9.2.15

ՄԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պատմությունը վկայում է, որ 8-րդ դարի հռչակավոր իմաստասեր հայրապետ Հովհաննես Օձնեցին (717-728թթ) հայտնի էր իր վսեմաշուք տեսքով, փարթամ մորուքով, պատկառելի կեցվածքով և հանդերձների ճոխությամբ: Հայոց Կաթողիկոսական գահին բազմելուց հետո Հայրապետը 719-ին այցելում է Դամասկոս՝ մահմեդական արաբ խալիֆային՝ ամիրապետ Օմարին՝ իր հարգանքը փոխանցելու և ի նպաստ հայերի մի քանի հարցեր առաջ քաշելու համար: Սակայն երբ Օձնեցին մուտք է գործում արքայական օթյակ, մեծ է լինում արաբ կառավարչի զարմանքը և գուցե նաև հիասթափությունը. Հայոց Կաթողիկոսը զգեստավորվել էր ամենապերճ զգեստներով, մորուքը շքեղացրել ոսկու փոշով, իսկ ձեռքին ուներ ոսկեձույլ շքեղ գավազան:
Դիմելով Հայրապետին՝ ամիրան հարցնում է, թե ինչու է Կաթողիկոսը այսպես տեղ տալիս հարստությանը, այն դեպքում երբ Հիսուս Քրիստոս նախընտրել է ապրել աղքատ ու պարզ կյանքով: Սուրբ Հայրապետը պատասխանում է.
- Ամեն ասածներդ ճշմարիտ են, ամիրա, սակայն Քրիստոս մարդկանց վրա բնականորեն ազդելու հրաշագործ կարողություն ուներ, իսկ ես զուրկ եմ այդ գերբնական կարողությունից, ուստի մարդկանց վրա պատշաճ ազդեցություն թողնելու և խոսքս ազդու դարձնելու համար պարտավոր եմ դիմել նմանատիպ արտաքին միջոցների: Բայց եթե գերազանցությանդ փափագելի է ծանոթանալ նաև իմ ներքին կեցվածքին, ապա պիտի խնդրեմ, որ այս սրահի մեջ միայնակ մնանք ես և Դուք:
Խալիֆայի հրահանգով բոլոր ներկաները լքում են սրահը և երբ Հայոց Կաթողիկոսը հանդարտորեն իր վրայից հեռացնում է ոսկեկար զգեստները, Օմարը ափ ի բերան է մնում. շքեղ հանդերձների տակից կաթողիկոսը մերկ մարմնի վրա կրում էր կոպիտ կտորից և կոշտ մազից կարված աղքատիկ մի խարանազգեստ...
Ասում են, թե այս դիպվածից հետո ամիրապետը մեկ վայրկյան իսկ չի երկմտում՝ կատարելու կաթողիկոսի խնդրանքները՝ դրանք հաստատելով կառավարական հրովարտակով: Իսկ ի՞նչ էր կաթողիկոսի խնդրանքը...

Ա Հայերին չբռնադատել կրոնափոխության,
Բ Եկեղեցիներն ու հոգևորականներին ազատել հարկերից,
Գ Թույլ տալ քրիստոնյաներին ազատ դավանել քրիստոնեությունը:

Հ.Գ. «Աչքներիդ երևացածի պես մի՛ դատեք, այլ ուղի՛ղ դատաստան արեք» (Հովհ. 7:24):

0 արտահայտվիր:

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...