Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts

28.4.12

7 ՄԻՏՔ ԳԱՐԵԳԻՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻՑ


Մարդու երջանկութեան ճամբան կը սկսի ապաշխարութեան մեկնակէտէն:

Մահը չի ջնջուիր. բայց մահը նաև չի կրնար ջնջել մեզ, եթէ  մենք յարութեան  հաւատքով կապրինք կեանքը. այդ հաւատքին ոյժովն է, որ խորտակած կըլլան անոր տիրապետութիւնը, որ վախի զգացումով կը նուաճէ և կընկճէ այն մարդը, որ անմահութեան և յարութեան հաւատքով չապրիր իր կեանքը:

Քրոստոնեայ կոչուիլ և քրիստոնէաբար չապրիլ` հակասական ապրումներու գոյավիճակ մըն  է, վատառողջ  և ժխտագործ:

23.4.12

ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇԱ՜Տ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ

«Երբ Հիսուս ասաց` «սիրիր թշնամուդ», 
այնժամ թուրքը չկար աշխարհում» 
                                        Ավետիք Իսահակյան 

Իսկապես... Դժվար է սիրել թուրքին, անգամ անհնար, որքան էլ որ լավ քրիստոնյա լինես: Հայոց Ցեղասպանությունը, որ գագաթնակետին հասավ 1915-ի ջարդերով, կարելի է ասել սիրելու ոչ մի հնարավորություն չթողեց. 1.5 միլիոն նահատակների արյան կանչը մի տեսակ «վրեժխնդրությամբ կամ պահանջատիրությամբ» է արձագանքում մեր սրտերում: Կարծես դրան ի պատասխան՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ հայերս տարածում ենք հակաթրքական նյութեր ու արտահայտություններ, խորհրդանշական պատկերներ ենք տեղադրում սոցիալական էջերում, պայքարում ու սպառնում, ցնծում ենք, երբ որևէ երկիր ճանաչման է արժանացնում կույրի համար միայն անտեսանելի պատմական փաստը:

21.4.12

7 ՄԻՏՔ ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ


Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:

Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:


Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:

13.2.12

ԱՂՑԱՆ «ՎԱԼԵՆԾԻՆ»


Չգիտեմ ինչո՛ւ հենց լսում եմ «ՎալենԾինի» անունը միանգամից ինչ-որ վարդագույն (ավելի ճիշտ` ռոզըվի) իրականություն եմ պատկերացնում: Հաջորդիվ հիշում եմ դպրոցական տարիներս և էժանագին «դեզադոռները», որ ՎալենԾինի օրերին նվիրում էինք աղջիկներին: Նրանք էլ մեզ բլոկնոտ, գրիչ կամ մեկ այլ բան էին նվիրում: Հայերիս հատուկ մի ձևապաշտությամբ այդ օրը համակվում էինք վարդագույն երազկոտությամբ, ավելի համարձակները թաքուն սիրային նամակներ էին գցում դասընկերուհու պայուսակի մեջ: Եվ վերջ... հաջորդ օրվանից կարծես ոչինչ էլ չէր եղել` «կյանքը ինչպես որ է»: Սրանք իմ մտքերն են ու իմ տպավորությունները:

31.12.11

ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻԻՍ - Ամանոր 2012


Գիտե՞ս սիրելիս, ինչ չափով, որ կուզեիր կողքիդ լինեի, ինձ համար քիչ է. ես ավելին կուզեի... Չգիտեմ, թե ի ՛նչ չափի միավորով է չափվում այդ, բայց աշխարհի և ոչ մի սարքավորում այն չափել չի կարող. միայն Աստծո ստեղծած ամենանուրբ, անկրկնելի, ամենաժրաջան փոքրիկ սարքը` մարդկային սիրտը, կարող է չափել կարոտս, ցանկությունս, սերս... Ես սենտիմենտալ չեմ, գիտես, բայց ես կուզեի գրկել քեզ հիմա, ամուր գրկել, այնքան ամուր, որ փոքրիկս որովայնումդ ուժեղ քացի տար` «Պա ՛պ, բոլ ա մամայիս ճզմես ձեռքերիդ մեջ»: Ու մենք կլացեինք, առատ, անսքող արցունք կգնար մեր զույգ աչքերից (ինչպես որ հիմա ես եմ լաց լինում) ու արցունքներով հրաժեշտ կտայինք ամեն անսվաղ, անհարթ ու տհաճ, կսկիծ ու լարում, ցավ ու արցունք բերող ամեն մի բանի... Իրար կհպեինք շուրթերը մեր պաղ ու կշշնջայինք «Դե՛, մնա ՜ս բարով, արդեն անցյալ տարի»: 

Դու կկոճկեիր վերնաշապիկիս կոճակը վերին (ինչպես սիրում ես), ճակատս կդրոշմեիր հեզիկ համբույրով, իսկ ես փոքրիկ-փոքրիկ սպիտակ ափերը քո այտերիս հպած նուրբ կշշնջայի «ՇԱ՜Տ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ»: Ու ձեռք ձեռքի տված մենք կբացեինք նոր տարեգալոց վարագույրը մեծ և քայլքով ամուր, որ կոչվում է սեր, առաջ կընթանայինք մեր փոքրիկի հետ` հավատքը սրտում:

Հիմա սիրելիս, երբ տարածքն է միայն բաժանարարը մեր, ե՛կ իրագործենք տեսլականն իմ այս աղոթքում խոնարհ

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԵՐ:

Միշտ քո` ...
2011, 12,31
23:55
Մայրավանք  
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում