29.12.14

ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ - Մեկնություն ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ աղոթքի


Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Հավատով խոստովանիմ աղոթքի հինգերորդ տունն ուղղված է Սուրբ Հոգի Աստծուն։
Սուրբ Հոգին Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձն է։ Որդու Աստվածության հավատքի պես Սուրբ Հուգու Աստվածության դավանանքն էլ հատուկ է միայն քրիստոնեական կրոնին։ Արդարև, միայն քրիստոնեության մեջ է, որ պարզորոշ կերպով հայտնվում և գործում է Սուրբ Հոգին։ Այս կրոնի հայտնաբերած հոգևոր ճշմարտությունների գրի մեջ է, որ ըմբռնելի է դառնում Սուրբ Հոգու գոյությունն ու անձնավորությունը և Նրա դերը արարչագործության և փրկագործության մեջ։
Որպես Ամենասուրբ Երրորդության Դեմքերից մեկը՝ Ինքը՝ Սուրբ Հոգին, «անքննելի» է, բայց քննում է «Աստվածային խորքերը», ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը… ոչ ոք չգիտէ Աստծու խորհուրդները, եթէ ոչ՝ Աստծու Հոգին։ » (Ա Կորնթ. 2:10-11)։ Սուրբ Հոգին Հայր Աստծուց է։ Նրա «ի Հօրէ» լինելու իրողությունը աստվածաբանության մեջ արտահայտվում է «բխում» բառով, ինչպես Որդու ելքը Հորից ծանոթ է «ծնունդ» բառով։ Սուրբ Հոգին՝ իբրև ճշմարիտ Աստված, նույն և նման է Հորն ու Որդուն ու «Անեղ և Համագոյ» է Աստվածության մյուս երկու Դեմքերի հետ։ Տեսանք, որ «անեղ» ածականը Աստվածության հիմնական ստորոգելիներից մեկն էր, իսկ «համագո» ածականը հաստատում է Սուրբ Հոգու, այսպես ասած, «ժամանակակից» (համաժամանակյա – Սրկ.) և Հոր և Որդու հետ նույն բնությունից եղած լինելը, հետևաբար Նրանցից «ոչ յետո և ոչ կրտսեր» է։ Սուրբ Հոգու՝ Հորից բխումը «անսկզբնաբար» է, այսինքն՝ բխում է, որը սկիզբ չի ունեցել և «անհատնում», անսպառ է, այսինքն՝ շարունակաբար, չընդհատվող կերպով է բխող։

Սուրբ Հոգին փառակից և Տիրակից է Որդու հետ։ Նրա հետ ունեցած Իր առնչությունը հատկանշվում է «առնել» բայով. երբ Քրիստոս առաքյալներին բացատրում էր, որ Իր գնալուց հետո նրանց պիտի ուղարկի Մխիթարիչ Սուրբ Հոգուսն, ավելացնում է. «Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ… Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ։ Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ» (Հովհ. 16:14-15): Իսկ շարականագիրը, խոսքը Սուրբ Հոգուն ուղղելով, ասում է. «Առող յՈրդւոյ անճառաբար»։
Անճառելի այս խորհուրդը, այսինքն՝ Սուրբ Հոգու առնչությունը Որդու հետ, Արևելյան և Արևմտյան Եկեղեցիների միջև վեճերի ծնունդ է տվել և մինչև իսկ հռոմեական ու բյուզանդական եկեղեցիների բաժանման ձևական պատճառներից մեկն է դարձել։ Լատինական եկեղեցու դավանանքի համաձայն Սուրբ Հոգին բխում է Հորից «և Որդուց» (Ֆիլիօքվե)։ Հայոց եկեղեցին հետևում է հնագույն ավանդությանը և դավանանքին, ըստ որի Սուրբ Հոգին բխում է միայն Հորից։
Սուրբ Հոգին՝ լինելով «բղխումն ի Հօրէ», իր հերթին բոլոր շնորհների աղբյուրն է և բաշխողը ամեն տեսակ ձիրքերի, տաղանդների և հոգևոր պարգևների։ «Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։ Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։ Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է» (Ա Կորնթ. 12:4-11):

Սուրբ Հոգին աղբյուրն ու ներշնչողն է այն իմաստության, որը երևում է Հին Օրենքի և մարգարեությունների, ինչպես նաև Ավետարանների և Նոր Ուխտի բոլոր գրքերի մեջ։ Սուրբ Հոգին է, որ «յոթնարփյան» շնորհներով զարդարում է նրանց, ում վրա իջնում է. այդ «յոթնարփյան» շնորհները հիշված են Եսայի մարգարեի կողմից հետևյալ հերթականությամբ «Աստծու հոգին 1. իմաստութեան 2. հանճարի հոգին, 3. խորհրդի (ողջամիտ խորհուրդներ հղանալու կամ ուրիշներին տալու հոգի), 4. զօրութեան հոգին, 5. գիտութեան եւ 6. աստուածպաշտութեան հոգին. 7. Աստծու երկիւղի հոգին» (11:1-3):
Նոր Ուխտի մեջ հայտնված բոլոր ճշմարտություններն իրենց ստվերային, պատկերավոր, կամ էլ քողարկյալ ակնարկներն ունեն Հին Կտակարանի մեջ։ Արդարև, Նոր Ուխտի մեջ Սուրբ Հոգու կատարած տնօրինությունների բազում պատկերավոր ակնարկներ կան Հին Կտակարանում, որոնք միաժամանակ, թեև ոչ ամբողջական, բահց գաղափար են տալիս, Սուրբ Հոգու բնության և աստվածային գործութնեության մասին։
Դրանցից առաջինն ու ամենածանոթը երևում է Աստվածաշնչի առաջին գլխի առաջին տողերում. «Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ» (Ծննդ. 1:2)։ Շարականագիրը հոյակապ այս պատկերը մեկնում է իբրև արարածներ ստեղծելու գործողություն. «Որ ի վերայ ջուրցն գոլով ստեղծանէիր զարարածս»։ Աստվածաշնչյան այս վսեմ պատկերի զուգահեռը երևում է Նոր Ուխտի մեջ՝ Քրիստոսի Մկրտության ջրերի վրա Սուրբ Հոգու իջմամբ և մկրտվողներին որպես Աստծո զավակներ վերածնելու խորհրդի մեջ։ Առաջին «լինելութեան», այսինքն՝ մարդու ստեղծագործության ժամանակ, Աստված փչեց մարդու երեսին կյանքի շունչը և մարդը դարձավ հոգով օժտված էակ։ Իսկ «յերկրորդի լինելութեան», այսինքն՝ Հարությունից հետո, Քրիստոս փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առեք Հոգին Սուրբ»։ Երբ մարդիկ համախմբվել էին աշտարակ կառուցելու համար, որի գագաթը երկինք էր հասնելու, որպեսզի եթե երկրորդ անգամ ջրհեղեղ լիներ, մարդիկ, դրա վրա ապաստանելով, փրկվեին, Աստված նրանց լեզուները «խառնակեց»՝ ի պատիժ իրենց ամբարտավանության, և մարդիկ զանազան ազգերի բաժանվեցին։ Իսկ Հոգեգալստին հակառակը տեղի ունեցավ։ Զանազան երկրներից հավաքված այլալեզու մարդկանցից յուրաքանչյուրն իր իսկ բարբառով հասկանում էր առաքյալների խոսած լեզուն, ինչն այլաբանորեն նշանակում էր, թե Ավետարանը բոլոր լեզուներով պիտի քարոզվեր աշխարհի վրա և դրանով բոլոր ազգերի միավորվելու գործընթացը պիտի սկսվեր։ Եկեղեցու հաստատումով, արդարև, Աստված կառուցեց Նոր Աշտարակը, որտեղ մտնելով՝ մարդիկ ճշմարտապես ազատվելու են մեղքի ջրհեղեղի հեղձուցիչ մահից և հոգևոր բնաջնջումից։ Հնում Աստծո Հոգին իջավ և գիշերը հրեղեն սյունի ձևով, իսկ ցերեկը հովանու ամպի կերպարանքով առաջնորդեց Իսրայելի տասներկու ցեղերին անապատից դեպի Ավետյաց Երկիրը։ Իսկ նորում՝ 12 առաքյալներին առաջնորդում է «դեպի Ավետարան», այսինքն՝ աշխարհի բոլոր կողմերը Ավետարանը քարոզելու և մարդկանց Ավետյաց Երկինք առաջնորդելու։ Հնում Աստծո Հոգին իմաստությամբ լցրեց Բեսելիելին՝ Վկայության Խորանի ճարտարապետին, իսկ Հոգեգալստով լցնում է մարդկանց սրբությամբ և նրանց դարձնում Սուրբ Երրորդության խորաններ։

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...