23.2.18

ԱՍՏԾՈ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ - Շավիղ 12

Հարց. Քանի՞սն են Աստծու օրենքներն ու պատվիրանները:

Պատասխան. Տասն են, որոնք Սինա լեռան վրա Մովսես մարգարեին տրվեցին քարեղեն տախտակներին գրված:

Հարց. Որո՞նք են այդ պատվիրանները:

Պատասխան.
ա. Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձնից բացի ուրիշ Աստված չունենա՛ս:
բ. Կուռք չպատրաստե՛ս և չպաշտե՛ս:
գ. Իմ անունը զուր տեղը չհիշե՛ս և սուտ վկայություն չբերե՛ս:
դ. Շաբաթ օրը սուրբ պահի՛ր:
ե. Հորդ և մորդ հարգի՛ր:
զ. Շնություն մի՛ արա:
է. Մի՛ գողացիր:
ը. Մարդ մի՛ սպանիր:
թ. Սուտ մի՛ խոսիր:
ժ. Քո ընկերոջ ունեցածի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ տանը, ո՛չ արտին, ո՛չ այգուն, ո՛չ ապրանքին, ո՛չ եզին, ո՛չ էշին, ո՛չ տղային, ո՛չ աղջկան, ո՛չ կնոջը, ո՛չ ծառային, ո՛չ աղախնին: Այս ամենը, ինչը որ քո մերձավորինն է, մի՛ ցանկացիր (հմմտ. Ելից Ի 1):



Հարց. Հին օրենքի բոլոր պատվիրանները հնարավո՞ր է կատարել:

Պատասխան. Կան կատարվելիք պատվիրաններ և չկատարվելիք:

Հարց. Դրանք որո՞նք են:

Պատասխան. Անշուշտ պետք է կատարենք այն տասը պատվիրանները, որոնք թվեցինք, որովհետև Քրիստոս ասում է. «Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթեոս Ե 17):

Հարց. Որո՞նք են այն պատվիրանները, որոնք կատարելի չեն:

Պատասխան. Հրեաների մեջ երեք մեծ օրենք կար. նախ՝ շաբաթը, որի փոխարեն մենք կիրակին ենք պահում ի պատիվ Քրիստոսի հարության, որովհետև կիրակի լուսանալիք գիշերը հարություն առավ: Երկրորդ՝ թլփատությունը, և երրորդ՝ զոհը: Վերջին երկու պատվիրանները պահել հարկավոր չէ, ինչպես և այլ ծիսական օրենքները:

Հարց. Շատ մեծ օրենք են այս երկու պատվիրանները հրեաների մոտ: Մենք ինչո՞ւ չենք կատարում:

Պատասխան. Թլփատությունը հոգու փրկության օրենք չէր, այլ հրեից ազգը մյուս ազգերից զատորոշելու համար էր օրինադրված: Աստված սահմանել էր, որ Փրկիչն իրենց ազգից լիներ, ուստի պետք էր, որ այն ազգն ունենար այնպիսի մի օրենք, որ տարբերվեր ուրիշ ազգերից: Իսկ Քրիստոսի՝ աշխարհ գալուց հետո այդ ազգը մյուսներից զատորոշելու կարիք չմնաց, ուստի այս օրենքն էլ խափանվեց, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Եթե թլփատվեք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի» (Գաղատ. Ե 2): Մեկ այլ տեղ էլ գրում է. «Եթե թլփատված մեկը հավատի կանչվեց, թող չփորձի ծածկել թլփատության նշանները: Եթե անթլփատության վիճակի մեջ գտնվող մեկը կանչվեց, թող չթլփատվի» (Ա Կորնթ. Է 18):

Հարց. Ինչո՞ւ զոհ չենք մատուցում:

Պատասխան. Հին օրենքում զոհի փոխարեն Քրիստոս Ինքը մորթվեց, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց» (Ա Կորնթ. Ե 7): Դրանից բացի հին օրենքի մեջ ամեն մարդ իր մեղքերի համար զոհ, այսինքն՝ «Պատարագ» էր մատուցում (Թվեր ԺԵ 17): Այդ պատարագների փոխարեն էլ Քրիստոս որպես զոհ մատուցվեց, ըստ Պողոսի. «Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար» (Եբր. Թ 28): Իսկ այդ պատարագների փոխարեն մեր անձը պատարագ պետք է մատուցենք:

Հարց. Մեր անձը ինչպե՞ս զոհ պետք է մատուցենք: Արդյոք պետք է մորթվե՞նք:

Պատասխան. Ո՛չ, մենք բանական էակներ ենք, ուստի բանական, կենդանի զոհ պետք է մատուցվենք:

Հարց. Բանական զոհ կլինի՞:

Պատասխան. Այո՛, Պողոս առաքյալն է սովորեցնում. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ պատրաստեք ձեր մարմինները, որպես զոհ կենդանի՝ սուրբ, աստվածահաճո. այդ է ձեր բանական պաշտամունքը՝ ձեր աղոթքը» (հմմտ. Հռոմ. ԺԲ 1):

Հարց. Ուրեմն կենդանի զոհը մեր աղոթքն է: Ապա ինչո՞ւ է Պողոսը մեզ աղաչում, որ մեր մարմինները պատրաստենք:

Պատասխան. Դ Շավիղում չասացի՞նք, որ «Մենք կենդանի տաճար ենք» (Ա Կորնթ. Գ 16), և Աստված մեր սրտում է բնակվում: Այն ժամանակ մի քանի խրատներ ասացինք, բայց թերի մնաց և խոստացանք հարմար ժամանակ պակասը լրացնել: Ահա հիմա ժամանակն է, որ մի քանի օրինակներ և պատվերներ քեզ բացատրեմ:

Հարց. Որո՞նք են դրանք:

Պատասխան. Սկզբում մեկ հարց տամ: Եթե մի բորոտ ու վիրավոր մարդ քեզ ուտելու կերակուր տա իր բերանից կամ ձեռքով, այդ կերակուրը կվերցնե՞ս, թե՞ կզզվես: Կամ եթե ժանգոտ և կեղտոտ ամանում համեղ կերակուր լցնեն և դնեն դիմացդ, կարո՞ղ ես ուտել:

Հարց. Ինչքան էլ համեղ կերակուր լինի, եթե տվողը բորոտ, կամ ամանը ժանգոտ լինի, ամենևին սիրտս չի ցանկանա, թեկուզ սովամահ լինեմ, մի կտոր իսկ չեմ կարող ուտել: Ոչ թե կերակուրի տհաճ լինելու, այլ տվող մարդու կամ ամանի աղտոտ լինելու պատճառով կզզվեմ:

Պատասխան. Եղբա՛յր, դու մարդ ես և բորոտ մարդու ձեռքից կամ ժանգոտ ամանի միջից կերակուր ուտել չես ցանկանում, զզվում ես, բայց իմացիր, որ նույնպես այն բորոտ մարդկանց նման մարդ կամ ժանգոտ ամանի նման աման ես: Ապա ամենամաքուր և ամենասուրբ Աստված մեր այս մեղքով վիրավորված ձեռքերից ողորմությունը և ժանգոտած գարշահոտ սրտներից ու բերաններից դուրս եկած աղոթքն ինչպե՞ս ընդունի:

Հարց. Մեղքը վերքի օրինա՞կ է:

Պատասխան. Այո՛, ինչպես Եսայի մարգարեն է գրում. «Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովուրդ… Ոտքերից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա, վերքերի, այտուցների և շարավոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ էլ՝ վիրակապ» (Եսայի Ա 4-6):

Հարց. Որտեղի՞ց է հայտնի մեղավորների աղոթքներն ու ողորմությունները Աստծու կողմից չընդունելը:

Պատասխան. Աստված Ինքն է ասել. «Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից. և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով» (Եսայի Ա 15):

Հարց. Այդտեղի՞ց հասկացվեց, որ մեղավորների աղոթքը Աստված չի ընդունում: Ողորմություն չընդունելը որտեղի՞ց է հայտնի:

Պատասխան. Եսայի մարգարեն գրում է. «Անօրենը, որ Ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում. իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում» (Եսայի ԿԶ 3):

Հարց. Այլ տեղ ևս գրված կա՞:

Պատասխան. Շատ կա, բայց բոլորն էլ պատմելը ձանձրույթ կպատճառի: Ահա Եսայի մարգարեի այս խոսքը բավական է, որ ամեն ինչ հասկանաս. «Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ Նա ծանրացրել է Իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է Նա Իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա: Արդարև ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորհում են անիրավություն» (Եսայի ԾԹ 1-3): Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, որ մեղքերով վիրավորված սրտից և բերանից դուրս եկած աղոթքն ու ձեռքերի ողորմությունը, որ Աստված չընդունեց, Պողոս առաքյալը լավ հասկանալով է, որ աղաչում է՝ մեր մարմինները զոհաբերության պատրաստել:

Հարց. Ինչպե՞ս պետք է պատրաստենք մեր մարմինները:

Պատասխան. Ահա Պետրոս առաքյալը սովորեցնում է մարմինը պատրաստելու կերպը. «Եվ դուք, իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն» (Ա Պետրոս Բ 5): Տեսնո՞ւմ ես՝ ինչ պատվական բան ենք եղել: Ինչքան ենք զգուշանում քարաշեն և փայտաշեն նյութական եկեղեցին սուրբ ու մաքուր պահել, որովհետև Աստծու տունն է, և այնտեղ աղոթք է մատուցվում Աստծուն: Բայց որքա՞ն պետք է զգուշանալ մեր անձը մաքուր պահելու համար, քանի որ մենք կենդանի տաճար ենք, Աստված մեր սրտում է բնակվում, ինչպես և սկզբում ասացինք: Պետրոս առաքյալը դարձյալ պատվիրում է. «Իբրև հնազանդ որդիներ, մի՛ կերպարանվեք նախկին ձեր անգիտության ժամանակվա ցանկություններով, այլ նմանվեք այն սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սուրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ Ես» (Ա Պետրոս Ա 14-16): Եվ մեզ զինվորյալ Եկեղեցի են կոչում, որ բերանով Աստծու հետ պետք է խոսենք և Աստծու ամենամաքուր անունը պետք է հիշենք: Ինչքա՞ն մաքուր սիրտ և մաքուր բերան է պետք, որ ամենազոր Աստծու ամենասուրբ անունը հիշենք: Մի՞թե չգիտես, որ երբ մի հասարակ մարդու անուն ենք տալիս, կամապաշտ և ծաղրասեր մարդիկ ասում են, թե սկզբից բերանդ լվա և ապա այն մարդու անունը տուր:

Հարց. Իսկապես որ այդպես է. շատ անգամ է ինձ հետ պատահել: Ասա ինձ, ինչպե՞ս պետք է մաքուր բերան և սուրբ սիրտ ունենալ:

Պատասխան. Այս օրինակից բան չհասկացա՞ր: Մի հասարակ և մեղավոր մարդու անուն եթե հիշելու լինես, սկզբից բերանդ պետք է լվանաս, իսկ հետո այդ մարդու անունը տաս: Ուրեմն մտածիր, տես, թե այս բոլոր արարածներին ոչնչից գոյացնող ամենազոր Աստծու անունը, որից դողում են երկինքն ու երկիրը, հրեշտակներն ու մարդիկ, և նույնիսկ դևերը, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված, լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում» (Հակոբոս Բ 19), պետք է երկյուղածությամբ արտաբերել: Մտածի՛ր և հասկացի՛ր, որ Աստծու անունը հիշելիս ինչքա՜ն պետք է լվանաս բերանդ և հետո հիշես:

Հարց. Ինչո՞վ պետք է լվանամ. եթե ջրով, ապա շատ հեշտ է: Օրը մի քանի անգամ կլվանամ ջրով և օճառով:

Պատասխան. Արդարացի ես, բերանը ջրով լվացվում է, բայց քո ասածն աղբյուրի ջուր է: Այդ ջուրը մարմնիդ աղտերն է լվանում, հոգու աղտերը մաքրելու համար ուրիշ ջուր է հարկավոր:

Հարց. Որո՞նք են հոգու աղտերը:

Պատասխան. Ահա նախ Պետրոս առաքյալն է գրում. «Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն» (Ա Պետրոս Բ 1): Եվ Պողոս առաքյալն է գրում. «Դեն գցեցեք ստախոսությունը. յուրաքանչյուրը թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը» (Եփես. Դ 25): Եվ հավելում է. «Հեռու ձեզանից պոռնկություն և ամեն տեսակ պըղծություն կամ ագահություն. դրանց անունն իսկ թող չհիշվի ձեր մեջ, ինչպես որ վայել է սրբերին. և հեռու ձեզանից չարախոսություն կամ հիմար խոսք, կամ խեղկատակություն, որ վայել չեն. այլ մանավանդ գոհություն թող մատուցվի Աստծուն» (Եփես. Ե 3-4): Տեսա՞ր հոգու աղտերը: Այս մեղքի համար պետք է զղջաս, խոստովանես և բերանիդ մոտ գտնվող աղբյուրի ջրով լվանաս ու մաքրես:

Հարց. Այդ աղբյուրը ո՞րն է:

Պատասխան. Բերանիդ մոտ գտնվող աղբյուրը քո աչքերն են: Այդ աղբյուրի ջրով են լվացվում հոգու աղտերը: Եվ այդ ժամանակ ամբողջ մարմինդ կմաքրվի: Դրանից հետո Աստծու անունը հիշելու իրավունք կունենաս:

Հարց. Եթե մաքուր չլինեմ, Աստծու անունը չե՞մ կարող հիշել:

Պատասխան. Եթե Դավիթ մարգարեի խոսքով առաջնորդվենք, չպետք է կարողանանք հիշել կամ ուրիշներին պատմել Աստծու սքանչելիքները. թե՝ «Աստված կարող է, Աստված զորավոր է, Աստված ողորմած է», բայց դու խոսք չես լսում, որովհետև սովորություն ունես ամեն խոսքի մեջ Աստծու անունը հիշել: Նրա անունը պետք է հիշել միայն աղոթքի մեջ կամ ինչ-որ մեկին հոգևոր խրատ տալու ժամանակ: Բայց դու դրա հակառակն ես անում, որովհետև դեռ կարոտ ես հոգևոր խրատի և աղոթքն էլ կամա թե ակամա, մի քանի խոսքով ես ասում, որոնց մեջ էլ Աստծու անունը կամ կա, կամ չկա: Որովհետև դու, Սուրբ Գրքին հմուտ չլինելով, Աստծուն ընդունելի աղոթքին ծանոթ չես, այլ մանկությանդ տարիներին մեծահասակներից մի քանի սխալ բաներ ես սովորել, որոնք էլ աղոթքի տեղ ես ասում: Բնականբար, Աստված չի լսի, ինչքան էլ որ կրկնես: Բայց դու Աստծու անունը շատ ես կրկնում, երբ սուտ խոսքերով խաբում ես մի պարզամիտ մարդու: Այդ ժամանակ Աստծու անունով սուտ-սուտ երդվում ես և Աստծուն վկա ես բերում քո խարդախ գործի համար: Բայց մի անգամ լսիր Դավիթ մարգարեին. «Մեղավորներին Աստված ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում Իմ արդարությունը կամ բերանդ չես առնում Իմ Ուխտը: Չէ՞ որ դու ատեցիր Իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը» (Սաղմոս ԽԹ 16-17):

Հարց. Ինչո՞ւ մենք չենք վախենում հզոր Աստծուց:

Պատասխան. Աստված, երկայնամիտ ու բազմողորմ լինելով, այս աշխարհում երբ մեղք ենք գործում, մեզ չի պատժում, այդ պատճառով էլ մենք չենք վախենում: Բայց դատաստանի օրը Աստված պետք է ասի. «Այս բոլորն արեցիր, ու Ես լուռ մնացի. դո՛ւ անօրենդ, կարծեցիր քո մտքում, թե Ես էլ կնմանվեմ քեզ: Արդ, պիտի հանդիմանեմ քեզ և այս ամենը առջևդ դնեմ» (Սաղմոս ԽԹ 21):

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...