Showing posts with label խաչ. Show all posts
Showing posts with label խաչ. Show all posts

25.12.11

ՉԱՐ ԱՉՔԻՆ` ՉԱՐ ՓՈՒՇ


- Ների՛ր հարցիս համար, քրիստոնյա ե՞ս,- հարցնում եմ ես երթուղայինի վարորդին:
Տարակուսած նայում է վրաս:
- Աստծուն հավատո՞ւմ ես,- փորձում եմ հստակեցնել հարցս:
Մի քանի վայրկյան պատասխանը ծանր ու թեթև անելուց հետո խոսում է.
- Դե քրիսոնյան որն ա՞, հա՛, հավատում եմ էլի, իմ ձևով հավատում եմ...
- Հա՛, բայց ինչի՞ն ես հավատում:
Զննող հայացքով ուսումնասիրում է արտաքինս:
- «Տեր-տեր» ես ախպե՞ր,- կռահում է, հավանաբար այտամորուքիցս, - թե՞...
Դեմքիս որոշակի արտահայտությամբ հաստատում եմ, որ հոգևորական եմ, սակայն պատասխանն այդպես էլ չեմ ստանում:
- Հարցնում էի, - շարունակում եմ ես,- որպեսզի զգուշացնեի` հանեիր էդ մեծ աչքի հուլունքը մեքենայիդ միջից. անիմաստ է դրա գոյությունը, եթե քրիստոնյա ես:
- Էս իմը չի, մեկը մոռացել էր «մաշնի» մեջ, կախել եմ, որ գա տենա հետ տամ, է՛լի,- անփութորեն ստում է:
- Եթե անգամ գա,- փորձում եմ խոսքերին հավատացողի ձև տալ ինձ,- չտա՛ս, տեղը այս խաչը տուր, խա՛չն է քրիստոնյայի հաղթության նշանը, թե չէ աչքի հուլունքը քեզ հաստատ փորձնքից հետ չի պահի, եթե, իհարկե, հավելյալ փորձանքի մեջ չգցի:
- Հա՞,- իսկապես զարմանում է,- եկեղեցին սենց բաներ չի ընդունո՞ւմ:

6.12.11

ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐ

Ասում են` «երկու երնեկ մի տեղ չի լինում...»
Ներքին մի ձայն, մի համոզում ինձ միշտ հուշում էր, որ կյանքիս ամենամեծ նվերը պիտի ստանամ քսանհինգ ամյակիս առնչությամբ: Նվերը շնորհընկալաբար ստացա, ստացա ճիշտ այն օրերին, երբ սիրելի մայրս սրանից մեկ քառորդ դար առաջ երկունքի ցավ էր քաշում հանուն ինձ... Դրանից ճիշտ քսանհինգ տարի անց, Քրիստոս ինձ որպես նվեր վերստին ծնվելու իրավունք տվեց:

10.9.11

ԽԱՉԸ

Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզությունը և հայրապետների դավանությունը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը: Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը: Խաչն այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը: Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Խաչը Կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:

19.7.11

ՍԻՐԻ՛Ր ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ … ՍԻՐԻ՛Ր ԸՆԿԵՐՈՋԴ


«Սերն Աստծու ճառագայթումն է:- այսպես պատասխանեց  օտարերկրացի լրագրողի՝ «ի՞նչ է սերը» հարցին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:- Մարդու և հանրային կյանքում սիրո տարբեր դրսևորումների դասակարգումը զուտ պայմանական է. սերը մեկն է, այն մարդկային էակի փթթումն է, էակ, որն իր վրա է կրում Աստծու դրոշմը, կնիքը կամ, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ Աստծու պատկերը, որը Սեր է»:

15.5.11

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ...»


«Ընտանիքը փոքր եկեղեցի է»,- ահավասի՛կ մի գաղափար, որ քրիստոնեական Եկեղեցու ձևավորման առաջին դարերից տիրապետող եղավ «քրիստոնյա ընտանիք» հասկացությունը բնորոշելու համար: Գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար, ինքնաբխումով կամ հանգամանքների բերումով քրիստոնեության ձևավորումից մինչև այսօր որոշ ընտանիքներ Հայաստան աշխարհում, բարեբախտաբար, ամրորեն կառչած են մնացել այդ բնորոշումից՝ պահպանելով ընտանիք-եկեղեցուն բնորոշ կարևորագույն հատկանիշը՝ սրբությունը:
Մի բան, սակայն, առավել ակնհայտ է. այսօր հայի կյանքում նահանջ է նկատվում  քրիստոնեական սկզբունքներից և դրանցով դաստիարակության խնդիրը հաճախ մնում է բարձիթողի: Իրականում հավատքն առ Քրիստոս Հիսուս սոսկ գենետիկորեն փոխանցվող ֆենոմեն չէ, այլ մարդուն տրված հոգևոր-քրիստոնեական դաստիարակությունից և մարդ արարածի կամքի ազատ ընտրությունից ծնված դավանանք: Այն ծնողից որդուն կտակվող անգին մի գանձատուփ է, որի պարունակությունը յուրաքանչյուր մեկը պիտի կարողանա առանց պակասորդի փոխանցել իր սերունդներին: