Showing posts with label քրիստոնյա. Show all posts
Showing posts with label քրիստոնյա. Show all posts

2.10.12

ՄԱՐԴԱԿԵՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ



Այո՛, այո՛, զարմանալու ոչ մի բան չկա, պատկերացրեք, որ քրիստոնեության ծնունդի առաջին դարերին հեթանոսները հենց «մարդակեր» էին անվանում Քրիստոսի հետևորդներին։ Կաննիբալիզմի մեջ այս մեղադրանքները ձգվեցին մինչև 4-րդ դարը։ Անշուշտ այս ծանր մեղադրանքը արդյունք էր սխալ ինֆորմացման ու նորահայտ միաստվածական կրոնի հանդեպ հակակրանք առաջացնելու ձգտման, սակայն «կես լուրջ, կես կատակ» ասած՝ դրանում որոշակի ճշմարտություն կար։ Այդ ճշմարտությունը ամփոփված է Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերում՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չեմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6։54-57)։

24.9.12

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ու Like-Ի ԳԱՂՏՆԻՔԸ


Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու Ֆեյսբուք սոցկայքում, չնայած հաճախ հնչող պահանջներին, like-ի կողքին այդպես էլ չի հայտնվում unlike կոճակը... Ինչպես ընկերներիցս մեկը ճիշտ նկատեց` այդ կոճակի հայտնվելը խիստ կկրճատի Ֆեյսբուքից օգտվողների թիվը: Ինչո՞ւ: Որովհետև ինտերնետն աշխատում է մեկ ուղղությամբ` ամեն բան անել, որպեսզի մարդը կապվի իր հետ և հնարավորինս երկար ժամանակ անցկացնի իր «հյուրընկալ» անկյունում: Դրա համար ի՞նչ է պետք: Անհրաժեշտ է ստեղծել մի միջավայր որտեղ քեզ հարմարավետ կզգաս, որտեղ քո ամեն մի բառին, նկարին ու մտքին (անհեթեթ լինեն դրանք, թե իմաստավորված) հավանության նշան են դնում, ուր դու մուտք ես գործում՝ նոր դրական արձագանքներ ու like-եր տեսնելու նպատակով: Մի խոսքով այս սոցիալական ցանցի «առավելությունն» այն է, որ կարողանալով օգտվել մարդկային թուլությունից` Ֆեյսբուքը ջանում է ստեղծել հնարավորինս դրական, ինքնաբավ, սնապարծ ու եսասեր միջավայր: Ո՞ր մեկս չի սիրում գովվել ու հավանությունների արժանանալ, ո՞ր մեկս չի ջանում ինքնահաստատվել դրական հողի վրա (չնայած ֆեյսբուքում հակառակ դրսևորումներն էլ սակավ չեն), ով չի ուզում իր մասին խոսեն միայն լավը և երբեք unlike չանեն:

Երբ ամիսներ առաջ կազմեցի ՈՐՔՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը, դրանում հնչած հարցերից մեկը հետևյալն էր` Աստվածաշունչ/Նոր Կտակարան կարդո՞ւմ եք: Հարցին պատասխանած 1000 հոգուց ըստ աճման կարգի քաղեցինք հետևյալ պատասխանները`

19.9.12

ԴԻՎԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երկար ժամանակ է, ինչ համացանցում անընդհատ շրջանառվում է Ալան Դալես անունով ամերիկյան մի պաշտոնյայի այսպես կոչված «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը» (1945թ.), որը սակայն, ոմանց կողմից որակվեց որպես կեղծագիր: Անկեղծ ասած, ինքս հիմնավորումներ չունեմ այդ գրվածքի կեղծ կամ ճշմարտացի լինելը փաստելու համար, սակայն ձեռքիս տակ հայտնված մի գիրք (որի մասին նախկինում էլ խոսել եմ)` Քլայվ Լյուիսի 1941թ. հեղինակած «Բանսարկվի Նամակները» (թարգմանությունն իմն է) և հատկապես դրա 20-րդ նամակը, ինձ ակամայից հիշեցրեցին Դալեսի «կեղծագիրը»։ Ստեղծագործության սյուժեի հիմքում Բանսարկու անունով (անգլերենում` Screwtape) տարեց և փորձառու մի չարքի խորհուրդներն ու գործնական առաջարկներն են` ուղղված իր զարմիկին` երիտասարդ ու անփորձ դև Ճիվաղիկին (անգլերեն` Wormood): Ողջ խորհրդատվության ուղղվածությունը մեկն է` ենթարկյալ մարդուն տանել դեպի կորուստ և թշվառություն` հեռացնելով նրան Կյանքի Աղբյուր Քրիստոսից, Ում սուրբ անունը բարձրաձայնելուց սարսափելով` դևերը հաճախ օգտագործում են Թշնամի անվանումը:
Ահա այսպիսի դիվային մի խորհրդատվություն 20-րդ նամակում տեսանելիորեն զուգադիպում է «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրի» հետ։ Անկախ այն բանից՝ կեղծ է այս վերջինը, թե ոչ, դրանից սատանայական ծրագիրը, որ մարդկանց միջոցով է կյանքի կոչվում, այնուամենայնիվ, հօդս չի ցնդում. այն կա և գործում է, ռեալ է ու զգալի մեր կյանքում, իսկ մենք շատ հաճախ այդ մասին չենք էլ ուզում մտածել... Այժմ՝ հատվածներ 20-րդ նամակից ազատ թարգմանությամբ։


Իմ թանկագի՛ն Ճիվաղիկ,

Մեծագույն տհաճությամբ արձանագրում եմ, որ Թշնամին ըստ ամենայնի վերջ է տվել ենթակայի ողջախոհությանն ուղղված քո ուղղակի հարձակումներին:
Դու պետք է նախատեսեիր այս և հնարավորինս շուտ կասեցնեիր։ Հիմա ենթական մի վտանգավոր ճշմարտություն է բացահայտել. նա այլևս գիտի, որ նմանօրինակ հարձակումները հավերժական չեն: Ահա այս պատճառով դու այլևս չես կարող օգտագործել մեր ամենալավ և ամենից փորձված զենքը` տգետ մարդկանց այն համոզումը, թե մեզանից ազատվելն անհնար է: Հուսամ, դու գոնե փորձել ես ենթակային համոզել որ, ողջախոհությունը վնասակար է առողջության համար:

14.9.12

ՎԱՍՆ ԽԱՉԻ ՔՈ ՊԱՏՈՒԱԿԱՆԻ


Հեթանոսները պնդում են, թե խաչը`որպես նախաքրիստոնեական սիմվոլիկա, քրիստոնյաները «գողացել» են կռապաշտական դարաշրջանից, աղանդավորները նողկում են, երբ քրիստոնյաները սրբություն են համարում Տիրոջ Սուրբ Խաչը, այլադավանները հիմարություն են համարում չարչարանքի գործիքը հավատքի խորհրդի վերածելը, իսկ մենք պարզապես ընթերցում ենք Աստվածաշունչը ու հասկանում, թե ինչ խորհուրդ ունի ԽԱՉԸ, ինչպիսի զորություն, կարևորություն և բյուր օրհնություններ: Ահավասիկ`

Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զօրություն (Ա Կորնթ. 1։18):

Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների (Ա Կորնթ. 1։23):

Թեպետև Քրիստոս խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորութամբ (Բ Կորնթ. 13։4):

Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ (Մատթ. 10։38):

Նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ (Գաղ. 5։24):

Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Քրիստոսի հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին (Հռոմ. 6։6):

10.9.12

ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Շատ պատահական իմացա, որ այսօր «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ» է։ 
Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ցավի, մեզանում և աշխարհում վաղնջական ժամանակներից արմատ ձգած աններելի այս մեղքի (հմմտ. Մատթ. 12:27) դեմ, միանշանակ ասել դժվար կլինի։ Ինքնասպանության դրդապատճառները բազմազան կարող են լինել, սակայն ի վերջո ամեն մի պատճառ, ըստ իս, հանգում է մեկ ընդհանուր ելակետի. մեր հասարակության մեջ ինքնասպանությունների արմատը մարդ արարածի մեջ աստվածային 3 առաքինությունների՝ Հույսի, Սիրո և Հավատի պակասն է։ Կուզեի շատ գրել այս թեմայի շուրջ, բայց... սոսկ կարձանագրեմ բացահայտ մի ճշմարտություն, որ պարտավոր է հիշել ամեն մի քրիստոնյա` ինքնասպանությունը ելք չէ. ամեն տեսակ անելանելի թվացող վիճակից այլ ելք, մինշանակ, կա. ապավինի՛ր Աստծուն. Աստված միշտ քեզ հետ է։ Իսկ հիմա կառաջարկեմ ընթերցել, կամ որ ավելի լավ է, անգիր սովորել «Ամենայն Հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի անվերնագիր մի բանաստեղծությունը, որն իմ կարծիքով կարճ մի պատգամ է յուրաքանչյուր մարդու համար՝ լինի նա ինքնասպանության հակված, թե ոչ։ 

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում: