Showing posts with label հոգևոր. Show all posts
Showing posts with label հոգևոր. Show all posts

24.2.18

ՄԱՏԱՂԻ եւ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ - Շավիղ 13

Հարց. Հասկացանք, որ հին օրենքի պատարագի փոխարեն մեր անձը պիտի զոհաբերենք: Ապա քահանաներն ինչո՞ւ են պատարագ կատարում:

Պատասխան. Մեր քահանաների կատարածը Հին Ուխտ չէ, այլ Նոր Ուխտ: 6-րդ Շավիղում այս մասին պատմեցինք: «Օրեր կգան, որ Իսրայելի տան հետ Նոր Ուխտ պետք է կատարեմ»,- ասում է Աստված, ահա այն Նոր Ուխտը մեր պատարագն է Քրիստոսի արյունով, որ Ինքը պատվիրեց. «Սա կատարեք Ինձ հիշելու համար»: Դրա համար քրիստոնեական Եկեղեցին պատարագ է մատուցում:

Հարց. Ինչո՞ւ ենք ապա մատաղ անում:

Պատասխան. Դա հին օրենքի զոհը չէ, այլ լոկ աղքատների կերակուր է ի հիշատակ ննջեցյալների, որ հրամայեց Ս. Գրիգոր Լուսավորիչը:

Հարց. Դա գրված կա՞ր:

Պատասխան. Ահա Քրիստոսն է հրամայում. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի» (Ղուկաս ԺԴ 12):

Հարց. Ապա ո՞ւմ պետք է կանչենք:

Պատասխան. Ահա ասվում է, թե ում կանչես. «Կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս ԺԴ 13-14):

23.2.18

ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ - Շավիղ 12

Հարց. Քանի՞սն են Աստծու օրենքներն ու պատվիրանները:

Պատասխան. Տասն են, որոնք Սինա լեռան վրա Մովսես մարգարեին տրվեցին քարեղեն տախտակներին գրված:

Հարց. Որո՞նք են այդ պատվիրանները:

Պատասխան.
ա. Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի ուրիշ Աստված չունենա՛ս:
բ. Կուռք չպատրաստե՛ս և չպաշտե՛ս:
գ. Իմ անունը զուր տեղը չհիշե՛ս և սուտ վկայություն չբերե՛ս:
դ. Շաբաթ օրը սուրբ պահի՛ր:
ե. Հորդ և մորդ հարգի՛ր:
զ. Շնություն մի՛ արա:
է. Մի՛ գողացիր:
ը. Մարդ մի՛ սպանիր:
թ. Սուտ մի՛ խոսիր:
ժ. Քո ընկերոջ ունեցածի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ տանը, ո՛չ արտին, ո՛չ այգուն, ո՛չ ապրանքին, ո՛չ եզին, ո՛չ էշին, ո՛չ տղային, ո՛չ աղջկան, ո՛չ կնոջը, ո՛չ ծառային, ո՛չ աղախնին: Այս ամենը, ինչը որ քո մերձավորինն է, մի՛ ցանկացիր (հմմտ. Ելից Ի 1):

22.2.18

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ - Շավիղ 11

Հարց. Հասկացա, որ քրիստոնեության նշանը երեսը խաչակնքելն է: Եթե միայն այդ է, ուրեմն շատ դյուրին է քրիստոնեությունը: Թեպետ դու սկզբից մեզ վախեցրիր քրիստոնեությունը դժվարին մի բան ներկայացնելով: Երես խաչակնքելուց հեշտ բան չկա: Մեկ օրում հազար անգամ կարող եմ խաչակնքել:

Պատասխան. Քրիստոնեությունը մի մեծ և կարևոր նշան ևս ունի: Եթե այն քո մեջ չլինի, որքան էլ խաչակնքես, ճշմարիտ քրիստոնյա չես լինի:

Հարց. Այդ նշանը ո՞րն է, բացատրիր ինձ:

Պատասխան. Քրիստոնեության մեծ և անհրաժեշտ նշանը եղբայրասիրությունն է, այսինքն՝ ընկերոջդ պետք է այնպես սիրես, ինչպես ինքդ՝ քեզ: Աստված Մովսեսին ասաց. «Պետք է սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ՝ քեզ» (Ղևտ ԺԹ 18): Նաև Քրիստոս իր աշակերտներին ասաց. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես ԺԳ 35):

Հարց. Իմ սիրելի ընկերն ո՞վ է:

Պատասխան. Յուրաքանչյուր մարդ քո ընկերն է: Պետք է սիրես, որովհետև քեզ նման մարդ է:

21.2.18

ԽԱՉԻ ԵՒ ԽԱՉԱԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ - Շավիղ 10

Հարց. Եղբա՛յր, ինչքան դժվար բաներ կան, մեզ ես առաջարկում: Տարբեր օրինակներով ցույց ես տալիս քրիստոնեության բարդ ու դժվարին լինելը: Բայց իմ հոգին շատ է փափագում դրան: Քրիստոսի ծառայության լուծը որքան էլ որ ծանր լինի, հոժարությամբ պատրաստ եմ վերցնելու և հանձնառու եմ նրա պատվերներն անթերի կատարելու: Դու միայն քրիստոնեության նշանը բացատրիր, աղաչում եմ քեզ:

Պատասխան. Ես հիմա քրիստոնեության նշանը քեզ չէի բացատրի, քանի դեռ չէիր ըմբռնել բոլոր զգուշացնող խրատները, բայց հոժարությանդ և սրտիդ բաղձանքին նայելով՝ ավելորդ համարեցի այդ բոլորը միանգամից ասել: Դրանք վերջում էլ կկարողանաս հասկանալ: Հիմա քեզ բացատրեմ քրիստոնեության արտաքին նշանը: Դա Քրիստոսի սուրբ և պատվական Խաչն է, ինչպես որ ամեն անգամ խաչակնքում ենք և Խաչին պատիվ և պաշտոն մատուցում:

Հարց. Ինչո՞ւ են քրիստոնյաները այդքան պատվում Քրիստոսի Խաչը:

20.2.18

ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ - Շավիղ 9

Հարց. Մի՛ վախեցիր, եղբա՛յր, քո աշխատանքը իզուր չանցավ: Ես լավ հասկացա քրիստոնյա անունը, Քրիստոսին հավատացի և Նրա անունով մկրտվեցի, բայց լավ չգիտեմ քրիստոնեության խորհուրդը: Ուստի աղաչում եմ, հասկացրո՛ւ ինձ, որ նույն ճանապարհին հետևելով երբ մահանամ, Քրիստոսի մոտ կգնա՞մ, ինչպես որ Ինքն է խոստացել:

Պատասխան. Մի՛ շտապիր Նրա մոտ գնալու, դեռ շատ ժամանակ կա, դեռ որքա՜ն բարձր լեռներ և քարաժայռ ճանապարհներ կան անցնելու և որքա՜ն նեղ դռներ կան մտնելու, որ Նրա մոտ գնաս: Բավական չէ միայն քրիստոնյա անուն ստանալը:

Հարց. Ինչո՞ւ ես նորից ինձ վախեցնում՝ քրիստոնեությունը դժվարին կրոն համարելով: Չե՞ս տեսնում, որ աշխարհում այնքան քրիստոնյաներ կան: Եթե քրիստոնեությունը դժվարին լիներ, այդքան մարդիկ քրիստոնյա կլինեի՞ն: Բազմաթիվ մարդկանց քրիստոնյա լինելուց հետո ես ինչո՞ւ պետք է չկարողանամ այդպիսին լինել:

Պատասխան. Իրավացի ես, եղբա՛յր, անունով քրիստոնյաներ շատ կան, բայց լոկ անունով քրիստոնեությունը նշանակություն չունի, այլ գործով պետք է լինել: Ինչպես, օրինակ, ամեն արհեստավոր իր ձեռքի գործերով է ճանաչվում, նույնպես էլ քրիստոնյան իր բարեգործություններով պետք է ճանաչվի:

Հարց. Ինչպիսի՞ գործ է պետք: