Showing posts with label ուտելիք. Show all posts
Showing posts with label ուտելիք. Show all posts

2.3.19

ՔԱՆԻ ՕՐ Է ՏԵՒՈՒՄ ՄԵԾ ՊԱՀՔԸ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 3


Քառասնորդական Մեծ Պահքի օրերը 40-նն են՝ Բուն Բարեկենդանից հետո մինչու Ծաղկազարդ։ Ծաղկազարդով սկսվում է պահեցողական Ավագ շաբաթը (եւս 7 օր), որը մեզ ուղեկցում է դեպի փափագելի Սուրբ Հարությունը։ Այս է Հայաստանյայց Եկեղեցու տոնածիսական դրվածքը։
Առհասարակ 40-ը չափազանց խորհրդանշական թիվ է Աստվածաշնչի էջերում այդ թվում եւ պահեցողության պարագային։
Սինա լեռան վրա Մովսես Մարգարեն 40 օր եւ 40 գիշեր պահքի եւ ծոմապահության մեջ էր, որից հետո ստացավ Տասը պատվիրանների քարե տախտակները (Ելք 34:28), Եղիա մարգարեն եւ 40 օր պահք պահեց (Գ Թագ.19:8)։ Եւ իհարկե, մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս անապատում 40 օրեր ոչինչ չկերավ եւ չխմեց եւ փորձությունների ենթարկվեց (Մատթ. 4:2; Ղուկ.4:2), ինչի համար էլ Եկեղեցին եւս փորձությունների եւ ապաշխարության այս շրջանը պահում է 40 օր։

Կպահի՞ արդյոք պահեցողը բոլոր 40-50 օրերի պահքը կամ ոչ, արդեն անհատի (կամ երբեմն նրա խոստովանահոր) որոշումն է. ոչ մի պարտադրանք Եկեղեցու կողմից։ Կարեւոր է չմոռանալ, որ պահքի միջոցով մարդը նպատակ ունի հոգեւոր եւ մարմնավոր ինքնակատարելագործմամբ դիմավորել Տիրոջ Հարությունը։ Հետեւաբար պահքին տալ ստիպողական, պարտադիր ձեւաչափ եւ առանց սիրո ու նվիրումի այն անցկացնել, կնշանակի ձախողվել։ Այլ կերպ ասած՝ պահքը հոգեւոր մարզանք է, որը մարդուն դարձնում է հոգեւորապես ավելի առողջ եւ ուժեղ, հետեւաբար դրա վարժությունները սկսնակի եւ արդեն մարզվածի համար չեն կարող միեւնույնը լինել եւ յուրաքանչյուրը ըստ իր հոգեւոր եւ երբեմն է ֆիզիկական կարողության պետք է կազմակերպի իր պահեցողական ընթացքը։

Իսկ թե ինչպիսն կարող են լինել այդ «վարժությունները» կխոսենք հաջորդ անգամ։
Բարի պահեցողական ընթացք։ Տերը օրհնի պահեցեղներին, ընթերցողներին եւ տարածողներին։

Պահքի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղարկել սեղմելով այստեղ։

28.2.19

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՊԱՀՔԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՈՒՆԴԻՑ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 2

Ճիշտ է, որ պահք ասելիս ամեն մարդ միանգամից հասկանում է կենդանական սնունդից հրաժարումը, սակայն ինչո՞ւ։
Նախ բերենք հայրաբանական մի բացատրություն՝ ըստ տարվա օրերի կերակուրների զանազանության մասին.

«Ամբողջ տարին երեք տեսակ օրեր կան` պահք, ուտիք եւ սրա միջինը, որ նավակատիք է կոչվում, քանի որ մարդը երեքից է գոյացել. հոգուց, մարմնից եւ երկուսի խառնումից` անձից։ Պահքը հոգու համար է, ուտիքը` մարմնի, իսկ նավակատիքը` անձի։ Նմանապես եւ կերակուրը երեք տեսակի է լինում, նախ` միսը, որը կատարյալ կենդանուց է առաջ եկել։ Կենդանին կատարյալ է կոչվում, երբ շնչավոր է, ունի հինգ զգայարաններ եւ շարժվում է։ Եւ այս կերակուրը ուտիքին ուտելու համար է։ Իսկ խոտը, ընդեղենը եւ պտուղները պահքի կերակուրներ են, քանի որ անզգա են եւ անշարժ, այսինքն` տեղից տեղ չեն տեղափոխվում եւ չունեն շունչ։ Իսկ նավակատիքի կերակուրը այս երկուսի, այսինքն կենդանիների եւ բույսերի միջինն է, ինչպես ձուկը, ձուն եւ կաթնամթերքը։ Քանի որ ձուն եւ կաթը կենդանուց են, սակայն կենդանիներ չեն, իսկ ձուկը կենդանի է կատարյալ զգայարաններով ու շարժմամբ, սակայն օդ չի շնչում, որի համար էլ պակասավոր է» (Ստեփանոս Արք. Օրբելյան, 12-13-րդ դար)։

Ուտելիքը մեր կյանքում շատ կարեւոր տեղ ունի։ Առօրյայից մի ահռելի հատված մարդը հատկացնում է սնվելուն, լավ միջավայրը, ճոխությունը, քեֆ-ուրախությունն ու անգամ տխրությունը, բոլորը պտտվում են սեղանի եւ ուտելիքի շուրջ։ Ասել է թէ սնունդը մեր կենսունակության հիմքը լինելուց զատ, ուրիշ դերակատարություն էլ ունի մեր կյանքում։ Իսկ եթե անդրադառնանք, թե ուտելիքի ո՛ր տեսակներն են այդ ճոխությունն ու պարարտությունն ապահովում, ապա կնկատենք, որ մեր ցուցակում են միսը, յուղը, քաղցրը, ոգելիցը...
Ուրեմն այս տեսակ սնունդից հրաժարումը Պահքի ընթացքում մեզ կարող է ձերբազատել մի քանի խնդիրներից.

25.2.19

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒՏԵԼ ՊԱՀՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ - ՊԱՀՔԻ ՀԱՐՑ 1

Այսօրվանից Մեծ Պահքը սկսված է, եւ այն սկսելուց առաջ էլ վիճակագրորեն ամենից շատ տրվող հարցը այս է.

— Ի՞նչ չի կարելի ուտել պահքի ընթացքում...

Սնունդի օգտագործման տեսանկյունից պահեցողության տարբեր աստիճաններ ու զանազան մոտեցումներ կան, որոնց ընտրությունն ու պահպանումը կախված է պահեցողի կամքի ուժից, ֆիզիկական ու առողջական վիճակից եւ պահքի հանդեպ ունեցած լրջության աստիճանից։
Հայաստանյայց Եկեղեցին այսօր ընդհանուր առմամբ թելադրում է պահեցողներին հեռու մնալ կենդանական ծագման մթերքից՝ մսից (այդ թվում թռչնամիս եւ ձկնատեսակներ), կաթից եւ դրանից ստացվող մթերքներից, հավկիթից, ինչպես նաեւ ոգելից խմիչքներից, թեեւ դրանք ունեն ոչ կենդանական ծագում։ Ավելացնենք, սակայն, որ մեղրի կիրառությունը պահեցողների համար միանգամայն թույլատրելի է, ինչպես թույլատրելի է նաեւ բուսական կաթի օգտագործումն ըստ անհրաժեշտության։

Այսքանով հանդերձ, սննդային «մանրախնդրությունը», գերառաջնային կարեւորություն չունի պահքի համար, ինչպս Տեր Հիսուս է ասում. «Լսեցե՛ք եւ իմացե՛ք. ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. 15։10)։


Պահքի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղարկել սեղմելով այստեղ։