Showing posts with label պահք. Show all posts
Showing posts with label պահք. Show all posts

23.2.16

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ - Հարց 6

Մեծի պահոց շրջանի մեջ ենք հիմա, սիրելիներ, ուստի որոշեցի ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ 6-րդ հարցը փոքր-ինչ կապել քառասնորդական պահքի հետ: Նոր Կտակարանում Ավետարանիչները խոսում են անապատի մեջ Քրիստոսի ծոմապահության և փորձությունների մասին, որոնք տևեցին 40 օր: Արդ, այսօրվա հարցը նպատակ ունի բացահայտելու, թե այդ փորձությունները քանի՞սն էին: Դե ձեզ տեսնեմ: Ցանկացողները կարող են նաև մեկնաբանությունների մեջ իրենց կարծիքները հայտնել ու քննարկել: 

Ակտիվ եղեք և առաջարկեք նաև ձեր ընկերներին: Ճիշտ պատասխանը սպասեք մի քանի օրից: Աստված օրհնի ձեզ և ճիշտ պահեցողության մեջ հաստատի:

7.3.13

ՄԱՐԴԸ և ՊԱՀՔԸ

inchpes-pahel-pahqy
Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ փողի ու փորի թագաւորութիւնը խլել է մարդուս գլխից բանականութեան թագը և նրան իր բարձրութիւնից իջեցրել, անբան անասունին է հաւասարացրել: Ինչքան մարդս մօտեցել է փողին, այնքան հեռացել է Աստուծուց. ինչքան տաքացել է փողի վրայ, այնքան սառել է Աստուծուց. իր Աստուածը նա փողի մէջ է փնտռում, և երբ մէկն ասում է. «Փողը երկրորդ աստուածն է», «առաջին աստուածն է»՝ վրայ է բերում միւսը: Ինչո՞ւ: Որովհետև, հէնց որ լուսանում է, փողի մասին ենք խօսում, փորի մասին մտածում:
Իսկ եթէ դեռ կան մարդիկ, որոնք լուսաբացին երեսները դէպի արևելք, դէպի «շաղաթաթախ աղօթարան» ուղղած՝ աղօթում են, անկասկած, նրանք էլ փողի ու փորի համար են աղօթում: Բայց մարդս ստեղծուած է աւելի բարձր, աւելի հոգևոր կեանքով ապրելու, քան թէ ցած, մարմնաւոր կեանքով: Երբ մենք վերինը, հոգևորը թողած՝ անսանձ, անզուսպ կեանք ենք անցկացնում, դրանով ցոյց ենք տալիս, որ մեր կեանքի անասնական մասովն ենք ապրում. ո՞ւր է հապա մարդկայինը:

19.2.12

ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ



pahq
Նկարի աղբյուրը` www.armenianow.com
Պահքի և պահեցողության վերաբերյալ կարդացածս գրքերի ու հոդվածների թիվը, անկասկած, կգերազանցի մեկ տասնյակը, սակայն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, պահքի մասին երբևէ լսածս լավագույն մեկնաբանությունը հնչել է ընկերոջս 5-ամյա բալիկի շուրթերից` «Պահքը, էն ա, որ կարենաս Աստված պապիկին ավելի շատ սիրես, քան «սնիկերսը»»: Անշուշտ, շատերը հիմա կուրախանան, որովհետև «սնիկերս» այնքան էլ շատ չեն սիրում, սակայն եթե մեզ դիտելու լինենք առանց կեղծավորության շպարի, եթե մեր մարդկային էության արտացոլումը կարդանք Աստծո հայելու մեջ, պիտի խոստովանենք, որ բազմաթիվ «սնիկերսներ»`մոլություններ, գայթակղություններ ու կախվածություններ կան մեր կյանքում, որոնք սիրում ենք այնքան շատ, որ հանուն դրանց կուրանանք անգամ Աստծուն: