19.11.19

- ԱԲԵԼ - ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ՔՈ՛ ԵՍՆ Է


Ադամը և Եվան ունեցան որդիներ և դուստրեր (Ծննդ. 5:4), որոնցից, սակայն, միայն Աբելի և Կայենի մասին կարող ենք տեղեկություններ գտնելԱստվածաշնչում: Այսպես, Կայենը հմուտ հողագործ էր, իսկ Աբելը՝ հովիվ: Երբ մեկ օր եղբայրները իրենց ուխտ էին կատարում և ընծաներ էին մատուցում Աստծուն, Կայենը զոհասեղանին դրեց իր մշակած բարիքներից հավանաբար ոչ լավագույնը, քանի որ Աստված մերժեց դրանք և ընդունեց միայն Աբելի ընծան՝ պարարտ մի գառնուկ, որ երիտասարդը, որպես լավագույն, ընտրել էր իր հոտից: Աստծուց մերժվելով՝ Կայենը տրտմեց և եղբոր հանդեպ լցվեց նախանձով, ինչի համար Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ։ Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:6-7): Կայենը, ցավոք, Աստծուն լսելու փոխարեն ընտրեց ամենավատ ճանապարհը և ոխով լցված՝ սպանեց եղբորը: Սա, ի դեպ, մարդկության պատմության մեջ արձանագրված առաջին սպանությունն էր և առաջին մահը։ Այս պատմության առանցքային կետը, սակայն, մատուցված զոհաբերությունն էր, որի վերաբերյալ, առաջարկում եմ մի փոքր մտորենք՝  պատասխանելով այս հարցերին.


  1. Ի՞նչ կարևորություն ունի Աստծուն «զոհ» մատուցելը:
  2. Ի՞նչ և ինչպե՞ս պետք է զոհաբերենք, որպեսզի Աբելի նման հաճելի լինենք Աստծուն:

Հազարամյակներ առաջ, մարդիկ Աստծուն խնդրանքով դիմելու կամ շնորհակալություն հայտնելու համար դիմում էին նյութական և հատկապես կենդանական զոհաբերությունների։ Տարբեր կրոնների և մշակույթների համար սա մի միջոց էր, որով մարդը, այսպես ասած, կարգավորում էր իր հարաբերությունները բարձրյալ զորության հետ և շահում էր նրա (կամ նրանց) բարյացակամությունը և ողորմությունը։ Դրա համար անհրաժեշտ էր զոհել ու ընծայել ունեցածից ամենամաքուրը, անարատն ու լավագույնը: Նյութական այսօրինակ զոհաբերությունը, ի դեպ, չափազանց գործուն էր նաև հրեա և հեթանոս միջավայրերում այն ժամանակ, երբ Քրիստոս ավետում էր Երկնքի արքայության գալուստը։ Քրիստոնեությունը, սակայն, զոհաբերության այս տեսակը ի սկզբանե մերժեց։ Դեռ Քրիստոսից առաջ էլ հինկտակարանյան մարգարեները անդադար աղաղակում էին, որ նյութական զոհաբերություններն այլևս հաճելի չեն Աստծուն (անպայման կարդա՛ Մաղաքիա 1:6-14, Եսայի 1:11-15): Հիսուս Քրիստոսով Աստծուն մատուցվող զոհն ու զոհաբերությունը միանգամայն այլ մակարդակ ձեռք բերեց, և առաջինը Ինքը՝ Աստված էր, որ մեզ տվեց այդ օրինակը. Որդի Աստված՝ Գառն Աստուծո Հիսուս Քրիստոսը, խաչը բարձրացվեց և զոհաբերվեց՝ այդպիսով վերացնելով աշխարհի մեղքը. «Եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, - որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կմաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն» (Եբր. 9 :13-14)։

15.11.19

- ԱԴԱՄ - ՈՐՈՇՈՂԸ ԴՈ՛Ւ ԵՍ


«Ինչո՞ւ Ադամ»,- երևի հետաքրքրված կհարցնես դու: Վստահ եմ՝ աշխարհի արարման և առաջին մարդու՝ Ադամի ստեղծման պատմությանը ծանոթ ես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, եւ մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7),- նկարագրված է Աստվածաշնչում: Իսկ համաձայն Եկեղեցական Ավանդության՝ Աստված Ադամին ստեղծեց 30-ամյա երիտասարդ հասակում, հետեւաբար՝ Ադամը եւս երիտասարդ էր: Աստվածային արարչագործության մեջ մարդը միակ արարածն էր, որը ոչ միայն մարմնավոր եղավ, այլև՝ հոգևոր՝ կենդանացած Աստծո շնչով: Ավելին, Սուրբ Գիրքը վկայում է, որ նախահայր Ադամին Աստված ստեղծեց «իր պատկերով և նմանությամբ» (Ծննդ. 1:27-28): Այս երկու հատկանիշները, ի դեպ, Ադամից սկսյալ յուրաքանչյուր սերունդ «գենետիկորեն» կրում է իր մեջ, ուստի որպես այդ հատկանիշների կրողներ արի՛ մի փոքր աստվածաբանենք ու հասկանանք, թե ինչ ասել է «պատկեր և նմանություն»: 

Իմաստով իրար շատ մոտ այս բառերը կարող են տպավորություն ստեղծել, թե խոսքն այստեղ արտաքին նույնության մասին է, իբր Աստված մեզ պես (ավելի ճիշտ՝ մենք Աստծո նման) ոտքեր, ձեռքեր, քիթ բերան և աչքեր ունի: Անշուշտ, նման ենթադրությունը հեռու է ճշմարտությունից, սակայն, իրապես, կան աստվածային հատկանիշներ, որոնցով Սուրբ Երրորդությունը օժտում է մեզ՝ ադամորդիներիս, երբ կյանքի հետ միասին մեզ է տալիս Իր պատկերը. կարևորագույն այս հատկանիշներից են՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այս շնորհները իր մեջ կրելով է, որ ամեն մարդ՝ Ադամից մինչև դու և ես, առաջնորդվում, արարում ու գործում է բարին կամ չարը և ապրում է դրանցով: 

Տրամաբանորեն ինչ-որ բանի պատկերն ունենալը, սակայն, համարժեք չէ այդ բանի կատարյալ նմանությունը ունենալուն: Օրինակ՝ որքան էլ որ վիպասանը ջանա թղթին հանձնել իր աչքի առաջ եղած պատկերը, այն կատարյալ նմանության չի կարող հասցնել: Ընթերցողը պատկերագրվածը ակամայից լրացնում է իր բանականությամբ եւ երեւակայության ազատ թռիչքով: Ճիշտ այսպես Ադամին շնորհված Աստծո պատկերը, թեև մոտ, այնուամենայնիվ նույնական չէր Աստծո նմանության հետ: Աստվածաբանորեն ասած՝  նմանությունը առաջին մարդուն շնորհված ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ էր եւ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ, որոնցից, ցավոք, մարդը զրկվեց...

Այսպիսով, եթե փորձենք բանաձեւել՝
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ = ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ + ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ = ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ + ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

14.11.19

ՍԿՍԵՆՔ - Աստվածաշնչի երիտասարդները


«Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, 
եթե ոչ Աստծո խոսքերը պահելով» (Սաղմ. 118:9)

Աստվածաշունչ մատյանը, որ քրիստոնյա ամեն մարդու կյանքի և փրկության ուղեցույցն է, հարուստ է պատմություններով, առակներով, խրատներով, հրաշքներով և դրանցից բխող օրհնություններով: Քրիստոնյայի համար Սուրբ Գրքի էջերի միջից խոսում է Ինքը՝ Աստված, ինչի համար Աստվածաշունչը նաև անվանվում է «Աստծո Խոսք»: Երբեմն, սակայն, քրիստոնյաներս Աստվածաշունչն ընթերցում ենք պարզապես ընթերցած լինելու համար, որպես վիպական մի ստեղծագործություն կամ պատմական մի նկարագրություն, որ տեղի է ունեցել անցյալում, դարեր առաջ:

Իսկ այսօ՞ր… Ի՞նչ ունի ասելու Աստված մեզ այսօր... Ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող ենք մենք այսօր քաղել Աստվածաշնչի սուրբ էջերից: Թերևս մենք մոռանում ենք, որ մարդիկ ու հերոսները այս Գրքի մեջ առասպելաբանական հորինվածքներ չեն: Նրանք իրական միս ու արյունից կազմված մարդիկ են, որ պարզորեն ապրել են իրենց հանապազօրյա կյանքը: Ինչպես մեզ, այնպես էլ նրանց հարազատ են եղել մարդկային բնույթի բոլոր հատկանիշները. մարդիկ էին իրենց թերություններով և առավելություններով, վերելքներով և անկումներով: Ուրեմն, սիրելի՛ երիտասարդ, մենք ևս, օրինակ առնելով Աստվածաշնչի կենդանի հերոսներից, կարող ենք նրանց համաքայլ ապրել մարդկային պարզ կյանքը՝ այն իմաստավորելով Աստվածաշնչի լույսով ու սրբությամբ:

17.9.19

Տեղին-անտեղի ԱՄԵՆ ասելու մասին

Եթե վիճակագրություն անցկացնենք, թե որ բառն է ամենաշատը հանդիպում համացանցում առկա քրիստոնեական կայքերի, հոդվածների, տարաբնույթ հոգեւոր (եւ ոչ այնքան) նկարների տակ գրվող մեկնաբանությունների մեջ, ապա վստահեցնում եմ, որ բացարձակ հաղթող կճանաչվի ԱՄԵՆը։
Ամեն ԱՄԵՆ amen ամէն амен AMEN, 
ամեն տեղ, ամեն օր կարելի է կարդալ մեկնաբանություններում։ Բայց որքանո՞վ տեղին եւ որքանո՞վ անտեղի։

Այս բառը, ի դեպ, հայերեն չէ, այլ սեմական ծագում ունի եւ քրիստոնյաների կենցաղ է մտել Աստվածաշնչի միջոցով` ամենաշատը հնչելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շուրթերից։ 

«Ամեն» բառը հոգեւոր բովանդակության մեջ նշանակում է հաստատում եմ, թող այդպես լինի, համաձայն եմ։ Այսինքն, երբ որ եկեղեցական արարողությունների ժամանակ, աղոթքների կամ Ավետարանի ընթերցման ավարտին հնչում է` ԱՄԵՆ, ներկաները ուղղակի հաստատում են, որ իրենք դավանում են հնչած ճշմարտությունը եւ համաձայն են յուրաքանչյուր մտքի հետ։
Այդ իմաստով, անշուշտ, համացանցում եւս շատ տեղին է, որ քարոզի, աղոթքի կամ սուրբգրային հոգեւոր-խրատական տողի տակ հավատացյալ մարդը հաստատի, որ գրվածը իր սրտին մոտ է եւ ինքը համաձայն է դրան։ 

15.5.19

ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐ




Ասում են այսօր ընտանիքի օրն է։ Իրականում, եթե ընտանիքն ունի իրեն հատուկ օր ապա մեկ տանիքի տակ ապրող մարդկանց տոնը տարվա մեջ պետք է նշվի առնվազն 366 անգամ։
Հայերիս մեջ ինչ-որ չգրված օրենքով ընտանիքի գաղափարը միշտ զուգակցվում է սրբության հետ, իսկ այն ինչ սուրբ է (Հայրենիք, ծնող, Եկեղեցի...) պաշտելի է, արժանի անսահմանափակ հոգատարության եւ ընդհուպ` զոհողության։ 
Ընտանիքը հայերիս մտապատկերում լիարժեքորեն տեղավորվում է սրբության այս կաղապարի մեջ, եթե իհարկե... այն սոսկ բաժակաճառ չէ։ Այս վերջինն ասում եմ խոր ցավով, որովհետեւ ընտանեկան սրբության կողքին նույն այդ ընտանիքում կարող ենք հանդիպել անսուրբ դավաճանությունների, նենգադավ սադրանքների,  անզիջողական «զոռբայությունների», հանդուրժողականության եւ սիրո (խնդրեմ չքաղաքականացնել), խաղաղության եւ միաբանության բացակայությանը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այսօր քչերն են լուրջ վերաբերվում ընտանիքի սրբությանը։ Իսկ արդյունքը... արդյունքը անհամար բաժանություններն ու ամուսնալուծություններն են։ Հայաստանում վիճակագրորեն ամուսնությունների 30 տոկոսը ավարտվում են ամուսնալուծությամբ եւ սա դեռ միայն` հայտարարագրվածները։ 
Ինչո՞ւ... Որովհետեւ մեզ համար ընտանիքը սո՞ւրբ է: Գլխի մեջ այո, որպես գաղափար, այո, այդ սրբությունը կա, բայց սուրբ չի դառնա այն ընտանիքը, որի անդամները սուրբ չեն եւ սրբության չեն ձգտում...
Շատ լավ է, որ ինքներս մեզ քրիստոնյա համարելով շտապում ենք նախ մեր միությունը հաստատել եկեղեցում` Պսակի խորհրդով, բայց շատ վատ է, որ երբեք, երբեք, երբեք չենք հիշում այդ խորհրդի մասին, երբ ամուսնալուծվում ու քանդում ենք այդքան սուրբ ընտանիքը (այստեղ կարող եք վիրավորվել)։ 
Գիտե՞ք ինչի է ընտանիքը սուրբ համարվում։ Որովհետեւ այն Աստված ինքն է ստեղծում, Աստված է իրար միացնում այր ու կնոջը եւ դարձնում մեկ մարմին,  միություն, որը բաժանելու իրավունք ոչ ոք, շեշտում եմ` ՈՉ ՈՔ չունի «ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19:6): Ուրեմն, որքան զգուշավոր ու սրբության ապրումով լցված պիտի լինեն իրենք` ընտանիք կազմողները, երբ եկեղեցում խորանի առաջ իրենց խրատ է տրվում` հիշեցնելով, որ ընտանիքը միայն այդ գեղեցիկ ու երջանիկ օրով չի ամփոփվում, այլ` երջանիկ լինելու պայքարի անդադար ընթացք է. լինի աղքատություն, թե հարստություն, նեղություն, թե լիություն, հիվանդություն, թե առողջություն, եթե խոստացել ես ամեն պարագայում անբաժան լինել եւ, ուշադրություն, Աստծո առաջ ես խոստումդ տվել, ապա ի՞նչ բաժանման մասին կարող է լինել խոսքը: Մի՞թե ուրանալի է սրբությունը։ Եթե ոչ, ապա արդարացումները Աստծո համար եւս ընդունելի չեն...
Սիրելիներդ իմ, որ արդեն ընտանիք եք կազմել եւ կամ որ մոտ եք կազմելու, ընտանիքը, հայի սուրբ ընտանիքը միայն մեկ թշնամի ունի, որ կոչվում է ԵՍ, օտար բառով ասված` ԷԳՈ... Եսասիրության եւ եսակենտրոնության թթխմորը մեր սրտերում կոչնչանա միայն եթե սերը, փոխըմբռնումը, ինքնանվիրումն ու հարգանքը, որոնք հենց սրբության հիմքն են, գան փոխարինելու մեր անձնական եսադավան հարմարավետությանը, որի երեսից են քայքայվում մեր ընտանիքները, եւ տրտմեցնում ենք Աստծո Սուրբ Հոգին։ Ուրեմն` ԷԳՈյի երեսին շրխկացրեք բոլոր դռները եւ տեսեք, թե որքան կշատանա սերը, տեսեք թե ինչպես սրբությունը պիտի թագավորի. սերն ու զոհաբերումը ընտանիքի հոմանիշներ են։
Պահեք, պահպանեք, գուրգուրեք ձեր ընտանիքները, սիրեք ու մեծարեք մեկմեկու, սիրելիներ, եւ անառիկ պահեք ձեր երջանկության թագավորության սրբազան սահմանները։ 
Շնորհավոր ընտանիքի տոնը եւ թող Աստված օրհնի եւ խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքներին։

14.5.19

ՀԱՎԱՏԱ՞Լ ԵՐԱԶՆԵՐԻՆ, ԹԵ ՈՉ

Վերջերս նորից մեր բլոգին հարց ուղղեցին երազների մասին։ Քանի որ ամեն անգամ հարց տվողը որեւէ անձնական փորձառություն կամ հավատալիք ունի կապված երազների հետ, երբեմն բավական դժվար է տալ այնպիսի պատասխան, որը բավարար լինի։ Ամեն դեպքում որոշեցի շատ կարճ խոսել երազների եւ դրանց հանդեպ քրիստոնյա մարդու ճիշտ վերաբերմունքի մասին։

Եթե փորձենք տեսակավորել երազները, դրանք կարելի է բաժանել 3 հիմնական խմբի`

  1. Սովորական երազներ
  2. Չարից` սատանայից, հրահրված երազներ։
  3. Աստծուց ուղարկված երազներ։

8.4.19

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ՄԵՂՔԵՐ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 18

Անցյալ անգամ հպանցիկ խոսեցինք այն մասին, թե համացանցային ինչ աղբյուրներից կարելի է օգտվել հոգեւոր ընթերցանության համար։ Այսօր կուզեմ մի չափազանց նուրբ հարցի անդրադառնալ, որը եւս առնչվում է համացանցի եւ հատկապես սոցիալական ցանցերի հետ։ Ուրեմն հարցը ձեւակերպենք այսպես՝

- Ինչպե՞ս պահքը չխախտել սոցիալական ցանցերում։

Սա բավական դժվար մի հարց է, քանի որ հոգեբանորեն մենք կարող է եւ չենք էլ անդրադառնում, որ իրական կյանքից դուրս՝ վիրտուալ իրականության մեջ էլ մեղքեր կարելի է գործել։ Բարեբախտաբար, վիրտուալ իրականությունը դեռեւս գործում է նյութական իրականության սահմաններում եւ կարելի է որոշակիորեն կանխարգելել սոցցանցային մեղքերը։ Այսպես, եկեք առանձնացնենք մի քանի վտանգներ, որոնք առավել նկատելի են սոցցանցերից օգտվողների մոտ, եւ որոնք եթե ճիշտ չախտորոշվեն, անպայամանորեն կհանգեցնեն մեղքի։

4.4.19

ՀՈԳԵՒՈՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՄԱՑԱՆՑԸ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 17

Համակարգչային մեր դարում, երբ համացանցի հասանելիությունը անսահմանափակ է եւ ամենուր, քրիստոնյաներս կարող ենք մեծ օգտակարություն քաղել հոգեւոր կայքէջերից։ Արդ այսօր շատ համառոտ պատասխանենք հետեւյալ հարցին.

- Հայալեզու ո՞ր կայքերից կարելի է օգտվել՝ հոգեւոր օգուտի համար։

Այսօր, փառք Աստուծո, նման կայքերի մեծ ընտրանի կա եւ առիթից օգտվելով՝ եկեք արժանին մատուցենք եւ շնորհակալություն հայտնենք դրանց զարգացնողներին եւ ակտիվ պահողներին։ Եթե հաշվի առնենք, թե որքան պարապ ժամանակ ենք մենք վատնում համացանցում անօգտակար եւ հաճախ վնասակար նյութեր ընթերցելով՝ ապա այս կայքերի ցանկն ունենալն ու կիրառելը շատ օգտակար կլինի։ Հիշենք դրանցից մի քանի շատ ակտիվներին՝


  1. Աստվածաշնչի ընթերցանության համար կարող ենք այցելել այս երկու կայքերը՝


  2. Քրիստոնյա առօրյա կյանքի զորացման համար կարող են օգտակար լինել տարբեր եկեղեցիների մշտապես թարմացվող պաշտոնական կայքէջերը, որոնցից անձամբ հետեւում ենք ՝


  3. Թեեւ վերջերս շատ չեն թարմացվում, սակայն Պահքի ընթացքում եւ առհասարակ, որպես տեղեկատվական շտեմարաններ մեծ օգտակարություն կարող են բերել www.pahq.info եւ www.lusamut.net կայքերը

  4. Անհատ հոգեւորականների օգտակար կայքէջերից կառանձնացնենք մշտապես հարստացվող www.ter-hambardzum.net եւ www.ghevondvardapet.com (ռուսալեզու ընթերցողներ համար) կայքէջերը։

  5. Դիտելու եւ լսելու համար շատ օգտակար են՝
    * Շողակաթ ընկերության www.shoghakat.am
    * Վեմ ռադիոկայանի www.vem.am
    * Հոգեւոր երգերի www.sharakanner.blogspot.fr կայքերը։
    * YouTube-յան ալիքները, ինչպես օրինակ՝ Արմեն կիսասարկավագ Հարեյանի ալիքը
    * Դե իհարկե, չենք մոռանում նաեւ մեր կայքը՝ www.sarkavagagirq.net, որտեղ առանձնացրել ենք հատուկ պահքի բաժին, Սուրբ Գրքի մեկնության ԲԱՆԱԼԻ ծրագիրը՝ եւ Աղոթագիրքը։
Եթե ինքներդ էլ օգտվում եք հոգեոր կայքէջերից, որոնք այստեղ չկային, գրեք մեկնաբանությունների մեջ, շատ ուրախ կլինենք ծանոթանալ դրանց։

Տարածեք այս գրառումը, որպեսզի հնարավորնս շատ մարդիկ ծանոթանան համացանցի հոգեւոր օգտակարությանը։