7.3.18

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԵՆԱԼ ԱՆԱՐԺԱՆԱԲԱՐ - Շավիղ 24

Հարց. Անցյալ շավիղի մեջ ասված «Իր իսկ դատապարտությունն է ուտում և խմում» ասելով ի՞նչ պետք է հասկանանք:

Պատասխան. Այս բանն առանց օրինակի անկարելի է բացատրել: Դիցուք, թշնամուդ պատժելու կամ դատապարտելու նպատակով հայց ես ներկայացնում: Եվ այդ հայցին ապավինելով հանձնապաստան ինքնավստահությամբ դատի մեջ մտնում նրա հետ: Բայց երբ կարդացվում է այն, անսպասելիորեն տեսնում ես, որ թշնամուդ դատապարտության համար ներկայացված հայցը քո դեմ է ուղղված: Այնժամ դատավորը բարկանալով կասի. «Ի՞նչ իրավունքով այդ հայցին ապավինելով թշնամուդ հետ դատի մեջ մտար, ո՜վ անօրեն»: Այդ պահին լեզուդ կպապանձվի, ոտքդ ու ձեռքդ կսկսեն դողալ և ամոթահար կլինես: Եվ դատավորը կհրամայի շղթայակապ քեզ աքսոր ուղարկել մի անծանոթ երկիր հավիտյանս հավիտենից:

Հարց. Այդ օրինակի իմաստն ինձ բացատրի՛ր:

Պատասխան. Ասացիք, որ մեղքերից ձերբազատվելուց և մաքրվելուց հետո միայն պետք է մասնակցես Սուրբ Հաղորդությանը, բայց սրան հակառակ, մեղքից դեռ չմաքրված, մեղքերի աղտով գնում, հաղորդվում ես ու հրճվում՝ ասելով. «Փա՜ռք Աստծու, հաղորդություն առա»՝ վստահ լինելով, թե դրանով հաղթելու ես թշնամուդ՝ սատանային: Բայց դատարանի օրը, հակառակ քո հանձնապաստան ակնկալությունների, քո իսկ դատն է արվում, միայն այդ պահին տեսնում ես, որ անարժանությամբ Ս. Հաղորդությանը մոտենալդ՝ քեզ համար հանցանք և դատապարտություն է եղել և ոչ թե՝ սատանայի: Եվ դու, որ ապավինելով Ս. Հաղորդությանը՝ պիտի հաղթեիր սատանային և արքայություն գնայիր, հիմա անլուր տագնապի ես մատնված. եթե արքայությունից զրկվեցիր, գոնե դժոխքի հավիտենական աքսորում չհայտնվեիր:

Հարց. Այդ ի՞նչ սոսկալի բան ասացիր:

Պատասխան. Սոսկալի բանի մասին դեռ հետո պետք է լսես, երբ ամեն կողմից հանցավոր գտնվես: Քրիստոս՝ արդար Դատավորը, այնժամ սաստիկ բարկությամբ կասի. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպե՞ս այստեղ մտար» (Մատթեոս ԻԲ 12): Այսինքն՝ ինչո՞ւ մեղքից տակավին չմաքրված և հոգուդ զգեստները չնորոգած այս սեղանին մոտեցար: Այն պահին լեզուդ կպապանձվի, ոտքերդ և ձեռքերդ կսկսեն դողալ, և ամոթահար կլինես: Դարձյալ պիտի լսես Քրիստոսի ձայնը. «Կապեցե՛ք դրա ոտքերը և ձեռքերը և դուրս հանեցեք դրան արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»: Եվ Նրա սպասավորներն այդ իսկ պահին կկատարեն հրամանը և քեզ հավիտենական դժոխք կուղարկեն: Տեսա՞ր, եղբա՛յր, անարժանությամբ Ս. Հաղորդություն առնելու հետևանքը:

6.3.18

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՔՐՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՑ - Շավիղ 23

Հարց. Այս ի՞նչ բան է, եղբայր, ես կարծում էի, թե Տասը պատվիրաններից գոնե կեսը կատարում եմ, բայց ինչ պատվիրանի կատարումով որ պարծեցա, անիրավ և սուտ հանեցիր ինձ: Հիմա հասկացա, որ եթե Տասը պատվիրաններից ինը չեմ կատարել, ապա գոնե մեկը պահել եմ:

Պատասխան. Ո՞ր պատվիրանն ես պահել:

Հարց. Ես ամենևին դատարան չեմ գնացել՝ սուտ վկայություն տալու համար: Այս պատճառով ուրախ եմ, որ գոնե այդ մի պատվիրանը կատարել եմ:

Պատասխան. Այդքան մի՛ պարծենա, գուցե կրկին ձեռնունայն մնաս:

Հարց. Ինչո՞ւ պիտի ձեռնունայն մնամ. իրապես ես սուտ վկայություն չեմ տվել դատարանում:

Պատասխան. Մի՞թե սուտ վկայությունը միայն դատարանում են տալիս. մի հարուստ մարդու հաճոյանալու նպատակով մի՞թե նրա սուտ խոսքը չես հաստատել «իրավացի ես», «այդպես է» բառերով:

Հարց. Այդ էլ խո՞սք է. հազար անգամ եմ այդ բանը ասել առանց անդրադառնալու, թե դա սուտ վկայություն է: Բայց իսկապես, մի՞թե դա սուտ վկայություն է:

5.3.18

ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ - Շավիղ 22

Հարց. Ինչո՞ւ է լայն ճանապարհ ցույց տվողը սուտ մարգարե կոչվում:

Պատասխան. Որովհետև սուտ է խոսում, անուշ խոսքերով խաբում է պարզամիտ մարդկանց:

Հարց. Ինչպե՞ս կարող է խաբել անուշ խոսքերով:

Պատասխան. Քեզ կասի, թե «ուտել-խմելը մեղք չէ, եթե մեղք լիներ, Աստված չէր ստեղծի և չէր ասի՝ կերե՛ք»: Պողոս առաքյալն էլ ասում է. «Ուտելիքը՝ որովայնի, և որովայնը ուտելիքի համար է» (Ա Կորնթ. Զ 13): Այսպես է ասում նաև Քրիստոս. «Կերակուրը չի պղծում մարդուն»: Վկայակոչելով այս խոսքերը՝ սուտ մարգարեն շփոթեցնում է միտքդ, և դու էլ այլևս չես վախենում կերակուրներից, ավերում ես պահքդ և այնուհետև ո՛չ պահք ես պահում և ո՛չ՝ ծոմ: Միշտ կերուխումին հետամուտ լինելով՝ դառնում ես մեծ կռապաշտ: Հիմա տեսա՞ր, թե ինչպես են նրանք քաղցր խոսքերով խաբում:

Հարց. Ի՞նչ ես ասում, եղբա՛յր, ուտել-խմելն է՞լ կռապաշտություն է:

4.3.18

ՊԱՀՔԻ ՆԱԽԱՀԻՄՔԸ - Շավիղ 21

Հարց. Եղբա՛յր, սկզբում ասացիր, թե սուտ մարգարեները արքայություն գնալու լայն ճանապարհ են ցույց տալիս: Սուտ մարգարեն ինչպե՞ս կարող է լայն ճանապարհ ցույց տալ:

Պատասխան. Սուտ մարգարեն նա է, ով ասում է, թե եկեղեցի գնալը, խոստովանելը, պահք պահելը մեղք է, ապաշխարելն անօգուտ է, անիմաստ, սրբերը բարեխոս չեն կարող լինել, նրանք մեռած են, իզուր տեղը ծախս մի՛ արա ուխտի գնալու համար և այլն: Տեսա՞ր լայն ճանապարհը որն է: Քեզ հարցնում եմ, մի՞թե կռապաշտ և անձնասեր մարդկանց հաճելի չեն այս խոսքերը:

Հարց. Մի բան էի մտածում, լավ միտքս գցեցիր. այս «պահք» ասվածը ծո՞մ է, թե՞ ուրիշ մի բան:

Պատասխան. Սուրբ Գրքում պահք ծոմին են ասում: Առաքյալների ժամանակ էլ ծոմ էին պահում, բայց հայրապետները կանոն դրեցին, որ տարվա որոշակի օրերի մարդիկ հրաժարվեն մսից, յուղից, գինուց և մարմինը պարարտեցնող բոլոր կերակուրներից և ուտեն բացառապես բուսական կերակուրներ: Հիմա դրան մենք պահք ենք անվանում:

Հարց. Ծոմի համար այլևս ասելու բան չկա, որովհետև նրա մասին գիտենք Սուրբ Գրքից, բայց կերակուրների մեջ խտրություն դնելը հին օրենքում կա՞ր, որ հայրապետները համարձակվեցին այդպիսի կանոն դնել:

Պատասխան. Ահա՛, նախ Աստված Ադամին ասաց, որ «բոլոր ծառերի պտուղից ուտի, բացի մի ծառի պտուղից»: Սա կերակուրների մեջ դրված առաջին խտրությունն էր, որ ակնարկում է պահքը և ոչ թե ծոմը: Եթե ծոմ լիներ, ապա առհասարակ առանց խտրության կարգելվեր բոլոր ծառերի պտուղը ուտել: Դանիել մարգարեն ասում է. «Ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը» (Դանիել Ժ 2): Ահա այս է կերակուրների մեջ խտրություն ու զանազանություն դնելը, եթե ծոմ լիներ, կասեր, թե բերանս ոչինչ չի մտել:

3.3.18

Ո՞ւՐ է ՏԱՆՈՒՄ ԼԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ- Շավիղ 20

Հարց. Հասկացա, որ նեղ դուռն այս աշխարհի հոգևոր նեղություններն են, բայց որո՞նք են լայն դուռը և լայն ճանապարհը, որոնք դժոխք են տանում:

Պատասխան. Դեռ չհասկացա՞ր. դժոխք տանող դուռն ու ճանապարհն են լայն:

Հարց. Բայց դժոխքի դուռն ինչո՞ւ է լայն:

Պատասխան. Դժոխքի դուռն իհարկե լայն պետք է լինի: Այդ դռնով ո՞վ պետք է անցնի, գիտե՞ս:

Հարց. Չգիտեմ:

Պատասխան. Չկարծես, թե այդ դռնով մտնողները այս աշխարհում բարեգործություն անող, ամեն տեսակ նեղության համբերող, իրենց չար կամքը զսպող, ծոմով, պահքով և աղոթքով իրենց անձը չարչարողները պետք է լինեն:

Հարց. Ապա ովքե՞ր պետք է մտնեն այդ լայն դռնով:

Պատասխան. Այնտեղ մտնելու են մեղքի փշալից բեռներ կրող մարդիկ, որովհետև փշալից բեռ կրող մարդը չի կարող նեղ դռնով ու նեղ ճանապարհներով անցնել, այլ այդպիսիների համար լայն դուռ է պետք, որպեսզի անարգել մտնեն:

Հարց. Որո՞նք են մեղքի փշերը:

Պատասխան. Ահավասիկ Պողոսը թվարկում է դրանք. «Մարմնի գործերը հայտնի են. շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Գաղատ. Ե 19-22):

2.3.18

ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ - Շավիղ 19

Հարց. Եղբա՛յր, ապա ես ի՞նչ պետք է անեմ, ինձ թվում էր, թե ես զերծ եմ այդ մեղքերից, որովհետև չգիտեի, թե զրկելը կամ եղբայր ատելը մարդասպանություն է, իսկ աշխարհասիրությունը շնություն է և թշնամություն Աստծու հանդեպ, քանզի ինձ խրատ տվողները այդպիսի զգուշացում չէին արել:

Պատասխան. Այդպիսի խրատ տվողներին ի՞նչ ասեմ. այդ ցավը ինձ էլ է տանջում, եղբա՛յր: Վախենամ, թե սուտ մարգարեների ես հանդիպել:

Հարց. Ո՛չ, եղբա՛յր, ինձ խրատողները սուտ մարգարեներ չէին, այլ իմ ծնողները: Նրանք գոնե մի օր ինձ չասացին, թե սա մեղք է, մի՛ արա, այլ հակառակը՝ խստորեն պատվիրում էին, թե ամեն ինչ արա, որ դրամ վաստակես:

Պատասխան. Երանի քեզ, որ ծնողներդ սոսկ մեղքից չեն զգուշացրել, այլ ծնողներ կան, որ իրենց զավակներին չզգուշացնելուց բացի մեղք գործել են սովորեցնում: Կան ծնողներ, եղբայրներ, քույրեր կամ ազգականներ ովքեր, լեզուն դեռ նոր բացված մանկանը Աստծու անունը սովորեցնելու փոխարեն սովորեցնում են հայհոյանք ու անարգ վարմունք կամ էլ նրան քաղցրավենիք խոստանալով՝ ջանում են (համոզել) այս կամ այն մարդուն նախատել կամ ծաղրել: Ու երբ մեծերն իրենց նպատակին հասնում են, ծիծաղելով երեխային համբուրում են ու կատարում խոստացածը: Թեպետ իրենց զվարճանքի համար են սա անում, բայց այս վարմունքը սև ներկի նման ծածկում է երեխայի մատաղ սիրտը, որը, ինչպես հներն են ասում, տակավին «մաքուր տախտակ» է, և որի վրայից դժվարությամբ է մաքրվում մանավանդ ծնողների քսած ներկը: Ասում են, թե «Մարդու կիրքը հոգու մեջ է». ահա հոգու մեջ եղած կիրքը ծնողներից սովորած խոսքերն են, որոնցից հոգին չի ձերբազատվում մինչև մարմնից զատվելը: Ու երբ տղան մեծանում է, հայրը նրան դպրոց է տանում և ուսուցչին պատվիրում, որ հոգ տանի այնքան, ինչքան անհրաժեշտ է կարդալ սովորելու և մի քիչ թվաբանություն իմանալու համար: Եվ դպրոցը դեռ չավարտած՝ հանում է այնտեղից և տանում խանութ առևտուր անելու՝ նրան սովորեցնելով խաբեության և նենգության ճանապարհները. սուտ խոսել և սուտ երդումներով լավը վատի տեղ անցկացնել, թերակշռել և այլն: Այս բոլորի նպատակը մեկն է. դրամ վաստակել՝ ոչ մի բանի առջև կանգ չառնելով: Այսպիսի ծնողի հոգսը չէ, թե տղան այդ ճանապարհով ուր կգնա. դժո՞խք, թե՞ դրախտ: Եվ իրապես, ծնողների գերակշիռ մասի գլխավոր հոգսը զավակների՝ դրամ և ոչ թե արքայություն շահելն է:

1.3.18

ՀՈԳԵՒՈՐ ՀԱՐՍ Եւ ՓԵՍԱ - Շավիղ 18

Հարց. Եղբա՛յր, ինչի՞ համար է Հակոբոս առաքյալը աշխարհասեր մարդկանց շնացող անվանում:

Պատասխան. Ես նախ քեզ մի բան հարցնեմ. առհասարակ ո՞ւմ են շնացող անվանում:

Հարց. Ով իր ամուսնուն դավաճանում և մեկ ուրիշին է սիրում, նրան են շնացող անվանում:

Պատասխան. Լավ պատասխանեցիր. արդ մենք ևս պարտավոր ենք բովանդակ սրտով սիրել Աստծուն, բայց եթե դավաճանելով Աստծուն այդ սերն ուղղենք աշխարհի փուչ, վաղանցիկ բաների վրա, մենք ևս շնացող կլինենք: Մինչդեռ ինչպես պատվիրում է Պողոս առաքյալը, մարդը պարտավոր է սիրել իր կնոջը. «Ո՜վ մարդիկ, սիրեցեք ձեր կանանց» (Եփես. Ե 25): Եթե այդ պարտականության դեմ մեղանչելով շնացող ենք անվանվում, ապա որքան ավելի մեծ շնություն է Աստծու հանդեպ դավաճան ու պարտազանց լինելը:

Հարց. Աստծու հանդեպ սերը տղամարդու և կնոջ սիրո՞ւն ես նմանեցնում:

Պատասխան. Այո՛, ինչպես Եսային է գրում. «Ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար» (Եսայի ԿԲ 5): Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի մասին իր աշակերտներին ասում է. «Ով հարս ունի, Նա է փեսան» (Հովհաննես Գ 29): Եվ Պողոս առաքյալը գրում է. «Ձեզ նշանեցի մի մարդու՝ որպես մի անբիծ կույս, Քրիստոսին ներկայացնելու համար: Բայց երկյուղ եմ կրում, թե միգուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից» (Բ Կորնթ. ԺԱ 2-3):

28.2.18

ՍԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆԴԵՊ - Շավիղ 17

Հարց. Ինչի՞ համար է զրկելը մարդասպանություն համարվում:

Պատասխան. Եթե մարդ սպանես, մի անգամից կազատվի այս աշխարհից, բայց եթե մեկին անվանարկես, որ պատվազուրկ լինելով չկարողանա առևտուր անել, կամ նրա ապրանքը անիրավությամբ ձեռքից խլես, այնպես որ նա ծայրահեղ աղքատության մեջ հայտնվի, ապա այդ մարդը քանի անգամ կորցրած ապրանքը և պատիվը մտաբերի, այնքան անգամ կմեռնի սրտի կսկիծից: Այս պատճառով դա սպանություն է համարվում:

Հարց. Ինչպես արդեն ասացինք, մարդկանցից և ոչ մեկը նման փոքր գողություններից զերծ չէ, նմանապես չկա մեկը, որ զերծ լինի այս տեսակ մարդասպանությունից: Իսկ իմ աշխարհասիրության մասին ի՞նչ կասես:

Պատասխան. Ես ի՞նչ կարող եմ ասել, գուցե իմ ասածին չհավատաս էլ: Գնա Հակոբոս և Հովհաննես առաքյալների մոտ, նրանք այդ մասին մանրամասն գրել են, նրանցից սովորիր:

Հարց. Ես նրանց որտե՞ղ գտնեմ ու հարցնեմ, քո ասածիդ էլ կհավատամ. չտեսա՞ր՝ մինչև հիմա ինչ որ ասացիր, հավատացի առանց հակաճառելու, սրան էլ կհավատամ, միայն թե դու բացատրի՛ր: