Showing posts with label սարկավագ. Show all posts
Showing posts with label սարկավագ. Show all posts

2.8.11

ԲԱՐԵՎ, ԸՆԹԵՐՑՈ´Ղ

«Բարև, ընթերցող» արտահայտությունը, որը հաճախ օգտագործում են բլոգերները նոր բլոգ ստեղծելիս, ես չկիրառվեցի մեկ տարի առաջ, երբ միանգամայն անսպասելի, անկապ ու անհեռանկար կերպով բլոգ բացեցի ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ անունով: Այնքան անտարբերությամբ ու առանց որևէ բանից հասկանալու էի գործն անում, որ անգամ չմտապահեցի բլոգի ծննդյան օրը: Երբ զառամյալ տատիկ-պապիկներին հարցնենք իրենց ծննդյան օրը, հաճախ կլսենք նմանատիպ պատասխան. «Փախեփախից 2 տարի հետո, Ծառզարդարի նախորդող շաբաթ օրն եմ ծնվել, բալա´, ցանքսը նոր էր սկսվել»: Այդպես էլ ես, չհիշելով բլոգի ծննդյան օրը, հիշում եմ միայն որ 2010-ի օգոստոսն էր, արձակուրդս նոր էր սկսվել: Ես սրանում անգամ դրական գծեր եմ տեսնում. սա ինձ հնարավորություն է տալիս ողջ օգոստոսը հայտարարել ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻ մեկամսյակ: Այսպես, այս ամիս նշում եմ բլոգի մեկամյակը ու հիմա եմ միայն ասում. «Բա´րև, սիրելի ընթերցո´ղ»:

4.5.11

ԹՌԻՉՔԻՑ ԱՌԱՋ և ՀԵՏՈ

- Ներեցե՛ք, պարո՛նՆուրիջանյան, Ձեր փաստաթղթերում որոշ անճշտություններ կան,- ակնոցի տակից զննելով Հայկազին` ասաց օդանավակայանի անցագրային կետի աշխատակիցը:
- Համմե՞, քո՛ւր ջան,- սեղմվելով սեղանին` կես զարմացական, կես հարցական ասաց Հայկազը:
- Ձեր փաստաթղթերը թերի վիճակում են. անճշտություններ կան,- ներողամիտ ժպիտով կրկնեց աշխատակիցը:
Հայկազը փնչացնելով շրջվեց և սկսեց «վազվզող» մարդկանց մեջ որոնել եղբորը: Լևոնը, քիչ հեռու կանգնած, ժպիտը դեմքին նայում էր եղբոր կողմը: Հայկազը «հազար տարի» չէր եղել Հայաստանում, մեկ ամսով վերադարձել էր հայրենիք` ծնողներին ու հարազատներին տեսնելու, բայց այժմ, երբ ժամանակն էր վերադառնալու, կարծես թե գործերը չէին ուզում ստացվել:
Լևոնը ձեռքով նշան արեց` Հայկազի որոնող հայացքը կանգնեցնելով իր վրա: Ասես գոտեպնդվելով կրտսեր եղբոր ներկայությունից` Հայկազը շրջվեց դեպի սեղանը, գրպանից դուրս բերեց թաշկինակը, սրբեց ճակատի` վայրկենաբար հայտնված քրտինքը և շփոթված դիմեց աշխատակցին.
- Բահիմա չե՞մ կարող թռչել:

27.4.11

ԳՈՎԱԶԴԻՑ մինչև ԱՐԱՄԱԶԴ

Հարգարժան ընթերցողը երևի միանգամից կմտածի. «Տեսնես ի՞նչ կապ կարող է ունենալ գովազդը Արամազդի հետ»: Կանխավ նշեմ, որ հենց հարցն էլ այն է, որ կապ ընդհանրապես գոյություն չունի, ճիշտ այնպես ինչպես կապ չես գտնի հայկական եթերում գովազդվող որոշ ապրանքատեսակների և գովազդի նյութի, բովանդակության միջև:

17.3.11

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ (մաս 4)



Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված:

7.3.11

ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՉՏՈՆԵԼ ՄԱՐՏԻ 8-Ը

Անդրեյ սարկավագ Կուրաև
(համառոտած ազատ թարգմանություն)

Կրոնագիտության և մշակութաբանության մեջ գոյություն ունի մի ժանր` առասպելաբնական վերականգնում (ռեկոնստրուկցիա): Ինչպես հնագետն է սյան փլատակներից փորձում վերականգնել տաճարի տեսքը կամ ինչպես կենսահնեաբանն է ողնաշարի միջոցով փորձում վերականգնել դինոզավրի տեսքը, այդպես էլ կրոնի պատմաբանը պատմական մեկ ակնարկի, մասնիկի, հեռավոր արձագանքի միջոցով փորձում է վերականգնել այն հավատալիքը, որը ժամանակին կենդանի էր ու պայմանավորում էր մարդկանց ճակատագիրը, սակայն հետո խամրեց և անհետացավ:

Նմանատիպ բեկոր, դինոզավրից մնացած ոսկոր է մինչև մեր օրերը հասած Մարտի 8 կոչվող տոնը: Ի՞նչ է կանգնած այդ ավանդույթի հետևում և ինչո՞ւ է այն այդքան կենսական, չնայած որ սերում է այն ժամանակներից, որն այսօր ամենևին համակրանք չի առաջացնում: Ի՞նչ հավատալիքներ, մտքեր և հույսեր էին կապված այդ օրվա հետ այն ժամանակներում, երբ Մարտի 8-ը նշելը ավանդույթ չէր, այլ` չլսված նորույթ: