Showing posts with label վկայություն. Show all posts
Showing posts with label վկայություն. Show all posts

21.5.17

ՀՐԱՇՔՆԵՐԸ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 1)








«Հավատքն Աստծուն ճանաչել է տալիս, 
հույսը՝ հասցնում Նրան, 

իսկ սերը՝ միավորում Նրա հետ»:


Ս. Հովհան Ոսկեբերան


Բժիշկ դառնալուս ցանկությունն առաջացել է մանկուց: Իմ սիրած խաղերից մեկը եղել է «հիվանդ» տիկնիկներիս դեղատոմս նշանակելը և բուժելը: Մեծ էր լինում ուրախությունս, երբ նրանց բժշկում էի: Հավատս ավելի էր հասունանում և ինձ տանում ավելի վեր, երբ ընթերցում էի մանուկների համար հրատարակված Ավետարանը` լի գունազարդ նկարներով: Երանի էի տալիս նրանց, ովքեր ապրել են Քրիստոսի երկրային կյանքի ժամանակաշրջանում, ականատես եղել նրա հրաշագործություններին, դիպչել նրան, զրուցել նրա հետ: Մանկությանս անմեղ մտորումները ինձ հաճախ էին տանում մի անսահմանություն, որտեղ Տիրոջ մարմնացած Որդին գրկում էր ինձ և ժպտում: Ես դրա մեջ Աստծո առաջնորդությունն եմ տեսնում: Պատահական ոչինչ տեղի չի ունենում: Ես գիտեմ, որ Նա ուղղորդեց ինձ այս ճանապարհով, թույլ տվեց տեսնել մարդկանց մարմնական և հոգեկան ծանր ապրումները, որպեսզի իմ մեջ առաջանա այդ բողոքը, հավատիս թերացումը: Դրանք թույլ տվեցին հոգուս հպվել տիեզերքի գունավառ լույսին: Կյանքի հոսանքն ինձ բերեց Բարձրյալի մոտ, որպեսզի ամուր կառչեմ Նրանից և բաց չթողնեմ:

Փափագս իրականացավ և սկսեցի քայլերս դեպի բժշկություն: Դա այլ իրականություն է, որտեղ աստվածատուր հավերժության հետ բախվում է մարդու հուսահատ, տկարացած «ես»-ը: Հաղթանակի դափնեպսակը բաժին չի ընկնում ամենքին: Միայն լավ մասնագետ լինելով չէ, որ բուժումը հնարավոր է դառնում: Հիվանդի լավատեսությունն ու ապրելու ցանկությունը մեծ դեր ունեն: Եթե հավատում ես Տիրոջը, Քրիստոսի հրաշափառ ծնունդին, նրան, որ խաչվեց մեր մեղքերի ներման համար և հարություն առավ, ապա կհավատաս ապաքինմանը: Սակայն սովորելուս տարիներին դժվարությամբ էի համակերպվում Աստծո կամքի հետ` բախվելով ցավալի իրողությանը: Հուսալքվում էի, չէի ցանկանում շարունակել ուսումս: Չէի կարողանում գտնել հուզող հարցերիս համար պատասխան, երբ հիվանդությունը մարում էր կյանքեր, որոնք շա՜տ երիտասարդ էին և լի երազանքներով: Մտորումներիս մեջ փորձում էի գտնել Տիրոջը` պատասխաններ ստանալու ակնկալիքով: Ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար այն, որ Նրա գործերն անքննելի են և միայն Նա գիտի մեր պետքերը: Բայց երբեք սկեպտիկ չեմ եղել և գիտեի, որ հրաշքներ տեղի են ունենում: Դրանք մտան իմ կյանք, երբ ես դեռ ուսանող էի: Աստվածածիլ ամեն մի դեպք վերափոխեց ինձ, վերաիմաստավորեց կյանքս, ավելի մոտեցրեց Քրիստոսի լուսառատ հարության դարբնոցին, որտեղ շիկացած զգացումներս ավելի հղկվեցին, պատվեցին գեղեցիկ զարդանախշերով: