ հաճախ փորձում են՝ օգտվելով երիտասարդական բնույթից հօգուտ իրենց գործածել երիտասարդներին և շատ հաճախ նաև շեղել ճշմարտության ճանապարհից, ինչի արդյունքում քիչ չէ թիվը այն երիտասարդների, ովքեր, հեռացած Աստծո ճանապարհից, գտնվում են անորոշ, մոլորյալ և ոչ մաքուր ուղիների վրա։ Աստվածաշունչը երանի է տալիս նրանց, ովքեր մաքուր և աստվածահաճո կյանք են վարում, որովհետև այդ երիտասարդների ճամփաները վստահաբար ուղիղ ու անխոտոր պիտի լինեն։


Եկեք, այսօր աղոթենք այն երիտասարդների համար, որոնք այս կամ այն պատճառով ուղիղ ճանապարհի վրա չեն, խնդրենք Աստծուն, որպեսզի մեր միասնական աղոթքների միջոցով ավելի ու ավելի շատ թվով երիտասարդներ գան դեպի Աստված, ձգտեն մաքուր կյանքի և եկեղեցասեր ընթացքի։ Աղոթենք նաև այն երիտասարդների համար, ովքեր, պահքի և հոգևոր ընթացքի մեջ են, որպեսզի Տերը ամուր պահի նրանց (և մեզ, անշուշտ) `սիրով և համբերատար։
Աղոթենք երանաշնորհ Տ. Զարեհ Արք. Ազնավորյանի հեզինակած երիտասարդական աղոթքով, որը կարող եք գտնել  այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...

17.3.17

ՊԱՅՔԱՐ ԵՍԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 19)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Բ Օր. 8։11-9։10, Հոբ. 12։1-13։6, Եսայի 42:1-8, որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Եսը, լաիներեն ասած՝ ego-ն, մարդկային էության անբաժանելի մի մասն է, ընդհանուր ասած՝ մարդ արարածի ինքնությունը, սակայն շատ հաճախ այն կարող է դառնալ հոգևոր առաջընթացի առաջին թշնամին, քանի որ մարդկային և անմարդկային բոլոր մեղքերի սկզբնապատճառները ծիլ են տալիս ԵՍ-ի գերազանցությունից։ Եսակենտրոնությունը ավելացնելով մարդը ընկնում են գոռոզամտության և հպարտության մեղքի մեջ, երբեմն այն աստիճան, որ դադարում է շրջապատում նկատել մյուսներին և ինքնախաբվելով կարծում է թե ինքն է «Ալֆան և Օմեգան»։ Հոգևոր ինքնախաբեության կուրությունը կարող է մեզ ստիպել կարծել, թե մեր շուրջ դարձող ամեն իրադարձության առանցքը մենք են կամ պետք է մենք լինենք։ Եսակենտրոնության գրոհը հանգեցնում է այն բանին, որ մարդը սկսում է ենթագիտակցորեն ինքն իրեն ամենակարող և աստված կարծել։ 
Ի պատասխան մեր մեջ ահագնացող կրքերի՝ Աստված այսօրվա ընթերցման մեջ ասում է․ 
«Մի՛ ասայ քո մտքում, թէ՝ “Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան”, այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր:» (Բ Օրենք 8։17-18)։

16.3.17

ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂՈԹՔ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 18)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Եսայի 45:17-25, Եփես. 3:14-4:13, որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Հայաստանում շուտով Ազգային ժողովի պատգամավորական ընտրություններ են։ Ինչպես իրնեք՝ ընտրական թեկնածուներն են սիրում ասել, ժողովուրդը պետք է ընտրի իր ապագան։ Այս խոսքի մեջ մեծ ճշմարտություն կա, հատկապես եթե հաշվի առնենք, որ սահմանադրորեն այլեւս պառլամենտական պետություն դառնալով՝ Հայաստանի Հանրապետության ապագա նախագահին (վարչապետի ձեւաչափով) պետք է ընտրի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը։ Սակայն ո՞ւմ պետք է ընտրի ժողովուրդը... Սկսված առնետավազքի մեջ կողմնորովելով կամ ոչ՝ ՀՀ հասարակ քաղաքացին արդեն քառորդ դար է կանգնած է միեւնույն կոտրված տաշտակի՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ առջեւ։ Արդարության պակասը սկսվում է նախընտրական պայքարով (սա առհասարակ հատուկ է քաղաքականության ոգուն) եւ շարունակվում ետընտրական տարիների ընթացքում։ Գիտե՞ք ինչու... Որովհետեւ քրիստոնյա լինելով հույսներս կապում ենք միմիայն մարդկային գործոնի հետ եւ կարծես մոռանում Աստծո արդարության մասին։ Տեսեք, թե ինչ է ասում Տերը այսօրվա ընթրցվածի մեջ՝
«Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ”: Դարձէ՛ք ինձ մօտ եւ կփրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից: Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ: Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից, արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու: Աստծով պիտի արդարանայ եւ փառաւորուի ամէն մի սերունդ» (Եսայի 45:21-25)։

ԳՈՐԾԱԴՐԵԼ ՇՆՈՐՀՆԵՐԸ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 17)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումներն են Ելք 2:23-3:15, Հովել 2:21-3, որոնք  կարող ենք կարդալ այստեղ:

Մարդկանցիցս յուրաքանչյուրի ծնունդից իսկ սկսյալ Աստված՝ որպես սիրառատ Հայր, ձրիաբար մեզ է բաշխում մարդկային բնությունը կերտող մի քանի շնորհներ, ինչպիսիք են ազատ կամքը, սերը, հավատքը, հույսը... Կան հոգեւոր շնորհներ, սակայն, որոնք Աստծո զավակները` քրիստոնյաներս, ստանում ենք Մկրտության եւ Դրոշմի խորհրդի միջոցով «ի վերուստ ծնվելով». Սուրբ Հոգին իր անտեսանելի, բայց իրական ներկայությամբ լցնում է մեզ եւ օժտում տարատեսակ շնորհներով, կարողություններով ու զորություններով, յուրաքանչյուրիս «մեր օգուտի եւ Աստծո փառքի համար» (Ա Կորնթացիս 12 գլուխ)։ Տեր Հիսուսի Հարությունից ու Համբարձումից հետո, երբ Քրիստոսի Առաքյալները և հետեւորդները աղոթքի էին հավաքված վերնատան մեջ, Սուրբ Հոգին զարմանահրաշ կերպով՝ որպես հով եւ հուր, հեղվեց ներկաների վրա։ Դա Հոգեգալուստի օրն էր (Գործք Առաքելոց 2 գլուխ)։ Հոգու էջքը և նրա երկնառաք շնորհների բաշխումը Պետրոս առաքյալը ներկաներին մեկնաբանեց, որպես Հովելի մարգարեության իրականացում։ Մարգարեական այդ հատվածը մենք այսօր կարդում ենք նաև օրվա ընթերցումի մեջ`
«Եւ կլինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կհեղեմ ամէն մարմնի վրայ, կմարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կտեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան» (Հովել 2:27)։