28.11.11

ՍԵՎ ԿԱՏՈՒ

Դեռևս Ք.ա. 6-րդ դարում Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Հետաքրքրական է, բայց չին ուսուցչից ավելի քան 2500 տարի հետո էլ` այսօր, սենյակում սև կատվին որոնողները մեծ թիվ են կազմում` մոռանալով, որ այդ սենյակում կատու իրականում չկա: Խոսքս տվյալ դեպքում «սև կատու» կոչվող սնահավատության մասին է, մի երևույթ, որը սնահավատությունների շարքում ամենից տարածվածն է, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բավական է խեղճ փիսիկն անցնի մարդու դիմացով... սնահավատի օրվա ու անգամ կյանքի բոլոր անհաջողությունները, սխալներն ու դժբախտությունները բարդվում են հենց այդ սև կատվի գլխին: Շատերն անգամ կարող են սև կատու հանդիպելիս փոխել իրենց ճանապարհը, իսկ ոմանք էլ անհաշտելի բաժանումը հաստատել թևավոր խոսք դարձած արտահայտությամբ` «մեր միջով սև կատու անցավ»: Ո՞րն է սև կատուների հանդեպ նման նախապաշարումի պատճառը, քչերը գիտեն, իսկ մյուսներն էլ ջանում են սեփական մտքի և հոգու սև ու սնահավատ սենյակում փնտրել ու գտնել այդ կատվին:


Ք.ա. 10-8-րդ դարերի ընթացքում հին Եգիպտոսի աստվածային պանթեոնում ձևավորվեց Բաստ աստվածուհու պաշտամունքը: Բաստն ուներ կատվի գլուխ և կնոջ մարմին, համարվում էր չար ոգիներին հալածող և հովանավորն էր արևի էներգիայի, լուսնի, կրակի ու կենդանիների, հատկապես` կատուների: Բաստ աստվածուհու ներկայացուցիչները երկրի վրա սև կատուներն էին, ովքեր Եգիպտոսում համարվում էին սուրբ և անձեռնմխելի (ինչպես այսօր կովերը` հինդուիզմում): Ոչ ոք իրավունք չուներ կտրել սև կատվի ճանապարհը, դուրս գալ նրա դիմաց կամ առավել ևս վնասել կատվին. նմանօրինակ ցանկացած քայլի արդյունքում մարդը կարող էր դժբախտության մատնվել` ընդհուպ արժանանալ մահապատժի : Հետևաբար, պատահական չէ, որ հին եգիպտացիները ամեն կերպ խույս պիտի տային սև կատուների հետ աչք-աչքի հանդիպելուց:
Այս է սև կատուների հանդեպ նախապաշարման հիմնական աղբյուրը: Հնագույն այս սովորույթը աներևակայելի զորությամբ ազդել է ժամանակի և հետագա մշակույթների վրա` հասնելով մինչև իսկ Ք.հ. 3-րդ հազարամյակ: Հետաքրքրական է, որ եգիպտական այդ աստվածության` հին աշխարհում ունեցած «հեղինակությունն» այնքան մեծ է եղել, որ անգամ Աստվածաշնչում ի թիվս բազմաթիվ կենդանիների երբեք չի հիշատակվում կատուն: Միջնադարյան Եվրոպայում վհուկները, կախարդները և չարի բոլոր տեսակ ծառաները պատկերացվում ու պատկերվում էին սև կատուների ուղեկցությամբ: Սև կատուների հանդեպ այս երկյուղը հանգեցրեց այն բանին, որ մարդիկ սկսեցին Եվրոպայում վերացնել կատուներին, ինչի արդյունքում շատացան առնետները և տարածվեցին տիֆն ու խոլերան: Քիչ ավելի ուշ շրջանում նույն եվրոպայում և հատկապես Անգլիայում (մինչև օրս էլ) տան նորամուտից առաջ բնակարանում սև կատու էին բաց թողնում: Շատերի մեկնաբանությամբ սա համարվում է հաջողության գրավական, սակայն իրականում այս քայլն արվում է տունը հնարավոր չար ոգիներից ազատագրելու նպատակով, քանի որ Բաստը, ինչպես ասացինք չար ոգիներին հալածող աստվածուհի էր: 20-րդ դարում, արդեն, չարության մարմնացում սև կատուն իր հավերժական հերոսացումը գտավ դարի լավագույն վեպի` «Վարպետը և մարգարիտան» գրքի մեջ` հանդես գալով որպես սատանա Վոլանդի օգնական` կատու-գետաձի: Եվ ի վերջո եգիպտական դիցարանի հեռավոր ակնարկները գտա նաև տատիկական մտքերում` «կատուն աստծո թաշկինակն է» մտքի մեջ:
Գիտե՞ք, մինչև այսօր ապրող կատուների «պաշտամունքն» ինձ համար որքան անհասկանալի նույնքան էլ ողբերգական է թվում: Սա ինձ միանգամից հիշեցնում է տասնաբանյա պատվիրաններից առաջինը` «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը... Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք. 20:2-3), որն առանց երկար-բարակ մտածելու խախտում ենք սև կատվին մատուցած «պաշտամունքով»:
Այո, կարելի է ասել, որ այսօր սև կատվից խուսափող մարդը եգիպտական աստվածության հետ այն երբևիցե չի կապում, սակայն երբ մարդը վախենում է իր դիմացը կտրած փոքրիկ կենդանուց, նրա պատճառով փոխում ճանապարհը և վերջապես իր օրը, դեպքերն ու հանգամանքները կապում է խեղճ փիսիկի հետ, ո՞վ է տերը և ո՞վ ստրուկը: Միանշանակ` այս դեպքում մարդը սև կատվի ստրուկն է, ուստի գիտակցաբար, թե ենթագիտակցաբար կատուն է նրա «տեր աստվածը»: Աստվածաշունչը, սակայն, ասում է. «Չգիտե՞ք, թե ում համար, որ դուք ձեզ ծառայության մեջ եք դնում հնազանդության համար, ծառա եք, ում որ հնազանդվում եք. եթե՝ մեղքին՝ մահվան է տանում, իսկ եթե՝ Աստծու հնազանդությանը՝ արդարության» (Հռոմ. 6:16):
Ասում են, երբ Աստված կավից կերտում է առաջին մարդուն, հարց է ուղղում նրան, թե էլ ի´նչ կուզենար ունենալ մարդը: Մարդը Աստծուց երջանկություն է խնդրում: Աստված, մարդու ձեռքերի մեջ  կավի մի փոքրիկ կտոր դնելով, ասում է. «Դո´ւ ինքդ կերտիր երջանկությունդ»: Արդ, սիրելի´ ընթերցող, հարց տուր ինքդ քեզ, թե ի´նչ ես դու պատրաստել Աստծո տված այդ կավից. եթե սև կատու ես կերտել, «այդ իսկ է քո վարձը»` մեղք, որ մահվան է տանում, իսկ եթե կերտել ես Տիրոջ պատվիրանների հետևում և կիրառում կյանքում, երկրպագություն ճշմարիտ ու միակ Աստծուն, ապա քո կյանքում անհաղթահարելի դժվարություններ, ձախորդություններ, անվերադարձ անկումներ ու դժբախտություններ ուղղակի չեն լինի, քանզի դու Քրիստոսի ճշմարիտ աշակերտն ես, ում Քրիստոս Աստված ինքը խոստանում է.
«Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ. 14:20): 

11 արտահայտվիր:

Armine комментирует...
28.11.2011, 14:07

Կարծում եմ մշակութային բազմազանությունը հենց ինքն է ջարդում սև կատվի մասին մարդկանց պատկերացումներում կարծրացած միֆը:Եթե ԱՄՆ-ում և մի շարք Եվրոպական երկրներում սև կատուները անհաջողության նշան են, ապա Անգլիայում և Ճապոնիայում հաջողություն բերող կենդանիներ են, իսկ Գերմանիայում՝ և՛ մեկը, և՛ մյուսը՝ կախված այն բանից, թե որ կողմից են հատում ճանապարհը: Այ հետաքրքիր է՝ ինչ պետք է անի կատվի մասին որոշակի նախապաշարմունք ունեցող Ճապոնիայում հայտնված լատվիացին:Գուցե վերջիվերջո ազատվի՞ այդ նախապաշարմունքային մտածելակերպից և որպես իր հաջողության պատճառ տեսնի Աստծու՞ն...

Varduhi комментирует...
28.11.2011, 15:02

Շնորհակալություն տեղեկությունների համար: Ճիշտ է, որ երբեմն մեր անգիտությունից սնահավատ ենք դառնում..... Մի ծիծաղելի դեպք հիշեցի: Վերջերս 2 տարեկան զարմուհուս համար գնել էի "Մկների ժողովը"` մանկական գեղեցիկ նկարներով: Հետո նկատեցի, որ կատուն ներկայացված է սև գույնով ու վառ դեղին փայլուն աչքերով: Մտածեցի, որ երեխան կվախենա...... Ու մինչ ես մտածում էի, երեխան արդեն ոչ միայն տեսել, այլև հասցրել էր սիրել հենց կատվի նկարով էջը ու ամեն բացելիս ծիծաղում է..... Իրականում երեխաներն ավելի լավ են տարբերում լավն ու վատը, քանի դեռ նրանց չեն փչացրել ավելորդ չգիտությունն ու սնահավատությունը: Ձեր խոսքերից օգտվելով, մաղթեմ բոլորիս, որպեսզի Աստծո տված այդ կավը գործածենք համաձայն Տիրոջ պատվիրանների, երկրպագելով ճշմարիտ ու միակ Աստծուն` խոնարհաբար ընդունելով Նրա սուրբ Կամքը:)

Анонимный комментирует...
28.11.2011, 18:59

Անկեղծ ասած` շատ են լինում սնահավատություններ, երբ մի բանը կապեմ կապ չունեցող բոլորովին այլ բանի հետ, բայց սև կատուներին շատ եմ սիրում, ավելին ասեմ` հանդիպելուց միշտ կողքովս են անցել, իսկ եթե դիմացովս են անցնում, է`լ ավելի եմ ուրախանում և օրս անցնում է շատ լավ!!!

Анонимный комментирует...
28.11.2011, 21:05

Փիսիկը համել ազգությամփ ՀԱՅ է ենպեսվոր ով ՀԱՅ է ես իրեն շատ շատ սիրում եմ համել եսել Արջուկ եմ և եսել եմ ՀԱՅ ես միհատ սպիտակ խամյակ ունեմ ինքը աղջիկ է ինքնել է ՀԱՅ և ՀԱՅԱՎԱՐԻ է սիրում ինձ կատակներ է անում միօրել մատս ՀԱՅԱՎԱՐԻ կծեց բայց ես չնեղացա որովհետեվ գեղեցկուհի Բրդոտը կարծել էր թե մատս գազար է։ Մեր աստծո Ամենա Սուրփ Երորդության ստեղծածներն են կենդանիները շատ շատ եմ սիրում եվ նաեվ ձեզ բոլորիտ շատ եմ սիրում և դուքել միմյանց սիրեք որ ուրիշներնել տեսնեն և եդպես բոլորը սիրեն և նկատեն գեղեցիկը և բարին։

Анонимный комментирует...
29.11.2011, 13:09

Խնդրում եմ նաև անդրադառնաք ծառերից կտորներ կապելուն։ Դա Ո՞րտեղից է եկել և ի՞նչ է նշանակում

ArturSrk комментирует...
01.12.2011, 8:01

@Анонимный :

Առաջիկայում անպայման կանդրադառնամ այդ թեմային, շնորհակալություն:

ArturSrk комментирует...
01.12.2011, 8:05

@Varduhi ջան ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ «հաջողություն բերող» կենդանի արտահայտությունը: Եթե անգլիացին նորամուտից առաջ նախընտրում է կատու բաց թողնել իր բնակարան, ապա նա հավանաբար քրիստոնյա անգլիացի չէ: Հայ Առաքելականը պետք է նախընտրի նորամուտից առաջ նավակատիք կամ տնօրհնքե կատարել Տիրոջ անունով, խաչի զորությամբ և Աստվածային օրհնությամբ:

Varduhi комментирует...
04.12.2011, 15:58

@ArturSrk : ջան, ես "հաջողություն բերող" կենդանու անգլիական ավանդույթի մասին չեմ գրել: Կարող է ուրիշ մեկնաբանություն է եղել նույն անունով, որից ես տեղյակ չեմ?

ArturSrk комментирует...
09.12.2011, 18:49

@Varduhi ջան, ներիր, վրիպում է եղել. խոսքս Արմինեին էր ուղղված:

Анонимный комментирует...
10.08.2017, 10:05

Քրիստոնեությունը մեծ հաշվով ևս մեկ սնահավատություն է: Ինչու է անհաջողություն բերող սև կատուն համարվում սնահավատություն, իսկ վզից կախված հաջողություն/օրհնանք/պաշտպանություն բերող խաչաձև երկաթի կտորը ոչ?

Srk. комментирует...
10.08.2017, 12:31

@Анонимный :

Հարգելիս, տարբերությունն այն է, որ սև կատվի սնահավատությանը տրվելը մարդուն ոչ մի օգտակարություն չի բերում, իսկ խաչը, որ սիմվոլն է Քրիստոսի զոհաբերությամբ մեր փրկության, մեզ համար փրկության նշան է, որը կրելով հաստատում ենք մեր հավատքը, մեր շնորհակալությունը Աստծուն և մեր հոգևոր սկզբուքները։

Խաչի մասին մանրամասն՝ կարող եք կարդալ այս հղմամբ. http://www.sarkavagagirq.net/2012/09/vasn-xachi-qo-patvakani.html

Отправить комментарий

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...