Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts

5.6.13

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՏՈՇԱՎՈՐՆԵՐԻՆ (ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԻԿ շարքից)

«Մեր գյուղը մի մեծ եկեղեցի ուներ՝ բավական հին ու գեղեցիկ մի բազիլիկ կառույց, որ ամբողջովին կառուցվել էր գյուղացիների ջանքերով: Սովետի ժամանակ ադրբեջանցիները պահեստ էին սարքել, բայց դռան վերևը հստակ կարելի էր կարդալ. «Շինարարությանը մասնակցեց 29 ծուխ, չմասնակցեց՝ մեկը»: Հենա Սովետի ժամանակ գյուղխորհրդի նիստ ա լինում, չգիտեմ ինչ հարց են քննարկում, մեկը ելնում ու գյուղխորհրդի նախագահին ասում ա.
- Պարո՛ն նախագահ, ես նվիրյալ կոմունիստ եմ, էդ իմ արյան մեջ ա. հեն ա ամբողջ գյուղը եկեղեցի ա սարքել, իսկ իմ հերը չի մասնակցել, եկեղեցու պատին էլ կա գրված: Ասելիքս էն ա որ հլա էն ժամանակ հերս էլ ա կոմունիստ եղել,ես էլ եմ հիմա կոմունիստ:
Գյուղապետը նայում ա էս մարդուն ու ասում ա.
- Հերդ էն գլխից մարդ չէր, դու էլ մարդ չես...»,- ծիծաղելով պատում էր ֆիզիկայի բազմամյա ուսուցիչ Արմիկ Սիմոնյանը (պատմությունը մեջբերել եմ վերհիշելով):

15.5.13

ԵԿԵՂԵՑԻՆ Է ԿՈԿՈՐԴԻ ՓՈՒՇԸ <-> ՄԱՏԹԵՈՍ 26:6-10







Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»։ Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց...» (ՄԱՏԹ. 26:6-10):

Այն կինը, որը բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում, թանկարժեք ու անուշաբույր յուղով օծեց Վարդապետի գլուխը, մեզ հիշեցնում է Աստծոյ պաշտամունքի մեջ փառաշուք լինելու պարտականությունը: Բոլոր շքեղությունները, վեհությունն ու գեղեցկությունը ինձ շատ քիչ են թվում: Եւ բոլոր նրանց դեմ, ովքեր պախարակում են սրբազան սպասքերի, հանդերձանքների, խորանների ճոխությունը, բարձրանում է Հիսուսի գովքը. «Գործ մի բարի գործեաց դա զիս» (Բարի մի գործ կատարեց դա իմ նկատմամբ) ԵՕԶԵՄԱՐԻԱ ԷՍՔՐԻՎԱ:

14.3.13

ՈՏՆԼՎԱ

ՈՏՆԼՎԱ

Որպես ննջասենյակ ծառայող սրահի պատերը թաց են, խոնավությունն այստեղ պատվավոր քաղաքացի է: Այստեղ արևի ոչ մի ճառագայթ չի այցելում: 

Իսկական Ավագ Չորեքշաբթի... 

Սենյակի սպիտակ դուռը կատվի պես մռռալով բացվում է: Փոթորիկի նման արագ ներս է մտնում սևամորուք վարդապետը:
-Ո՞վ է: 
Ճեմարանականները գլխով ցույց են տալիս իմ մահճակալը: Մոտենում է. կարճ մատներով բռնում է գլուխս:

11.3.13

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

Եթե դու փրկություն ես տեսնում այլազան քաղաքական խաղերի մեջ, ապա դու իսկական հայրենասեր ես, իսկ քեզ չնմանվողները՝ ազգադավ:
Եթե դու միտինգի ես մասնակցում, դասադուլ ես անում, պառկում ես փողոցի մեջտեղում, հացադուլ ես հայտարարում ու «մատ» անում «չուզողներիդ», դու ազատատենչ ես, իսկ քեզ չնմանվողները՝ ստրկամիտ:

Եթե դու հայհոյանքների անբարո հեղեղ ես առաքում իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին՝ հիշատակելով մինչև 7-րդ պորտի նրա նախնիներին ու սերունդներին, ապա դու սրտացավ ես քո հայրենիքի համար, իսկ քեզ չնմանվողները՝ պարզապես ծախված:

13.1.13

ԾՆՎԵ՞Ց ՔՐԻՍՏՈՍ...

Կինն արտասվում էր և աղաղակում. «Սա հրաշք է, իսկական հրաշք, ինչ լավ է, որ եկաք, եկաք հենց այսօր: Մի քանի ժամից Նարեկս պիտի մեկնի Գերմանիա վիրահատության: Ա՜խր սա հրաշք է: Վե՛րջ, ես արդեն հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Նարեկս բժշկվելու է: Փա՛ռք քեզ, Տե՛ր Աստված: Ես հավատում եմ»: Այս խոսքերը ես լսում էի նախամուտքից, մի պահ ինքս անորոշության մեջ հայտնվեցի՝ չհասկանալով՝ ինչ է կատարվում: Անմիջապես ներս մտանք: Նարեկը անվաչմուշկները հագին նստած ինչ-որ անհասկանալի կետի էր նայում, իսկ բազմանդամ ընտանիքի մյուս երեխաները իրենց հերթին զարմացած մեզ էին նայում: Հայրը մի քիչ շփոթված փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, կարծես մտածում էր՝ հավատա արդյոք կնոջ խոսքերին և խոստովանությանը: Իսկ մայրը մեր այցից խառնված ոչ տան աղն էր գտնում, ոչ՝ հացը, ոչ էլ ջուրը: Երբ տնօրհնեքի արարողությունը սկսվեց, Նարեկին մոտեցրին սեղանին: Նա սկզբից մինչև վերջ անշարժ նայում էր լույսին և ժպտում: Երկար ժամանակ փորձեցի հասկանալ՝ ինչու է նա այդքան լայն բացված աչքերով անթարթ նայում լույսին, և ինչ էր նա գտել այնտեղ: Հիմա մտածում եմ՝ գուցե այն, ինչ չեն գտնում նրանք, ովքեր տարիներ շարունակ գտնվում են Լույսի կողքին, տեսավ Նարեկը: Գուցե այն, ինչ մեր գիտակից աչքերին հրաշք չի երևում, հրաշք դարձավ այս ընտանիքի՝ փոքր-ինչ անտեղյակ աչքերում: Մի՞թե այս չի պահանջում Աստված. մանկան պես պարզ հավատք ունենալ: Մյուս կողմից ամեն անգամ ակնհայտ է դառնում, որ կարիքավոր մարդիկ ավելի շատ են ապավինում Տիրոջը, ավելի շատ են փնտրում նրան: Ո՞վ կապրեր այն տներում, որտեղ այցելեցինք, այն տներում, երբ իր դերն ունեցող տան ամեն հատված փոխել էր իր տեղն ու գործառույթը, երբ մի սենյակից մյուսին անցնելու համար մարդուց զգուշություն էր պահանջում, երբ քամուց անգամ երկաթե դուռն էր վախենում, երբ երեխաները ջուրն իրենց մաշկին հպելու կարիք ունեին, երբ խոնավության հոտը շնչահեղձ էր անում...երբ դուք ունեք անհամեմատ ավելին: