Showing posts with label քահանա. Show all posts
Showing posts with label քահանա. Show all posts

10.10.11

ԵԿԵՂԵՑՈՒ «ՀՍԿԻՉՆԵՐԸ»

Տե´ս նաև` ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸՈ՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ

ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ

Եպիսկոպոս. գլխին` խույր,
կրծքին` եմիփորոն, ձեռքում`
եպիսկոպոսական գավազան:
Հին հունարենից թարգմանաբար ''episkopeo'' բառը նշանակում է հսկել` վերևից նայել: Այդ բառը հիմքն է կազմում Հայոց և առհասարակ բոլոր ավանդական Եկեղեցիների (որոշ դեպքերում նաև բողոքական ծագման եկեղեցիների) հոգևոր-եկեղեցական բարձրագույն աստիճանը ներկայացնող կոչման` եպիսկոպոսի: Ինչպես սարկավագությունը և քահանայությունը, եպիսկոպոսությունը նույնպես վկայակոչված է Սուրբ Գրքով և Սրբազան Ավանդությամբ (տե´ս Փիլ. 1:1, Ա Տիմ 3:1-7, Տիտ. 1:7-9): Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես նրանց իրավահաջորդներ` տնտեսներ և վերակացուներ Սուրբ Եկեղեցու: Սկզբնական շրջանում եպիսկոպոսի կոչման արժանանալու համար պարտադիր չէր դիտվում ոչ ամուսնացյալ լինելը (Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև Սուրբ Ներսես Մեծի կաթողիկոսություն, եպիսկոպոսները Հայոց Եկեղեցում ևս ամուսնանալու իրավունք ունեին): Սակայն ժամանակի ընթացքում հաշվի առնելով եպիսկոպոսի պատասխանատու և կարևոր պարտականություններն ու պաշտոնը` միայն Եկեղեցու նվիրյալ կուսակրոն հոգևորականներին իրավունք տրվեց արժանանալու եպիսկոպոսության:

7.10.11

ԱՄՈՒՍՆԱՑՅԱ՞Լ, թե՞ ԿՈՒՍԱԿՐՈՆ

Տե´ս նաև` 
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՆԱՐՀ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ո՞Վ է ՍԱՐԿԱՎԱԳԸ
Եպիսկոպոսը ընծայացյալ սարկավագներին քահանա է ձեռնադրում
Ի տարբերություն Հռոմեակաթելիկ եկեղեցու` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գոյություն ունի քահանայության 2 տեսակ`
  • ամուսանցյալ քահանայություն,
  • ոչ ամուսնացյալ քահանայություն` կուսակրոնություն (կուսակրոն քահանան անվանվում է նաև աբեղա): 
Քահանայական այս երկու աստիճանները համապատիվ են և տրվում են Սուրբ Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսի կողմից Սուրբ Հոգու շնորհները խորհրդանշող մյուռոնով): Քահանայության մասին Աստվածաշունչը խոսում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` իրեն քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս Քրիստոսի առաքյալները Աստծո Խոսքը քարոզելու և ստեղծված համայնքների հոգևոր-ծիսական կարիքները հոգալու համար տարբեր համայնքներում նշանակում են ընտրյալ երեցների (Գործք Առաքելոց 14:22, Տիտոս 1:5): Քրիստոնեության համար քահանայի /քահանայապետի/ բարձրագույն տիպար է համարվում Հիսուս Քրիստոսը` անվանվելով «հավիտենական քահնայապետ» (Եբր. 5:10):

15.5.11

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ...»


«Ընտանիքը փոքր եկեղեցի է»,- ահավասի՛կ մի գաղափար, որ քրիստոնեական Եկեղեցու ձևավորման առաջին դարերից տիրապետող եղավ «քրիստոնյա ընտանիք» հասկացությունը բնորոշելու համար: Գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար, ինքնաբխումով կամ հանգամանքների բերումով քրիստոնեության ձևավորումից մինչև այսօր որոշ ընտանիքներ Հայաստան աշխարհում, բարեբախտաբար, ամրորեն կառչած են մնացել այդ բնորոշումից՝ պահպանելով ընտանիք-եկեղեցուն բնորոշ կարևորագույն հատկանիշը՝ սրբությունը:
Մի բան, սակայն, առավել ակնհայտ է. այսօր հայի կյանքում նահանջ է նկատվում  քրիստոնեական սկզբունքներից և դրանցով դաստիարակության խնդիրը հաճախ մնում է բարձիթողի: Իրականում հավատքն առ Քրիստոս Հիսուս սոսկ գենետիկորեն փոխանցվող ֆենոմեն չէ, այլ մարդուն տրված հոգևոր-քրիստոնեական դաստիարակությունից և մարդ արարածի կամքի ազատ ընտրությունից ծնված դավանանք: Այն ծնողից որդուն կտակվող անգին մի գանձատուփ է, որի պարունակությունը յուրաքանչյուր մեկը պիտի կարողանա առանց պակասորդի փոխանցել իր սերունդներին:

17.3.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)



Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված:

5.10.10

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 2)







Կարդա՛ նաև`
 


Բարև... անկեղծ ասած, փոքր-ինչ դժվար է բարևել մեկին, ում ով լինելն այնքան էլ հստակ չգիտեմ: Չնայած, որոշ կասկածներ ունեմ:
Նամակ գրելիս չեմ սիրում հատկապես սկիզբը, քանի որ նախաբանով սկսելն ինձ մոտ միշտ էլ դժվար ու վատ է ստացվում, իսկ նախաբանը պարտադիր է։
Նամակդ հասավ իր հասցեատիրոջը՝ սրտիս: Պատկերացրու, որ մի ծա՜նր հոգոց եմ հանում: Շա՜տ ափսոս, որ սովորական այս թղթի կտորն իմ ձայնը քեզ չի կարող փոխանցել: Չնայած, ինձ թվում է, որ դու հիմա էլ լսում ես այն: Ինչ որ է...
Պիտի ասեմ, որ տատանվում էի քեզ նամակ գրելու հարցում: Ախր ես քեզ չեմ էլ ճանաչում կամ... Քեզ պատասխանում եմ, որովհետև ամբողջովին ճշմարիտ ես: Բայց խնդրում եմ ասա՛, թե ո՛վ ես դու: Վստահ եմ, որ դու Աստված չես: Ես դրան չեմ կարող արժանի լինել: Դու նաև ասում ես, որ խիղճս էլ չես ու չէիր էլ ուզենա լինել: Լավ, իսկ ո՞վ ես դու: Ես քեզ հոգի անունն էլ չեմ կարող տալ, որովհետև իմ հոգին բավական պղտոր է, իսկ դու՝ մաքուր ու անաղարտ: Ես քեզ նաև սիրտ անունը չեմ կարող տալ, որովհետև դու հենց սրտիս՝ ինձ ես նամակն ուղղել: Հասկանում եմ, դու իմ ճշմարտությունն ես, բայց որտեղի՞ց ես, հարգելի՛ ճշմարտություն...