21.2.19

2019-Ի ՄԵԾ ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Սիրելիներ, մարտի 3-ին Բուն Բարեկենդանն է, իսկ արդեն մարտի 4-ից կմեկնարկի Մեծ Պահքը` ապաշխարության, հոգեւոր նորոգման եւ Աստծով ավելի զորանալու հրաշալի ուխտագնացությունը։

Անցյալ տարի Պահքի առիթով մեր այս բլոգում պատրաստել էինք շուրջ 20 կարեւոր հարցեր, որոնք վերաբերում էին պահքի եւ պահեցողության ներքին ու արտաքին կողմերին։
Այս տարի ցանկանում ենք վերաթարմացնել այդ ծրագիրը ու համալրել նոր հարցերով, որպեսզի բոլորիս պահեցողությունը լինի Աստծուն հաճելի եւ մեզ օգտակար։ 
Այնպես որ հրավիրում ենք ձեզ մեզ ուղարկել պահքի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը, եւ մենք առաջիկայում անպայաման կանդրադառնանք դրանց։
Հարցերը կարող եք ուղարկել սեղմելով այստեղ ✉։

Աստված օրհնի բոլորիդ:

Հ.Գ. Հարցերի կրկնությունից խուսափելու համար, խորհուրդ կտանք հետեւել պահքի վերաբերյալ մեր նյութերի շարքին՝ սեղմելով ստերեւ՝

20.8.18

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ

ԿԱՐՈՂ ԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ. ԱՅՍՕՐ ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է. ՄԵՆՔ ԱՐԴԵՆ 8 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ։

Անցյալ 8 տարիների աշխատանքի լավագույն արժեւորողն, անշուշտ, մեր շատ սիրելի եւ հավատարիմ ընթերցողն է, որի համար եւ տարվել է այս ութամյա աշխատանքը, ուստի շնորհավորանքների հսկայական տարափ ենք ուղարկում նաեւ մեր ընթերցողներին։

Ութամյա անխոնջ աշխատանքին եւ նվիրումին զուգահեռ, սիրելիներ, պետք է խոստովանել, վերջին տարիներին բլոգն ըստ էության չի մատակարարել նախկինի պես առատ, հետաքրքիր նյութեր ու ծրագրեր... Սրա պատճառները թե օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։ Բերենք դրանցից ամենաէականները։

Համացանցային օգտատերերի համար այլեւս այնքան էլ հետաքրքական չէ բլոգային երկարաշունչ ձեւաչափը։ Այսօր սոցիալական կայքերի շնորհիվ ամեն մեկը մի միկրոբլոգեր է, եւ ուրեմն սոցիալական էջերի ժապավենների հագեցվածությունը հոգեւոր բովանդակությամբ հագեցնում է նաեւ ընթերցողների հոգեւոր ծարավը։ Միայն թե... Դրանք հաճախ թիթեռնիկի կյանք ունեն։
Սուբյեկտիվ մի պատճառ էլ կա. հեղինակիս գերզբաղվածությունը հովվական եւ ընտանեկան կյանքում, ինչպես նաեւ երբեմն` ծուլության մեղքը։ Ասում են` եթե պետք է մի գործ լավ անես, ապա պետք է միայն այդ գործով զբաղվես... Կողմնորոշվելը հեշտ չէ 😇 Մնուս կողմից էլ մեծ հաշվով հեռու գտնվելով հայկական իրականությունից` որպես հեղինակ չեմ կարողանում ձեռքս միշտ պահել հայաստանյան զարկերակին, ինչն էլ ինձ բարոյական իրավունք չի տալիս խոսել շատուշատ հարցերի մասին միջնորդավորված։
Ահա այսպիսի ինքնախոստովանություն 😉
Լավատեսորեն հուսանք, որ Աստված օգնական կլինի, որպեսզի ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔԸ շարունակի մնալ ձեր գրադարակի գիրքը։

Ահա այս տեսլականով ոգեւորված կուզեմ հարց ուղղել մեր ընթերցողներին.
Ինչպիսի՞ նյութեր կնախընտրեք առաջիկայում տեսնել ձեր այս բլոգի էջերում: Խնդրեմ անպայման պատասխանեք։

Մաղթելով մեր ընթերցողներին հոգու եւ մարմնի առողջություն եւ զարթոնք կյանքի բոլոր ասպարեզներում` շնորհավորենք մեկմեկու ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ տարեդարձի առթիվ։
Աստված օգնական բոլորիս։

21.3.18

ՄԵՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՓԱՓԱԳԸ - Շավիղ 38

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից երեքը մահն է, դատաստանը և դժոխքը: Ո՞րն է չորրորդ խորհելիք նյութը:

Պատասխան. Չորրորդ խորհելիքը ողջ աշխարհի հույսն ու փափագն է՝ արքայությունը:

Հարց. Կխնդրեի, որ ուսուցանեիր նաև արքայության մասին:

Պատասխան. Արքայության մասին ճառելն ու քեզ հասու դարձնելն իմ կարողությունից վեր բան է, քանի որ Պողոս առաքյալն էլ չկարողացավ նկարագրել այն. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց Իր սիրելիների համար» (Ա Կորնթ. Բ 9):

Հարց. Մի՞թե ոչինչ չկա գրված արքայության մասին: Բայց չէ՞ որ ասացիր՝ չորս առարկայի շուրջ պիտի խորհեմ, երեքի մասին իմացա և պիտի խորհեմ, բայց ինչպե՞ս խորհեմ, թե ի՞նչ է արքայությունը, երբ ոչինչ չգիտեմ նրա մասին:

20.3.18

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ - Շավիղ 37

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի մահվան մասին մտածեմ: Ուրիշ ի՞նչ մտորման առարկա ունեմ:

Պատասխան. Երկրորդ մտորումը դատաստանի օրն է: Երբ Քրիստոս՝ արդար Դատավորը, նորից պիտի իջնի երկնքից և նստելով դատողի աթոռին՝ պիտի դատի յուրաքանչյուրին ըստ իր գործածի. արդարներին պիտի վարձատրի, իսկ մեղավորներին պիտի պատժի:

Հարց. Այդ մասին նախապե՞ս վկայություններ կան Սուրբ Գրքում:

Պատասխան. Որքան ուզես: Նախ Եսայի մարգարեն է վկայում. «Ահա գալու է Տերը ինչպես կրակ, և Նրա կառքը՝ ինչպես մրրիկ, որպեսզի բարկությամբ տա Իր հատուցումը և կրակի բոցով՝ Իր արհամարհանքը, քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով» (Եսայի ԿԶ 15-16): Երկրորդ՝ Եսային կրկին վկայում է. «Հասել է Տերն Իր սպառազեններով բնաջնջելու ողջ աշխարհը: Ողբացեք, քանզի մոտ է Տիրոջ օրը, և հասել է Աստծու պատուհասը: Ահա թե ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտը պիտի դողա: Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, երկունքի ցավը պիտի բռնի նրանց, ինչպես ծննդաբերող կանանց: Տրտնջալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը, քանզի Տիրոջ օրն ահավասիկ հասել է՝ լի անսահման բարկությամբ, ոխակալությամբ ու զայրույթով, որպեսզի աշխարհն անապատ դարձնի և մեղավորներին վերացնի այնտեղից: Արդարև, երկնքի աստղերը Հայկի համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինը նույնպես իր լույսը չպիտի տա» (Եսայի ԺԳ 5-10): Երրորդ՝ Հովել մարգարեն է վկայում. «Ես այն օրերին և այն ժամանակ կվերադարձնեմ Հրեաստանին և Երուսաղեմին գերությունից, կհավաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Հոսափաթի ձորը և կդատեմ նրանց այնտեղ» (Հովել Գ 1-2): Չորրորդ՝ Դանիել մարգարեն է վկայում. «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, Նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, Նրա աթոռը՝ կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես բորբոքված կրակ: Նրա առջևից հոսում էր կրակե հորդ մի գետ, հազար-հազարավորներ պաշտում էին Նրան, և բյուր-բյուրավորներ կային Նրա առջև: Նա ատյան նստեց, և գրքերը բացվեցին» (Դանիել Է 9-10): Հինգերորդ՝ Մաղաքիան է վկայում. «Ահա պիտի գա Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքված, և պիտի այրի նրանց» (Մաղաքիա Դ 1): Նույն մարգարեն կրկին վկայում է. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կգա Տիրոջ մեծ ու երևելի օրը» (Մաղաքիա Դ 4): Վեցերորդ՝ Պողոս առաքյալն է վկայում. «Ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը՝ գիշերով: Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց կործանումը» (Ա Թեսաղ. Ե 1-3): Եվ վերջապես Պետրոսն է վկայում. «Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և տարերքը՝ հրով կիզված պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն» (Բ Պետրոս Գ 10): Տեսա՞ր, եղբա՛յր, մարգարեներից բացի առաքելական վկայություններ նույնպես մեջբերեցի:

19.3.18

ՄԱՀԸ - Շավիղ 36

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես, տո՛ւր, խնդրում եմ:

Պատասխան. Բոլոր մեղքերից հեռու պահող մի խրատ էլ ունեմ, այն էլ ասեմ և վերջացնենք:

Հարց. Ես էլ դա եմ փնտրում, որպեսզի մտքիս մեջ պահեմ ու երբեք չմեղանչեմ:

Պատասխան. Այս կյանքում մարդուն պատահող չորս դիպված կա, եթե դրանք մտքումդ պահես, երբեք չես մեղանչի:

Հարց. Որո՞նք են այդ չորս դիպվածները:

Պատասխան. Այդ չորսից մեկը մահն է, որ պատկերի պես միշտ պիտի պահես սրտիդ մեջ և խորհես նրա շուրջը, որպեսզի մեղք գործելու ժամանակ չունենաս, ինչպես որ Սիրաքն է ասում. «Հիշի՛ր քո վախճանի օրը, որ երբեք չմեղանչես» (Սիրաք ԺԸ 24): Քանի որ մահից ազատում չկա, ինչպես Դավիթ մարգարեն է գրում. «Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի» (Սաղմոս ՁԸ 49): Ուրեմն մահից զորավոր բան չկա, քանի որ աշխարհի սկզբից մինչ այսօր անթիվ հզոր թագավորների է հաղթել: Եվ երբ մահը գա, ողջ ունեցվածքդ կմնա այստեղ և հետդ ոչինչ չես կարող տանել ըստ Դավիթ մարգարեի. «Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, և մեծանում է փառքը նրա տան, քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի» (Սաղմոս ԽԸ 17-18):

Հարց. Ո՞րն է մարդու մարմնի փառքը:

18.3.18

ՀՈԳԵՒՈՐ ՁԱԽՈՂՈՒՄ - Շավիղ 35


Հարց. Հիմա հասկացա Աստծու կամքը և բարեգործության ճիշտ ընթացքը, այսուհետև բարեգործություն պիտի անեմ, ուրիշ ի՞նչ պիտի սովորեցնես:

Պատասխան. Սովորելու պակաս բան չմնաց, բայց ձգտիր, որ չծուլանաս, որովհետև դու այժմ հոգևոր կրթություն և սեր ունես բարեգործություն անելու, շատ բարի: Բայց եթե չզսպես կամքդ ու դարձյալ սկսես մեղք գործել, ապա մեղքի մեջ էլ կմեռնես, և բոլոր բարեգործություններդ, որ արել ես, կորստյան կմատնվեն:

Հարց. Դարձյա՛լ նոր խնդիր: Բայց ինչպե՞ս պիտի կորստի մատնվի իմ գործած բարեգործությունը, եթե մեղքի մեջ մեռնեմ:

17.3.18

Ի՞ՆՉ Է ԱՂՈԹՔԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ (ՀԱՅՐ ՄԵՐ...) - Շավիղ 34

Հարց. Կերակուրի վնասակարությունը և ծոմի ու պահքի օգտակարությունը լավ ըմբռնեցի, հիմա կուզեի հասկանալ, թե ի՞նչ բան է աղոթքը և ինչո՞ւ պիտի աղոթենք:

Պատասխան. Եթե միտքդ բացված լիներ, ապա առանց այդ հարցի ինքնին կըմբռնեիր:

Հարց. Բայց ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե սովորեցնող չլինի:

Պատասխան. Եթե զորագլուխն առաջնորդում է զորքին, այլևս հարկ կա՞, որ զորքը հարցնի, թե ինչպե՞ս է ընթանալու, և կամ մեկ ուրիշ առաջնորդողի կարիք զգա:

Հարց. Հիմա ես իմ առջևից քայլող զորագլուխ ունե՞մ:

Պատասխան. Այո՛, ունես: Պողոս առաքյալը մեզ ասում է, որ ունենք զորագլուխ. «Նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու Աթոռի աջ կողմում» (Եբր. ԺԲ 2): Ահա՛ քո զորագլուխը, գնա՛ Նրա մոտ և սովորի՛ր, ինչ ճանապարհով որ ընթացավ, հետևիր, որ հասնես Նրան, ինչպես որ Պետրոս առաքյալն է գրում. «Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով գնաք» (Ա Պետրոս Բ 21):

Հարց. Շատ դժվար իրադրության առջև ես ինձ կանգնեցնում: Քրիստոսից միայն մեռնե՞լ պիտի սովորենք, մի՞թե ուրիշ բան չարեց:

16.3.18

ԿԵՐԱԿՈՒՐԻ ՊԱՀՔԸ - Շավիղ 33

Հարց. Ի՞նչ շատ հիշեցիր պահքի մասին, եղբա՛յր, բայց չէ՞ որ կերակուրը Աստված տվեց մարդկանց, և բոլորն էլ Աստծու ստեղծածներն են՝ թե՛ կենդանական և թե՛ բուսական, ի՞նչ վնաս պիտի լինի ուտելուց:

Պատասխան. Մինչ բացատրությանն անցնելը մի բան պիտի հարցնեմ քեզ: Երբ բժիշկը քննում է հիվանդին, ամենից առաջ ի՞նչ է պատվիրում: Նախ և առաջ պահք է սահմանում, արգելում է օգտագործել պարարտ և վնասակար կերակուրներ, թույլատրում է առավել անուժ սնունդ, որ մարմնի ուժը տկարանա, և բորբոքման ցավերը խաղաղվեն: Եթե մարդ ուզում է կրակը մարել, ապա կրակի մեջ փայտ չի դնի: Նմանապես էլ հիվանդության դրդապատճառ կարող են լինել ցուրտը, շոգը, արյունը, մաղձը և այլն, բայց բոլոր ցավերի սաստկացնող պատճառը կերակուրն է: Դրա համար էլ բժիշկը սահմանում է անհրաժեշտ պահքը և հետո նոր նշանակում է դեղամիջոց:

Հարց. Ես ոչինչ չհասկացա: Ի՞նչ կապ ունի մարմնի ցավը հոգևոր նեղության հետ: Իմ հարցը հոգևորին է վերաբերում:

Պատասխան. Մեկ ուրիշ օրինակով կփորձեմ բացատրել: Օրինակ, վերցնենք ավտոմեքենան, որպեսզի առավել հասկանալի լինի հոգևոր վնասի հանգամանքը: Ավտոմեքենան ունի տասնյակից ավելի անիվներ ու առաձգակալներ, որոնք շարժվում ու պտտվում են մեքենան գործարկելու ժամանակ: Բայց ինչի՞ շնորհիվ, ինչպե՞ս են նրանք շարժվում: