Showing posts with label խաչ. Show all posts
Showing posts with label խաչ. Show all posts

10.11.22

ՄԻ ՆԱԽԿԻՆ ԳՈՒՇԱԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՐՈՆԻ ՀԵՏ (հատվածներ)

1988 թիվը Հայաստանի համար խառնիխուռն տարի էր: Հիշում եմ, որ այդ ամիսներին հեռուստատեսությամբ սկսեցին Կաշպիրովսկու սեանսները ցուցադրել: Ես այդ ժամանակ ինը տարեկան մի գյուղացի տղա էի, ու շատերի նման ես էլ էի դիտում շատերիս համար հետաքրքիր բշկության այդ նոր ձևը: Մի քանի նման սեանսների ժամանակ քնելուց, արթնանալուց հետո, անսպասելիորեն ուժեղ գլխապտույտներ ունեցա, տանջալից սրտխառնուքի հետ մեկտեղ: Տանեցիները անհանգստացած ինձ բժիշկների մոտ տարան, բայց ոչ մեկը ախտորոշում չկարողացավ տալ, քանի որ մարմինս առողջ էր: Անցավ որոշ ժամանակ, ու կարծես թե կամաց-կամաց առողջանում էի: Ու մի օր էլ հեռուստացույցով առաջին անգամ, 1989թ. հունվարի 5-ին,Հիսուս Նազովրեցի ֆիլմը ցուցադրեցին: Ես կլանված ու մեծ ուշադրությամբ դիտեցի այն, ու նույն գիշերը ինձ հայտնվեց Քրիստոսի կերպարանքով մեկը, և ասաց որ ինձ հոգևոր զորություն կտա, ու ես մարդկանց կբժշկեմ, ինչպես և գուշակության ու վախ բռնելու շնորհներ: Ես, դեռ փոքրիկ ու անփորձ երեխա լինելով, չէի հասկանում թե դրանք ինչ բաներ են, և որպես երազ համարելով, այդպես էլ մոռացա: Բայց անցավ էլի մի քանի օր, այդ երազը նույնությամբ կրկնվեց, ու ես պատմեցի ծնողներիս: Նրանք իհարկե նույնպես ոչինչ չհասկացան, բայց երբ երազը երրորդ անգամ կրկնվեց, նրանք տարբեր «բանիմաց» տատիկների հարցրին, ու նրանք էլ ինձ մեծ ապագա գուշակեցին:

Մի օր էլ դրսում խաղալիս, հանկարծ ուշադրություն դարձրեցի, որ ձեռքիս ափի մեջ ինչ-որ պատկեր է գծագրվել, ավելի ուշադիր նայեցի, տեսա որ երազիս միջի նույն կերպարանքն է, որը քիչ հետո անհետացավ, ու տեղը մեր գյուղի եկեղեցին երևաց, ու տեսա ինքս ինձ, որ մտնում եմ այդ եկեղեցու դռնով: Այդ հայտնությունը, որ կարծես փոքրիկ հեռուստացույց լիներ ափիս մեջ, ինձ խիստ վախեցրեց, ու ես սկսեցի լաց լինել: Ծնողներս նորից անհանգստացան իմ վիճակից, այս անգամ ինձ հոգեբույժի մոտ տարան, որը երկար քննելուց հետո, նույնպես ոչինչ չհասկացավ, ու ինչ-որ հանգստացնող դեղեր նշանակելով, մեզ ճանապարհ դրեց:

Մի քանի շաբաթ անց, այնպիսի անծանոթ զգացում ապրեցի, որ կարծես այդ երազումս տեսած մարդը կողքիս կանգնած հետևում է ինձ: Օրեր էին անցնում, բայց ինձ համար այդ տարօրինակ զգացումը շարունակվում էր, ու մի անգամ այդ կերպարանքը խոսեց ականջիս համար ոչ լսելի ձայնով, բայց ես ներքին, ու անբացատրելի ձևով, հասկացա նրա ասածը: Հետզհետե սկսեցի տարվել այդ հետաքրքրության վերածվող «հարևանությամբ», մինչև որ նրանից առաջին պատգամը ստացա, ու ինչ-որ գուշակություն արեցի, որը կատարվեց: Հարազատներս լսելով այդ մասին, ավելի ուշադիր եղան իմ հանդեպ, իսկ երբ կուրացող պապիս ամբողջովին թաղանթակալած աչքը բժշկեցի ձեռքս երերացնելով դեմքի առջև, դա նշան եղավ թե՛ մոտիկներիս, և թե՛ ինձ համար, որ իմ մեջ «երկնային» զորություն է սկսել գործել: Այդ բժշկության լուրը շուտով իհարկե տարածվեց մեր գյուղում, ու այդ ժամանակվանից սկսեց մարդկանց անդադար հոսքը դեպի մեր տուն: Իսկ շուտով նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս եղող հանրապետություններից էին այցելում ինձ, ու երբեմն էլ Պարսկաստանից:

Ու ինչ հարցով ասես չէին դիմում ինձ մարդիկ, էլ գողացված մեքենաները գտնելու, էլ կորսված իրերը հայտնաբերելու, էլ հարազատների անսպասելի մահերի, էլ զանազան հիվանդությունների ու ցավերի բժշկության, էլ տարբեր պատճառներից վախեցածներին օգնելու համար: Այս վերջինս համար իմ «խորհրդատուն» ասել էր, որ հալված մոմը թափեմ սառը ջրի մեջ, ու առաջացած պատկերներով գուշակեմ վախի սկզբնապատճառը, որը իհարկե կեղծ էր, որովհետև ինքն էր ինձ հուշում, որ ասեմ, թե ինչից է վախեցել տվյալ անձը: Նույնիսկ ինձ մոտ էին գալիս տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, ու ինձ խնդրում, որ այնպես անեմ, որ այս ինչ կամ այն ինչ անունով մեկը սիրահարվի իրենց, ու պատկերացրեք, հաջողվում էր այդ ինձ, որովհետև հետո գալիս ու շնորհակալություն էին հայտնում: Մի խոսքով օրական հազարավոր մարդիկ էին այցելում մեր փոքրիկ Լուսակերտ ավանը, և օգնություն խնդրում, ով ինչով որ տառապում էր անհավատության խավարի ժամանակներում: Մի անգամ էլ մի կնոջ լուսանկար ցույց տվեցին ինձ, ու ես անկախ ինձանից ասացի, որ այդ կինը թունավորված է ու մեռած: Նրա հարազատները սարսափեցին այդ գուշակությունից, ու մեծ անհանգստությամբ սկսեցին որոնել թունավորողներին, կասկածի տակ առնելով բոլոր մոտիկ ու հեռու հարևաններին ու հարազատներին, և նրանց հաճախակի այցելություններից երևում էր, որ տանջալից օրերի մեջ էին:

Շուտով սկսեցին մեր տուն սպառնալի նամակներ գալ, որոնք ահաբեկում էին, որ ես գուշակություններ չանեմ գողացված իրերի, կամ կասկածելի մահերի մասին: Ասեմ նաև, որ չգիտեմ ինչու իմ «հուշարարը» թույլ չէր տալիս, որ հոգեկան հիվանդները այցելեն այդ սեանսներին, ու մեկ էլ շաքարախտով հիվանդներին չէր թողնում գան բժշկվելու: Իսկ մի անգամ էլ մի մարդ, որը տառապում էր սրտի անբավարարությամբ, ես մերժեցի նրան ընդունել, բայց նա համառեց, ու դրսում, սեանսի ժամանակ նստեց ինձանից մի տաս մետր հեռու: Ու մի քանի րոպե չանցած, հանկարծ նա թեքվեց կողքի ու սիրտը բռնած ընկավ ու մեռավ: Դրանից հետո ուզեցին քրեական գործ հարուցել վրաս, բայց վկաները հաստատեցին, որ ես նրանց նախապես զգուշացրել ու մերժել եմ:

«Երբ իմ մասին լուրերը սկսվեցին տարածվել Հայաստանով մեկ, ծանոթներից մեկը, որ ծառայում էր սուրբ Էջմիածնում, ինձ ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ հանդիպում կազմակերպեց: Ու ես 1991 թվականի չեմ հիշում որ ամսին, գնացի այդ հանդիպմանը, ու քանի որ արդեն սկսել էի հղփանալ մարդկային փառքով, այնքան էլ չէի հուզվում այդ հանդիպումից, այլ պարզապես այն ընդունում էի որպես ինձ տրված փառքի մի նոր փայլ: Հանդիպման ժամանակ ես մանրամասն պատմեցի ինձ հետ կատարված «երկնային» այցելությունների մասին: Վեհափառ հայրապետը լո՜ւռ լսեց ինձ, ու վերջում միայն մի հարց տվեց. «Հայր մեր աղոթքը գիտե՞ս»: Ես անակնկալի եկա այդ հարցից, որովհետև և՛ չգիտեի, և՛ մինչ այդ մտքովս էլ չէր անցել այդ աղոթքը անել, ու ընդհանրապես աղոթել Աստծուն, որովհետև համոզված էի որ Հիսուսը ինձ հետ է: Մինչ ես կարկամած չգիտեի ինչ պատասխանեմ, «հուշարարս» ասաց, որ պատասխանեմ այսպես. «Գրված է, որ ձեր աղոթքները հրապարակայնորեն չլինեն»: Ես կրկնեցի նրա ասածը, գաղափար անգամ չունենալով, թե դա ինչ է նշանակում: Վեհափառը մեղմ ժպտաց, ու մոտը կանգնած եկեղեցու սպասավորին ասաց, որ ինձ մի հատ Խաչ, և մի հոգևոր ամսագիր նվիրի, ու ստանալով դրանք՝ ես դուրս եկա վեհարանից: Միջանցքում, որտեղ ես արդեն մենակ էի, հանկարծ իմ «հուշարարի» ներքին անհանգստությունն ինձ փոխանցվեց, որը մի տեսակ ահաբեկված շշնջաց. «Այդ ձեռքիդ Խաչը քեզ պետք չի՛, այն կխանգարի մեզ, իսկո՛ւյն հիմա դեն նետիր այն»: Ես էլ, որ միշտ հնազանդվում էի նրա հրամաններին, ձեռքումս պահած Խաչը աննկատելիորեն, բայց ափսոսանքով, մուտքի աղբամաններից մեկի մեջ գցեցի»:

Անցավ մի քանի տարի, մարդկանց հոսքը տասնյակ հազարների հասավ, որոնք խռնված սպասում էին կողքի ազատ դաշտում, մինչև բժշկության սեանսների սկիզբը, որոնք օրական 3-4 անգամ էին լինում: Ու այդ նպատակի համար ես հատուկ երկարափեշ, փայլուն կտորից հագուստներ էի պատվիրել, ինչպես որ կրկեսի աճպարարներներն են հագնում, որ ավելի ազդեցիկ ու համոզիչ երևամ մարդկանց առջև:

Ինձ մոտ հաճախ էին տարբեր քրիստոնյա եղբայրներ գալիս Եղվարդի եկեղեցասիրաց եղբայրակցությունից, ու զգուշացնում, որ հրաժարվեմ այդ գործերից, որովհետև դրանք չարի հնարքներ են, բայց ես կարծես խուլ ու համր լինեի այդ խոսքերի հանդեպ, ու միշտ խուսափում էի հավատացյալներից, կարծելով թե նրանք իմ նման մոգության ուժերի միջոցով կարող են ինձ խանգարել: Այդ տարիների ընթացքում մեր բավականին մեծ բարեկամական շրջապատում, անսպասելի ու տարաժամ մահերի շարան սկսվեց. ահազանգը սկսվեց պապիս մահով, որին առաջինն էի «բժշկել», նրան հաջորդեց 45-ամյա հայրս, որից հետո 52-ամյա հորեղբայրս, իսկ որոշ ժամանակ անց հորեղբոյրս թոռը խեղդվեց գետում, որի դիակը միայն 40 օր անց գտանք, և այսպես էլի 3-4 հարազատների անժամանակ մահերը մնացածներիս համար կարծես ազդանշան էր, որ այս զորությունը այնքան էլ աստվածային չէ:

Այդ օրերին մեր գյուղի դպրոց սկսեց հաճախել Հայ Առաքելական եկեղեցու քահանան, որը հոգևոր դասընթացներ էր վարում: Ես վախեցած այդ ընթացող մահվան դեպքերից, ուզեցի հաճախել այնտեղ ու քահանայից լսել ճշմարտությունը, և կամաց-կամաց Աստծո խոսքով լուսաբանվելով, հասկացա, որ ես չարի ձեռքում գործիքի եմ վերածվել, ու ակամա մեղքի մասնակից դարձել: Երբ տուն վերադարձա, անկեղծ սրտով աղոթեցի Աստծուն և ասացի. «Տե՛ր, եթե այն ինչ որ անում եմ Քեզանից չէ, ապա խնդրում եմ խափանես չարի զորությունը»: Եվ իսկապես, ի զարմանս ինձ ու իմ հարազատների, մարդկանց հոծ բազմությունը օր է օր նվազում էր հարյուրներով, դրանով իսկ համոզվելով, որ իմ արարքները Աստծո կամքին հակառակ է: Ու ես մի օր, ավելի ճիշտ 1994թ. մարտի 8 -ին, ծնկի եկած, զղջումով ապաշխարեցի իմ կատարած անգիտակից, և գիտակցված մեղքերի համար, ու դրանից հետո ամեն կիրակի եկեղեցի էի հաճախում, պատարագներին մասնակցում, խոստովանում ու հաճախակի Սուրբ Հաղորդություն ստանում, որովհետև համոզվեցի որ դա Տիրոջ փրկարար զորությունն է մեր հավիտենական հոգիների համար»:


Աղբյուրը՝ http://armenianhouse.org/babajanyan/cross-am/5.html

Հ.Գ. Այսօր նախկին գուշակ Տարոնը հոգեւորական է, վարդապետ, որ ծառայում է Հայոց Եկեղեցու սփյուռքի թեմերից մեկում։

21.2.18

ԽԱՉԻ ԵՒ ԽԱՉԱԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ - Շավիղ 10

Հարց. Եղբա՛յր, ինչքան դժվար բաներ կան, մեզ ես առաջարկում: Տարբեր օրինակներով ցույց ես տալիս քրիստոնեության բարդ ու դժվարին լինելը: Բայց իմ հոգին շատ է փափագում դրան: Քրիստոսի ծառայության լուծը որքան էլ որ ծանր լինի, հոժարությամբ պատրաստ եմ վերցնելու և հանձնառու եմ նրա պատվերներն անթերի կատարելու: Դու միայն քրիստոնեության նշանը բացատրիր, աղաչում եմ քեզ:

Պատասխան. Ես հիմա քրիստոնեության նշանը քեզ չէի բացատրի, քանի դեռ չէիր ըմբռնել բոլոր զգուշացնող խրատները, բայց հոժարությանդ և սրտիդ բաղձանքին նայելով՝ ավելորդ համարեցի այդ բոլորը միանգամից ասել: Դրանք վերջում էլ կկարողանաս հասկանալ: Հիմա քեզ բացատրեմ քրիստոնեության արտաքին նշանը: Դա Քրիստոսի սուրբ և պատվական Խաչն է, ինչպես որ ամեն անգամ խաչակնքում ենք և Խաչին պատիվ և պաշտոն մատուցում:

Հարց. Ինչո՞ւ են քրիստոնյաները այդքան պատվում Քրիստոսի Խաչը:

14.9.12

ՎԱՍՆ ԽԱՉԻ ՔՈ ՊԱՏՈՒԱԿԱՆԻ


Հեթանոսները պնդում են, թե խաչը`որպես նախաքրիստոնեական սիմվոլիկա, քրիստոնյաները «գողացել» են կռապաշտական դարաշրջանից, աղանդավորները նողկում են, երբ քրիստոնյաները սրբություն են համարում Տիրոջ Սուրբ Խաչը, այլադավանները հիմարություն են համարում չարչարանքի գործիքը հավատքի խորհրդի վերածելը, իսկ մենք պարզապես ընթերցում ենք Աստվածաշունչը ու հասկանում, թե ինչ խորհուրդ ունի ԽԱՉԸ, ինչպիսի զորություն, կարևորություն և բյուր օրհնություններ: Ահավասիկ`

Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զօրություն (Ա Կորնթ. 1։18):

Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների (Ա Կորնթ. 1։23):

Թեպետև Քրիստոս խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորութամբ (Բ Կորնթ. 13։4):

Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ (Մատթ. 10։38):

Նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ (Գաղ. 5։24):

Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Քրիստոսի հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին (Հռոմ. 6։6):

25.6.12

SUPER «ՄԱՐՇՐՈՒՏԿԱ»

Գուշակել անգամ չէի կարող, որ երթուղայինը, որն արգելակեց ճիշտ կանգառի համար նախատեսված դեղին գծերի վրա, հերթական գրառման հերոս պիտի դառնար…
Սրահն անհավանականորեն մաքուր էր, առանց փոշու և մեքենայի յուղի հետքերի: Անգամ օդափոխության համակարգ էր գործում: Թավշապատ նստատեղերը ևս մաքուր էին, առանց պատռվածքների, հարմարավետ: Վարորդի դեմքին նայելով միանգամից կպատկերացնեիր, որ կիրթ արտաքինով այդ մարդը մաքրության և կոկիկության մարմնացում էր՝ սափրված դեմքով, ճերմակ վերնաշապիկով և փայլեցված կոշիկներով: Փողկապն էր պակասում, և եթե այն էլ լիներ, ես կհավատայի, թե երթուղայինի վարորդն առնվազն նախարար է: Չնայած այն, որ ամրագոտին կապված էր, և ինքը՝ վարորդը, խստորեն պահպանում էր երթևեկության կանոնները, արդեն իսկ «բյուրոկրատական վերնախավի» ներկայացուցչի վարքագիծ չէր:

13.3.12

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՂ Է ԹԱՓՎԵԼ

Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում «աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատության նախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնկան կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց միամիտ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:
Օրիանակ (գուցե ոչ այնքան տիպիկ) 5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում.